Մեծ, գեղեցիկ օվկիանոսի ջրափնյա ժայռերին ապրում էին ճայերն ու որորները։ Նրանցից մի քանիսը ընկերացել էին իրար հետ և մի փոքրիկ խումբ կազմել։ Հետաքրքիր անուններ ունեին՝ Ճը, Ճա, Ճայ, Ո, Որ, Որոր, ասես մեկը մյուսի շարունակությունը լիներ։ Դուք նկատեցի՞ք, որ միանալով իրար՝ այդ անունները երկու պարզ բառ են կազմում ու մի թռչնային ընտանիք։ Թռչունները՝ զինվորների նման, առավոտյան շարվում էին քարերին և ձգվելով, բարձր ճղճղալով՝ իրենց հորինած ոտանավորն էին ասում ու ողջունում արևին.
– Ճը՛, Ճա՛, Ճա՛յ․
լավ օր լինի, աշխա՛րհ,
Ո՛, Ո՛ր, Որո՛ր․
լավ օ՛ր լինի այսօր,
Ճը՛, Ճա՛, Ճա՛յ․
հողմ չլինի՛ հանկարծ,
Ո՛, Ո՛ր, Որո՛ր.
լինենք միշտ թևավո՜ր․․․
Բոլորն ուրախանում էին, երբ արևը ժպտում էր, իսկ ալիքները շողշողում էին, ծփում… Երբեմն այնքան էին այս ու այն կողմ թռչում, ճվճվում, որ հոգնած իջնում էին օրորվող ալիքներին։ Այժմ էլ փոքրիկ երամը հանգստանում էր՝ օվկիանոսի շողշողուն ջրերին նստած։
– Ինչ լավ օր է,- ասաց Ոն։
– Իսկապես, ջուրը կապո՜ւյտ, երկինքը կապո՜ւյտ, ամպերը՝ մեզ նման ճերմակ,- նայելով վերև՝ ասաց Ճան։
Չարաճճի Որը լուռ էր՝ ձայնը կտրվել էր, իսկ Ճըն բոլորովին խոսելու հավես չուներ…
– Հրաշալի օր է, բայց ես տխուր եմ, որովհետև ձանձրանում եմ,- ասաց Ճայ անունով ամենափոքրիկ ճայը,- եկեք մի զվարճալի խաղ հորինենք․․․
Բոլորին դուր եկավ այդ միտքը, և թռչուններից յուրաքանչյուրն ուզում էր առաջինը հետաքրքիր առաջարկ անել։ Բայց, հակառակի պես, նրանց մտքին ոչ մի խաղ չէր գալիս։ Ուրախությունից ճչալով՝ Որորն հանկարծ ասաց․
– Չէ՜, մեզանից բացի այս կապույտ օվկիանոսում մեկն էլ կա ճերմակ, հե՜ն է, հեռվում տեսա։
Քիչ անց լողալով մոտեցավ Կետը։ Նրա հարթ ու փայլուն մեջքը իսկական խաղահրապարակ էր, իսկ վրայի շատրվանը զարմանք և հրճվանք էր առաջացնում թռչունների մոտ։ Այն մեկ ցայտում էր, մեկ՝ անհետանում։ Թռչունները զգուշությամբ թռան, տեղավորվեցին Կետի մեջքին։ Տեսան, որ Կետը չարգելեց, սկսեցին վազվզել ու թռչկոտել։ Կետը շատ հանգիստ էր, բարի․ նա չնեղացավ, որ չարաճճի թռչունները առանց թույլտվության հայտնվեցին իր մեջքին։ Հենց այդ պահին մեղմ զեփյուռը, որը ափի կողմից էր փչում, մի մեծ փուչիկ բերեց։ Թռչուններն սկսեցին խաղալ այդ փուչիկով և ավելի աշխուժացան։ Կետն էլ էր շատ ուրախ, որ այդքան ընկեր միանգամից ձեռք բերեց, որովհետև օվկիանոսում շատ երկար ժամանակ մենակ էր լողացել։ Նա ուրախությունից անընհատ ցայտեցնում էր իր պարծանք-շատրվանը։ Իսկ թռչունները զվարճանում էին, իրար հրմշտելով մտնում թափվող շիթերի տակ։ Փոքրիկ Ճային փուչիկով խաղը շատ դուր եկավ, այնքան, որ երբ փուչիկը նրան էին նետում, նա իրենով էր անում և ոչ մեկին այլևս չէր ուզում տալ… Նրա ընկերները մեծահոգաբար համբերում էին, բայց վերջը հույսները կտրեցին փուչիկից։ Ճայը ինքնամոռաց խաղում էր։ Նա կտուցով այնքան հարվածեց, որ փուչիկը գմփալով պայթեց ու մնաց միայն նրա պոչին կապած բարակ թելը։
– Արի՛ ցնցուղի տակ, քանի Կետը ցողաշաղում է շատրվանը, այնքան հաճելի՜ է,- ասաց որորներից մեկը,- իսկ փուչիկի համար չտխրես, քամին էլի կբերի: Հիշո՞ւմ ես, որ այն օրը մի փոքրիկ, թեթև հովանոց էր բերել՝ մրգային կոկտեյլի հովանոցանման պատառաքաղ… հիշեցի՞ր։
– Ինչ լավ բան հիշեցրիր,- ասաց Ճայը և նույն րոպեին դեպի ափը սլացավ։
Քիչ հետո նա վերադարձավ․ գտել, բերել էր հովանոցը, որ գլխին պահած մտնի Կետի ցնցուղի տակ։ Բայց հովանոցը այնքան փոքր էր, որ նա, միևնույն է, թրջվում էր, և տոտիկները սոթ էին տալիս Կետի սպիտակ մեջքի վրայով։ Այնքան ծիծաղելի էր՝ չարաճճի Ճայը՝ փոքրիկ հովանոցը ձեռքին, սայթաքում էր, մեկ-մեկ էլ ընկնում գլխիվայր և դրանից ավելի էր ուրախանում։ Բոլորը ծիծաղում էին, անգամ Կետը, և նրա ծիծաղելուց շատրվանի շիթերն ավելի էին շատանում…
– Լավ, հերի՛ք ջրով խաղանք, եկեք արևի լոգանք ընդունենք, քանի արևը մայր չի մտել,- ասաց Ոն,- ջրափի կլորիկ քարերից բերենք, մի քիչ քարկտիկ խաղանք։
Այդպես էլ արեցին։ Արևն արդեն դանդաղ իջնում էր օվկիանոսի վրա։ Այնքան մեծ էր ու կարմիր, որ թռչունները, Կետը և օվկիանոսի խայտացող ալիքները կարմրավուն երանգ ստացան… այնքան գեղեցի՜կ էր։
«Կետ էի, դարձա կղզի․
այսպես խաղալ ո՞վ չի ուզի՝
շատրվանս ցնցուղ արի,
ու ցողեցի իմ ճայերին»,- մտքում դնդնալով՝ հեռանում էր Կետը՝ համոզված, որ մի օր կրկին կգա այս աշխույժ երամի հետ խաղալու։
