Հայաստանի գրողների միության վարչությունը հայտնում է, որ վախճանվել է անվանի գրականագետ
ԱԼՄԱՍՏ ԶԱՔԱՐՅԱՆԸ,
և ցավակցում է հարազատներին ու ընթերցողներին:
Կյանքից հեռացավ վաստակաշատ գրականագետ, գրաքննադատ, բնագրագետ, գրակա- նության պատմաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հնագույն աշխատակից Ալմաստ Գրիգորի Զաքարյանը:
Ա. Զաքարյանը ծնվել է 1924 թ. հունվարի 22-ին Նախիջևանի պատմական Գողթն-Գողթան գավառի Փառակա գյուղում, հողագործ գյուղացու ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղի յոթնամյա դպրոցում, ապա 1937-ից այն շարունակել Երևանի մանակավարժական ուսումնարանում: 1940 թ. ընդունվել և 1944-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը:
1945 թ. հունվարի 8-ին, իր դասախոսների երաշխավորությամբ, որպես լաբորանտ աշխատանքի է անցել ՀԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, որտեղ զարմանալի արգասաբերությամբ աշխատել է մինչև իր կյանքի վերջը՝ ուղիղ 68 տարի:
1951 թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի, իսկ 1976-ին՝ բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:
Լայն ու տարողունակ էր Ա. Զաքարյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը՝ խորհրդահայ գրականության պատմության ու գրական քննադատության ակունքներից մինչև ժամանակակից գրականության տեսության հարցերը, 20-րդ դարասկզբի հայ գեղարվեստական գրականության զարգացման ընթացքից մինչև Դեմիրճյանի, Բակունցի, Չարենցի, նորագույն շրջանի հայ բանաստեղծների ու արձակագիրների ժառանգության քննությունը: Այս հարցերին նա նվիրել էր հարյուրավոր հոդվածներ, հրապարակումներ, գրախոսություններ, գրքեր: Այսպես, նրա գրչին են պատկանում «Սովետահայ գրականության ժամանակագրություն ¥1920-1947¤» ուսում- նասիրությունը, որին հաջորդեց «Սուրեն Սպանդարյանը և գրականության հարցերը» ¥Ե., 1956¤, ապա «Սովետահայ գրականության տարեգրություն ¥1917—1956¤» ¥հեղինակակիցներ՝ Հ. Ղազարյան, Ս. Մանուկյան, Ե., 1957¤, «Սովետահայ գրականության անցած ուղին» ¥Ե., 1957¤ գրքերը:
Անգնահատելի է Ա. Զաքարյանի վաստակը հատկապես չարենցագիտության ասպարեզում. նա է իրականացրել մեծ բանաստեղծի գրական ժառանգության ամբողջական և գիտական առաջին հրատարակությունը՝ հարուստ ծանոթագրություններով ու տեքստային տարբերություններով: Եղիշե Չարենցի երկերի վեցհատորյա ակադեմիական հրատարակությամբ ¥Ե., 1962-1968¤ դրեց չարենցագիտության հիմնաքարերը, որոնք ուղենիշ դարձան չարենցագետների համար:
Ա. Զաքարյանի գրիչը բեղմնավոր էր, մշտապես ներկայանում էր յուրահատուկ ասելիքով՝ խոհերով, հարցադրումներով և դրանց անսպասելի լուծումներ տալով: Դրա խոսուն վկայություններից են «Ավանդների ուժը» ¥Ե., 1981¤, «Գրական արձագանքներ և հուշեր» ¥Ե., 1989¤ գրքերը:
Ա. Զաքարյանի «կյանքի գիրքը» դարձավ նրա հեղինակած Չարենցի գիտական կենսագրությունը՝ «Եղիշե Չարենց. կյանքը, գործը, ժամանակը» վերնագրով: Ընթերցողի սեղանին են դրված մենագրության երեք հատորները ¥Ե., 1997 թ., Ե., 2003 – 2008 թթ.¤: Դրանցում բազմաթիվ ու բազմապիսի փաստական-հուշագրական վկայակոչումներով և բանաստեղծական վիթխարի վաստակի վերլուծությամբ ներկայացվում է Չարենցի կյանքը, գործն ու ժամանակը մինչև 1927 թվականը: Մեր իրականության մեջ հանրագիտարանային ու համապարփակ այս աշխատանքը, իրոք, իր նախօրինակը չունեցող, խոշոր երևույթ էր: Ա. Զաքարյանն աշխատեց այս կոթողային մենագրության հաջորդ հատորների վրա, բառիս բուն իմաստով, մինչև իր կյանքի վերջը: Ավաղ, տաղանդավոր և կրքոտ գրչով գրված այդ մենագրությունը նա չհասցրեց իր ավարտին: Սակայն եղածն էլ հիմք է ծառայում մեզ ասելու, որ Ա. Զաքարյանը գրել է հայ մեծ բանաստեղծի, թերևս, լավագույն կենսագրությունը: Նրան հաջողվել է այս բնագավառում անել ամենակարևորը՝ ստեղծել Չարենցի մարդկային կերպարը: Եվ նրա չարենցականը կլինի հավերժ ուղեկիցը մեր մեծ ազգային բանաստեղծի կյանքի պատումով հետաքրքրվող յուրաքանչյուր հայ մարդու համար: Փաստ է նաև, որ նա մեզանում լավագույն չարենցագետն էր, Չարենցի ճշմարիտ նվիրյալը:
Կյանքի վերջին տարիներին, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում Ալմաստ Զաքարյանը աշխատում էր Ավետիք Իսահակյանի երկերի լիակատար ¥ակադեմիական¤ հրատարակությունը իրականացնող գիտական խմբում: Նա ինստիտուտի գիտաշխատող Մարինե Սարգսյանի հետ պատրաստում էր հրատարակության Իսահակյանի փոքր կտավի արձակի հատորները, վախճանից ընդամենը 10 օր առաջ տպարան գնաց գրականագետ-աղբյուրագետի անխոնջ աշխատանքի վերջին արգասիքը՝ Վարպետի երկերի հինգերորդ հատորը:
ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ