Արցախյան գոյապայքարի մասին շատ գրքեր են գրվել, նրա վերելքներով ու վայրէջքներով բազում ստեղծագործություններ են բարբառվել: Բայց քիչ են այնպիսի գրքերը, որոնք ոչ միայն հայերիս համար են հնչում, այլև՝ այլոց: Կանադահայ բանաստեղծ ու քաղաքագիտության պրոֆեսոր Ալան Ուայթհորնի բանաստեղծությունների «Ղարաբաղյան օրագիր. բանաստեղծություններ Սփյուռքից» անգլերեն-հայերեն ժողովածուն այդպիսին է: Գիրքը հրատարակվել է «Զանգակ» հրատարակչությունում:
Ալան Ուայթհորնի բանաստեղծությունները կարդացել եմ գրվելուց անմիջապես հետո կամ երբ հրատարակվել են: Ականատեսն եմ եղել գրքի էջ առ էջ գրվելուն: Եվ երբ նա առաջարկեց թարգմանել գիրքը, ես ուրախ էի, որ այն, ինչ կարդացել եմ անգլերեն, կարող եմ հնչեցնել հայերեն: Գիրքը ճշմարիտ արտացոլանքն է Ուայթհորն անձի, բանաստեղծի ու գիտնականի հայկական ու անգլիական ժառանգականության: Որպես խորագետ գիտնական ու իմաստուն քաղաքագետ՝ նա կարողացել է իր բանաստեղծություններից յուրաքանչյուրը դարձնել յուրօրինակ հաղորդագրություն:
Օրագրային տեսքով անձնական ու քաղաքական բանաստեղծությունների ժողովածուն արտահայտում է հեղինակի մտորումները ժամանակակից դարաշրջանում հայերի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքների ու ճգնաժամերի վերաբերյալ։ Նա ուրվագծում է թե՛ մտավախությունները և թե՛ հույսերը Արցախի, Հայաստանի ու Հարավային Կովկասի մասին։ Բանաստեղծություններն ընդգրկում են 2005-2021 թթ. և կենտրոնանում 2020 թ. Արցախյան պատերազմի սկզբից մինչև փոթորկալից ժամանակների ու հետպատերազմյան ժամանակաշրջանի վրա: Բանաստեղծությունները բացահայտում են վտանգներն ու հեռանկարները պատմական հակամարտություններով լի տարածաշրջանում: Հեղինակն առաջարկում է դժվարին, բայց հնարավոր առաջընթացի ճանապարհ:
Գրքում բառերն հաճախ հնչում են իբրև արձագանք այն հայի սրտի, ով մահացել է ապրելուց առաջ, ով ապրել է մահից հետո և իր հոգում խորհուրդն ունի հարատևության: Այս բանաստեղծությունների արժեքայնությունը ճառագում է մի քանի ուղղություններով: Նախ՝ ժամանակային. իրադարձությունները ներկայացված են ըստ օրերի՝ իբրև օրագիր: Երկրորդ՝ օվկիանոսային իր հեռավորությունից հեղինակին տեսանելի է կատարվածն ամբողջությամբ: Երրորդ՝ Հայաստանում Ղարաբաղյան պատերազմի ցավից լռել են բառերը, իսկ նա կարողացել է բառավորել ցավը: «Շատ իմաստութեան հետ շատ տրտմութիւն կայ, եւ գիտութիւն աւելացնողը վիշտն էլ է աւելացնում». ասվում է Աստվածաշնչում (Ժողովող 1-8): Սակայն ցավից ծնված բանաստեղծությունները բարձրաձայնում են ճշմարտությունն աշխարհի առջև:
Իբրև բանաստեղծ՝ Ուայթհորնը փորձում է քարի մեջ սովորական նախադասություններով զգացողություն արթնացնել: Իբրև քաղաքագետ՝ նա քննում է Ղարաբաղյան խնդրի, պատերազմի ու խաղաղության բոլոր հնարավոր ու անհնար ուղիները, ընդ որում՝ հայացքը տարածելով նաև փակ դռներից անդին:
Գիրքն ուղղված է աշխարհի բոլոր մարդկանց՝ անկախ ազգությունից, ում անտարբեր կամ շահադիտական հայացքի ներքո տարիներ ու դարեր շարունակ՝ ռուս ցարերի, թուրք սուլթանների ու նրանց հետևորդ ադրբեջանցի խաների տարածական նկրտումների պատճառով ավերվում է բազմադարյա հայկական մշակույթը, սպանվում են բազմաթիվ անմեղ մարդիկ, խեղվում բազմաթիվ կյանքեր: Այն սթափության է կոչում բոլոր ժամանակների մարդկանց, որ չլսելով հայոց արդարության ձայնը Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կազմակերպած 1915 թ.-ի եղեռնի ժամանակ, ստիպված էին ականատես լինել նման աղետների Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, հետագայում՝ այլ երկրներում, ինչպես նաև՝ Արցախում, դանդաղ ու շարունակաբար: Սթափության կոչ է նրանց, որոնց էությունը ոչ թե արարելն է, այլ ավերելը, ոչ թե սեփականը ստեղծելը, այլ ուրիշինը յուրացնելը, որոնք հնադարում նետերով էին սպանում, 20-րդ դարում՝ յաթաղանով ու տանկերով, 21-րդ դարում՝ ֆոսֆորային ռումբերով ու անօդաչու թռչող սարքերով: Գո՞ւցե աշխարհի պատերազմատենչների ականջները խուլ՝ բացվեն ու աչքերը կույր՝ տեսնեն, և ազատության ու խաղաղության լույսը վերջապես սփռվի արցախցիների կյանքին:
Ալան Ուայթհորնի գիրքը կարևոր է Հայաստանում և հատկապես Արցախում ապրողներիս համար, ում բառերը կարկամած են, հոգիները՝ փակված, սրտերն՝ արյունոտված, եկեղեցիները՝ գերեվարված, տներն՝ ավեր ու թալանված, ճանապարհները՝ շրջափակված, քանի որ այն արցախյան բազմաչարչար հարցը բանաստեղծաբար բարձրաձայնում է ի լուր աշխարհի: Այն կարևոր է արցախյան ապագա հաղթանակների կերտման ու Հայրենիքի տեսլականի իրականացման մեր ճանապարհին:
Հերմինե
ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ