ԴՊՐՈՑԻ 100-ՐԴ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ / Մարգարիտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մուղնու Մեսրոպ Աշճյանի անվան 101-ամյա դպրոցի պատմության մեջ հատուկ տողով գրանցվեց 2013 թ. հուլիսի 2-ը. այսօր իններորդ դասարանն ավարտելու վկայագրեր ստացան դպրոցի հարյուրերորդ շրջանավարտները՝ տասը պայծառ տղաներ ու աղջիկներ:
Դպրոցի՝ հայոց լեզվի միամսյակի և մրցույթի մասին պատմող պատի թերթերով զարդարված միջանցքում հավաքվել են ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:
Հուզված են բոլորը:
Հարյուրերորդ անգամ կրկնվում է այս արարողությունը, բայց այս մեկն ուրիշ է…
«Հայաստան» հրատարակչության տնօրենը՝ Վահագն Սարգսյանը, շրջանավարտներին գրքեր է նվեր ուղարկել: Որոշում են դպրոցի գրադարանում առանձին անկյուն հատկացնել այդ գրքերին, որոնց տերերն այսօրվա «հոբելյարներն» են:
Շնորհավորանքների, երեխաների ելույթների, դպրոցին և հայրենի գյուղին նվիրված երգերի կատարմանը հաջորդում է երգիծական փոքրիկ մի դրվագ վերջին դասից: Բեմում մեր կյանքն է՝ իր անհասկանալի, բայց շատ ծանոթ տրամաբանությամբ. հանդիպել են, իր կարծիքով, կյանքում ամեն ինչ ունեցող թերուսը և դպրոցը, բուհը գերազանցությամբ ավարտած երիտասարդը, որը հիմա տաքսու վարորդ է…
Ծիծաղում ենք, բայց բոլորիս աչքերում անպատասխան մի հարց է՝ ինչպիսի՞ն է լինելու այս պայծառ երեխաների վաղվա օրը…
Չգիտեմ՝ ի՛նչ տրամաբանությամբ՝ գյուղի դպրոցը չունի 10-12-րդ դասարաններ, իսկ ավագ դպրոցում սովորելու նյութական, նաև բարոյական արգելքները հաղթահարելու համար ամեն ընտանիք չէ, որ կարող է զոհաբերությունների դիմել:
Դպրոցի շրջանավարտներից քչերն են շարունակում ուսումն ավագ դպրոցում, որը գտնվում է Աշտարակ քաղաքում: Ճիշտ է, Մուղնին դարձել է քաղաքի թաղամաս, բայց ճանապարհները չեն կարճացել, դժվարությունները դրանով չեն պակասել: Անցյալ տարի միայն մեկն է կարողացել շարունակել ուսումն ավագ դպրոցում:
Ուսուցչուհիներից մեկի տագնապոտ հայացքը հուշում է՝ ասելու բան ունի:
Մոտենում եմ: Աչքերիս մեջ արձանագրված հարցին ի պատասխան լսում եմ ցավոտ խոստովանություն. «Ձմռանը հաճախ է պատահում, որ դպրոցի դիմացի մայթին տեսնում եմ Աշտարակ գնացող մեքենայի սպասող մեր շրջանավարտներին: Աղջիկների համար շատ դժվար է, հատկապես՝ ձմռանը… Սիրտս ցավում է»:
Ուսումնառության ինը տարիների ընթացքում ստեղծվել են ընտանեկան հարաբերություններ, և ավարտական վկայականներն ստանալուց, բոլորի շնորհավո- րանքներն ստանալուց հետո երեխաները չեն շտապում տուն գնալ:
Իջնում ենք բակ՝ Աշճյան սրբազանի արձանի մոտ լուսանկարվելու:
Հիմա էլ այստեղ են հավաքվել:
Կատակում եմ՝ մի կերպ իջեցրինք բակ, հիմա ի՞նչ հնար մտածենք, որ տուն գնաք…
Երեխաները շարունակում են պտտվել ուսուցիչների շուրջբոլորը, հարցեր տալ, ճշտել նոր հանդիպման օրը… Երկրորդ հարկի միջանցքի պատուհանի մոտ հավաքվել են վերջին ժողովին սպասող ծնողները. նրանք էլ տուն չեն շտապում:
Չգիտեմ՝ ճիշտ եմ անում, թե ոչ, բայց ուզում եմ խնդրել Հայրենիքիս կրթության գործի բոլոր պատասխանատուներին՝ եթե դժվար չէ, Մուղնու Մ. Աշճյանի անվան դպրոցին տվեք գոնե միջնակարգի կարգավիճակ: Գյուղի երեխաները սիրով կշարունակեն ուսումը հարազատ հարկի տակ, դպրոցը չի ապրի առանց աշակերտ մնալու ամենօրյա տագնապը, որին, Աստված չանի, անպայման կհաջորդեն դեռևս շատ հեռու թվացող, բայց արդեն զգալի ու սարսափելի աղետներ:
Ուսուցիչները պատրաստ են ամեն զոհաբերության՝ հանուն իրենց սաների, որոնց կողքին ապրելու են Արագածի, Արայի լեռան, Մասիսի հովանու տակ ծվարած այս գյուղում, որի առավոտները բացվում են Սուրբ Գևորգ եկեղեցու զանգերի ղողանջով, իսկ դասի շտապող երեխաները բարի լույս են մաղթում Աշճյան անունով Մեծ հային:
Կարծում եմ՝ լուծում կա:
Պարզապես պետք է մի քիչ ջանք թափել, և գյուղը կազատվի լրացուցիչ մի հոգսից ևս:
Հավատում եմ՝ Աշճյանի անունը կրող դպրոցը չի կարող առանց հույսի մնալ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։