ԱՄՈԹՈՎ ՏՂԱՆ/ Ժաննա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

– Մանչո՜ւկ, այստեղ ի՞նչ ես անում,-

Ասաց քեռին անծանոթ,-

Ինչ որ մեկին ես որոնո՞ւմ

Շնիկիդ հետ այդ բրդոտ։

– Չէ՛, քեռի՛ ջան, ամաչում եմ,

Ստել եմ, թե չեմ ստում,

Մտածում եմ, թե ինչ անեմ,

Ամոթից տուն չեմ մտնում։

Ծառի ճյուղը ես եմ կոտրել,

Ու ասել եմ՝ չէ՛, ես չեմ,

Եվ եղբայրս է պատժվել,

Ի՞նչ անեմ ես, չգիտեմ։

– Այդ լավ է, որ հասկացել ես

Ու զղջում ես հիմա դու,

Գնա՛, ասա՛, որ դա դու ես,

Որ երբեք չես ստելու։

Ու այդպես էլ արեց տղան,

Ներողություն խնդրեց նա,

Ներողամիտ ու գոհ եղան,

Քեռուն էլ չի մոռանա։