Նարինե ԿՌՈՅԱՆ

2024-ն է մոտենում: Ասենք՝ շնորհավո՞ր:
Չէ:
Ասենք՝ շնորհ արա, եղի՛ր բարեգութ,
քանզի հիվանդ է իմ տկար հոգին, ու
մարմինս է հեգ… Երկրիս նման,
որ մոռացել են վիրահատական սեղանի վրա
ու չեն արթնացրել անզգայության անկյանք թմբիրից:
Մերկ է մարմինս, երկիրս մերկ է,
ու դանակավոր, ու դիմակավոր, նաև անդիմակ հերձողների մեջ
այնքան խաղաղ է երազը նրա՝ այնքան միամիտ…
Անդամահատման խրախճանք է գարշ.
արալեզների տեղակ վերքերդ դևերն են լիզում.
քաղցր է արյունդ, իմ անուժ երկիր, իմ երկիր անուշ:
Ուշքդ որտե՞ղ էր, երբ հուշիկ-հուշիկ,
հեզիկ քայլերով քեզ սկզբում տարան ափիոնի սենյակ
և շշնջացին կարոտ ականջիդ սիրո ներբողներ,
խոստացան եդեմ, խոստացան երազ,
որ երազանքիդ պատկերը թվաց, ու… հավատացիր:
Իսկ երբ քաշեցիր քո ազատատենչ,
անպիղծ թոքերով նիհրն ափիոնի,
քեզ վաճառեցին՝ մարմինդ շաքար շան բերան արին:
Հիմա տնքում ես, երբ ոտքդ չկա, երբ ձեռքդ են կտրում,
իսկ դու քնած ես, դու չես արթնանում:
Արգանդդ են պոկում՝ կոնքդ պատռելով,
որ մեռնես, կորչես, անժառանգ մնաս…
Արթնացիր երկիր, արթնացիր հանուն
կամ ի հեճուկս, միայն արթնացիր,
քանի սիրտ ունես, որ բաբախում է իմ համառ կրծքում:
Ասա, ի՞նչ անեմ, որ ելնես ոտքի, իմ անդամահատ,
իմ որդեկորույս, իմ ամենախեղճ ամենահզոր…
Քանի տարի է քեզ հոշոտում են բազում-բազումներ
հերձալեզների իրենց նոր տարվա սեղանի վրա:

Թող որ այս տարին լոկ մերը լինի, ու հարա՛մ լինի
բյուր ոսոխներիդ թվականը նոր՝ 21-երորդի թիվը 24:
Թող որ քամհարը մեր ձեռքում լինի.
որ կալը մաքրենք, ցորեն հավաքենք մեր շտեմարանում
ու… հարդը այրենք կրակով անշեջ,
այրենք վերջապես, այրենք մեկընդմիշտ:
Ասե՞նք՝ ՇՆՈՐՀԱՎՈՐ:
Ասենք, որ ԼԻՆԻ:

12.12.23 թ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։