ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐՁԱԿԸ / Թեհմինա ՄԱՐՈՒԹՅԱՆ

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

Սյունիքում գրական ընթացքի նորօրյա զարգացումները սնվում են գրական հարուստ ավանդույթներից: Հայտնի է, որ գրական-մշակութային Սյունիքի արմատները հասնում են նախաքրիստոնեական շրջան: Միջնադարում նույնպես Սյունիքը հաստատուն տեղ ունի, և հայ արվեստը հարստացրել է գեղարվեստական գրականությամբ, փիլիսոփայական, դավանաբանական, աստվածաբանական աշխատություններով, թարգմանություններով, ձեռագրերով ու մանրանկաչությամբ: Գրական Սյունիքը բարձր արժեքներով է ներկայացել արդի ժամանակներին՝ ոչ միայն տեղային, այլև համազգային նշանակությամբ:

Սկսած Ակսել Բակունցից, որ բարձրագույն արժեք է հայ արձակագրության, հայ մշակույթի պատմության մեջ, ծնունդով գորիսեցի մյուս գրողները՝ Սերո Խանզադյանը, Սուրեն Այվազյանը, Գարեգին Սևունցը, Ալբերտ Իսաջանյանը, Սպարտակ Բակունցը, Էդուարդ Զոհրաբյանը, Քաջիկ Դորունցը, Արկադի Ծատուրյանը, Լևոն Սահակյանը և ուրիշներ հարստացրել և շարունակում են հարստացնել գրական կյանքը: Այլ խնդիր է, թե այսօրվա ընդհանուր գրական որոնումների մեջ Սյունիքի ստեղծագործողների ձայնը ունի՞ արդյոք որոշակիություն և որքանով է հարաբերակցվում ժամանակակից պահաջներին: Գրիչ վերցնող յուրաքանչյուր ստեղծագործող փորձում է յուրովի հարաբերության մեջ մտնել իր ժամանակի հետ, ընդհանուր գրական պահաջների հետ, փորձում է գտնել իր օրերի և սերնդի մտածողությանն ավելի բնութագրական պատկերներ: Նրանց շարքերում կան իրենց օժտվածությամբ բացահայտորեն առանձնացող անուններ թե՛ պոեզիայում, թե՛ արձակում:

Վերջին տարիներին իր գրական ձիրքը մամուլում[1] ստուգելուց հետո առանձին գրքով[2] ընթերցողին ներկայացավ Վարդան Սարգսյանը, որ ժամանակակից արձակի համատեքստում տեսանելի ներկայությամբ է առանձնանում: Զարմանալիորեն թարմաշունչ այդ արձակը համատեղում է և՛ 1960-70-ական, և՛ 1990-2000-ականների գրական սերունդների փորձառությունը՝ նյութի գեղագիտական յուրացման առումով: Ժողովածուն բավականին խոստումնալից մուտք էր: Այն հատկանշվում է տեքստակառուցման հնարների հմուտ կիրառություններով, ժամանակակից մարդու ներաշխարհի տարողունակ պատկերմամբ: Սարգսյանի բնագիրը թեև տարբեր շերտերում ի հայտ է բերում որոշակի խրթինություն, բայց ուշադիր ընթերցումը ցույց է տալիս, որ պատմվածքները չնչին բացառություններով ներքուստ կառուցված են: Այն ամենը, ինչի մասին նա գրում է, հարազատ է մարդկանց մտածումներին ու խոհերին, նա կյանքից է գնում գրականություն, ինչը առանձնաշնորհ է, բայց և Վարդան Սարգսյանի պատմվածքի հաջողությունը պայմանավորում են տեղին ընտրված բառն ու պատկերը, իրականության գեղարվեստական ընկալման ու վերարտադրման կերպը: Պատկերայնությունը, հաճախ մեզ լավ ծանոթ կենսական իրողությունների ինքնատիպ ու հանկարծակի իմաստավորումը, սրտացավություն ու սեր մարմնավորող հեղինակային ես-ի մշտառկայությունը, խորիմաստ խոհը, նրբագույն հումորը, հաջողված հոգեզննությունն ու մանրամասների անհրաժեշտ պաշարը Սարգսյանի փոքր արձակի արժանիքներն են: Նա հրաշալի պատմող է և հաճախ է համարձակորեն տրվում  բառաստեղծման, պատումի մեջ հմտորեն ներառում նաև Գորիսի խոսվածքի տարրեր: Այս ամենով հանդերձ ձևավորվում է յուրահատուկ աշխարհազգացողության ինքնատիպ ոճ:

«Երկաթե թիթեղիկների մեղեդին» ժողովածուն ընդգրկում է 12 պատմվածք՝ ժամանակակից կյանքի պատկերման բազմակողմանիությամբ:

Զարմանալի անմիջական ու անկեղծ հոգիներ են Սարգսյանի կերպարները, որոնք հիմնականում նրան ծանոթ, իրական մարդիկ են: Հեղինակը չի թաքցնում, որ մարդու իր իդեալի բաղկացուցիչ տարրերը հենց իր կերտած կերպարների մեջ են: Նա գեղարվեստական ընկալումների յուրահատկությամբ վարպետորեն ցույց է տալիս այդ մարդկանց հոգեկան աշխարհը, որ ինչ-որ չափով նաև իր ներաշխարհն է: Միջավայրը և կերպարը պատմվածքներում ներդաշնակ ու փոխպայմանավորված են: Նրա ստեղծագործական աշխարհում առօրեականության մեջ համատեղվում են բարձր իդեալները, հեղինակը գնում է կեցության հիմքերի որոնման ճանապարհով՝ բացահայտելով ողբերգականից մինչև ծիծաղելին:

Առհասարակ, կյանքի այսօրվա խնդիրները բացահայտելու համար պետք է  կարողանալ գտնել այդ կյանքի էությունն իրենց մեջ կրող կերպարների: Սարգսյանի կերպարները կոնկրետ ժամանակի մեջ ապրած մարդիկ են, բայց նրանք իրենց հոգեբանությամբ կարող են համարվել բոլոր ժամանակների հարազատ մարդիկ: Վարդան Սարգսյանը կարողանում է գտնել այն հիմնական նյութը, հարցադրումների շարքը, վիճակներն ու հարաբերությունները, մարդկային խառնվածքների այն նախատիպերը, որոնցով ստեղծվում և վերատադրվում է իր սերնդի կյանքը:  Հոգեբանական վիճակներ, որոնք ձևավորվել են 20-րդ դարի հատկանշական դիպվածների՝ մերթ եղեռնից վերապրած սերնդի («Գարդմանա կանչը»), մերթ ստալինյան բռնություններով անցած և արհավիրքներ վերապրած մարդկանց («Երկաթե թիթեղիկների մեղեդին», «Жить стало лучше, жить стало веселее») կենսական անկյունադարձերի, Արցախյան պատերազմներին նախորդած և հաջորդած իրողությունների և դրանց վերապրումների («Սև բիծ», «Բաբուրը», «Հացը») արդյունքում:

Տպավորություն թողնելու ճիգ չի անում և նուրբ հումորային վերաբերմունքի շնորհիվ հեղինակը հաճախ դառնում է գործող անձ իր պատմվածքներում: Սարգսյանի համար կարևորը ոչ այնքան դեպքերի նկարագրությունն է, որքան զգայական ապրումների լիցքն ու խոհը, հոգեբանական թափանցումը, հատկանիշներ, որոնք նրա արձակին հաղորդում են քնարափիլիսոփայական բնույթ, լեզվական ու հաղորդակցական կենսունակությամբ, ոճական գրավիչ երանգներով օժտում նրա մտածողությունը: Նրա արձակի գլխավոր առանձնահատկություններից մեկը նախադասության հյութեղությունը, հարստությունն ու գունագեղությունն է, իսկ գրողի գեղարվեստական մտածողության ամենաբնորոշ արտահայտությունը, ի վերջո, նախադասության հաջող կառուցվածքն է:

Սովորական թվացող դեպքերի ու պահերի մեջ Սարգսյանը գտնում է կյանքի թաքնված հոգեբանական դրամայի պատկերներ: «Կարման Լեռնավանում» պատմվածքում դրված է կարմայի՝ հատուցման չգրված օրենքի գաղափարը, որի համաձայն՝ մարդը ստանում է տրվածը բարոյական իմաստով: Այլ խոսքով՝ մարդու լավ ու վատ արարքները հետ են գալիս նույն արժեքի հետևանքների տեսքով: Այս գաղափարի շեշտադրումը առհասարակ նկատելի ընդգծումներ ունի Սարգսյանի պատմվածքներում: Նույն մոտիվը մեկ այլ մեկնաբանությամբ դրված է «Կյանքի ու մահվան սայրաբերան կածանին» պատմվածքում՝ բարության դիմաց հեղինակին օրհնաբանող ծերունու՝ «Աստված աղերսանքդ կատարի» խոսքի գերբնական ուժի և վերահաս մահվան ճիրաններում հայտնված մանկահասակ երեխայի փրկության պատկերի խորհրդանշական զուգահեռմամբ:

Առհասարակ, ժամանակակից հայ արձակում կարևոր շեշտադրում ունի կերպարի հոգեաշխարհի բացահայտման խոստովանանքային ուղղությունը, որին հարել է նաև Վարդան Սարգսյանը: Այս առումով հատկանշական է «Երկաթե թիթեղիկների մեղեդին» պատմվածքը: Հեղինակ և զրուցակից առանցքի շուրջ է զարգանում պատումը, որը բացում է «խորհրդային բանտային գենեհը ծայրեծայր դեգերած, անհավատալի փորձությունների ենթարկված և մարդ մնացած» զրուցակցի կյանքի դրաման, որը ակամա «հանցագորրծ» դարձած մի ամբողջ սերնդի ողբերգական ճակատագիր է: Հեղինակը իր զրուցակցի ներքին գաղտնիքների, հոգեկան պարականոն վիճակների, մանրուքների, ձևավորվող առօրյայի և իր ժամանակի հետ հարաբերության նուրբ վերլուծությամբ ընթերցողի համար բացահայտում է կյանքին բնորոշ նոր շերտեր:

Կերպարներին Սարգսյանը պատկերում է թե՛ ներկա որևէ իրավիճակում ու գործողության մեջ, թե՛ արդեն ապրած կյանքի հիշողությամբ: Հատկանշական են «Բաբուրը», «Ծերատ լամպի լույսը» պատմվածքները:

Հեղինակը ներքին կապերի մեջ է տեսնում խորհրդային կարգերի փլուզման, Արցախյան շարժման, պատերազմական օրերի և դրանց հաջորդող տարիների կենսավիճակները: Բոլոր դեպքերում նա կարողանում է հոգեբանորեն հիմնավորել իր կերպարների վարքագիծը, որոնք հայտնվել են կենսական բարդ իրապայմաններում: Այս առումով հետաքրքիր է նաև «Սև բիծ» պատմվածքը, որում պատկերում է անմիջապես Արցախյան շարժմանը նախորդած մի դրվագ: Պատմվածքի կերպարը՝ Վարշամը շարժման նախօրեին, երբ արդեն բավական սրվել էին հարևան ժողովրդի հետ հարաբերությունները, գործով մեկնում է Դավութլու և հրաշքով դուրս պրծնում ազերիների լարած ծուղակից: Նրան օգնում է երբեմնի քիրվան՝ Նաջափը: Վարշամի ճակատարգում սև բիծ է դառնում հետագա բախումների ժամանակ զոհված Նաջափի դին արժանապատիվ ձևով՝ կոստյում-կոշիկով թշնամական կողմին վերադարձնելու նախաձեռնությունը՝ որպես երախտիքի արտահայտություն: «Այդ օրը դառնում է Վարշամի կարիերայի մայրամուտի սկիզբը», – գրում է հեղինակը: Հասարակությունը միանշանակ չի արձագանքում Վարշամի քայլին:

Ինչպես էլ որ ներկայացնի գրողը պատերազմը կամ դրա ազդեցությունը հետպատերազմական կենսավարության վրա, նրա համար առաջնայինը մարդն է: Սարգսյանը ուզում է ցույց տալ, թե ինչպես է պատերազմը իր դառնաղի հետևանքներով ազդում մարդու ներաշխարհի վրա, ինչպես է անվերադարձ փոխում, բեկում նրա կյանքի ընթացքը, մարդկային հասարակ հարաբերություններն ու արժեքները:

Արձակագիրն իր կերպարների միջոցով պատկերում է նաև գավառական քաղաքի բարքերը, սոցիալական անհավասարության, արտագաղթի և վերահաս այլ չարիքների արդյունքում առաջ եկած և հաճախ մարդկանց աչքին աննկատ մնացող ողբերգություններն ու կործանվող ճակատագրերը: «Ծերատ լամպի լույսը» պատմվածքում ընթերցողը սրտի կսկիծով հետևում է որբացած Ռուբենի դժվար կյանքի ընթացքին գավառական քաղաքում, որն ի վերջո ավարտվում է ինքնասպանության տխուր պատկերով: «Հաջորդ օրը ծերատ լամպի աղոտ լույսով ողողուն սենյակում հայտնաբերեցին ջահատակի կեռից խոտահակի ճերմակ թելով կախված Ռուբենին»:

Սարգսյանի պատումի հաջողության գրավականը կերպարներին խոսք ու զրույցի մեջ պատկերելու հմտությունն է («Վաղոն», «Թակարդաձորի վերջին մոհիկանը»):  Ասելիքի կենսունակությունը ուժեղացնելու համար հեղինակը պետք է կարողանա լիարյուն կերպարներ ստեղծել և կոնկրետ իրավիճակներում անհատականացնել նրանց, ինչը մեծ հաշվով հաջողվել է գրողին:

Իր պատմվածքներում Սարգսյանը նկատելիորեն փորձում է ազգային ավադությունների ու սովորույթների վերակոչմամբ, ժառանգորդական կապերի պահպանումով կերպարների համար ստեղծել կենսական այնպիսի հիմքեր, որոնք ի զորու լինեն բացահայտելու նրանց գործողությունների դրդապատճառները կամ հոգեբանական անցումների բարդ ընթացքը: Այս առումով հատկանշական է «Հացը» պատմվածքը, որը ազգամիջյան հարաբերությունների դառը պատկեր է բացում՝  թուրք քիրվայի կողմից հայ ընկերոջ տանը սեղանին դրված հացը շրջելու դրվագով՝ մտահոգությամբ, որ ազգակիցների շրջանում կարողանա երդվել, որ հայի տանը երբևէ հացի երես չի տեսել, ինչը սրբապղծություն էր համարվում:

Գրողը նախընտրում է սովորական մի պահի մեջ բացահայտել իր կերպարներին, սովորական մի պահ, որը սկսվել է վաղուց և դեռ շարունակվելու է ապագայում: Մի փոքր բացվածքն էլ բավական է, որ հեղինակի հետաքրքրությունը շարժած մարդիկ ճանաչելի, սիրելի կամ ատելի դառնան («Չխոսկանը», «Жить стало лучше, жить стало веселее», «Վաղոն»):

Սարգսյանի պատմվածքներին բնորոշ է նաև ասելիքը հմտորեն ավարտելու կարողությունը` բառերի ու պատկերների հաճախ անսպասելի ընտրությամբ, ասելիքի խտացմամբ: «- Է՜, աշխարհ, աշխարհ, իմ ուզածը սա չէր», -այսպես է ավարտվում «Բաբուրը» պատմվածքը՝ համանուն կերպարի խոսքով: Կոմունիզմի «վեհ» գաղափարներով հայացքը ապագային հառած Բաբուրին վիճակվել էր բոլորովին այլ ճակատագիր:

Կենսական վիճակների ու մարդկային հոգեբանության աստիճանական յուրացումն արդեն որակական զգալի հասունության է հասնում վերջին պատմվածքներում, որոնք Սարգսյանը հընթացս հրապարակում է մամուլում: Այդ գործերի մեջ կան նաև  պատմվածքի, նորավեպի դիպաշարային հենքի վրա ձևևված էսսեներ, կամ այսպես ասած, տպավորությունների ուրվագրեր («Քանի դեռ ու չէ», «Հայհոյանքի ուժը»)։ «Չխոսկանը», «Ճմլված խիղճը», «Ծանրաբերդի տիրակալը», «Խորհրդավոր վերամարմնավորում», «Վաղոն, Ննջածը, Վիշապն ու Էշը», «Բախտախնդիրը» և այլ պատմվածքներ արդեն իսկ վկայում են հեղինակի գրական կողմնորոշման ձևավորման և նկարագրի հստակեցման մասին: Նա շոշափում է բարոյական, հանրային, հոգեբանական, փիլիսոփայական այնպիսի հարցեր, որոնք գոյություն ունեն մարդկային ամենօրյա հարաբերությունների մեջ: Նոր մեկնաբանություն են ստանում հայրենիքին պատուհահած վերջին իրադարձությունները՝ արցախահայության բռնագաղթն ու հայրենազրկումը։ Սրված, բևեռացված հոգեբանական վիճակի պատկերման տեսանկյունից ուշագրավ է «Ծանրաբերդի տիրակալը» պատմվածքը: Մինչև վերջին անկյունը բացվում է կերպարի՝ Արամի՝ հայրենի տուն ու տեղը թողնելու՝ խելացնորության հասնող ներքին ողբերգությունը, որ մի ամբողջ ժողովրդի ողբերգություն է:

Ամփոփելով նշենք, որ ժամանակակից կյանքի գեղարվեստական խոր յուրացումը հեշտ խնդիր չէ. դրան Սարգսյանը փորձել է հասնել մարդկային ուժեղ նկարագրի տեր անհատների ներաշխարհի բնորոշ բացահայտումներով: Նա քայլ առ քայլ գրողի աչքերով գեղարվեստորեն յուրացրել է իր տեսած իրականությունը՝ սկսած երիտասարդ տարիների կենսական տպավորություններից մինչև կյանքի սահանքներին հանդիպած տարբեր ազգության, տարբեր բնավորության, տարբեր ճակատագրերի մարդկանց՝ երբեմն ուրվագծային, երբեմն ամբողջացված պատկերները:

Առաջին պատմվածքներից արդեն պարզ դարձավ, որ Վարդան Սարգսյանը տիրապետում է կյանքի փաստերը գեղարվեստականացնելու հմտությանը: Կարևորելի է այն հանգամանքը, որ արձակագիրը նյութը վերարտադրում է տարբեր ոճաեղանակներով՝  և՛ պատմելով, և՛ նկարագրելով, և՛ ներկայացնելով: Այս կողմնորոշումը ենթադրում է նյութի զգացողության և յուրացման տարբեր շերտեր՝ եղելություն, գործողություն, բառանկարչություն: Գեղարվեստական մտածողության այս տեսակը համադրականության տարրեր ունի, որը դեռ պետք է խորանա ու հարստանա: Համոզված ենք, որ Վարդան Սարգսյան նորահայտ արձակագրի ստեղծագործական խիզախումների ժամանակը հեռու չէ:

 

[1] Սարգսյանը պատմվածքներ է հրապարակել «Գրական թերթ»-ում և «Առավոտ» լրագրում:

[2] Սարգսյան Վ., Երկաթե թիթեռնիկների մեղեցին, Ստեփանակերտ, 2020, 93 էջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։