Երբեք ինձ իրավունք չեմ վերապահել ժամանակի քննողը դառնալու: Ես ո՞վ եմ, ի՞նչ եմ հասկանում ժամանակից: Իմ իղձերը պտտվել են անձական տարածության, անձնական պատասխանատվության տարածության սահմաններում: Սակայն արդեն քանի՜ տարի դադարել եմ ապրել սեփական գոյության, ծրագրերի, նպատակների բովանդակությունը ձևակերպելու պարզ, մարդկային կենսակերպով, քանզի դրանք դարձել են անկարևոր, երկրորդական, տասներորդական այն մեծ տագնապի համեմատությամբ, որով տրոփում է, կարծում եմ, յուրաքանչյուր գիտակից հայի սիրտը:
Ասել, որ ես մեծ հայրենասեր եմ, մեծ վերլուծաբան, մեծ կանխասաց, ծիծաղելի կլինի: Բայց մի՞թե, իբրև մեկ հյուլեն իմ հայրենիքի, իմ ազգի, կարող եմ սխալվել իմ զգացումներում և անմասն մնալ մեր մեծ տունը փոթորկած հողմերի գալարապտույտից: Վտանգը մեր անկատարությունների, ինքնաժխտումների, սայթաքումների դարանակալ ոխակալությամբ հետապնդում է մեզ ամենուր: Եվ տրամադրությունը, այո՛, տոնական չէ:
Մեզ կասկածներ են պարտադրվում անվերջ, ու դրանք դարս-դարս կուտակվում են մեր ներսում: Մեկը մեկից անհեթեթ, մեկը մեկից աննախադեպ, մեկը մեկից սնանկ: Ու մենք դարձել ենք դրանց հուսաբեկ պատանդը՝ օր օրի առավել թույլ դիմադրությամբ:
Այսպիսի ժամանակների մասին գրվել է մեր պատմության, մեր գրականության բազմահատոր մատյաններում, ասվել հազար անգամ, որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Բայց այսքա՞ն նմանօրինակ կրկնություն:
Ես այս ու վերջին հինգ-վեց տարիների Ամանորներն ապրում եմ անձնականս մոռացած, անանձնական իղձերի տեղատարափում: Ինձ պետք է Հայրենիքի, պետականության ամրություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանություն, հայ մշակույթի և գիտության ծաղկուն ընթացք, հայ մարդու արժանապատվության բարձր գիտակցում, ազգային համընդհանուր տեսլականի հստակություն՝ Արարատի վեհ գագաթի ձյունափայլ շողերի ներքո: Ու եթե այս Հրաշքը իրականություն դառնա 2026-ի օրագրության մեջ, 2027-ին ես ինձ թույլ կտամ անձնական իղձերս շարադրելու և դրանց իրագործմանը հետամուտ լինելու «մեծ» շռայլությունը:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
