Վարդափունջ Դիանային
«Շահանե, դու իմ Շահանե…»
Ս. Եսենին
***
Դիանա, իմ սիրուն Դիանա,
Ոչ ոք քեզ նման չէ աշխարհում,
Ինչ լավ է՝ մարդ անվերջ հիանա
Քեզնով, քո աչքերով ջինջ, անհուն։
Դիանա, աննման Դիանա։
Դու ճկուն, գեղանի իմ խենթուկ,
Ինչ լավ է՝ մարդ լցվի, լիանա
Լուսավառ խաղերով քո հատուկ,
Դիանա, իմ չքնաղ Դիանա,
Դու ճկուն, գեղանի իմ խենթուկ։
Ինձ ասա՝ երգ գրիր ինձ համար,
Խենթացնող ժպիտով քո անուշ,
Աստղերի պես վառ ու անհամար՝
Պիտի այս օրերն էլ դառնան հուշ,
Երգերը կմնան մշտաբար։
2
Դիանա, իմ սիրուն Դիանա,
Թովիչ ես դու, ինչպես Շահանեն,
Քնքուշ ես ու այդպես միշտ մնա,
Քեզ տեսնող մարդիկ թող «պահ» անեն,
Այնքան որ սիրուն ես, Դիանա։
Շողում ես, երկնային աստղի պես,
Վարդի պես անուշ իմ Դիանա,
Դու ժպտա, երբ էլ ինձ հանդիպես,
Թող սիրտս քեզնով հար հիանա,
Մեծ պոետն ինչպես, թող երգեմ ես,
Դիանա, վառվռուն Դիանա։
Փողոցում լինես դու թե բեմին՝
Նույն սիրո կրակն ես բարալիկ,
Լիլիթի պես ծանոթ Եսենին,
Դու սիրո ծովի մի խենթ ալիք,
Դիանա, փողոցում թե բեմին։
Տողերը ծնվում են ինքնաբեր,
Ու երգում, երգում եմ ես, ահա,
Նվիրում քեզ հոգու ջերմ ծափեր,
Ինչպես այն պոետը սիրահար։
Դիանա, նազելի Դիանա,
Ոսկով քո մազերի, Դիանա։
3
Դիանա անունն, անկասկած գիտես,
Ետևից կարդաս՝ Անաիդն է, տես,
Նույն Անահիտն է՝ մեր աստվածուհին,
Անցնում է շքեղ իր աստղած ուղին։
Դու էլ, Դիանա, կանցնես մեծ ուղի,
Բեմական թովիչ, աստղամերձ ուղի,
Դու ճկուն, ինչպես վարսագեղ ուռի,
Սրբալույս, ինչպես մոմը մատուռի։
Սիրո աղոթքով, ահա, ես էլ, տես,
Գալիս եմ, գալիս, գալիս դեպի քեզ,
Դիանա, հրաշք նուրբ ու գեղանի,
Ինչպես ալիքը կապույտ Սևանի։
Վարդե շուրթերիդ, իմ աստվածուհի,
Մի համբույր հպեմ՝ աղոթքի նման,
Պոետն, անկասկած, տենչանքներ ունի,
Հրե վարդի պես ու կարմիր նռան։
4
Աստվածուհին որսի՝ Դիանան պերճ,
Արձակում է նետերն իր սրասուր,
Դու էլ, իմ Դիանա, ունես կապարճ,
Մեջքիդ կապած կապարճ մի ոսկեհուռ։
Եվ որսի ես ելել քո հմայքով,
Ու մի նետ էլ, ահա, դիպել է ինձ,
Կպել սրտիս սիրո սուր նետը քո,
Երգ-արյուն է հոսում բորբ իմ սրտից։
Օ, ես վիրավոր եմ, բայց ինչ արած,
Երանելի ցավ է այս ցավը խոր,
Վերքն այս, թեժ վայելքի հուրը վառած,
Ինձ դրախտ է տանում սիրով մի նոր։
Քո ժպիտը անուշ ու խորամանկ
Ինձ ասում է կարծես՝ կկործանվես,
Որոգայթում սիրո… Բայց, ով զարմանք,
Վերքն իմ համբուրում ու սիրում եմ ես…
Ձմեռ է, ու ձյուն։
Փաթիլները մերթ մանր, մերթ խոշոր
Իջնում են, իջնում,
Իջնում ու մերթ էլ խաղում քամու հետ,
Ավելի ճիշտը` քամին է խաղում,
Ներքաշում նրանց
Խաղի մեջ իր խենթ։
Ձյուն է գալիս, ու
Ինչ-որ թախիծ է քամու պես ձմռան
Ինձ ներքաշում իր խաղի մեջ ճերմակ։
Ես մերթ կարծես թե դեռ երիտասարդ,
Մերթ էլ մի ծեր մարդ,
Նայում եմ ձյանը
Եվ թախծում անխոս,
Մինչ մոտենում ինձ թուղթ ու գրիչը
Եվ ներքաշում են բանաստեղծումի
Այս խաղերի մեջ,
Աշխարհների մեջ այս երանելի։
Ձյուն է գալիս, ու կարոտն եմ քաշում
Ես իմ հեռացած թանկ երամների։
Եվ տխրությունս խոր ձյուն է թվում
Անելանելի։
Երբ գարուն կգա, որ վերադարձի
Կանչերը լսեմ այն երամների…
Եվ ձյանը տխուր, սպիտակ, մաքուր
Նայում եմ ես լուռ,
Ինչպես ծառ, մատուռ
Կամ պարզապես մի ձյունապատ բլուր…
***
Դալուկ ու լուռ,
Թավշատխուր
Ձմռան օր է,
Մեղմօրոր է։
Շողերը մեղմ
Գորշ, նրբագեղմ
Ամպից նիրհած
Թափվում են ցած,
Երազի պես,
Սիրո’ անցած։
Հուշերով հին
Թուխ անտառին
Իջնում են հեզ,
Կարոտի պես…
Թեթև, քնքուշ
Թովիչ, անփուշ
Փարվում են, ու
Ժպտում եմ ես,
Ոսկեզօծված
Անտառի պես։
Աշնան տերևներ
Ինչ-որ մի ժամի
Մեզ կբաժանի
Պահը ուշ աշնան։
Ինչ-որ մի տեղից
Կգա մի քամի,
Կառնի, կտանի,
Ցիրուցան կանի
Դեղին ու կարմիր,
Ոսկի ու նարինջ
Ու ծիրանավառ
Մեզ՝ սիրուններիս։
Դու, մեր մայր, մեր ծառ,
Կմնաս առանց մեզ՝ տերևներիս,
Առանց ոսկեփայլ մեզ՝ արևներիս։
Գարունը կգա
Նոր տերևներով,
Իսկ մենք չենք լինի,
Մենք հող կդառնանք…
Վերջն էր այդպիսին
Ամեն խաշամի։
Ուր որ է՝ կգա
Մի ցուրտ, պաղ քամի
Ու մեզ կտանի,
Ցիրուցան կանի։
Դա հրաժեշտ է,
Վիշտ անցանկալի,
Եվ սիրենք իրար,
Ապրում ենք քանի,
Շրշում, շշնջում,
Խոսում ենք քանի։
Կքնենք, երբ որ
Ժամը գա քնի…
Արդ, սիրենք իրար՝
Ապրում ենք քանի։
***
Օրերի մեջ առասպելներ կան սիրո,
Որ հյուսում են աստվածները մեզ համար,
Եվ լեցուն է կյանքն առասպել-գանձերով,
Սակայն, ավաղ, մի կուրություն կա համառ։
Ու չենք տեսնում հաճախ գանձերն այդ հրաշք,
Ինչ-որ ուրիշ բան ենք փնտրում, մինչդեռ այն՝
Իսկականը, լինում է մեր քթի տակ,
Զարդարուն վառ ծաղիկներով անթառամ։
Որոնում ենք, ու թվում է կյանքն ունայն,
Մինչ գանձերը լռիկ մեզ են սպասում,
Եվ թվում է՝ ինչքան էլ գան ու գնան,
Անվերջ պիտի լինեն օրերն այս հոսուն…
***
Սեր, ինձ մենակ չթողնես,
Տեր, ինձ մենակ չթողնես,
Կյանք, քանի կանք աշխարհում,
Ինձ անհենակ չթողնես։
Խինդը քիչ է, ցավը շատ,
Մարդու ներսի դավը շատ,
Այս չարաշատ աշխարհում
Գինին քիչ է, գավը շատ։
Սեր, ինձ մենակ չթողնես,
Անժամանակ չթողնես,
Չէ՞ որ քեզնով է, որ կամ,
Դու բառն ես իմ ու տողն ես։
Լուսարձակ իմ կոթողն ես,
Փոթորիկում չթողնես։
***
Մի ծեր մատուռ մամռապատ
Աղոթում է օր-գիշեր,
Որ սրտերում անապատ
Ծլի, ծաղկի կյանքի սեր։
Ծառերն ականջ են դնում
Աղոթքին էն սրբազան,
Վճիտ առվակն է տանում,
Որպես անուշ երգասան։
Հմայվում են աղոթքով
Նաև թռչուն ու գազան,
Տերևները քովեքով՝
Գույներ առած բազմազան։
Եվ երկինքն է գիշերվա
Աստղ-մոմերը վառում,
Որ երազն իր փշրված
Մարմին առնի խավարում…
***
Ձյուն է կիսահալ,
Ծառեր ու քարեր,
Ձմեռ է, հունվար,
Ու ձմռան արև։
Մանկությունն է քո
Այստեղ խաղ արել,
Հավքերի երգով,
Ծաղկունքով տարվել։
Առվակն է ձորում
Հստակ, օրորուն,
Կա, ինչպես անցած,
Անդարձ օրերում։
Սարերում ես այս
Ու այս ձորերում,
Քարերում մամռած,
Թուփ ու ծառերում։
Ձյուն է կիսահալ,
Կիսաբաց քարեր,
Դու տեսարանն այս
Շատ ես նկարել։
Տեսարան չէ լոկ,
Այլ՝ էություն է,
Առանց նրանց, ջոկ՝
Անէություն է…
***
Մի հարազատ բնապատկեր
Կուրախացնի սիրտդ մեկ էլ,
Քանզի այնտեղ հոգու հետքեր,
Ծանոթ բույրեր կան ու երգեր։
Ծփում էր ծովն այնտեղ, այն հեռավոր ափին՝
Փրփուրները ճերմակ փռելով պերճ,
Անդ, ուր Եսենինը գտավ Շահանեին,
Տեսավ, սիրեց նրան ջերմ ու անկեղծ։
Եվ «Պարսկական շարքը» երկնեց հիանալի՝
Շահանեի քնքուշ սիրով ծաղկած,
Ինչպես հիմա ես եմ սիրով Դիանայի
Գրում երգերն իմ այս՝ վարդերով բաց։
Դու մի վարդ ես իրավ, նոր-նոր բացվող մի վարդ,
Եվ քեզ նման մի վարդ ոչ Շիրազի այգում,
Ոչ պարտեզում մի այլ չկա, աղջիկ զվարթ,
Եվ թողնում ես հաճախ քո կարոտով անքուն։
Ես կանգնել եմ այնտեղ, այն ծովափին խիճոտ,
Խեցիներն են որտեղ ափսոսանքով խշշում,
Սերն էլ, իմ նազելի, ծով է, ծփուն մի ծով,
Եվ ալեծուփ ծովն իմ անվերջ քեզ է հիշում։
Եվ դու մարգարիտ ես՝
Սիրո ծովից գտած…
Իմ երգերին սիրո
Նուրբ քո փայլը կտաս։
Եսենինին
Ոսկեհեր պոետ՝ հյուսիսից եկած,
Հարավում գտած Շահանեին վարդ,
Գեղեցկուհու պես՝ քո սրտով երգած,
Մի սիրունն էլ կա քնքուշ ու զվարթ,
Ում ես երգեցի եսենինաբար
Այս խենթ աշխարհում,
Օրերում այս բարդ։
Օ, փրկարար մի հուր է սերը վառ՝
Ցրտում աշխարհի, գիշերում խավար։
Եվ ինչպես ապրել առանց արևի,
Անսեր չի լինի կյանքը երևի։
Սիրով է, որ կաս մեր սրտում, մեզ հետ,
Դու էլ, ոսկեհեր, սիրելի պոետ։
