ՀԱՍԱՆՔ ՍԱՀՄԱՆԻ՞Ն / Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Կառավարության այս առաջարկը (թե՞ արդեն որոշումը) ինձ սահման է թվում: Մեզանից կարծես թե ուզում են ուրիշ ժողովուրդ դաստիարակել, որի պատմությունը երևի կսկսվի այս կառավարության՝ իշխանության գալով:
Իմ հարցերի մեջ հեգնական երանգ կա: Բայց իրողությունը իսկապես շատ լուրջ է: Ի՞նչ է տեղի ունենում: Ինչո՞ւ է այս գաղափարը մեջտեղ եկել: Չէի ասի հանկարծակի, որովհետև կառավարության վերջին մեկ-երկու տարվա գործունեության տրամաբանությունը պիտի բերեր դրան: Կառավարությունն անսպասելի ու չմտածված (մե՛ր տեսակետից չմտածված) նորամուծություններ էր առաջարկում կրթության և հոգևոր կյանքի բնագավառներում: Կրթության բնագավառի ղեկավարները սկսեցին խուսափել հայրենասիրություն բառից, բուհերն էին միացնում, որ այդպես էլ չկարողացան, ակադեմիական քաղաքի նախագիծը մեջտեղ նետեցին, որի մեջ անհասկանալի շատ բան կար, բայց գլխավորը չկար՝ կրթության բովանդակության հստակ ուրվագիծը (կամ խուսափում են առհասարակ որևէ ուրվագծից): Ափալ-թափալ քաղաքի հատակագծի մասնագետ են հրավիրում, որը (ի՞նչ նպատակի համար) մեզ շինությունների նախագիծ է առաջարկում և այլն: Ակնհայտորեն ուզում են հոգևոր բնագավառում հեղափոխություն անել և, ինչպես վերևում ասացի, մեզանից նոր ժողովուրդ ստեղծել, և միակ ուղեցույցը այս բնագավառում արևմտյան երկրների փորձն է: «Գրական թերթ»-ի փետրվարի 9-ի համարում տպագրված հոդվածներում (մասնավորապես Ալիս Հովհաննիսյանի հոդվածում) ճշմարիտ դիտողություններ կան: Բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել կառավարության առաջարկության մեկ ուրիշ, թերևս ավելի վտանգավոր կողմի վրա: Առաջարկությունը հեռահար նպատակներ ունի՝ գիտակցում են դա հեղինակները, թե ոչ: Մենք զրկվում ենք պատմությունից: Փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում Հայաստանի պատմություն, ի՞նչ ընդգրկում ունի բուն Հայաստան հասկացությունը: Ոչ միայն պատմաբանները, այլև միջնակարգ դպրոցի շրջանավարտները գիտեն, որ հայկական պետական կազմավորումները անվերջ սահմանները փոխել են: Եվ եթե պետական ծառայողները Հայաստան ասելով՝ հասկանում են այսօրվա հանրապետությունը, նրանք պատմություն չգիտեն անգամ միջնակարգ դպրոցի շրջանավարտների չափով: Տարոնը Հայաստան չէ՞, Սասունը Հայաստան չէ՞, Վանա լիճը Հայաստան չէ՞… Չէ՞ որ այդ տարածքներում է կազմավորվել հայ ժողովուրդը, այդ տարածքներում է զարգացել նրա մշակույթը, որի հուշարձանները դեռ պահպանվել են այդ տարածքներում:
Եթե այսպես ենք նայում Հայաստանին, ուրեմն՝ Հայաստանի պատմությունը հայ ժողովրդի պատմություն է: Մեր հանրապետությունը պետական մակարդակով տարածքային հավակնություններ չունի այդ երկրամասերի նկատմամբ: Բայց դիվանագիտությունն ու պատմությունը, դիվանագիտությունն ու մշակույթը տարբեր բաներ են: Տրամաբանությունն այսպիսին է՝ ուրեմն՝ մենք պետք է հրաժարվենք ազգային էպոսից. այն կազմավորվել է Սասնա լեռներում, որն այսօր հայկական պետականության մաս չի կազմում: Մենք պետք է հրաժարվենք գրական այն երկերից, որոնք պատկերում են ազգային ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանի տարածքում: Մենք պետք է հրաժարվենք այն հրաշագեղ եկեղեցուց, որը գտնվում է Վանա լճի կղզում… Պետք է հրաժարվենք հայկական պետության հինավուրց մայրաքաղաքներից մեկից՝ գունագեղ, ավանդական Վանից, որն անմահացրեց Գուրգեն Մահարին: Եվ այլն, և այլն: Անշուշտ, դա շատ դուր կգա մեր հարևաններին: Ոչ միայն տարածքները, այլև հուշարձանները կմնան իրենց: Իսկ մեզ ի՞նչ կմնա մեր մշակույթից… Բայց պատմությունը, նախ և առաջ, մշակույթի պատմություն է: Մենք խելոք-խելոք սրբագրում ենք մեր պատմությունը և մշակույթը, որպեսզի դուր գանք մեր հարևաններին և նրանց հետ խաղաղ ապրենք: Այս ճանապարհով գուցե և հասնենք 1920 թվականի դաշնագրին, որով թուրքերը մեծահոգաբար մեզ թույլ էին տալիս ունենալ ինը հազար քառակուսի կիլոմետրանոց Արարատյան Հանրապետություն: Մեր հարևանները դա էլ կարող են մեզանից պահանջել: Սա միանգաման իրական հեռանկար է, եթե նրանք պետական մակարդակով մեզանից պահանջում են փոխել մեր Սահմանադրությունը…
Պե՞տք է որևէ ժողովրդի այդպիսի պատմություն: Մենք կամավոր մեզ դնում ենք Թուրքիայի կամ Ադրբեջանի կցորդի վիճակում: Եթե այդպես է, մենք դադարում ենք ժողովուրդ լինելուց, և պետությունն էլ արդեն մեզ պետք չէ: Կապրենք Լոս-Անջելոսում, Փարիզում, Կովկասում, Ռուսաստանում, Մերձավոր Արևելքում՝ իբրև աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի փշրանքներ, կհիշենք մեկ-մեկ, որ պատմություն ու մշակույթ էլ ենք ունեցել…
Հնարավոր է՝ գույները մի քիչ խտացնում եմ: Բայց այս ճանապարհի տրամաբանությունը այդ է: Եթե ամեն կերպ ուզում ենք հանգստացնել մեր հարևաններին, պետք է հրաժարվենք մեր պատմությունից ու մշակույթից:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։