ՊԵՏՐՈՍԻ ԲԱԺԻՆ ՈՍՏԻԿԱՆԸ / Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Երկու տարի առաջ Արտակը, ծառայողի պաշտոն ստանալով, ընտանիքով գյուղից մարզկենտրոն տեղափոխվեց: Իննսունմեկին մոտեցող, բայց դեռ առույգ Պետրոսը, որ կնոջ մահից հետո ապրում էր եղբոր տղայի՝ Արտակի տանը, նոր զրուցակիցներ գտավ քաղաքային զբոսայգում: Տարեցները նրանից ավելի ջահել էին, ընդունեցին որպես «մեծ ախպեր», ներողամիտ ժպտում էին նրա մեկնաբանությունների վրա, երբեմն՝ հավանություն տալիս, երբեմն՝ առարկում: Ավելի երիտասարդները, ունկնդրելով մեծերին, վիճում էին իրար հետ:
Պետրոսը քանի որ համոզված էր, որ ինքր ոչ թե իր, այլ՝ երկրի, պետության, մարդկանց մասին է մտածում, հաճախ, հատկապես Առաջին ալիքի երեկոյան լուրերից ու հարցազրույցներից հետո, քնելուց առաջ, մտովի, հանգամանորեն ձևավորում էր իր նոր առաջարկը հաջորդ օրը զբոսայգում այն քննարկելու համար: Արդեն քանի օր է՝ մտովի հոլովում էր մեր ոստիկանների խնդիրը. շա՞տ են, թե՞ քիչ, ո՞ւմ են պաշտպանում, լա՞վն են, թե՞ ոչ: Այգում տարբեր կարծիքներ էր լսել, երեկոյան հեռուստացույցով նրանց կուռ շարքերը տեսավ: Խառնակ մտքերը չէին զուլալվում: Գիշերը կիսվել էր, որ քնեց: Բայց քնում, արթնանում էր, նորից էր քնում, նորից արթնանում ու չէր հասկանում՝ այդ մտածումները քնի՞ մեջ էին, թե՞ արթմնի: Ու քնի մեջ, ավելի ճիշտ՝ երազի, խառնվում էին հեռուստացույցով տեսած տարբեր օրերի ու տարիների պատկերներ, ու, զարմանալիորեն, դրանք ոստիկանների ու պարեկների պատկերներ էին (թեև այդպես էլ չհասկացավ դրանց տարբերությունը): Երազում տեսած պատկերները նա փորձում էր հասկանալ արթնացած պահերին, բայց նորից ննջում էր, ու նոր պատկերները խառնում էին արթմնի մտածումները: Երազում նրանք գալիս էին խմբերով, հանգիստ պտտվում էին զբոսայգիներում, փողոցների խաչմերուկներում կարգավորում էին երթևեկությունը, ուղղորդում քաղաքացիներին՝ ո՛ր մայթով կարելի է գնալ և որտեղով՝ ո՛չ, վազելով հասնում ու շարք էին կազմում մի մեծ դարպասի առջև: Ամենագեղեցիկն, իհարկե, հրապարակի խմբերի արագ տեղաշարժման՝ ցրվելու և կուռ շարքերով միավորվելու՝ ինչպես զորաբանակ, պահերն էին (հիշեց անցյալ ժամանակների զինվորական շքերթները հրապարակում): Շարքերին առանձին հմայք էին պարգևում նրանց տարագույն գլխարկները: Բայց ինչո՞ւ տարբեր խմբեր տարբեր գույնի՝ մտածեց Պետրոսը, չէ՞ որ բոլորն էլ մեր ոստիկաններն են: Գուցե մեր դրոշի գույնե՞րն են՝ մտածեց, բայց չկարողացավ դրանք տարբերակել, որովհետև նրանք, հրապարակի ասֆալտը դոփելով, խռնվեցին մի մեծ շենքի դռան մոտ ու շենքի երկայնքով մի քանի շարքով կանգնեցին աներեր՝ որպես հայրենյաց անվեհեր պաշտպան, և այժմ ո՞վ, ո՞ր թշնամին կարող էր այդ պատից պոկել անգամ քարի մի փշուր: Հետո մոտենում էին քաղաքացիները՝ կանայք, տղամարդիկ, և դեմ առնելով նրանց՝ կանգ էին առնում: Ինչ-որ բաներ էին ասում, հարցեր էին տալիս թե խնդրում, բայց նրանք լուռ էին, նայում էին անորոշ մի կողմ: Պետրոսն ուշադիր, սևեռուն հայացքով ուզում էր որսալ նրանց հայացքները, բայց նրանց դեմքի մի մկանն անգամ չէր շարժվում: Այդպես աներեր կանգնած՝ նրանք պաշտպանում էին քաղաքացիներին, որ նրանք ապրեն խաղաղ, առանց վեճերի: Հիշեց, այդպես ասում էր հանրայինի մեկնաբանը նախորդ երեկոյան: Նրանք, ասում էր մեկնաբանը, նրանց այս բազմաքանակ ամրակուռ բանակը այսօր այստեղ, իսկ վաղը, եթե հարկ լինի, սահմանին կկանգնի այսպես ամուր, անսասան, թեկուզ անզեն, որպես հենց պատ, և ո՞վ կարող է քանդել այդ պատը: Պետրոսը հպարտության զգացում ունեցավ՝ հիշելով այդ խոսքերն ու նայելով թիկնեղ, ջլապինդ ոստիկանների անհողդողդ շարքերին՝ «Աստվա՜ծ իմ, ինչքա՜ն էլ գեղեցիկ է…»: Եվ հանկարծ, հենց այդ պահին, Պետրոսը հասկացավ, որ երազի մեջ է, որովհետև կարծես նրանց կողքին է, մարդիկ խոսում են, ինչ-որ բաներ պահանջում, ոստիկանները լռում են, նրանցից մի երկուսն են միայն ինչ-որ հարցերի պատասխանում, և մեկը ձայնափողով հայտարարություն է անում, բայց ոչ մեկի ձայնը չի լսվում: Երբ երազում հասկանում ես, որ տեսածդ երազ է, նշանակում է արթնացման ճանապարհին ես… կես քուն, կես արթուն՝ Պետրոսն ուզում էր տեսնել շարունակությունն ու լսել, թե ինչ էին խոսում: Լինում է, չէ՞, որ արթնանում ու նորից քնում ես, շարունակվում է նույն երազը… Պետրոսը հրապարակ մտավ, բայց հավաքվածներն արդեն գրեթե ցրվել էին, մի քանի երիտասարդ պարեկներ, խաղաղ զրուցելով, քայլում էին մայթով: Հիմա ձայնը կար: «Ուրեմն երազ չէ»,- մտածեց: Ուզում էր մոտենալ, լսել նրանց խոսքերը, բայց երիտասարդ պարեկներից մեկը ինքը մոտեցավ: «Բարև, Պետրոս պապ, դո՛ւ ինչ գործ ունես այստեղ»: Ճանաչեց: Գյուղի իրենց հարևան Սաքոյի փոքր տղան է: «Գուրգե՞ն, էս ոնց ես փոխվել… Ողորմի հորդ, քեզ շատ էր սիրում, ապրեր, քեզ այսպես՝ տղամարդ տեսներ: Լսել էի, որ սպա ես, բանակում ժամկետային ծառայության, հիմի այստեղ…»: «Հիմա էլ,- աջ ձեռքով թիկունքից գրկելով Պետրոսին (ասես հարազատին էր գտել),- այստեղ եմ ծառայում, ժողովրդին, կարգերն եմ պահպանում, ինչ տարբերություն, էլի ծառայություն է»: Քայլում էին ու զրուցում: «Բանակում,- անկեղծացավ Գուրգենը ժպտալով ու ցածրաձայն շարունակեց,- հա՛մ գործը դժվար էր, հա՛մ՝ վտանգավոր, հա՛մ էլ ավելի քիչ էին վճարում, իսկ այստեղ և՛ անվտանգ է, և՛ լավ են վճարում, ու ամեն օր չէ, որ գործ կա»: «Իսկ որպես ի՞նչ ես աշխատում»: «Չտեսա՞ր, հիմնականում որպես պատ եմ աշխատում, Պետրոս պապ: Գալիս են, դեմ առնում ու կանգնում: Երկար չի տևում: Երկու, երեք ժամ: Խոսում, խոսում են ու ցրվում: Ու տես, հիմա ինչքան խաղաղ է հրապարակը… մեր շնորհիվ…»:
Պետրոսը շրջվեց անկողնում և աչքերը դեռ փակ՝ հասկացավ, որ երազն ավարտվել է, որ Գուրգենի վերջին պատմությունները չի հիշում ու զարմացավ, թե ինչո՞ւ երազում պիտի հենց նրան տեսներ: Հիշեց նախորդ օրվա զրույցը համագյուղացի Օհանի հետ, որ հիմա նույնպես մարզկենտրոնում է ապրում: «Հրեն,- ասաց Օհանը,- մեր Վարդանի երկու տղաները զինվորական էին, չէ՞, հիմի ոստիկան են, Վերին թաղի Մուրադի երկու թոռներն էլ, որ սովորելու հետ սեր չունեին, բանակային ծառայությունից հետո պարեկ դարձան»: «Բա առանց կրթության կարելի՞ է»,- հարցրեց: «Երբ աշխատատեղ շատ կա, ով էլ լինի՝ ընդունում են, միայն թե առողջ, ամրակազմ ու լսող տղա լինի: Հետո, Պետրոս, որքան շատ աշխատատեղ լինի՝ այն էլ բարձր աշխատավարձով, այնքան լավ…»:
Մի քանի օր Պետրոսը զբոսայգում ընկերների հետ երազի դրվագներն էր քննարկում ու հեռուստատեսային լուրերը: Եվ թեման հիմնականում ոստիկաններն էին: Ոմանք արդարացնում էին նրանց, ոմանք՝ մեղադրում:
Տանը, երբ մենակ էր մնում, մտովի կրկին քննարկում էր… և ահա գտավ հարցի, իր կարծիքով, լավագույն լուծումը… Ու որոշեց նաև՝ պետք չէ իր ծրագիր-առաջարկը այգում քննարկել: Պետք է խնդրել արդեն թոշակառու ժուռնալիստ Վարդումյանին, որ իր առաջարկները ժուռնալիստավարի շարադրի ու որևէ թերթի ուղարկի. Երևանում նա ծանոթներ հաստատ շատ կունենա…
Վարդումյանը նրան լսեց սիրով, ոգևորեց, ձեռքը քունքին՝ խորհեց ու գտավ հարցի, իր կարծիքով, ամենաճիշտ ու ամենակարճ լուծումը. Պետրոսը պիտի գնա ուղիղ մարզպետի մոտ (ասում են՝ տարեցներին շատ է հարգում և սիրով կընդունի), ներկայացնի իր առաջարկները, ուրիշ էլ ո՞վ կարող է դրանք վերևներին հասցնել…
Չհավատանք ասեկոսեներին, թե պաշտոնյաները խաբում են, էսօր-էգուց գցում, տանում-բերում, ցրում: Լինում է նաև հակառակը: Ժողովրդասեր մարզպետը հաստատեց իր երդումը՝ «Ես իմ ժողովրդի մարզպետն եմ ու ծառան»,- և ոտքի ելնելով:- Համեցե՛ք, հորեղբայր, նստեք»,- ասաց: Երբ Պետրոսն արդեն նստել էր, ասաց. «Դե՛, լսում եմ, ի՞նչ խնդրանքով եք եկել ձեր մարզպետի մոտ»:
– Նախ ասեմ՝ ինձ համար չէ, որ եկել եմ,- ասաց սիրառատ ընդունելությունից շոյված Պետրոսը,- այլ՝ մեր ժողովրդի, մեր պետության, ո՛նց անենք, որ ավելի լավ լինի:
– Դե՛, իհա՛րկե, մենք բոլորս էլ այդ ենք ուզում: Ձեր մասին լսել եմ, գիտեմ, որ երկրի շահերով մտահոգ մարդ եք, ձեր խորհուրդները մեզ միշտ էլ պետք են:
– Մեր ոստիկանների մասին եմ մտածում,- շարունակեց Պետրոսը՝ արդեն վստահ:
– Ի՞նչ է, հո չե՞ն նեղացրել ձեզ:
– Չէ՛, չէ՛, նրանց հետ ես ինչ գործ պիտի ունենամ… հեռուստացույցով նայում եմ… ինչքա՜ն շատ են…
– Ինչո՞ւ են շատ, ինչքան որ պետք է երկրին…
– Դե ես էլ հենց այդ մասին եմ ասում, կարելի էր թիվը ավելի մեծացնել…
– Հետաքրքիր է, հետաքրքիր է,- ժպտաց մարզպետը ավելի մտերմիկ՝ անցնելով դու-ի,- կբացատրե՞ս, հայրիկ, ի՞նչ ես մտածել:
– Ասեմ, ընկեր մարզպետ, նախ՝ մեր երկրի պատիվն է բարձրանում: Դուք երիտասարդ եք, չգիտեմ՝ կհիշե՞ք. սովետի տարիներին լոզունգ կար՝ «Մեկ շնչին բաժին ընկնող երկաթի քանակով հասնենք և անցնենք մյուս երկրներից»: Հիմի մենք շատ երկրներից հաստատ անցել ենք, չէ՞, մեկ շնչին հասնող ոստիկանների կամ, այդ նոր անունով, պարեկների (չգիտեմ՝ դրանք նույնը չե՞ն) քանակով: Հպարտանալու բան է, չէ՞: Երբ հեռուստացույցով նայում եմ նրանց կուռ շարքերին, հաղթանդամ մարմիններին, լուրջ, անզիջում դեմքերին, թեք դրած գլխարկներին, սիրտս հրճվանքով է լցվում… Տե՛ր Աստված, մերո՛նք են… մեր պաշտպանները…
Պետրոսի ոգևորությունը ասես փոխանցվել էր մարզպետին:
– Հա՛,- շարունակեց Պետրոսը,- մեր գյուղում մի դարբին կար, նախագահին ասում էր՝ ախպեր, հաշվեք մեկ շնչին քանի կիլոգրամ է հասնում, իմ ու ընտանիքիս բաժինը տվեք: Ասում էինք՝ այ մարդ, բա մեր գործարանները ինչո՛վ են աշխատելու: Հիմի ես եմ ասում՝ տվե՛ք ինձ մեկ շնչին հասնող իմ բաժին ոստիկանը: Ինձ համար չեմ ասում, այլ՝ բոլորի: Նրանք ժողովրդի, քաղաքացիների անվտանգությունը, խաղաղ ու հաշտ կյանքը պաշտպանելու համար են, չէ՞: Դե, նրանց բաժանումով որևէ գործարանի աշխատանք կանգ չի առնի… Իհարկե, եթե ինձ կամ իմ հարևանին մեկից ավելի է հասնում, չեմ ասում՝ երկուսը տան, այլ՝ ըստ ընտանիքների մեծության՝ մեկ, երկու, երեք… Հասկանում եմ՝ հենց ոստիկանի ընտանիքին էլ է պետք, կարևոր պաշտոնյաներին էլ, է, թող նրանց էլ երկուական, թեկուզ երեքական հասնի: Ոստիկանը կդառնա այդ ընտանիքի մի անդամը: Եվ բոլորն էլ պաշտպան կունենան. ոստիկանի ուղեկցությամբ, ապահով իրենց գործին կգնան, դպրոց, մանկապարտեզ: Էլ ո՞վ կփորձի մյուսին նեղացնել:- Պետրոսը մի պահ դադար տվեց, այնքան կարճ, որ մարզպետը չհասցրեց անգամ արձագանքել, ապա ավելի վստահորեն շարունակեց:- Պետության հոգսն էլ կթեթևանա. ոստիկանները կլինեն ընտանիքներում, ավելորդ կդառնան հիմնարկում նրանց բազմաթիվ շեֆերը, նրանց հատկացված սենյակները, ավտոմեքենաները, համազգեստն էլ իրենք կգնեն: Տեսե՛ք, ինչքան գումար կտնտեսվի: Իսկ որ ասում էի, թե կարելի է նորերին էլ աշխատանքի ընդունել, անգործների, գործազուրկների համար էի ասում: Որքան նոր աշխատատեղ, այնքան լավ…
Այս գումարային հաշվարկները կարծես սթափեցրին մարզպետին: Լրջացավ: «Մի՞թե ծերուկը ցնդել է»: Կարող էր ասել՝ բավական է, միամիտ բաներ ես ասում, եփած հավի ծիծաղն էլ կգա… Բայց ժողովրդասեր ու ժողովրդավար, հանուն ժողովրդի այդ ծանր պաշտոնը ստանձնած մարզպետը գիտեր, թե ինչ է նշանակում իմիջը, և՝
– Հորեղբայր,- ասաց սիրալիր լրջությամբ,- շատ հետաքրքիր առաջարկներ ես անում, բայց դրանք լրացման ու հստակեցման որոշ, շատ քիչ կարիք ունեն: Կմտածեմ, նաև կխորհրդակցեմ ում հետ որ պետք է, հետո կգաս, կխոսենք: Ես կկանչեմ քեզ: Նաև խնդրում եմ՝ այս առաջարկներդ ուրիշների մոտ մի արա, չեն հասկանա, այստեղ-այնտեղ կպատմեն, կաղավաղեն, կբամբասեն,- ասաց ու ոտքի ելավ:- Առողջությանդ հետևիր, հորեղբայր,- ավելացրեց՝ թևանցուկ նրան մինչև նախասենյակ տանելով:
Ճանապարհին ինքն իր հետ Պետրոսը քննարկում էր. «Ոնց որ թե կարգին մարդ էր… հը՞… հասկացա՞վ ինձ… կարողացա՞ ասել այն ամենը, ինչ մտածել էի… իսկ ո՞ւմ հետ պիտի խորհրդակցի, մինիստրի՞, թե՞… Իսկ ե՞րբ կկանչի…»: Մտավ զբոսայգի: Այդ ժամին այգում մարդ գրեթե չկար: Նստեց առաջին իսկ նստարանին…
…Տան ճանապարհին, երբ անցումով ուզում էր անցնել փողոցը, լսեց տեսուչի ձայնը. «Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրվում է ազատել փողոցը»: Ձայնը անցնող արագընթաց ավտոշարասյան առաջին մեքենայի միջից էր: Պետրոսը կանգ առավ: Սուրացող մեքենաներից ո՞ր մեկն էր, չհասկացավ… վայրկենական… Հետո գլխավերևում ինչ-որ մարդիկ… Հետո գյուղում էր, աչքերը փակ՝ զգում էր՝ իրենց բակում է… պառկած… գիտակցությունը կարծես սկսում էր զուլալվել, բայց կոպերը չէին բացվում… ձգեց, մի կերպ ծերպ արեց, տեսավ ոտքերի մոտ կանգնած մի քանի մարդ, անծանոթ, խոսում են, բայց ինքը չի լսում: Մեկն էլ հենվել է ծառաբնին: Ճանաչեց՝ իր տնկած թթենին էր: Ուզեց խոսել, չկարողացավ. շրթունքներն անշարժ էին: Փորձեց ձեռքով հասկացնել, չկարողացավ: Ոտքերն էլ չկարողացավ շարժել: «Ուրեմն՝ մահացել եմ,- մտածեց,- ու հիմի մեր գյուղի տան բակում եմ ու դագաղում»: Գիտակցությունը նորից կորցրեց: Իսկ երբ նորից տեղը եկավ, փոքր-ինչ ձգեց կոպերը, հասկացավ, որ արդեն գերեզմանատան ճանապարհին է, ու իրեն տանում են: Կոպերի տակից հանկարծ տեսավ ու շատ զարմացավ. իրեն տանում են ոչ թե ուսերի վրա, այլ՝ գրեթե գետնաքարշ՝ կախ ընկած ձեռքերով: Կոպերի ծերպով միայն երկուսին է տեսնում: Բռնել են մի ձեռքով, մյուսը՝ գրպանում, քայլում են թեթև, հանգիստ, ասես իսկի ծանրություն չեն տանում… Հետո… գերեզմանափոսից նոր հանված սևահողի բույրն զգաց, երբ դագաղը դրեցին հողակույտի վրա, որ հարազատները վերջին հրաժեշտը տան… «Իմ կյանքն էլ երևի էսպես էր ավարտվելու… Շնորհակալ եմ քեզ, Տե՛ր, որ իմ գյուղի հողում ու իմ հարազատների կողքին ինձ տեղ սահմանեցիր…»: Հետո մոտեցան երկու ամրակազմ տղա, ամուր բռնեցին ոտքերից: Ճանաչեց՝ իրեն գերեզմանոց բերողներն էին: Երկու տղամարդ էլ բռնեցին դաստակներից ու ետ քաշեցին, դագաղից բարձրացրին Պետրոսին և օդի մեջ սկսեցին դանդաղ ու զգույշ ճոճել, այնպես, որ մեջքը գետնին չքսվի… Զարմանալի է, բայց այդ պահին Պետրոսը հիշեց հեռուստացույցով վաղուց տեսած պատկերը. մի մեծ գերեզմանոց մտնող ճանապարհին չորս հաղթանդամ տղամարդ նույն կերպ, ինչպես իրեն, ձեռքերից ու ոտքերից ամուր բռնած, գետնից բարձրացրած տանում էին մի կնոջ, որ չխանգարի իրենց շեֆի ավտոմեքենայի ընթացքին, որ ճանապարհը բաց լինի: Կինը չէր ուզում, ճչում էր, դիմադրում, բայց նրան այնպես ամուր էին բռնել, այնպես ուշադիր ու հոգատար էին տանում, ու նրա մեջքը ոչ մի անգամ քարերին չքսվեց: Տարան ու հանգիստ պառկեցրին իրենց մեքենայի մեջ… «Իսկ ի՛նձ որտեղ են պառկեցնելու…- մտածում էր Պետրոսը,- ինչո՞ւ դագաղից հանեցին և ինչո՞ւ են ճոճում»,- ուզում էր հասկանալ, և հենց այդ պահին ճոճքը թափ առավ՝ իրեն նետեցին վեր: Ու հիմա ինքը սլանում է երկնքում: Հասկացավ՝ այդ իր հոգին է, գնում է հանգրվանելու Տիրոջ աջ կողմում:
…Պետրոսը բացեց աչքերը, ձեռքը քրտնած ճակատին տարավ, շփեց, տրորեց աչքերը, կրծքին դրեց՝ սիրտը արագ էր զարկում… «Ա՜յ թե երազ էր, հա՜…»: Զբոսայգու նստարանին էր: Իսկ շուրջն արդեն հավաքվել էին՝ ծանոթ, անծանոթ: «Հո Պետրոս պապի սիրտը չի՞ վատացել», «Հը, պապ, ո՞նց ես», «Ա՛յ Պետրոս, էս ժամին է՞լ մարդու քուն կտանի»,- տարեկից Ասատուրն էր: Հետո եկան ուրիշները: Խոսում էին, զրուցում, վիճում: Պապը թեմա էր դարձել: Եվ ոչ միայն պապը:
Քիչ հեռվում երկու երիտասարդ հանգիստ զրուցում էին: «Պետք չէ, որ այսքան շատ մարդ հավաքվի, ցնդած ծերուկ է, պետք չէ, որ ավելորդ բաներ ասի, գնանք, տուն տանենք»: «Շե՞ֆն ասաց»,- հարցրեց մյուսը, բայց պատասխան չստացավ:
– Հոպա՛ր, եղբորդ տղան՝ Արտակը, խնդրեց, որ քեզ տուն տանենք,- մոտենալով Պետրոսին՝ ասաց առաջին երիտասարդը: Պետրոսը նայեց նրանց, ուզում էր ասել՝ ես լավ եմ, հետո կգնամ, բայց տեսնելով նրանց ժպտուն հայացքները՝ ոտքի ելավ: Մտերմիկ, ծանոթ դեմքեր էին: Ճանապարհին ուզում էր հարցնել՝ «Տղե՛րք, ձեզ որտե՞ղ եմ տեսել», և հանկարծ հիշեց… «Աստվա՜ծ իմ, ինչքա՜ն նման են այն երկուսին, որ երազում ինձ տանում էին… թե՞ հենց նրանք են…»:
– Արտակ պապիկ, Արտակ պապիկ,- հևալով բակ մտավ հարևանի երեխան,- ասում են՝ Պետրոս պապիկին զբոսայգում պարեկները բռնեցին ու տարան: – Ոչի՛նչ, տղա ջան, կտանեն էլ, կբերեն էլ,- նրան հանգստացրեց Արտակր, իսկ մտքում՝ «Գնամ տեսնեմ՝ էլի ի՛նչ է հորինել հոպար-հայրիկը»,- ավելացրեց:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։