Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Հայրենիք

Ե՛ս եմ արքան քո զորեղ,

Ե՛ս եմ ստրուկդ խոնարհ,

Ինձանով է բոլորել

Ժամդ այսքան ժամանակ։

 

Իմ միջով է, երկի՛ր, տե՛ս,

Հոսում արյունդ ավիշ,

Իմ աջո՛վ եմ գրկել քեզ,

Ձախս՝ պարզած քո ցավին։

 

Ձախս պարզած քո ցավին,

Ես՝ քեզ, դու՝ ինձ, մենք՝ իրար…

Ինձ բաժին տուր քո կավից-

Փաթաթվենք ու վերջանանք-

 

Չվերջանանք՝ ընթանանք-

Իմ թագը՝ քեզ բախտանիվ,

Իմ արյունը՝ քեզ թանաք,

Չվերջանանք՝ ընթանանք։

 

Ինձ բաժին տուր քո կավից,

Ես՝ քո, դու՝ իմ վերքի մեջ,

Փաթաթվենք, ձգվենք ցավից,

Օրը խեղդենք դարի մեջ։

 

Ե՛ս եմ արքան քո զորեղ,

Ե՛ս եմ ստրուկդ խոնարհ,

Ինձանով է բոլորել

Ժամդ այսքան ժամանակ։

 

***

Դու չես, երկի՛ր,

Սև քարեր են,

սև ամպեր են

Ու սև արցունք –

Սև հողերին այրված սեզեր,

Այրված աշնան մնացուկ։

Դու չես, երկի՛ր,

Սև քարեր են,

սև ամպեր են

Ու սև մամուռ –

Սևին խփող մթնած սարեր՝

Դոշին դատարկ մի մատուռ։

Դու չես, երկի՛ր,

Սև օրեր են,

սև գետեր են,

Հոգսեր են սև –

Տե՛ր, ինչո՞ւ ես նորից խառնել

Հազիվ զատած լույս ու ստվեր…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։