ՄԵՐ ՁՈՐԵՐԻ ՍԱՆՉՈՆ / Սեդրակ ՍԻՄՈՆՅԱՆ

Նրա ծնունդը, ծմակի կուրծքը խրված նրա առաջին ճիչը հրաշալի իրադարձություն էր։ Դա մեծ Պատերազմից առաջ էր, անտառի այն արահետի վրա, որը տանում էր դեպի հարևան ավանը, որտեղ հիվանդանոց կար և ծննդատուն։ Այս նորածնի «մսուրքը» աշնանային տերևներն էին՝ չոր, խշխշացող։ Երկնի վառ աստղի փոխարեն կար միայն երկրային ամեն բան կլանող իրիկնամութը, իսկ կարապների կափկափող երամը նրա մեջ սեր ու թախիծ ներարկեց։ Նորածնի անունը Մեսրոպ դրեցին։
Նա մեծացավ, դպրոց գնաց, իսկ հոր մահից հետո դարձավ ընտանիքի հենարանը։ Պատերազմի վերջին տարում լրացավ նրա տասնութ տարին։ Զորակոչեցին, բայց չհասցրեց ճակատում լինել, պատերազմն ավարտվեց։ Հաղթողի կեցվածքով բանակից վերադառնալով` սկսեց կարգավորել հետպատերազմյան կյանքը։ Մեսրոպը պինդ տղա էր, աշխատում էր ոչ միայն հանուն իր ընտանիքի բարօրության, այլև օգնում էր կարիքավոր համագյուղացիներին՝ մե՛կ եգիպտացորենի դաշտերում էր, մե՛կ՝ ծխախոտի, մե՛կ էլ՝ թեյի պլանտացիաներում։ Համագյուղացիները սիրում, հարգում էին նրան։ Ժամանակն եկավ ու Մեսրոպը սիրահարվեց Սաթենին՝ հարևան գյուղից։ Համեստ հարսանիք արեցին։ Կատարվեց նրա մոր երազանքը, բայց շուտով մայրը հիվանդացավ ու մահացավ։ Վշտացավ Մեսրոպը, նրա հետ վշտացել էր նաև Սաթենը։
Ամիսներ անցան։ Մի անգամ, աշնանը, բերքահավաքի թեժ օրերին, Մեսրոպն ու Սաթենը վերցրին մանգաղները, նստեցին հարևան Մելիքի սայլն ու պատրաստվում էին գնալ եգիպտացորենի իրենց դաշտը, որ ձորի մյուս կողմում էր։ Դեռ առավոտից Սաթենը լավ չէր զգում։ Մեսրոպը պնդեց.
– Մնա՛, Սաթեն, ես մենակ էլ գլուխ կհանեմ։
Բայց Սաթենը՝ չէ՜, հա չէ… Ո՜նց կարող էր ամուսնուն մենակ ուղարկել, համոզեց Մեսրոպին, բայց սայլապան Մելոն ծեր ու իմաստուն մարդ էր, նայեց Սաթենի դեմքին ու կանգնեցրեց սայլը.
– Տղա, Մեսրոպ, կինդ վատառողջ է, դու նրան ո՞նց ես դաշտ տանում, բա որ մի բան պատահի։
Շփոթված Մեսրոպը, հաշվի չառնելով կնոջ հորդորները, որոշեց մեկ օրով ետ գցել բերքահավաքը։
– Դու նրան իմ պառավի մոտ տար,- խորհուրդ տվեց Մելոն ու քշեց սայլը։
Մեսրոպը հետևեց նրա խորհրդին, քանի որ Մելիքի կինը հայտնի էր իբրև հեքիմ։ Սա դեռ հազիվ Սաթենիկին տեսած՝ շրջվեց դեպի Մեսրոպը.
– Ուրախացի՛ր, տղա՛, շուտով հայր ես դառնալու։
Ասես ողջ աշխարհը ժպտաց Մեսրոպին։ Դրանից հետո նա կնոջը չէր թողնում դաշտում աշխատել։ Ձմեռն անցավ, իսկ գարնան վերջին Մեսրոպը գյուղի ավտոբուսով ծննդատնից տուն բերեց կնոջն ու նորածին աղջկան։
Հինգ ամսականից սկսած՝ աղջիկն արդեն ճանաչում էր հորը, որոնում էր հայացքով, ժպտում ու նրան էր պարզում պստլիկ թաթիկները։ Դաշտերից տուն գալուց և աղջկա ձայնը լսելուց հետո Մեսրոպն ուղղակի նետվում էր դեպի նա և չնայելով հոգնածությանը՝ ազատում էր ձագուկին օրորոցի կապանքներից ու գիրկն առած՝ երկար քայլում էր սենյակներով, հետո բակ էր հանում՝ զարմացնելով մեկ կատվի ձագով, մեկ՝ հաչող շնով… Նույնիսկ երբ Սաթենիկը վերցնում էր, որ կերակրի, մանկիկը կառչում էր Մեսրոպից։ Առավոտները լաց էր լինում, երբ արթնանալով կողքին չէր գտնում։
Չարաբաստիկ այդ օրը, դաշտում աշխատելիս, Մեսրոպի հոգում անհասկանալի մի տագնապ հայտնվեց։ Գործը թողեց ու շտապեց տուն։ Սաթենն ասաց, որ երեխան նոր է քնել, որ չարթնացնի։ Նա, չլսելով կնոջը, մոտեցավ օրորոցին ու դստերը քնքշորեն գիրկն առավ։ Ի պատասխան՝ մանկիկն, ինչպես միշտ, ժպտաց, բայց հետո հանկարծ տնքաց, ու աչքերը մշուշվեցին.
– Սաթենի՛կ, շո՛ւտ, արի՛ այստեղ։
Ամուսնու տարօրինակ սարսափահար ճիչից Սաթենի ծնկները թուլացան։ Մի ակնթարթում նետվեց դեպի նա։ Աղմուկի վրա հավաքվեցին հարևանները։ Մելիքի կինն ասես ուշքի բերեց գլուխը կորցրած Մեսրոպին՝ հրամայելով.
– Շո՛ւտ արա, երեխային հիվանդանոց հասցրու։
Մեսրոպն իսկույն վազեց դեպի հարևան ավան տանող ճանապարհը՝ երեխային գրկած։
– Հո չե՞ս գժվել, տղա՛, մեքենա է պետք,- ետևից գոչում էին հարևանները, բայց Մեսրոպը նրանց չէր լսում, նույնիսկ ետևից վազող կնոջը չէր նկատում, միայն դստեր շնչառությանն էր ուշադիր։ Հարևաններն արագ գտան բեռնատար մեքենայի վարորդին՝ Վաղարշակին, որը դժբախտ ընտանիքին վերցրեց ճանապարհից ու սլացավ դեպի շրջանային հիվանդանոց, բայց չհասցրեցին… Փոքրիկը վերջին անգամ բացեց աչուկներն ու ժպտաց հորը, հետո խոր հոգոց հանեց ու լքեց այս աշխարհը։ Մեսրոպը դողացող ձեռքով փակեց դստեր աչքերը։ Աշխարհի անարդար դրվածքն ու բախտն անիծելով՝ Վաղարշակը մեքենան ետ քշեց։ Գյուղում ով գիտեր ինչ է վիշտը, լալիս էր Մեսրոպի ու Սաթենիկի հետ, իսկ ով չգիտեր, չէր հավատում, որ այդպիսի բան հնարավոր է…
Եկավ թաղման օրը՝ մռայլ ու մառախլապատ։ Ճամփեզրի փոսերի անձրևաջրերն ավելանում էին Սաթենիկի ու Մեսրոպի արցունքներից, բայց անդառնալի էր նրանց դստեր վերջին ճանապարհը։ Դագաղիկը տանում էին հարևանները։ Դստեր ժպիտի հետ Մեսրոպի արևը հանգել էր։ Ոչ մի կերպ թույլ չէր տալիս, որ իր հրեշտակին գերեզմանափոսն իջեցնեն, մինչև որ անգութ մարդիկ նրան մի կողմ տարան, և նա չտեսավ, թե ոնց են մեխում դագաղն ու փոսն իջեցնում…
Դստեր մահը կոտրեց Մեսրոպի կամքը։ Մարդկային գոյության այդ թվացյալ հարաբերականությունը, մարդկային ցեղի գոյության փխրունությունն ու խարխլությունը ճզմեցին նրան։ Ներփակվեց, հեռացավ նրա հոգին այս աշխարհից։
Սաթենիկի մայրն ինչով կարող էր՝ օգնում էր դժբախտ ընտանիքին, նույնիսկ թոռնուհու շորերն այրեց, աշխատում էր նրա բոլոր հետքերը վերացնել տնից, բայց ոչինչ չէր ստացվում։ Մի քանի ամսից Սաթենիկը հեռացավ ամուսնուց։ Թեև հավատարիմ ու հոգատար կին էր, բայց դժվար էր ապրել մի մարդու հետ, որ միայն արտաքուստ էր հիշեցնում նախկին Մեսրոպին։ Բաժանվելուց առաջ երկար ժամանակ նստած էին վառարանի մոտ։ Մեսրոպը խոնավ փայտերն էր չորացնում վառարանի ջեռոցի մեջ, ասես դրանից ավելի կարևոր գործ չկար էս աշխարհում…
– Գնալու ժամանակն է, Մեսրոպ, – վերջապես իր մասին հիշեցրեց Սաթենիկը։
– Դժվա՞ր է ինձ հետ, հա՞։
– Երենկ թե դժվար լիներ, անհնար է, Մեսրոպ։
– Էդ ո՞նց, Սաթեն։
– Ինքդ քո մեջ փակվելդ, Մեսրոպ, ինձ էլ է կործանում։ Գիտե՞ս, հիմա ինձ ինչպես են անվանում… Այդ համբալի, այդ խղճուկի դժբախտ կինը… Իսկ ես ուղղակի կին եմ…
– Աստված նրանց դատավոր, Սաթեն, մի՛ գնա, դու մեր դստրիկին այնքա՜ն նման ես…
Այդպես էլ բաժանվեցին։ Սաթենիկի իրերը բարձեցին նույն Վաղարշակի մեքենան։ Անզուսպ հեկեկալով նա գրկեց Մեսրոպին և չմոռացավ հիշեցնել, թե տանը Մեսրոպին մնացած իրերից ինչը որտեղ է դրված, բայց Մեսրոպի հոգին խուլ էր ու չէր արձագանքում։ Օրվա կեսը նստեց վառարանի մոտ, իսկ հետո մեկ հավերին կերակրելու ելավ, մեկ՝ փայտ կոտրելու, և ընդհանրապես տնտեսության մեջ շատ գործ կար անելու։
Մի քանի ամիս անց Սաթենիկն ամուսնացավ անոտք Եղիշի հետ։ Այդ մասին իմանալով՝ Մեսրոպը վշտացավ։ Նա չարություն չուներ Սաթենիկի հանդեպ, բայց չէր հասկանում, թե ո՜նց կարող է մարդ այդքան մոռացկոտ լինել, ո՞նց է կարողացել իր մեջ սպանել դստեր մասին հիշողությունն ու հեռանալ ուրիշի գիրկը, որպեսզի նույն արգանդից մի այլ արյունից երեխա ծնի։
– Է՜հ, կանանց չես հասկանա,- անվերջ հոգոց էր հանում նա։
Այդպես էլ գլորվում էին օրերը։ Ճիշտ է, առաջվա նման համագյուղացիների առաջին իսկ խնդրանքով մեկ բանջարանոց էր փխրեցնում, մեկ մեղվի փեթակներն էր խնամում և այլ անհրաժեշտ գործեր անում, բայց… Գյուղացիներն աստիճանաբար վարժվեցին նրա տարօրինակություններին։ Նա, ասես, իշամեղուների բնում կենդանի մնացած մեղու լիներ. կծում էին, բայց ոչ մահացու, արդեն սովորել էին, իսկ նա մտել էր իր ներքին աշխարհն ու մերժում էր արտաքինը։ Աստիճանաբար Մեսրոպը գյուղի համար դարձավ ինքնին ենթադրվող, պահանջված և անհրաժեշտ։ Գյուղի «թոկից փախածներին» սկսեցին դուր գալ նրա տարօրինակությունները, նրա մեկուսացածությունը առօրյա եռուզեռից, որի կարիքն ունեին մեծերի աշխարհի առջև անպաշտպան մանկական հոգիները։
Մի օր էլ նրա երջանիկ ախոյան միոտանի Եղիշը եկավ՝ իր եռանիվ սալյակին նստած։ Մեսրոպն այդ ժամանակ Աստծո արքայության մասին պատմություններ էր պատմում մոտը եկած երեխաներին։ Եղիշին տեսնելով՝ լռեց, տխրեց։ Սա բարևեց ու հարցրեց.
– Հեքիաթնե՞ր ես պատմում։
– Հա՛, պատմում եմ։
Լռեցին, իսկ երեխաներն աղմուկ-աղաղակով վազվզում էին շուրջբոլորը։
– Խնդրանքով եմ եկել, Մեսրոպ,- ասես մեծ ճիգով, աչքերը փախցնելով՝ հազիվ արտաբերեց Եղիշը։
– Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել, Եղիշ։
– Բանջարանոցը փորել է պետք, Սաթենին չի կարելի…- ասաց ու պապանձվեց Եղիշը, ուղիղ չկարողացավ ասել, որ Սաթենը հղի է։
Բայց Մեսրոպն այդպես էլ հասկացավ, հարցուփորձ չարեց։ Նրան տեսնելով՝ Սաթենն ուրախացավ, սեղան գցեց, և մինչ նա բանջարանոցն էր փորում, Սաթենը թաքուն նայում ու ակամա հայտնված արցունքներն էր սրբում։
Երևում է՝ այդ բոլորն իրար հետ՝ թե՛ գյուղի երեխաները, թե՛ Սաթենի ապագա երեխան, թե՛ իր սեփական կորցրած դստեր կարոտը, դրդեցին Մեսրոպին, որ գետի ափին, լքված ջրաղացի մոտ, ստեղծի երազանքների, երևակայական հերոսների այն աշխարհը, որի մասին ինքն էլ երեխա ժամանակ երազել էր։ Գյուղից քիչ հեռու, շիմշատենիների պուրակից քիչ այն կողմ, նա կառուցեց որսորդական կամ ձկնորսական տնակի նմանվող մի հյուղակ։ Ներսում երկաթե վառարան դրեց, ծխնելույզով, իսկ վառարանի մոտ հին բազմոց ու սեղան հարմարեցրեց կերոսինե լամպի լույսի տակ անքուն գիշերային մտորումների համար։ Հետո մաքրեց հյուղակի մոտակայքը թփուտներից, տրորեց արահետը մինչև հին ջրաղաց, ինչպես հեքիաթային ամրոցում է լինում։
Անասուններին արոտ քշող մանուկները սկսեցին ջանասիրությամբ օգնել Մեսրոպին այնպիսի եռանդով, որ նրա ախորժակն ավելի մեծացավ, նույնիսկ մի երկու տարի առաջ գնված ավանակը պետք եկավ. երկանիվ սայլակ սարքեց, որ իշուկին կապի սայլին, ու փոքրիկները կարողանան իր թագավորության մեջ ճամփորդել։ Քիչ ավելի մեծերին սովորեցնում էր ձկնաթակարդներ դնել։ Ամառային իրիկուններին կարելի էր հետևել, թե ոնց են երեխաները խարույկի շուրջ արծվի պարը պարում… Այդ խենթությունը գյուղի ավագների սրտով էլ էր, հանդիպելիս ողջունում էին գրեթե նույնքան ջերմորեն, որքան մինչև նրա հետ պատահած դժբախությունը։ Միայն պահեստապետ Մաթոսն էր շարունակում ամեն հարմար առիթով ծաղրական տոնով խոսել, բայց ոչ դեմ հանդիման, քանի որ հաճախ էր նրա ծառայություններից օգտվում։ Իսկ Մեսրոպը… Նրան ի՜նչ, նա աշխատում ու վաստակում էր՝ մարդկանց դեմքներին չնայելով անգամ, քանի որ հիմա, եթե սիրտն ուզեր, կարող էր հանգիստը վայելել իր իսկ ձեռքերով ստեղծած հեքիաթային թագավորության մեջ, և հենց այդպիսի ժամանակ էր, որ խաթարելով ձորի ողջ տարածության վրա մենության թախիծ տարածող հանդարտությունը՝ մանուկները մտնում էին Մեսրոպի թագավորություն, որ նման էր նրանց երևակայության ու երազանքների աշխարհին։ Եվ քայլում էին նրանք գետի հունն ի վար՝ ստուգելով ձկնաթակարդները, խորհրդավոր անձավի մոտ լսում էին դրա խուլ գվվոցը, որ գալիս էր գետնի տակ բանտված միֆական էակների ձայներից։
Մի անգամ, գյուղի դպրոցի դասամիջոցին երեխաները հավաքվել էին Մեսրոպի շուրջը, որը դպրոցի տնօրենի խնդրանքով եկել էր ցանկապատը նորոգելու և նստել էր հանգստանալու։ Մեսրոպը տեսադաշտից բաց չէր թողնում ավանակին, որ հետո դրան փնտրելու վրա ժամանակ չվատնի, երբ տուն գնալու ժամանակը գա։ Զանգը հնչեց։ Երեխաները շտապեցին դասարան, որտեղ պիտի շարադրություն գրեին դրական հերոսի մասին։ Լեզվի և գրականության երիտասարդ ուսուցչուհին հետաքրքրվեց, թե աշակերտներն ո՞ւմ մասին են պատրաստվում գրել, ո՞վ է դրական հերոսի կերպարը նրանց համար։
– Մեսրոպ պապը,- գոչեց ետևի նստարանից մի տղա։
– Հա՛, հա՛, Մեսրոպի,- երկրորդեցին նրան դասարանի տարբեր ծայրերից։
– Այդպե՞ս եք կարծում, տարօրինակ է…- զարմացավ ուսուցչուհին՝ Գայանեն, և սկսեց բացատրել, որ Մեսրոպը ոչ մի հերոս էլ չի, համենայնդեպս, ոչ հերոսականություն ունի, ոչ էպիկականություն, թեև բացասական կերպար էլ չէ, ուղղակի իր տարօրինակություններով հանդերձ սովորական մարդ է։ Այստեղ երեխաներն այնպիսի եռանդով սկսեցին հակաճառել ուսուցչուհուն, որ նա քիչ մնաց արցունքոտվեր։ Վերջապես Գայանեն պայթեց, մոտեցավ լուսամուտին ու դիմեց հենց իրեն՝ Մեսրոպին.
– Բարև ձեզ, Մեսրոպ պապի, ասացեք, դուք համապատասխանո՞ւմ եք դրական հերոսի կերպարին, այսօր մեր դասի թեման է այդպիսին…
– Երեխաների երևակայության համար՝ միգուցե, իսկ ընդհանրապես, աղջիկս, իր երամից անջատված ամեն մեկը միայն իր թերարժեքությունն է ցույց տալիս, բայց անքննելի են Աստծո գործերը, մեր ձևակերպումներն ի՜նչ են Նրա համար։
Մեսրոպը հեռացավ դպրոցի բակից, ավանակին էլ քաշեց-տարավ, չէր ուզում նեղացնել երիտասարդ ուսուցչուհուն, որը երեխաների հետ առնչվելու ճիշտ ուղին դեռևս չէր գտնում։ Նա դեռ շատ ջահել էր, արդեն մոռացել ու չէր հիշում իր սեփական խորհրդավոր, հեքիաթային աշխարհը, որը դեռևս ունեին դասարանում նստած մանկական հոգիները։
Այնպես ստացվեց, որ նա հիվանդացավ և մնաց իր ձորակում, բայց վառարանի շնորհիվ խրճիթում շատ հաճելի էր նաև աշնանային անձրևոտ օրերին։ Գյուղացիները ուտելիք ու դեղեր էին բերում։ Պահեստապես Մաթոսն էլ եկավ իր խելքից թեթև քրոջ հետ։
– Բարի օր, մեր ձորերում իշխող հարգելի Մեսրոպ,- բարձրաձայն արտաբերեց անկոչ հյուրը։
– Նստեք, մեկ է արդեն ներս եք եկել,- զարմանալով անկոչ հյուրերի այցելությունից՝ ասաց Մեսրոպը։
– Հա՜, համա թե վիճակի մեջ ես հայտնվել, համա թե կյանք է։ Քեզ հաստատ նոր տանտիրուհի է պետք,- սկսեց իր ասելիքն առաջ տանել Մաթոսը։
– Էդ ինչի՞ մասին ես խոսում, հարգելիս։ Ինձ այսպես էլ լավ եմ զգում, մենք բոլորս թե՛ մարդկանց, թե՛ Աստծո հայացքի տակ ենք քայլում։ Այդ ի՞նչ տանտիրուհու մասին ես խոսում։
– Օրենքները հարուստ մարդկանց համար են գրված, Մեսրոպ։ Օրենքները լոկ մեզ են սահմանափակում, որ քո նման քրջոտներին տրորեն։
– Հանգստացիր, Մաթոս… Հարուստ, աղքատ… Ամեն բան էլ անցյալում է մնում, մեր երազանքներն էլ։ Երկրային բեռից կազատի մեզ Տերը, հավերժական կյանքի համար, բայց հոգու տիրույթում քո ծնվելն առայժմ չի երևում։
– Ի դեպ, հոգու մասին… Եթե այդքան մտածում ես բարեսրտության ու գթառատության մասին, այդքան պատրաստակամ ես օգնության հասնելու, ապա քրոջս կնության առ, վերցրու էդ բեռն իմ վրայից ու տնտեսությունդ նրա հետ վարիր քո ձորերում։ Ըստ քեզ՝ ես անմարդկային ու մեղավոր մարդ եմ, բայց ես կապահովեմ ձեզ նյութապես։ Ախր, ասում եմ, հասկացիր, միայն քեզ նման ողորմելի անզորներն են փիլիսոփայում, բայց, միևնույնն է, սնվում են հարուստ սեղանների թերմացքներով։ Բոլոր այդ փիլիսոփաները, բանաստեղծները, երազողները լոկ զվարճանք են էս կյանքի տերերի համար։ Այդպես եղել է և այդպես կլինի։
Այդպիսի հյուրերի ներկայությունից և այդ խոսքերից հետո Մեսրոպն այնքան վատ զգաց, որ չդիմացավ ու թաց սրբիչը, որով թեթևացնում էր իր հիվանդ մարմնի ջերմությունը, նետեց Մաթոսի դեմքին, իսկ հետո դռնից դուրս շպրտեց երկուսին էլ։
Մի անգամ, գարնանը, երբ Մեսրոպը գյուղացիների հետ եգիպտացորեն ցանելու ծանր աշխատանքից հետո եկել ու իր պարզունակ ընթրիքն էր տաքացնում, կամացուկ, մի տեսակ ամաչկոտ թակեցին դուռը։
– Բա՛ց է, մտե՛ք,- արձագանքեց նա՝ մտածելով, որ երեխաներ են եկել, բայց շեմին հայտնվեց Հերիքնազը, իր զոհված ընկերոջ դուստրը։
– Այդ դո՞ւ ես, Հերիքնազ, նե՛րս արի, նստի՛ր, աղջիկս,- առաջարկեց նա։
Հերիքնազը հագնված էր տոնական, բայց ներս եկավ այնքան անվստահ, երկչոտ, գունատ և աչքերն էլ տառապանքով լի, որ… Մի խոսքով վիշտը կիսելու էր եկել։ Մեսրոպը գիտեր նրան մանկուց, գիտեր, որ հատկապես հիմա նրա կյանքը համակ դառնություն է դարձել ոչ միայն հարբեցող ամուսնու, այլև կռվարար ու բամբասանքչի սկեսուրի պատճառով։ Գիտեր, որ հիմա նրա սկեսուրն անհամբեր սպասում էր, թե երբ է հարսը երեխա լույս աշխարհ բերելու, որ ճակատագիրն առհավետ կապվի իր անուղղելի որդու ճակատագրի հետ, բայց…
Բժշկական ստուգման ժամանակ սկեսուրն իմացել էր, որ որդին անպտուղ է, ու թաքցրել էր երկուսից էլ, բայց հարկավոր էր ինչ-որ բան մտածել, և նա՝ մեղսագործուհին, ակնարկել էր հարսին Մեսրոպի մասին.
– Հը՞, ի՞նչ կասես, աղջի, ոնց որ թե պինդ տղամարդ է։
– Նա լավ մարդ է, միշտ էլ օգնել է մեզ։
– Ես էդ մասին չեմ ասում, չհասկացա՞ր։
– Իսկ ինչի՞ մասին, մամ։
– Ասում եմ՝ նա հաստա՞տ երեխաներ չի ունեցել։
– Ունեցել է, աղջիկ, մանուկ ժամանակ է մահացել։
– Ըհը՜, այդ մասին էլ ասում եմ, չես տեսնո՞ւմ, որ մարդդ, այդ անբանը, երեխաներ չի ուզում։
– Չգիտեմ, բայց եթե այդպես է, հորս տուն կդառնամ։
– Հիմար ես դու… Իսկ հետո՞, տղամարդկանց շարա՞ն ես ունենալու, այդ մասին չե՞ս մտածել։ Հասկացիր, ընտանեկան երջանկության համար դու պիտի թեկուզ էդ Մեսրոպից ծնես, դա հաստատ ավելի լավ է, քան հարբեցող մարդուդ հարբեցող ընկերներից։
– Էդ ի՞նչ եք ասում, մի՞թե դա…- ու Հերիքնազը լաց էր եղել։
Բայց երևի համոզել էր էդ չարքը անմեղ հոգուն, և հիմա Մեսրոպի դիմաց, խոհանոցում կիսակենդան նստել էր՝ տոնական շորեր հագած։
– Գիտե՞ս, դու գնալով նմանվում ես հորդ,- նկատեց Մեսրոպը,- նա քաջ ու արդար մարդ էր։ Հաճախ էր քո մասին հիշում, ասում էր՝ գեղեցկուհի ես լինելու, իսկական արքայադուստր…
– Ճի՞շտ, քեռի Մեսրոպ։
– Եվ ասում էր, որ երբեք ձեր ընտանիքի պատիվը գետնով չես տա։
– Իսկ պատիվն ինչպե՞ս, ինչո՞վ կարելի է պաշտպանել։
– «Ինչպես»-ը քո ընտրելիքն է, իսկ ինչով… ա՜յ, թեկուզ այն ընկուզենու ճիպոտով։
– Իսկ կարելի՞ է դա վերցնեմ։
– Իհարկե, եթե պետք է, վերցրու, աղջիկս։
– Պետք է, քեռի Մեսրոպ, պետք է։
– Աղջիկս, լրիվ ծերացել եմ արդեն, ախր չհարցրեցի էլ, թե էս ուշ ժամին ինչո՞ւ էիր եկել, շտապ բա՞ն կա։
– Ուզում էի ասել… Հա, ուզում էի ասել, որ հայրական տուն եմ վերադառնում, կօգնե՞ք մի քիչ կարգի բերել։ Տեղափոխվելուց հետո հորաքրոջս կտանեմ մոտս, իրար հետ կապրենք։
– Իհարկե, կօգնեմ։ Հավաբունն ու գոմն էլ կարգի կբերեմ։ Ձեղնահարկն էլ պիտի վերանորոգվի, վերջերս եմ տեսել, անցնում էի այնտեղով։ Ես քեզ հասկանում եմ, հարբեցողի հետ ապագա չես ունենալու, իսկ դու դեռ ջահել ես ու գեղեցիկ, անպայման մի արժանավորի կգտնես։
– Շնորհակալ եմ, քեռի Մեսրոպ, դե, ես գնացի։
Հերիքնազը վերցրեց ճիպոտն ու դուրս եկավ։ Շուտով Մեսրոպը ճիչեր լսեց։ Դուրս եկավ ու տեսավ, որ Հերիքնազը կաղնու ճիպոտով կատաղորեն ծեծում է սկեսուրին, բայց չմիջամտեց…
Տարիներն այդպես էլ անցնում էին, երազի պես։ Մեսրոպի համար հաճախ էին կրկնվում ծանր ու տխուր օրերը, հաճախ էր անքուն գիշերներին թվում, որ ոչ թե սեփական կյանքն է ապրում, այլ՝ որ ուր որ է՝ կարթնանա մոր կանչից, լուսաբացին, և ամեն բան կկարգավորվի։
Հերթական գարնանամուտին, դստեր ծննդյան օրը, երբ պիտի լրանար նրա տասնութ տարին, եթե այս աշխարհը լքած չլիներ, տեղի սովորույթի համաձայն, նրա անվամբ հարսանեկան զգեստ ու քաղցրավենիք գնեց, գինի վերցրեց ու հարևան Ենովքի հետ գերեզմանոց գնաց։ Զգեստը Մեսրոպը փռեց գերեզմանաքարի վրա, իրենք էլ կողքին տեղավորվեցին, մոմեր վառեցին ու խմեցին նրա հոգու հանգստության համար։ Ենովքը ջանք չէր խնայում թեթևացնելու համար Մեսրոպի անմար վիշտն ու խոսում, խոսում էր.
– Է՜հ… Տխուր է այն աշխարհում, ինչ խոսք, բայց քանի դեռ մենք նրանց հիշում ենք, նրանք մեզ հետ են։ Մի խոսքով, բեր խմենք նրա անմեղ հոգու հանգստության համար։
– Հա՛, խմե՛նք…
– Մի տես, ինչ-որ մարդիկ են գալիս…
Սաթենիկն էր՝ որդու ու դստեր հետ։ Անցնելիս էին եղել գերեզմանոցի հարևան արահետով, երբ Սաթնիկը նկատել էր աղջկա գերեզմանին փռված ճերմակ զգեստը։ Գունատվել ու քարացել էր։ «Ի՞նչ պատահեց, մայրիկ»,- հարցրել են երեխաները, իսկ Սաթենիկը խոսել չի կարողացել, ցույց է տվել աղջկա գերեզմանը։ Երեխաներն ամեն բան հասկացել են, չէ՞ որ նրանցից չէին թաքցրել, որ այնտեղ թաղված է իրենց քույրը, և որ նրա հայրը Մեսրոպն է եղել։ Բայց հիմա Սաթենիկը սևազգեստ էր ոչ թե դստեր առիթով, այլ երկրորդ ամուսնու՝ Եղիշի, որը դեռ մի երկու տարի առաջ էր մահացել։ Այդ օրը երեխաները խնդրել են, թե՝ «Մայրիկ, գնանք քույրիկի մոտ»։
Երեխաների ձեռքներից բռնած՝ Սաթենիկը մոտեցավ ու կանգնեց գերեզմանի մոտ։ Տղամարդիկ ի նշան հարգանքի ոտքի էին ելել։ Հետո Սաթենիկը Մեսրոպի մոտից մի մոմ վերցրեց, վառեց դստեր գերեզմանի գլխամասում, խաչակնքեց, Մեսրոպին շնորհակալություն հայտնեց հիշողության համար, մի քիչ էլ կանգնեց, նայեց գերեզմանին ու հեռացավ։ Շուտով տուն գնաց նաև հարբած Ենովքը, իսկ Մեսրոպը դեռ երկար նստած էր… Հետո համբուրեց քարի վրա դաջված նրա թանկագին պատկերն ու ոչ թե տուն գնաց, այլ ձորակ՝ իր ձեռքերով կառուցված հեքիաթային աշխարհը։
Երկու շաբաթից ավելի ոչ մեկի աչքին չերևաց։ Անհանգստացան համագյուղացիները, Ենովքը գնաց տեսության ու գտավ նրան ծանր հիվանդացած։ Լուրը հասավ Սաթենիկին, որը տղային ու աղջկան ուղարկեց նրան տեսնելու։ Մեսրոպը տենդի մեջ չնկատեց, թե ոնց են երեխաները ներս մտել, ու երբ մշուշված աչքերը բացեց, նրա առջև իր համար աշխարհի ամենաթանկ դեմքն էր.
– Աղջիկս…- շշնջաց՝ թույլ ձեռքերը նրան պարզելով։
Սաթենիկի նիհարիկ աղջիկը ժպտաց ու մոտ գնաց, իսկ եղբայրը տխուր նայում էր։ Այդպես էլ նստած էին, մինչև վազելով եկավ անհանգստացած Սաթենիկը։ Նրանք Մեսրոպին իրենց տուն տարան և այլևս երբեք չբաժանվեցին։
Ռուսերենից թարգմանեց
Գևորգ ԳիլանցԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։