Հայ պոեզիայի յուրօրինակ հրավառություն

Նունե ԱվետիսյանԱմերիկաբնակ ասմունքող, հեռուստահաղորդավար Նունե Ավետիսյանը առաջին անգամ պոեզիայի երեկո անցկացրեց Երևանում` «Նարեկացի» արվեստի միու­թյունում: «Ինձ համար մի երազ էր, անհավատալի, որովհետև չգիտեի` արդյո՞ք Հայաստանում ասմունքի իմ տեսակը կընդունվի, որովհետև կարծում եմ, որ մի քիչ տարբերություն կա մեր պատկերացրած ձևից. ես միշտ ճշմարիտ խոսքի և պարզ բառի հետևորդն եմ»,- այսպես դիմեց նա լեփ-լեցուն դահլիճին: Սակայն նրա ելույթը ոչ միայն հիացմունքով ընդունվեց, այլև արժանացավ գովեստի մեջ զուսպ մեծագույն արտիստուհու` Վարդուհի Վարդերեսյանի գնահատանքին. «Գուցե չափազանցնում եմ, բայց դա այդպես է. երբ մարդն անապատում է գտնվում, տոթ է, ինքը` ծարավ, և հանկարծ մի զեփյուռ է գալիս, մի հաճելի քամի, որ ամեն մի տառապանք մոռանալ է տալիս, այսօրվա երեկոն այդ է` իմ կարծիքով: …Շատ արվեստագետներ լքեցին Հայաստանը: Բայց ես չեմ ընդունում այն արվեստագետներին, ովքեր գնում են արտասահման, կյանքները դասավորում են ու գալիս, հայրենակարոտություն են խաղում: Ես չեմ ընդունում, ժողովո՛ւրդ, կարող է ընդունում եք, այո՜, և շատերը ընդունում են: Նունեն այդ տեսակի մեջ չի մտնում, ի սեր Աստծու: Ոչ թե, որ նա ծայրահեղ հայրենասեր աղջիկ է, այլ ես գիտեմ, որ գնացած օրից նա քարոզել է հայրենիք, նա հայրենիքի դեսպանն է Լոս-Անջելեսում»: Այնուհետև Վարդուհի Վարդերեսյանը խորհուրդ տվեց անպայման ծրագրում ընդգրկել արևմտահայ պոեզիա, մանավանդ գիտի, որ Նունեի մայրը արևմտահայ է, արևմտահայերենը նրա արյան մեջ է: Եվ մեծ արտիստուհին անկրկնելիորեն ասմունքեց Մեծարենցի «Գիշերն անույշ է, գիշերն հեշտագին» բանաստեղծությունը:
Ավիկ Իսահակյանը բարձրաձայնեց պահի իր մտորումը. «Ես լսում էի և մտածեցի, որ ասմուքող մարդը պետք է շատ խելոք մարդ լինի, որպեսզի կարողանա հայ պոեզիան այնպես մատուցել, ինչպես մատուցեց Նունեն` առանց ճիչերի, առանց ավելորդությունների, նա կարողացավ ներթափանցել հայոց հանճարների գրածի ոգու մեջ»:
Երկժամյա պոեզիայի և երաժշտության յուրօրինակ հրավառությունը, որ պարգևեց Նունե Ավետիսյանը, աննկատ պարուրեց հանդիսատեսին. «Նարեկացի» արվեստի միության դահլիճում կարծես սպասումը վերջ չուներ. սպասում սիրո, կարոտի, ամենայն լավի ու վսեմի, որ պարգևում է պոեզիան:

Գայանե ԱԹԱՆԵՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։