Հայի ընթացքը դժվարությունների, փորձությունների հասկանալի-անհասկանալի մի շղթա է, որի հանգույցները, բացի այն, որ բազում էին, ե՛ն, նաև անքանդ գորդյանն են հիշեցնում, ցավոք, հաճախ հենց մեր մեղքով կապ գցված, և որոնցից ազատողը «մակեդոնյան թուրը» չի եղել, այլ՝ միայն ու միայն Բարձրյալի աջը (Ով երևի արդեն հոգնել է մեր անհավատալի շարունակությունն անվերջ առաջ տանելուց: Բայց մեզ հետ կապված Խորհուրդը մեծ է, և վստահաբա՛ր շարունակվելու ենք)…
Այո, կյանքի հետ անհամատեղելի վիճակներ շատ են եղել, բայց ժամանակներն այլ են. այսօրը դրանց հետ համեմատության մեջ դնել երևի թե չարժե. այսօր մենք պետականություն ունենք, մեր իշխանավորներին մեր ձեռքերի վրա ենք տանում (ափսոս, որ խելքի գալուց հետո ցած չենք կարողանում գցել, շպրտե՜լ աչքից ու մտքից հեռու): Այո, ժամանակներն այլ են, սակայն ինչո՞ւ է հուսահատությունն այսքան նույնը, այսքան անհատակ, մինչ ի վերջ թևաթափ անող, որի հետ ապրելու միակ ելքը նրա պատճառ-իրականությունից փախուստն է՝ հնարավոր բոլոր ձևերով. պարփակվելով եկած օրվա պուճուր հոգսերի մեջ, միտքը զբաղեցնելով ինչով ասես, միայն ոչ ամենակարևորով և, ի վերջո, պարզապես իսկապես փախչելով՝ «Որտեղ հաց՝ այնտեղ կաց» խայտառակ ասույթը պահի դրոշ և սեփական անընդունելի արարքի (հանցագործությա՛ն) արդարացում դարձրած:
Հուսահատությունը նույնն է, որովհետև, որքան էլ տարբեր գործոններ ավելի բարենպաստ թվան, նույնն է նաև անզորությունը՝ նույնքան անհատակ ու անելք, որովհետև ժողովրդական ընդվզումներն ամեն անգամ պարտվեցին նախ՝ իշխանության համն արդեն ճաշակած, ազգային բարիքները լիուլի սեփականած և այժմ դրա ընդամենը փշուրները գործի դնելով իրե՛նց համար ճանապարհ բացող «առաջնորդների» և նոր միայն՝ ներկայում իշխողների կողմից (ետևը՝ սուր, առաջը՝ հուր): Այդ փակուղին հյուծեց ժողովրդին: Ցավոք, մեկը մեկի ետևից ձևավորվող փրկության շարժումներից այս հերթականն էլ միևնույն մերժելի ակունքի քարին դեմ առած՝ փշրվեց՝ փշրելով նաև մարդկանց հազիվ փայփայած-պահած հույսը (դե, եկ ու նորն արարիր):
Ու մինչ արդեն հատուկենտ չկոտրվողները, երկրի համար պատասխանատվության բեռը ի վերուստ ուսածները մտորումների մեջ փորձում են նոր ելքեր որոնել, ոմանք, այնուամենայնիվ, ինչ-որ պահից մեր հոգեբանության մեջ սողոսկած գնչուության բացիլով բռնված, «ցուպը ձեռքն առած»` հատում են Հայոց սահմանը, կտրում իրենցից Հայրենիքի հետ կապող արյան, գենի պորտալարն ու թեթևացած շունչ քաշում օտարության բնավ ոչ գրկաբաց շեմին: Բայց կարևորը՝ որովայնի պահանջները, թեկուզ թերմացքով, նպաստների ստորացուցիչ քաշքշուկով, ապահովված են: Էլ ի՞նչ է պետք. «…ը գնաց հարսանիք, ասաց՝ այստեղ ավելի լավ է, քան մեր տանը»: Ներող կլինեք, ե՛ս չեմ ասում, ժողովուրդն է ասել, իսկ նա իրավունք ունի. նրանի՛ց է պակասում, նրա ապագայից է թալանվում, նա՛ է «որբանում», ավելի՛ վտանգվում ամեն մի հայի կորստով:
Ու դեռ հեռվից հեռու՝ սփյուռքահայ դարձած և երջանկությունից շողարձակող աչքերով հայտնի անհատների կողմից, վաղուց արդեն հիմնականում հայադավ ուժերին սպասարկող հեռուստաեթերի հեռուստահաղորդումներով և սերիալներով, գովազդվո՛ւմ է հայրենալքությունը. «Գնում ենք Վեգա՛ս, Վեգա՛ս»… Դո՞ւք ինչու եք ուշանում…
(Իհարկե, ասվածը բոլոր հեռացողներին չի վերաբերում, հանգամանքներ կան, որ երբեմն այլ ելք չեն թողնում, խոսքիս կիզակետում՝ հանուն ավելի լա՛վ կյանքի Հայրենիք լքողներն են):
«Ոչի՛նչ: Ինձանով չի որոշվում Հայոց բախտը»,- մոտավորապես այդպես է մտածում նրանցից յուրաքանչյուրը (ընտրություններին իր ձայնը վաճառողը), ձեռքը թափ տալիս ու՝ մեկ, երկու… թվերը գումարվում են, ստվարանում, շատը` գնում, քիչը` մնում… և երեք միլիոնից ավելի պակաս քանակով կանգնում ենք երկո՞ւ, ոչ՝ բոլոր կողմերից մեզ շրջապատած, մեր հողերում իրենց քոչն ամրացրած, տասնյակ միլիոններ կազմող բնակչություն, երեք-չորս միլիոնանոց քաղաքնե՜ր ունեցող և անգամ «մեկ կամ` ոչ մի հայ թանգարանում չթողնելու» նպատակն իրենց կենսակերպ դարձրած պետությունների միջև: Մեր թվաքանակն իմանալուց հետո շատ երկրների իշխանավորներ կարող են պարզապես լուրջ չհամարել մեր՝ անկախ երկիր, ընդհանրապես երկիր ունենալու համառ ձգտումը, և մեր բարձրացրած հարցերը այդ պատճառով էլ են անպատասխան մնում:
Մեր կողմից համառորեն գերնպատակ համարվող, բայց այդպես էլ ուր որ պետքն է՝ չկպչող «բարեկամ» պիտակի հասցեատերերը, նաև այլոք, դարերով հենց միայն բնակչության երկրաչափական պրոգրեսիայից ավելի մեծ աճով երկրներ լցրեցին՝ փոքրամասնություն դարձնելով բնիկներին ու որտեղ սրով, որտեղ հենց «խաղաղությամբ» բնավորվելով` երկրների տերեր դարձան: Նրանք գործեցին, գործում են բոլոր ճակատներով, իրենց պետությունների բոլոր հնարավորություններով: Իսկ որտեղ ընդունված նորմերի սահմանները չեն ներում՝ գաղտնի գործող կառույցներով՝ «գորշ գայլեր», այս ու այն: Գործում են հայտնի-անհայտ մեթոդներով՝ երկրի ներսում ու երկրից դուրս: Շատ երեխաներ ունենալու հրահանգներով, գումարային աջակցությամբ, տներ գնելով այլ երկրներում (հետագայում որպես «անկլավներ»պահանջվող) և այնտեղ բնավորածներին ևս մանկածնության նույն պատվերը տալով, հատուկ մշակված ծրագրերով՝ իրենց ձուլելով իրենց երկրներում բնակվող այլազգիներին, ավելի փողավորելով միջազգային հարցերի պատասխանատուներին` նրանք արդեն այնպիսի՜ պտղաքաղ են վայելում:
Մինչդեռ մեզ մոտ, որպես խիստ կարևոր անվտանգային, ռազմավարական գործոն, ազգի թվաքանակի ավելացումը (մանկածնության աճ, երկրից հեռանալու բացառում, հայրենադարձության մեծ ալիքի ապահովվում) առաջնահերթություն դարձնելու փոխարեն, արվում է լրիվ հակառակը՝ հանգիստ, կրնկի վրա բացել ենք երկրի դռները՝ դեպի դուրս հրավերով (վաղուց քննարկվող վիզաների ազատականացման մասին թշնամին անգամ երազե՜լ չէր կարող): Իսկ միգրանտների համար նորանոր պայմաններ են ստեղծվում այստեղ մեկընդմիշտ հաստատվելու: Եվ այդ կերպ՝ առանց պատերազմի պարտությունը՝ սահմաններն իբրև թե ամրացնելու կիսատ-պռատ «թատրոնով» քողարկված, իրեն երկար սպասեցնել չի տա:
Մեղքը բոլորինն է. իհարկե, նախ՝ իշխանությանը, ապա նաև՝ տարբեր կառույցներինը, անհատներինը, իմը, քոնը: Եթե լավ մտածենք. բոլորս մեղքի մեր բաժինը կգտնենք. թեկուզ հենց այն անմեղ թվացող քծնանքի, խոնարհանքի վերաբերմունքում, որ ունենք մեր դրսի փողավոր ազգակիցների նկատմամբ: Մինչդեռ նրա՛նք պետք է մեզ մեծարեին, գլխահակ կանգնեին Հայրենի հողի և նրա ամենօրյա՝ իրենց հետքերով հողը կնքող, նվիրյալ պահապանների առաջ:
Մեծ դեր ունի նաև երկրի տիրոջ զգացողության պակասը մեր մեջ: Այն հեռու ակունքներում մենք մեծ էինք հողով, հոգով: Քիչ առ քիչ փոքրացանք՝ նախ` հոգով, ապա` տարածքով: Իսկ Հայրենիքը, այն էլ հայի Աստվածատուր Հայրենիքը, աշխարհային չափումներով (մետր, կիլոմետր) չի չափվում, և միշտ մեծ է, աներևակայելի մեծ: Ու… իրենց փոքրացած հոգիներում շատերը չեն կարողանում այլևս այն տեղավորել: Ամենաշատը, որ տեղավորվում է այդքան կծկված, չնչինացած տեղում՝ սեփական Ես-ն է, դե, մի փոքր էլ՝ սեփական ընտանիքը, որոնց համար միշտ էլ աշխարհի ցանկացած անկյունում «գլուխ պահելու տեղ», չորս պատ կճարվի:
Եվ հիմա էլ հոգու փոքրությունը, պուճուրությունն է պատճառը մեր բոլոր-բոլոր կորուստների: Ու քանի դեռ փոքրանում ենք մեր էությամբ, փոքրանալու է նաև մեր բաժին հողը մեր իսկ երկրում: Եվ քանի դեռ ավելանալու են այդ փոքր հոգով, փոքր մարդիկ ու փախչելու Մեծ Հայրենիքի հսկա շուքից ու մեծ պատասխանատվությունից, մեր հետքերը պակասելու են մեր հողի վրա ու հայի հետք-կնիքները՝ անգունանալու նրա դեմքից: Եվ շարունակվելու է աննպաստ իրողություն դառնալ «Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը» այնքան տեղին ասվածը. առաջնորդ ընտրելիս՝ լավագույններին ուրացած, մեծամասնությամբ. մեզ նմանների՝ փոքրերի ետևից ենք գնում. նրանք հասկանալի են, «մարդ» են մեզ պես միս ու արյունից, սեփական գրպանը լայն բացած ու սեփական «եսի», սեփական բարօրության աղանդավորներ (Նժդեհ)… Բարձր չեն, հարկ չկա դեպի վեր նայելու համար վերև ձգվել, բարձրանալ, ընդարձակվել սրտով ու հոգով… Եվ հետո՝ բարձրերը ստվեր են գցում մեր, թեկուզ փոքր ես-երի վրա…
Երբ մտածում եմ, որ հազարամյակներով, մարդկության ակունքներից այստեղ ապրելով՝ աճել, բազմացել ու «դարձել» ենք ահա… այսքա՜ն՝ երե՞ք միլիոնից մի փոքր ավելի թե պակաս, գլուխս ցած եմ հակում, նաև նրա՛նց փոխարեն, որ Հայրենիքը մի ճամպրուկում տեղավորած՝ նոր թխված լավաշի՛, չորացրած ավելուկի հյուսքերի՞, Մասսյաց փոքրիկ մի նկարի, գուցե և մի բուռ Հայրենի հողի տեսքով օդանավակայանում իրենց թռիչքին են սպասում, կամ արդեն դրսերի խնջույքների սեղանների առաջ երբեմն նաև Հայոց արևշատության կենացն են խմում՝ աչքները հառած պատից կախված սիմվոլիկայի փոքրությամբ ավելի փոքրացած նկարին ու մեկ էլ՝ հեռվից-հեռու մե՛ր աչքերին. «Տեսեք, հա՜, լավ պահեք «մեր» երկիրը»:
«Լա՛վ պահեք», որ երբ անհասկանալի մի ճանկռտոց զգան իրենց հոգիներում, գան հայրենի ջուրը խմելու, վայելելու մանկության, անցյալի մոռացված համերը, բացելու օտարների շնչի տակ կծկված թոքերը ու մի լավ շնչելու ազատության օդը, վերցնելու հպարտության հերթական չափաբաժինը, որ այնտեղ քիթները միշտ կարողանան վեր պահել՝ Հայ եմ, գիտե՞ք՝ ինչ Հայրենիք ունեմ: Եվ ոչինչ, որ այստեղ մերը հաճախ է կախ ընկնում, կոտրվում-արյունոտվում և նաև՝ իրե՛նց երեսից, և ոչինչ, որ մատը մատին չեն տալիս վտանգված երկրի համար, զինվոր չեն տալիս կամ, գոնե, չեն կերակրում սահմանին՝ նաև իրե՛նց Հայրենիքի համար կյանք վտանգողներին, մի քար իսկ չեն դնում ազգային կառույցի վրա, իրենց տարած, ազգի համար կորսված զավակների տեղ չեն նպաստում Հայրենի հողում ավելի շատ մանուկների աշխարհ գալուն: Մինչդեռ պարտավո՛ր են իրենց աններելի մեղքի դիմաց վճարել գեթ գումարով, հոգածությամբ, զղջումով, գլխահակ քայլելով ու «գլուխը բարձին դնելիս» նրա մասին մտածելով ամեն Աստծո օր…
Հիմա արդեն հասկանում եմ, թե ինչու է ժողովուրդը Ագռավաքար կոչել Փոքր Մհերին իր մեջ ընդունած լեռը (կամ Մհերը հենց ա՛յդ լեռն է ընտրել): Մեծ ջրհեղեղից հետո Նոյի ուղարկած ագռա՛վն ուրացավ իր պարտականությունը՝ վարվելով «Որտեղ հաց, այնտեղ՝ կացով», և չվերադարձավ՝ շլացած առատ բացված «կերակրասեղանով»: Մհերն ինչ-որ տեղ այդ ագռավին է հիշեցրել. երկիրը թողնելով՝ մինչև այն այլոք կծաղկեցնեն՝ցորենը մասուր, գարին՝ ընկույզ դարձնելով: Երևի հենց այդ ժամանակից է արդեն հոգու փոքրությունը բուն դրած եղել մեր հոգիներում, և պատահական չէ, որ ասես լրիվ բնականորեն, բայց «փոքր» բառն է Մհերին բաժին հասել…
Բայց Փոքր Մհերն արդարացում ուներ՝ հողը չէր պահում քաջի ծանրությունը (հո՞ղը, թե՞ մենք), հողը (թե՞ մենք) «ղալբըցել էր»:
Իսկ երկիրը լքող մեր հայրենակիցնե՞րը… գնում են՝ որևէ արդարացում չունենալով (վատ իշխանությունները պատճառ չեն, նրանք այսօր կան, վաղը՝ ոչ, և հենց ճիշտ ղեկավարներ ունենալու համար էլ պետք է թիկունք թիկունքի տալ (և ջանք չթափելով անգամ, որ գեթ հորինեն այն, որովհետև մենք… ինքնե՛րս ենք արդարացնում նրանց, կանխավ ներում, հիանում անգամ նրանց՝ հայրենադավության գին արժեցող շուք ու փայլով):
Եվ… Փոքր Մհերի պատմությունն իր մեջ նաև մեծ խորհուրդ ունի, ավելի ճիշտ՝ հուշում՝ մեր արքայական անցյալը չի մնացել պատմության խորքերում, այն ասես սառեցվել է, մեր կենդանի արքայազուն քաջի՝ Մհերի տեսքով փակվել Ագռավաքարում՝ մեզ ուղղված մեն մի հատիկ պայմանով՝ նորից արժանի դառնալ մեր Հզոր անցյալին, Մեծ Հայրենիքի մեծ հոգու տեր ժողովուրդ դառնալ, դուրս գալ փոքրության ճահճից, որ ցորենն ու գարին էլ փոքր չմնան, ամրացնել Հայոց հողը՝ նրան ավելի ամուր փարվելով: Որ վերադառնան արքաների և Ծովից ծովի ժամանակները…
Իսկ դեռ գնո՜ւմ են… աշխարհ-ագռավաքարի ամենակուլ խութերում մոլորվելու, կորսվելու ու կորցնելու մարդկության ակունքներից սկսյալ մեզ տրված սրբազանն այս…
Վաղն ավելի շատերը կարող են հեռանալ, որովհետև գնչուները նստակյաց դարձան, իսկ մենք նրանց թափառականությանն այնպես ենք տեր կանգնել, որ այն արդեն ազգային կերպարի կարևոր մաս է դարձել կարծես: Մինչդեռ հիվանդությո՛ւն է՝ դաժան, ազգը դեպի մահ ու կործանում տանող հիվանդություն: Այնպես որ, բուժումն այլևս չպետք է հետաձգել, այն պետք է երբեմն ցավեցնող լինի, հաճախ նաև պարտադրված, միայն թե, ի վերջո, ձերբազատվենք մեզ այդքան անհարիր, խորթ ու թշնամու շահը սպասարկող պահվածքից:
Եվ որպես սկիզբ, նախ մեղմորե՜ն, համառորեն, անհամբեր, պարտադրելով՝ խնդրո՜ւմ եմ.
Կա՛նգ առեք… Մի՛ գնացեք… Դուք պե՛տք եք մեր Երկրին, և Նա էլ… ձե՛զ է պետք…
ՆՈՐՕՐՅԱ ԱԳՌԱՎԱՔԱՐԸ ԵՎ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՈՔՐ ՄԱՐԴԻԿ / ՆԱՆԵ
