ՎԻՐԱՎՈՐ ԼՈՒՅՍ
Լռությունը բառերի ավազանն է սուրբ Հոգու,
Խաչեն գետի ավյունը հոսում է իմ մատներից,
մագաղաթե էջերի ակոսներն եմ ոռոգում,
պատրաստվում են բերդերը խաչակրաց մարտերի:
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՐԿ ՈԳԻՆ
ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԻՆ
Շատ բառեր է շրջանցել ազատության մերկ ոգին՝
սեր բառի մեջ գտնելով և՛ հավատամք, և՛ ավյուն,
բայց անտառը պատվել է մառախուղով մորմոքի,
մեզնից կյանք է դարն ուզում, մարտիրոսից՝ սուրբ արյուն:
Փրկել է պետք մեր լեզուն երախից այս քաոսի,
ուրվականներ են շրջում օջախների մեջ անծուխ,
ինչ դրսից է ուղղորդվել՝ հարվածում է մեզ ներսից,
ստվերների ստվերն է հոգու լույսը հալածում:
Գաղափարի թակարդում երբ հույսերն են մոլորվել,
թափված արյան կռինչով բազեն է վեր խոյանում.
կտցին շանթ է, կրծքի տակ՝ շատրվանող հորովել-
դուռն ես բացել բառերի՝ գտնվելով խորանում:
Ազգ իմ, պրկիր երակը հիշողության մռունչի
և բեկանիր կայծակներ ապառաժի բարկությամբ,
ոլորանով Շուշիի մահերթում է Ֆայտոնչին,
վերքից ցայտող շիթերը թռչուններ են Հարության:
25.02.2025 թ., ք. Գյումրի
ԱԶԴԱԿՈՉ
Հիշողության բարուրն է ճանապարհը օրորում,
մաքառումն այս գրեթե ինքնամարտ է ստվերի,
բարկ ձայնե՜ր են մրրկում ըմբոստության հորերում,
աղոթքները չեն զատվում արյան խառը ճիչերից,
ինչ արժեք է մնացել՝ այն էլ հողմն է տըրորում:
Երազանքի բարուրն է ճանապարհը օրորում,
զոհարանից ցայտում են անրջանքի փետուրներ,
երբ դանակը ոսկորի կարմիր գիծն է որոնում,
անճարակն իր մազերը զայրույթից դեռ փետում է,
ինչ արժեք է մնացել՝ այն էլ հողմն է տըրորում:
Միասնության բարուրն է ճանապարհը օրորում,
հողից վարդեր են բխում, ապառաժից՝ կայծակներ,
պատվի կարը ցայտուն է զինվորական շորերում,
խիղճը արդեն փոթորկվել և մութ պատերն է ծակել,
ինչ արժեք է մնացել՝ այն էլ հողմն է տըրորում:
Վստահության բարուրն է ճանապարհը օրորում,
մղձավանջը տարերքի հասնում է իր ավարտին,
քաջերն արդեն կայծակի ելուստներն են որոնում,
բոցկլտում է ձյուներից Կանթեղը սուրբ Հավատի,
Սասնա ծռերն արթնացել և հողմերն են տըրորում:
Հ.Գ.
Նախապապը զարմանքից կայծակ բեղն է ոլորում.
ինչ թիրախ էր՝ հառնում է որպես ակունքը ուժի,
Սասնա ծռերն արթնացել և հողմերն են տըրորում,
վահանին է զարկվելու՝ ինչ ոսոխ էլ ներխուժի,
հաղթանակի բարուրն է ճանապարհը օրորում:
02.04.2025 թ.
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Հանդիպավայր չէ քո բառը, Վարպե՛տ, այլ` ճգնակյացի սրբազան խորան,
որի պատերը դրսից ծեծում են անարգանքների՝ թե՛ բուք, թե՛ բորան:
Ճանապարհների հիշողությունը սնվում է լազուր համբույրով բառի,
որի մեջ ապրող խորհուրդը աստղի կաթիլ է ըմպում լուսնի կամարից:
Թեև ազատ ես, բայց քո ստվերը սարսում է մահի շրջագծի մեջ,
ոգևորվում է ելքդ՝ տեսնելով իմաստուն այրեր և նորածիններ:
Երբ ճակատագրի վիհերի վրա այս ճանապարհն է կախել պորտալար,
գիտես, որ սկիզբն է բառը գտնված, արևի շողը՝ բաց աղոթարան:
Եվ հիշողության քանի՜ խցան ես հանել խեղդանոց ելք ու երակից,
մաքրելով հույսի շնչուղիները՝ Ոգու օրրանը փրկել վարակից:
Ընկերքի նման ընկնե՜ր սահմանը ճանապարհների արցունքի վրա,
և խաչմերուկի շնչառության մեջ բացվեր երազը-ելքը անվարան:
Խրամատների միջով ձգվում են խոլ տարիները պատարագներով,
իսկ դու գրիչ ես և ապրում ես միշտ՝ բառերի միջև պատեր քանդելով:
Երբ երկնքի տակ երազի տե՛ր ենք, հայրենի սերն է խենթության առանցք,
երկիրը մարդու պես աղոթում է՝ լեռնագագաթով երկինք կարկառված:
Հանդիպավայր չէ քո բառը, Վարպե՛տ, այլ` ճգնակյացի սրբազան խորան,
որի պատերը դրսից ծեծում են անարգանքների՝ թե՛ բուք, թե՛ բորան:
08.04.2025 թ., ք. Գյումրի
ՈԳԻՆ
Հորիզոնը իր ետևից արահետն է դեռ քարշ տալիս,
ոգու անմեռ արահետը,
անհանգո՞ւյց են օրն ու ժամը. ինքնօտարման վիհ է տարին,
բայց անշեղ է Ուխտի երթը,
ձեռ ու ոտն են մեր կապկպել ճշմարտության ճանապարհին:
Ապաստարան ցավից ելել, բայց թիրախին դեռ չե՛նք զարկել,
հույսն է ժայթքում արյան կանչից,
ժամանակի թևերի մեջ ակունքվել է երազանքը,
մեկտեղվել ենք ձախից-աջից.
լեռնագագաթ ճախրող ոգին ըմբոստության զորեղ զա՜նգն է:
Բողբոջները բոցկլտում են մեծ փոթորկի ճերմակ ճյուղին,
ներսն ու դուրսը նժարներ են,
մաքառումը վե՜ր է հիմա ոգու հացից և երկյուղից,
Տենչի աստղը ժամանել է.
մի լուսավոր մարտակոչ է երակներում զարթնող ուղին:
07.04.2025 թ.
ԾԱՂՐԱՆԿԱՐԸ
Երբ բացվում է մի բառ անհայտ՝ զոհասեղան իր ճակատով,
ժամանակը հանց մուրացկան՝ թաքնվում է փեշերի տակ
և չի զորում նայել անգամ բիբերին այդ արյունաթոր.
մերթ հրում է իբրև զոհի, որ ոխակալ փշերին տա,
մերթ գրկում է կարծես իր իսկ ծաղրանկարը սարսափով:
Ի՜նչ փույթ, եթե ճամփան զատվի մեղքից, ինչպես օձը՝ մաշկից,
ըմբռնումը հողից ձգվող մի սանդուղք է երկնակարկառ,
որով ելնող այրն է կոփվել աներևույթ այն ապտակից,
որ երազն է բանաստեղծի, որ ավյուն է ու կենաց ծառ:
Անհաս ոգու կամրջով է անցնում հուրը հրեշտակի:
Ներկան՝ մի թուր, պատմությունն էլ ինքնապաշտպան սաղավարտ է,
մարտիրոսը հուր ձեռքերով երազներն է իր որոնում,
երբ քաոսի խուփ առանցքն է տեղաշարժել անհավատը,
խրտվիլակը տարաժամի անիվներն է դեռ գլորում.
ապագայի հաշվին ո՞վ է ներկան վատնել…
Երբ բացվում է մի բառ անհայտ՝ զոհասեղան իր ճակատով,
ժամանակը հանց մուրացկան՝ թաքնվում է փեշերի տակ
և չի զորում նայել անգամ բիբերին այդ արյունաթոր.
մերթ հրում է իբրև զոհի, որ ոխակալ փշերին տա,
մերթ գրկում է կարծես իր իսկ ծաղրանկարը սարսափով:
31.03.2025 թ.
***
Բուրվառում են, ո՜վ մարտիրոս,
երազները ծաղիկների
Արցախի հերոս Բեկոր (Ղուլյան) Աշոտին
Երբ անկշռույթ մի տարածք են մխրճվել քո բառերն ուրուր
և առնական նոր շերտով են հաղորդակցվել կարոտներին,
արյունը քո ճանապարհի բուրվառում է երակներում,
բուրվառում է, ո՜վ մարտիրոս, երազներում ծաղիկների,
հիշողության ահագնացող տագնապների երամներում:
Աստվածային տանիքի տակ՝ ներկայություն անհերքելի,
թիրախը՝ դուռ, տառապանքը դարձրել ես ուժի երակ,
թևավոր է լռությունդ թարթիչներով մեր հևքերի,
հայրենիքը պատանդ է դեռ, բայց բացվում է երա՜զ-երա՜զ,
հավատընկալ օրն է հառնում կանթեղներից մեր հետքերի:
19.03.2025 թ.
***
Ե՛տ բերել հավատն աքսորավայրից
ու չերկնչել,
որ ապրում ես մեծ սիրո խորանում:
Փոխանցել սերը արթնացող դողին.
այն միա՜կ ելքն է տարածության մեջ:
Զննել միշտ խղճի վարքը և ոճը
տառապանքների,
որ աղոթքներդ վերածվեն լույսի՜:
24.03.2025 թ.
ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ԱՄԱՌԸ
Սահմանագծի ամառը պատանդված ծառ է,
որի պտուղն ու բույրը տանում է ինձնից հեռու
քամին հարկահան:
Թռչունն իր երգով արթնացնում է ծառի
հիշողության ծիլերը,
որ իբրև մոմեր վառվում են՝
լուսավորելով
աղոթող ձեռքերս և հոգիս:
Կարծես ինքս ինձ շրջանցել եմ
մի հավերժություն.
ներդաշնակության անհայտ բևե՞ռ եմ,
թե՞ հավելված կյանքի…
Սահմանագծի ամառը հալվում է արյանս մեջ
և ներծծվում ճեղքերը անդաստանիս:
Աներևույթ խորքերից բարձրանում է
երգը հիշատակի-
չնվաճվա՜ծ դրոշ:
Սա ճանապարհի ինքնահաղթահարումն է՝
ներսից ու դրսից,
երբ ծիծեռնակի պես
զիգզագվում է անհայտությունը՝
մղելով ինձ երազելո՜ւ,
պայքարելո՜ւ,
ապրելո՜ւ…
07.05.2025 թ.
ՍԻՐՈ ԶԱՆԳ
Արթնանում են բառերը կոպերի տակ լռության,
ծաղկաթերթեր են սահում հորդ լարերով անձրևի,
պատանդ ծառը խշշում է կանաչացոլք հարությամբ,
ազատվո՞ւմ են լույսերը մղձավանջի սանձերից:
Բռունցքվել են լեռները, պիտի զարկեն ուր որ է,
պատմությունն է դղրդում մեր հինավուրց հողի տակ,
բայց ճամփեքը ոգուց դուրս խարխափել են կուրորեն,
վրիժառու կոչեր է փողհարում մի հրեշտակ:
Ճանապարհի արցունքը հեռասլաց թռչո՞ւն է,
որ իջնում է խաչքարին, կախվում ծերպից լեռների,
հավատի ուժն, հիրավի՛, ըմբոստության կիրճում է,
ե՞րբ կազատվի մեր ոգին ստվերների բեռներից:
Աստծո լույսն է արթնացել խորանի մեջ բառերի,
չարտաբերված տողերում մենք գտնում ենք սիրո զանգ,
երազանքից միչև կյանք՝ տեղաշա՞րժ է ահռելի,
նախնյաց հողը զորե՜ղ է, և այստե՛ղ է հայն ազատ:
03-06.05.2025 թ.
***
Ձգվում է ժայռը՝ ողջունելով ինձ քարե հայացքով,
ես նրա ուսին իմ ձեռքն եմ դնում վայրի հանաքով:
Գրում եմ հիմա թռիչքների մեջ արագիլների,
երա՜զն եմ փրկում ես մոռացության սև մագիլներից:
Երակիս ուժը ես փոխանցում եմ հունդերին վաղվա,
գմբեթի ներքո զանգի լեզվակ է մանուկը անվախ:
Ամեն բառի շուրջ մի խրամատ եմ փորել տակավին,
վերածնության շիվն է ընձյուղվել Մասսի տապանից:
17.03.2025 թ.
***
Վերքերիս սպիտակ շնչառության միջով
ասուպներն են թռչում երազանքի
և անցնում են ցավոտ կարոտներիս կիճով,
իջնում Շիկաքարի կարմիր զանգին:
Եվ քարերից կարմիր մի ղողանջ է հառնում,
այն ղողանջող հույսն է քարակարի.
ձյուն-ջլերից հոսող մի խենթացած առու
պինդ փարվել է ուզում բարկ Կարկառին:
Ծիծեռնակի կապույտ և զիգզագ թռիչքով
զարկերակն է խփում ճանապարհի.
երբ արև չի սահում պատանդված տանիքով,
հողից թուրն է հառնում, վրե՜ժ քարի:
30.03.2025 թ.
