ՊԱՅԾԱՌ ՀՈԲԵԼՅԱՆ / Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հազվադեպ գրողների եմ տեսել, որոնք երբևէ չեն խոսել իրենց գրվածքներից, հաջողություններից, դեռ չգրած ասելիքներից, մի խոսքով, իրենց մասին՝ լռություն, այլոց վերաբերյալ՝ կա՛մ լավ, կա՛մ ավելի լավ։
Դիվինիչը, Սարգսյան ազգանվամբ, որի գրիչը ստեղծել էր բանաստեղծություններ, բայց գրողն իրեն կարծես պոետ չհամարեց, թեպետ հուզիչ սիրային, հայրենասիրական ու պատերազմական թեմաներով գրքեր էր հրատարակել։
Ճանաչված էր հիմնականում իր արձակով, հայտնի գրականագետներ էին գրում նրա «Սերժանտ Կարո»՝ պատերազմական տարիները ապրած իրական, ոչ պաթետիկ, հումորով շաղախված ստեղծագործության մասին։ Իսկ հետո «Քաջ Նազար» վեպը գրավեց՝ հայտնի կերպարը նորովի ներկայացնելու տաղանդով։
Այս երգիծական հայացքին առաջին անգամ իրավամբ ականատես եմ եղել, երբ 11 տարեկան էի, 1963 թվականին լույս էր տեսել եղբորս՝ Ռազմիկ Տոնյանի «Անավարտ խոստովանություն» բանաստեղծությունների գիրքը, և մեր տանն էին հավաքվել նրա ընկերները, հրատարակիչներ, որոնց մեջ իր պատմությունների զվարթությամբ կենտրոնական դեմքը Մկրտիչ Սարգսյանն էր։ Հիշում եմ մեկը, թե ոնց Ավետիք Իսահակյանի թաղումից օրեր անց գրողները կոնծել են ու գնացել պանթեոն՝ Վարպետին իրենց հարգանքը մատուցելու։ Անձրևից թաց գերեզմանաթմբին ծնկել ու լաց են եղել՝ հառաչելով՝ Վարպետ, Վարպետ… Մեկ էլ մոտեցել է պանթեոնի պահակը և ասել՝ սխալ եք լացում, Իսահակյանի գերեզմանը, ա՜յ, էն է։ Այդպես ցեխոտված ու սխալ լացած տեղափոխվել են Իսահակյանի գերեզմանին՝ շարունակելու լացն ու թառանչը։
Նրա պատմելու եղանակը, ջերմությունը ինձ գրավեցին այնքան, որ ընկալեցի՝ կյանքում պատահած շատ երգիծական դիպվածներ պիտի հիշել և պատմել, մեկ-մեկ էլ գրել, չէ՞ որ մեր գրականության պատմության մեջ կատակերգական դրամատուրգիան, արձակն ու պոեզիան ոչ է լայնարձակ։
Այո, այդ իմաստով Մկրտիչ Սարգսյանին ինձ առաջին ուսուցիչ եմ համարում։
1985 թվականին, երբ ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Լիգաչովի հակաալկոհոլային որոշումը տարածվեց, սկսեցին խաղողի այգիներ քոքահան անել, խմողներին ճնշել, ստուգումներ և այլն, և այլն։
Մկրտիչ Սարգսյանի գլխավորությամբ գնացինք Դսեղ՝ նշելու Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Հետո շրջկոմի քարտուղարը հրավիրեց ռեստորան։ Սեղանին խմիչք չկար։ Մկրտիչ Դիվինիչը դիմեց քարտուղարին.
– Առանց խմիչքի ո՞նց խմենք Թումանյանի կենացը։- Հետո հումորով շարունակեց:- Հարգելի քարտուղար, գիտեմ, կարող է ձեզ մեղադրեն ալկոհոլի համար, ուրեմն՝ թող մեզ թեյ մատուցեն։
Քարտուղարն ակնարկը հասկացավ և շտապ գործ ունենալու պատրվակով մեզ հաջողություն մաղթեց ու գնաց։
Իհարկե, թեյը չուշացավ, և մենք շագանակագույն թեյ-խմիչքով խմեցինք Մեծ Լոռեցու, նաև ներկաների կենացը և ոչ հարբած, բայց բավարար խմած վերադարձանք Երևան։
1996 թվականին «Գարուն»-ում պիտի տպագրվեր շարքս։ Գլխավոր խմբագիր Անժիկ Հակոբյանը կանչեց և ժպտալով ասաց.
– Ուզում եմ բանաստեղծությունների մասին մի քանի հոգի խոսք գրեն։
Այն ժամանակ ընդունված էր ողջերթի խոսքով երիտասարդներին տպագրելը։ Հինգ հոգուց բաղկացած ցանկում գրել էր Մկրտիչ Սարգսյանի անունը։ Երբ շարքը տարա Գրողների միության քարտուղար Մկրտիչ Դիվինիչին, նա ասաց, որ գամ մի երեք օրից։
Նրա խոսքն էլ տպագրվեց։
Շնորհակալ եմ իմ ավագ, սիրելի գրող Մկրտիչ Սարգսյանին, նրա բարության, մարդկայնության, կյանքը մի քիչ ծուռ ու երգիծական ընկալելու և տաղանդավոր ու բարձր արվեստով գործեր պարգևելու համար։
Շնորհավոր առաջին հարյուրամյակդ, Մկրտիչ Դիվինիչ։ Ձեր հիշատակի առջև, որպես այն 11-ամյա տղան, կանգնել եմ ու ժպտում եմ ջերմ, սիրով ու երախտապարտ։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։