Ջադուն ինչո՞ւ է ջադու,
Որովհետև ոչ մի հեքիաթ
Կամ քառատող նա չի կարդում։
Վհուկն ինչո՞ւ է վհուկ,
Պարզ է, չունի, չի կարդացել
Մանկական գիրք ու մի գրքույկ։
Եվ սատանան չի հասկանում,
Թե ինչու է նա սատանա,
Քանզի ոչ մի գիրք չի բացել
Եվ նվեր էլ չի ստանա։
Այս մասին ձեզ ես եմ ասում,
Այդ չարերին լավ ճանաչած,
Նրանց մասին գրքեր գրած,
Որ ամաչեն, կարդան հանկարծ։
ԴԵԼՖԻՆԸ
Դելֆինն այնքան
Բարի ձուկ է,
Որ բարության
Ավելցուկ է։
Մանուկներին
Մեջքին առած՝
Ծով է տանում
Համատարած։
Հետո ետ են
Գալիս նրանք,
Ասես գործ են
Արել հրաշք։
Այսպիսի գործ
Ձեզ նվիրեմ,
Ծով ու դելֆին
Միայն ճարեմ։
