Նոնա ՊՈՂՈՍՅԱՆ / ԵՐԿԻՐ ԱՐՔԵՆԻ

 

 

 

…Ու երբ սահեցի

հիացումների

ծաղկած ջրերի

տաք վտակներով,

երբ գիշերը քեզ

առկայծեց նռնե

իմ հիշողության բաց երակներին,

ես որոտացի

խելահեղումի տեղատարափը,

ու ներսս լցվեց

երանահատիկ բառերի գինով …

 

ՔԵԶ ՈՐՈՆԵԼԻՍ

ա.

…Ու ես սիրազեղ

ու սիրախոնարհ,

արբեցումների ոտնահետքերով

քայլեցի աննինջ

մինչև Գողգոթա

ու աստղասարսուռ

երկնափեշերիդ

հուշիկ ծփացի

լազուրե մի հևք,

որ բարձրանում էր

ճյուղերովս վեր՝

դեպի նոր Տարերք…

 

բ.

…Ես փոթորկեցի

ԲԱՌԸ անշառաչ,

որ սառն էր, աներգ,

բայց ծիրանենու

հավերժատարազ

կեղև կար հագին,

որ լուռ էր, անհևք,

բայց մաշտոցացեղ

տրոփներ էին

բողբոջում կրծքին…

Որ գեթ մեկ անգամ

չէր քնարոտվել

ներշնչանքներիս

պրկալարերին,

գեթ մի հրաշքով

դեռ չէր սիրոտվել

իմ հավատամքի

նախշուն տաղերից…

 

գ.

…ԲԱՌԸ, որ Լեռան

նահապետածոփք

շղարշների մեջ

պարուրված էր լուռ,

որ խաչագմբեթ

երկնագահերի

բարձունքի վրա

հեգում էր լույսը՝

մինչ կհասնեի

փառաբանության

բառակերտ Մատուռ…

 

դ.

…Ու ես շունչ առ շունչ

նախաբանեցի

Նրան իմ կրծքին…

Ու Նա բողբոջեց

սեպագրերիդ

քարապատումի

ոգեղեն խազով,

շուրթիս մոտեցրի,

ու Նա խոխոջեց

ջրերիդ խորքում

ասեղնագործված

աստղե տարազով…

Դրեցի ունկիս՝

վարդապետատաղ

արարումներիդ

հոգերանգներով

զըրնգաց իբրև

օրորոցային,

իբրև երգ մարտի,

իբրև խաչերի

թևերին թառած

շարական բախտի…

 

ե.

Ես տրոփեցի

ԲԱՌԸ սիրազեղ

ամենասփյուռ լույսի երակին…

Ու մաշտոցացեղ

36 գամ

մեխվեցին նոյան

ոտնահետքերը

ասեղնագործած

լեռան գագաթին՝

իբրև գոյության

արմատներ զորեղ,

որ մի օր պիտի

սրբագործվեին

մագաղաթաթագ

ընթացքներն ի վեր՝

ոնց Մատյան-Նարեկ

Աստծոպագության

երկնակամարին…

 

զ.

Ես ղողանջեցի

ԲԱՌԸ լուսացեղ՝

իբրև ինքնության

ոգեղեն պարգև,

որ պիտի սանձեր

սառցե արևներ

աշխարհակործան

Անկարեկցանքի

լուսաբացներին՝

որպես

Հոր,

Որդու

ու

Տեսանողի

ապավինության

փառավկա Սեր…

 

է.

…Ու ազատահաճ

իմ մտքի հանգույն

ես փայփայեցի

ԲԱՌԸ սիրասուն

երկարուբարակ

իմ գիշերներին՝

ամենքից թաքուն…

Ու չհաշվեցի

զարկերը հոգուս՝

տրոփներն անցեղ,

ու չտրվեցի

վախերին՝ ի խույզ

մտքիս գմբեթներ…

 

ը.

…Տողացա՝

տող-տող,

հղացա՝

հող-հող,

երկնեցի՝

տաղ-տաղ,

լռեցի՝

խաղաղ

ու արարումի

երակին բոսոր

դարձա խելահեղ

մի երանության

բառեղեն հոտաղ…

 

թ.

…Ու երբ բուրեցի

երկնքի ճախրե

թևերից կախված

տարփություններով,

ու երբ ծփացի

ինձանից ցայտող

ծաղկաջրերի

տաք երակներով,

ծնվեց իմ սիրո

Զավակն Ամենա…

 

ժ.

…Գիտեմ, երկի՛ր իմ,

որ սիրահոժար

կորդեգրես

մի օր դու Նրան…

 

ՔԵԶ ԳՏՆԵԼԻՍ

ա.

…Մի օր, երբ մորս

գործած հեքիաթի

հրեղեն ձիուն

ես փնտրում էի

քուլա ամպերի

երամակներում,

հանկարծ երկնքի

քարե ճախրանքի

երանության մեջ

գտա իրար լուռ

ուս ուսի տված

մի մեծ, մի փոքրիկ

երկու եռանկյուն…

Ու սկսեցի խզբզել նրանց

դեմքը ծուռծռտիկ

որտեղ պատահեր՝

երազանքներիս

էջերին դատարկ,

մորս թախծածոր

երգի թևերին,

տատիս աչքերին՝

գաղթից փրկված,

մշեցի պապիս

նախշ-ատաղձներին…

Հենց այդ օրվանից

սկսեցի քեզ

մասիսեծրար

նամակներ գրել,

դնել բարձիս տակ

ու գիշերներին

սեր խոստովանել՝

առանց հասկանալ,

ինձանից անկա՜խ…

 

բ.

Մի օր էլ հայրս

իրար ձեռք բռնած

իմ մեծուփոքրիկ,

իմ ծուռուծռտիկ

եռանկյունիների

անհող, աներկինք

հայացքի դիմաց

նկարեց երկու

նաիրյան բարդի

(բայց ես այդպես էլ

հարց չտվեցի,

թե ինչու նրանց

խըշշան թևին

նա չնկարեց

բույնը արևի…)։

…Հենց այդ օրվանից

մայրս ամեն օր

լույսին բողբոջող

իմ գիշերներին

շընկշընկում էր քո

մեծ սիրո մասին…

 

գ.

…Բայց ինչ – որ մի բան

հորս նկարած

կանաչ, խշխշան

կարոտի էջին

կիսատ էր ասես…

Ու չէր գլորվում

քըչքըչան մի գետ

իմ ծուռուծռտիկ,

իմ մեծուփոքրիկ

եռանկյունիների

ծնկի տակ քարե …

Ու մայրս հուշիկ

բռնեց ձեռքս ու

գլորեց թղթին

մի կապույտ կծիկ,

մինչ կքանդվեր՝

կոհակ առ կոհակ

վերքերը սրտի…

Ու այդ օրվանից

նա գիշերներին

իմ հազարասյուք

ծորում էր բարձիս

«Արաքսի արտասուքը»…

 

դ.

…Մի օր էլ տատիս

կարմիր ծոցի մեջ,

երբ հեքիաթների

հյուսքերն էի ես

քանդում գիշերով,

տեսա, թե ոնց էր

մի թրթռան խաչ,

իր յոթթելանի

բախտից կախ ընկած,

ներսից ծիկրակում…

 

ե.

…Ձեռքս տարա, որ

բաժանեմ նրան

իր նախշուն բախտից,

ու հանկարծ քանդվեց

մշեցի տատիս

մեղա-մեղայի

շարանը բարակ,

որի փայլփլուն,

տաք հատիկներին

թափվեցին

աստղե իմ արցունքները՝

հավատ առ հավատ…

 

զ.

…Ու ես խեժացա

տաք խնկաբույրից

տատիս կրծքերի,

որոնց արանքում

մշեցի պապիս

համբույրներից զատ,

տատս աշխարհից,

ամենքից թաքուն,

Աստծո մատների

սարսուռն էր պահում՝

իբրև խաչազարդ…

 

է.

…Երբ մեր կիրակին

հագնում էր նորից

զգեստն իր կարմիր,

տատս ինձ իր հետ

տանում էր ուխտի…

Մենք քայլում էինք

Քավություն դեպի՝

լուռ ու ծանրաքայլ…

Ու նա ճամփեզրի

ծաղկած փշերի

համբերությանը

ցողում էր հատ-հատ

ծոցի մեջ պահած

իր մեղաների

հատիկները թաց…

 

ը.

…Մենք գնում էինք

մի նոր հանդիպման

Կարմիր Վանքի հետ,

որ սուսուփուսիկ

իմ տիկնիկի պես

հագած զգեստը

իր կարմիրքարե,

ամպերի քուլա

վարսերն հավաքած

ծամկալով խաչե

ինձ էր սպասում,

որ…

Վախեր լռեր…

 

թ.

…Ես մոմահամբույր

պատերից վանքի

կախում էի տատիս

ծաղկած աղոթքի

մրմունջները թաց

ու քարանում էի

նրա հայացքից

ծորացող Աստծու

պատկերի դիմաց…

 

ժ.

…Երբ հատիկ-հատիկ

ճայթում էին ունկիս

տատիս աղոթքի

խատուտիկները

մեղայաթերթիկ,

ես վերցնում էի

մի հարթ, տափակ քար

ու համառորեն

փորձում կպցնել

մոմածոր պատին՝

իբրև ինձանից

թողած հիշատակ…

Ու թե այն կպներ՝

մինչ հաջորդ գալը

վանքն ինձ կհիշեր…

 

ի.

…Տունդարձին,

տատիս՝

Աստծո պարգևած

խաղաղության մեջ

շնկշնկում էին

իմ ինչուների

զեփյուռները տաք

ու ես՝ ուխտավոր

աղջիկը վարդե,

հավաքում էի

ճամփի փշերի

տխրությունն անթև,

որ հագցնեի

իմ գիշերների

աստղակաթերին՝

մինչ հաջորդ

կարմիրուխտե

կիրակի…

 

լ.

…Մի ցորնածես էր,

հացագիր մի ձոն,

խմոր շաղելու

մեր տան երեկոն…

…Ու դու, երկի՛ր իմ,

Տոն Հացազարդի,

կիրակնամուտին

լուռ ծաղկում էիր

խմորատաշտի

ծալքին ալյուրե,

ու տատս բախտիդ

ծամերն էր քանդում՝

գզգզելով իր

ցորնած թևերով

աշխարհը թել-թել…

 

խ.

…Ես՝ տաշտի կողքին,

աչքս՝մեր կատվին,

սիրտս՝ աստղերը

թամբած երկնքին,

ջուր էի ցողում

բաժակով փոքրիկ

խմոր-աղջկա

փափուկ կոնքերին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.