Ադրբեջանը շարունակում է իր հետապնդումները Արցախ այցելողների նկատմամբ, ինչպես միշտ անտեսելով մարդու ազատ տեղաշարժման միջազգային իրավունքը: Արցախի մեկուսացմանն ուղղված ինչպես այս, այլև յուրաքանչյուր անհեթեթության թիրախն անշուշտ ներքին լսարանն է, նպատակը՝ հիմնավորել Ալիևի հզորության ցնորքը: Առայժմ ազերիները խուսափում են Արցախ այցի «անօրինականության» հոդվածը կիրառել ռուսների պարագայում, երբ նրանց թիվը գերազանցում է մնացյալների թվաքանակին, ինչն իր պատճառներն ունի: Ապրիլյան պատերազմի անհաջողությունից հետո Ադրբեջանը կարծես գլխի է ընկել, որ «Մադրիդյան սկզբունքներ» կոչվածը ավելի քան շահեկան է, որից հետո ռազմական հռետորաբանությունը հեշտությամբ կարելի է իրականության վերածել: Սակայն այժմ էլ կոշտացել է հայկական դիրքորոշումը, ինչն էլ ստիպում է ազերիներին նորից ու նորից Ռուսաստանի դռները թակել: Նրանք դեռ հույս ունեն, որ Ռուսաստանի միջնորդությամբ հնարավոր կլինի իրենց սցենարը գործի դնել: Եվ թեև ռուսները փոքր ինչ սրբագրել են հակամարտության կարգավորման իրենց ռազմավարությունը, այդուհանդերձ, ինչպես իրենք են սիրում ասել՝ «այն ոչ ձուկ է, ոչ՝ միս», ազերիներին ենթադրել տալով, որ կիսաբաց դուռը դեռ փակ դուռ չէ: Իսկ մինչ այդ կարելի է շարունակել սրել սահմանային իրադրությունը, խախտել պայմանավորվածությունները և Արցախի օտարերկրյա այցելուներին ձերբակալման անօրինական օրդերներ հրամցնել: «Սա Բաքվի քաղաքականության մասն է, որն սկսվել է, երբ ռուս-իսրաելացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվեց Մինսկում, սա Ադրբեջանի ահաբեկման քաղաքականության մասն է»,- ասել է Եվրախորհրդի անդամ, «կասկածյալ» Յարոմիր Շտետինան: Մյուս «կասկածյալ», Եվրախորհրդի անդամ և կառույցում Արցախի խմբի նախագահ Ֆրանք Էնգելը` ազերի պաշտոնյաներին հղած իր նամակում գրել է. «Ոչ մի միջազգային իրավունքի սկզբունք չի արգելում նման այցերը: Ոչ մի երկիր, Ադրբեջանից բացի, չի երևակայում, որ նման սկզբունք կա կամ տեքստ: Դա անում է միայն Ադրբեջանը՝ ներքին օրենքների հիման վրա, որոնք ցանկացած միջազգային սկզբունքներից ու օրենքներից դուրս են»: Այնուհետև Էնգելը շարունակում է. «Դուք հաջողության չեք հասնի, որովհետև եթե մենք ենթարկվենք ձեր կամքին, մենք գիտակցաբար և հակառակ մարդասիրական իդեալներին և եվրոպական արժեքներին, կհամաձայնեինք մեկուսացնել Ղարաբաղի բնակչությանն արտաքին աշխարհից: Մենք կնպաստեինք նրանց քաղաքական և ինստիտուցիոնալ կամարտահայտումը լռեցնելու ձեր ջանքերին: Մենք կընդունեինք, որ Ղարաբաղի ժողովուրդը պետք է մոռացվի և լքվի, որ նրանց գոյություն ունենալու իրավունքը պետք է մերժվի: Մենք դա չենք անի»: Ազերիներին նյարդայնացնում է ոչ միայն Արցախ այցելողների, այլև Արցախի պաշտոնատար անձանց մուտքը այլ երկրներ: Վերջերս Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել տեղի Հունաստանի դեսպան Դմիտրիոս Ցունգասը, որին փոխանցվել է ադրբեջանական կողմի մտահոգությունը՝ Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանի Հունաստան այցի առնչությամբ: Ազերիները նշել են, որ դա «հակասում է 2014 թվականին երկու երկրների ԱԳՆ-երի միջև ստորագրված համագործակցության մասին հուշագրին»: Հունաստանի արտգործնախարարությունն ի պատասխան հայտնել է, որ այդ այցը «անձնական բնույթ» է կրել և «ոչ մի պաշտոնատար անձ Կարեն Միրզոյանին չի ընդունել»: Իրականում Արցախի արտգործնախարարը Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել տեղի խորհրդարանում ներկայացված մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Արցախի պաշտոնատարները հաճախ են աշխատանքային այցեր կազմակերպում տարբեր երկրներ, սակայն Բաքուն ոչ միշտ է իր դժգոհությունը ցուցադրում, ինչը թուրքական դիվանագիտության հիմնարար հատկանիշներից է՝ ուժեղներին շողոքորթել, թույլերի նկատմամբ վայրահաչել: Հունաստանի նկատմամբ Բաքվի վերաբերմունքն անպայմանորեն պայմանավորված է թուրք-հունական հարաբերությունների լարվածությամբ, առիթ հանդիսանալով մեկ անգամ ևս իր հավատարմությունը ապացուցելու ավագ ընկերոջը, որովհետև Թուրքիան է միակ երկիրը, ով քաջալերում է ազերիների ռազմատենչությունը: Իսկ որ Ալիևը չի հրաժարվելու ուժային տարբերակից, անհերքելի է: Պատճառը, ինչպես նշվում է ԱՄՆ «Արտաքին հարաբերությունների խորհուրդ» վերլուծական կենտրոնի զեկույցում, այն է , որ «2016 թ. Ապրիլյան բախումները ցույց տվեցին այդ մարտավարության արդյունավետությունը: Ալիևը սուր քննադատությունների էր ենթարկվում՝ ընդդիմադիրներին ճնշելու, ակտիվիստներին կալանավորելու և խոսքի ազատության սահմանափակումների համար: Իսկ Հայաստանի հետ բախումներից հետո հայրենասիրական տրամադրություններն արթնացան, պատուհաններից դրոշներ ծածանվեցին»: Թե որքանով Ալիևին կաջողվի Արցախի դեմ սադրանքներ և դիվերսիաներ հրահրելով գահին մնալ, դժվար է գուշակել: Ադրբեջանի Փախստականների և տեղահանվածների գործերով պետկոմիտեի ղեկավար Ալի Հասանովը տագնապած է, որ ազերի երիտասարդները խուսափում են բանակում ծառայելուց: Ադրբեջանում շատերը, մանավանդ ազգային փոքրամասնությունները, հասկացել են, որ աննպատակ նահատակվում են ոչ թե հայրենիքի, այլ Ալիևի իշխանության համար, ինչի հետ դժվար է հաշտվել:
Կարդալ նաեւ․․․
ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Թովմա ՔԱՀԱՆԱ (ՎԱՀԱՆ) ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Ես հիշում եմ Գրիգոր Լուսավորչի՝ Աստծու հետ զրույցներից մի հատված…
«Ծարավ եմ, ջուր…» (գրողի մտորումներ) / Թելման ՄԱՅԻԼՅԱՆ
Գարուն է, ձնհալ: Վարարել են Աղստև, Հախում, Ջողազ գետերը, առու…
ԱՊԱՎԻՆԵԼ ԱԼԼԱՀԻ ԲԱՐԵՀԱՃՈՒԹՅԱՆԸ / Սամվել Կոսյան
Հոկտեմբերի 30-ին վերջապես մեկնարկեց «Բաքու-Թբիլիսի-Կարս» մի քանի անգամ հետաձգված երկաթգիծը:…