Հայերս ավանդաբար Նոր տարին ընդունում ու նշում ենք որպես ընտանեկան տոն: Հնարավոր ամեն ինչ
անում ենք, որ այդ օրը տանը լինենք ու հարազատներով միասին մտերմորեն վայելենք՝ «հոգեկան
անհունության մի վայրկյան,// երբ ամեն ինչ սուրբ է թվում ու անբիծ», քանի որ յուրաքանչյուր ծնունդի
մեջ անաղարտ հոգի կա, ու Նոր տարվա հյուրընկալական բերկրանքը դրանով է պայմանավորված, ինչպես
և՝ նորացված հույս ու հավատով, որը հաջողությունների հետ հանդիպման խորհրդով է լի: Ուստի` Նոր
տարվա դիմավորման ծիսակարգի ոգին ու տոնավարը հեքիաթային բարին է, ցանկությունների,
մաղթանքների երազատեսիլ բարեխոսիկությամբ, որի կաթնային մաքրությամբ, ասես, թորվում է ապրված
անցածը՝ բերելով թարմ շունչ կենսաշարժին, նորացնելով այն ու ապահովելով շարունակականությունը
տիեզերքից մեզ բաժին տրված ժամանակում, որտեղ մենք գոյում ենք և «Կընենք պտույտ մը տիեզերքուն
վրա» օրհնությամբ արարչագործի: Հայաստանը հայերի տունն է, ուստի` թող անսասան լինեն նրա
հազարամյա պատերը և ամուր ու անկաթիլք՝ տանիքը: Նրանում թող միշտ խնկարկվեն ազգային արժեքներն,
ու սովորական կենցաղավարությունն առաջնորդվի Կաղանդ պապի տված յոթ պարզագույն խորհուրդներով՝
«փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն
և գոհունակություն»: Չեմ ուզում խորանալ երևույթների ու հարաբերությունների մեջ, կյանքի ծանրն ու
թեթևը կշռել, լավն ու վատը խոսել, ինչ-որ ամփոփում-հաշվետվություն ներկայացնել, ընդամենը ուզում եմ
նորի հավատով լի առաջ նայել ու ասել՝ «Շնորհավոր գալիք Նոր տարիդ, Հայաստա՛նս»: Վստահ եմ՝
չարենցյան գանգրահեր տղան, որ «Մեր լավ գալիքի ոսկեհեր մանուկ»-ն է, գալիք տարում կդավթանա և
արդարության հետ թևանցուկ՝ խաղաղություն կբերի Հայոց աշխարհին, և կապուտաչյա մեր հայրենիքում
նորից «երկնէր երկին, երկնէր երկիր, երկնէր եւ ծովն ծիրանի» և «Ընդ եղեգան փող ծուխ ելանէր»՝
որպես «Տէր, կեցցո՜ դու զհայս»-ի առհավատչյա։