(Հատված «Աղաների դարը և հետոն» անտիպ վեպից, 21-րդ դարի առաջին տասնամյակ)
Խչոն չի կարողանում որևէ կադր հիշել իր խառնիխուռն երազներից: Իզուր է, շատ է փորձել։ Մեկ էլ հաջորդ գիշեր՝ քնելու պահին մի աղոտ-աղոտ, մշուշոտ-մշուշոտ պատկեր, ոչ թե պատկեր, այլ մշուշի մեջ թաղված մի ուրվանկար կհայտնվի, որ հաստատ նախորդ երազից է: Ոնց որ ուզում է շարունակել առավոտվա արթնացումով ընդհատվածը: Բայց մինչև կողմնորոշվի Խչոն, արդեն քունը հաղթում է, և սկսվում է նոր խառը-խշտիկ երազների շարքը… Այստեղ Խչոն ապրում է ծանոթ սահմաններ չճանաչող մի աշխարհում, որի համեմատ արթմնի կյանքը արգելափակ տարածք է, բանտ։ Միայն մայրն ու հայրն են, որ շատ նման են իր հիշած, իրեն շա՜տ փոքր, գրկաչափ ժամանակ գուրգուրած ծնողներին։ Մայրը, որի դժվար կյանքը իր՝ Խչոյի ձեռքերի մեջ ավարտվեց Երևանում… Խչոն նրան իր մեքենայով տանում էր հիվանդանոց, ստուգման։ Վստահ էր, որ եթե բժշկի նշանակած բոլոր դեղերը բերել է տվել Ամերիկայից, Նունուշին կարգադրել է կետ առ կետ ճշգրտորեն պահպանել դրանք ընդունելու, ճնշումը չափելու, ուտելու ժամերը, մայրը երկար է ապրելու:
Վստահությունը հարյուր տոկոս էր դարձել, երբ Խչոն, բժշկի աչքերին ուղիղ նայելով, փորձել էր տնտղել նրա միտքն ու ասել էր. «Բժի՛շկ, փողի մասին չմտածես, ինչ որ է, կտամ, մի բան էլ ավել», և բժիշկը հուզիչ ձայնով պատասխանել էր. «Ради Бога, ինչի՞ մասին ես խոսում»:
Հայրը երազին գալիս է որպես մեկը, որ ոչ մի կապ չունի իրական Գրիգորի, Արեշի իրենց փողոցում ամբարտավան քայլող հյուրանոցի ադմինիստրատորի հետ։ Նա առաջինն էր Նոր-Արեշի ներգաղթյալների մեջ, որի մասին խոսվեց որպես ոչ թե միայն սիրուհի, այլ սիրուհիներ ունեցող մարդու։ Նրան Խչոն շատ էր սիրում, բայց երբ մի ամբողջ ամիս տուն չեկավ, հետո վերջապես տուն վերադառնալիս իրենց փողոցում փորձեց Խչոյին կանգնեցնել, գրկել, խոսել հետը, Խչոն այնպես կտրուկ շրջվեց, որ թևը ուժեղ հարվածելու պես դիպավ հոր կրծքին, ու փախավ նրանից։
Սրան հաջորդեց ավելի մեծ խայտառակություն։ Հորը մեռած գտան մորեմերկ՝ սիրուհուն խտտած։ Ռուս աղջկան մի կերպ էին պոկել նրա մարմնից։
Այս մասին էր խոսում ու պատմում, ու ծաղկեցնում, ու զարմանում Արեշը մի քանի ամիս՝ մինչև Մալենկովի գալը ու նրա՝ քաղաքում ոչխար, կով պահելու իրավունք տվող սովետական հրամանագիրը:
Թեև Արեշը պատրաստ չէր նման նորամուծությունների, բայց զարմանքով հասկացավ, որ ինքը այնքան էլ հեռու չէ աշխարհի անբարոյականությունից և սեփական արդար աշխատանքով իր բակում բարիք՝ կաթ, մածուն, միս ստանալու հնարավորությունից, երբ «սեփական», «սեփականություն» բառերը հավասարազոր էին «հանցանք», «հանցագործություն» բառերին։
Խչոյի տատ Արուս հանըմը, որ բացի զույգ այծից ու մի քանի հավից, ուրիշ բան պահելու միտք չուներ ու կյանքում երգած չկար, երգեց.
«Տասը ոչխար, էրկու կով,
Հոգիդ սիրեմ Մալենքով»:
Գրիգորին՝ հակառակ այս խայտառակ իրավիճակի, մոր՝ Արուս հանըմի պաղատանքով թաղեցին տերհոր՝ Կլորփորիկի արարողության ներքո։ Արուսին ճակատագրից ավելի ուժգին չնեղացնելու համար ամբողջ փողոցը մի մարդու պես հետևեց հուղարկավորության թափորին, շատերը քայլելով հասան նույնիսկ մինչև գերեզմանափոսը. մանավանդ որ Թոխմախի գերեզմանատուն տանող ճամփան հաղթահարելը նույնիսկ ծերերի համար տասը րոպեից ավելի չէր պահանջում։
Իսկ երազային մյուս մարդիկ, որ Խչոյի իրական կյանքում գրեթե տեղ չէին գրավել, երևում են ու անմիջապես էլ փոխարկվում մի այլ, հետո մյուս, այնուհետև մեկ ուրիշ մարդու։ Կարծես բոլոր այս մարդիկ նույն մարդու տարբերակները լինեն… Մի մարդ՝ տարբեր կատարումներով։ Խչոն նույնիսկ մի անգամ մտածել է՝ կարո՞ղ է կյանքի ընթացքում իրեն հանդիպած, հանդիպող, հարազատ կամ ընկեր մարդիկ հենց էդպես էլ կան՝ նույն մարդը զանազան դերերում։
Ահա Խչոն զարթնել է Գլենդելի Ադամս փողոցի իր շքեղ բնակարանում ու առաջին բառը, որ գրեթե բարձրաձայն հնչում է՝ ասես փափուկ, կարապի փետուրե բարձի միջից, սա է՝ «Կարկաչահոս»։ Ի՞նչ «կարկաչահոս»։ Խչոն նման մանրուքներին ուշադրություն դարձնող մարդ չէ, բայց ի՞նչ է այս բառը, ի՞նչ է նշանակում։ Այս անգամ նույնիսկ հիշողությունը փորփրելու կարիք չեղավ։ Հիշեց: Մի շա՜տ հին երգից երկու տող էր.
«Կարկաչահոս աղբյուրի պես
Հնչում է զիլ երգը մեր»։
Նույնիսկ մեղեդին հիշեց ու երբ լսելի ձայնով արդեն երգում էր, ներս մտավ Նունուշը, զարմացած, ապուշ կտրած հայացքով նայեց ու սպասեց բացատրության. «Էդ ե՞րբ ես երգել կյանքում ու այն էլ առավոտ շուտ»։ Խչոն նման չէր իրեն, քանի որ աչքերը բացելուն պես երգելուց հետո՝ հիմա էլ սկսել էր ծիծաղել։ Նա ձեռքով դուրս հրավիրեց Նունուշին ննջարանից այնպես, կարծես մի շատ կարևոր խոսակցություն ուներ մեկի հետ, որտեղ Նունուշի ներկայությունը պարտադիր չէր։ Բայց Խչոյի ձեռքին կամ մոտակայքում բջջային հեռախոս էլ չկար։
Նունուշի՝ տարակուսանքով հեռանալուց հետո, Խչոն ուզեց անպայման հասկանալ, թե ինչո՞ւ են իրեն առավոտ վաղ այցելել «կարկաչահոս» բառը, երգի երկու տողն ու մեղեդին։
Դրանից անմիջապես հետո հայտնվեցին.
«Սովետական արևի տակ
Ապրում ենք մենք երջանիկ» տողերը, որ անմիջապես տեղավորվեցին «կարկաչահոս» բառով սկսված տողերից առաջ, ու ամեն ինչ կարծես իր տեղն ընկավ։
Բավարարված էր։ «Չէ՛, հիշողությունս արթնանում է։ Էս որտեղի՞ց, ո՞նց հիշվեցին էս երգի տողերը»։ Բայց «որտեղիցի» պատասխանը գտնելուն հաջորդելու էր «ինչո՞ւ» հարցը, որ հանելուկ մնաց։
Երբեք իր կյանքը չի եղել կարկաչահոս։
Երգը երգում էին իրենց փողոցում 50-ականներին, Աղունի՝ ձեռքով նշան անելուց հետո։ Դրանով էր սկսվում թղթե դրոշակներով շրջափակված ամառային ճամբարի իրիկնային հանդեսը։ Խչոն, իհարկե, երբեք չէր երգում, նույնիսկ բերանը ձևի համար բացել-փակելը դեռ մանկուց նրա արժանապատվությունից ցածր էր։ Բայց պիոներներին իր մատուցած հատուկ կարգի սննդով հայտնի «Պետառ» ծաղկաձորյան ճամբարում ջոկատավար ընկեր Վահանը իրեն երգեցնելու հնարը գտել էր՝ գովում էր իր՝ ագռավի ձայնը, օրինակ էր բերում իր պահվածքը. «Աղջիկների իսկական պաշտպանն է»։ Սա նշանակում էր՝ «Աղջիկների հետ ավել-պակաս սիլի-բիլի չանես»։ Աղջիկներն իրենք էին կպնում Խչոյին, հատկապես Թիֆլիսից եկած Գղետան։ Գրետան «ր» տառը չէր գործածում, քանի որ չէր կարողանում արտասանել։ Խչոյի դուրը գալիս էր, երբ Քյաչալ սարի մացառուտները հաղթահարելիս ջոկատը փորձում էր առաջինը հասնել կատարին, Գղետան ասում էր. «Կաղաս ձեղս բղնես, չեմ կաղա վեղև բաղձղանամ»։ Իրիկնային համերգի ժամանակ Գղետան իր գորտի աչքերը մի կետի՝ հիմնականում Խչոյին հառած երգում էր «Քոբուլեթի» երգը, իսկ ճամբարը ձայնակցում էր. «Քոբո՛ւլեթի, Քոբո՛ւլեթի, շենի ճիրիմե, Քոբո՛ւլեթի, Քոբո՛ւլեթի, շեն գենացվալե»։
Խչոն իր ննջարանում երգում էր ու ծիծաղում, մինչ պատուհանին քսվող ծառի ճյուղին նստած՝ Գլենդելի հնաբնակ կոլիբրին մռութը մխրճել էր վարդագույն խոշոր ծաղկի մեջ, որի անունը Խչոն չգիտի, չի էլ ուզում իմանալ։ Ինչի՞ն է պետք: Ասենք թե՝ սիրուն է:
Գղետայի հետ կապված ամեն ինչ դեռ չէր հիշել, բայց որոշում էր անպայման հիշել, երբ «Կարկաչահոսին» հաջորդեց Սովետական Հայաստանի հիմնը՝ վաղնջական ժամանակներում Թոխմախի ափին՝ տաղավարում, կիրակի օրերին, ժամը ուղիղ 6-ին տեղավորվող փողային նվագախմբի կատարմամբ։ Ինչպես այդ պահին այգում գտնվողներից շատերի, այդպես էլ Խչոյի մտքում իրենք իրենց երգվում էին հիմնի սկզբնական ու վերջին տողերը.
«Սովետական ազատ աշխարհ, Հայաստա՛ն,
Բազում դարեր դաժան ճամփա դու անցար,
Քաջ նախնիներ մաքառեցին քեզ համար…»
և «Փա՜ռք քեզ, մի՜շտ փառք, Սովետակա՜ն Հայաստան»։
«Էլի գժվեց»,- հյուրասենյակում ինքն իրեն նեղսրտում էր Նունուշը ու մենակ-մենակ ֆռթացնում առավոտյան սուրճը։
Իսկ Խչոն որտեղից որտեղ հիմա էլ անպայման ուզում էր հիշել, թե մանկության օրերին փողոցում վոլեյբոլ խաղալիս ո՞ր աղջկան էր տալիս իր արևային քրքրված գլխարկը, երբ տղաներից ոմանք իրենց ժամացույցներն էին պահ տալիս առվի ափին նստած աղջիկներից նրան, ում սիրում էին։ Ինքը դեռ ժամացույց չուներ։ Հայրն իր խայտառակ մահից մի քանի օր առաջ էր տղայի հետ հաշտություն կնքելու պայմանով վերջապես «Զարյա» ժամացույց նվիրել։ Խչոն ցանկություն ունեցավ Նունուշին կարգադրելու. «Հըլը մի հատ էն կարոբկեն բեր, որ մեջը մորս ուլունքներն ու հորս նվիրած ժամացույցն են»։ Բայց միտքը էլի գնաց ուրիշ տեղ:
Ինքը Աղունին էր տալիս արևային գլխարկը, Աղունին։ Աղունին ինչո՞ւ չի զանգում, ինչո՞ւ չի մի 100 դոլար ուղարկում տոն օրերին։ Աղունը բոլորի քույրն էր։ Երբ Խչոյի ընկնավոր եղբայրը խեղդվեց առվակի ծանծաղ ջրի մեջ, աղջիկներից առաջինը Աղունը մոտեցավ, գրկեց իրեն քրոջից էլ պինդ։ Այն ժամանակներում աղջիկը տղային գրկելու մասին մտքով էլ չպետք է անցկացներ։ Իսկ Աղունը երբեք չէր մտածում, թե ով ինչ կասի։ Ու ոչ ոք ոչ մի անսովոր բան չէր տեսնում Աղունի վարմունքի մեջ։
«Կարկաչահոս»… Այո՛, կարկաչահոս էին Արեշի փողոցների երկու կողմերով հոսող առվակները։ Կարկաչում ու հոսում էին գրեթե միշտ, իրենց միջով տանելով բազմաթիվ վնասակար ու անվնաս, գուցե նաև օգտակար միկրոբներ։ Օգտակար էին, անշուշտ, պետքարանների միջով անցնող, կոյուղային որոշ պարարտանյութեր, որոնցով ուրախ սնվում, պտղակալում էին պարտեզների բանջարեղենը, ծառերը, որտեղից ջուր էին խմում առավոտյան մոտակա գյուղից դեպի արոտավայր գնացող, երեկոյան վերադարձող խոշոր և մանր եղջերավորները։
Խչոն վերջապես վեր կացավ։ Պիտի գնար աղջկա համար մոռագույն «Կորոլան» ձևակերպելու. սպիտակ «Կադիլակից» Նուրիցան ձանձրացել է արդեն։
Նուրիցան լավ մարդ դուրս եկավ։ Իսկը մորն է քաշել՝ խելոք, հասկացող։ Նրա համար Խչոն ոչինչ չի խնայի։ Ամերիկյան բանտում անցկացրած հինգ տարիներին զղջում էր միայն աղջկա գլխին չլինելու համար։ Թեև Նունուշից ամեն ինչ իմանում էր նրա մասին էլ, Սաքոյի մասին էլ։
Ուղեղի մեջ շատ անգամներ ծանր մուրճի պես հարվածել են Սաքոյի բառերը, երբ նա այցելել էր բանտ ու մի պահ առանձին էին մնացել. «Դու ինձ համար հեր չես եղել, միայն ծնող ես եղել։ Ի՞նչ էի արել քեզ, որ գոտիով ինձ ծեծեցիր, մինչև հիմա զգում եմ էդ ցավը։ Ինձ համար ոչ մի բան էլ չես արել։ 12 տարեկանից, ինչ մեզ բերեցիր էս քամբախ երկիրը, ինքս եմ իմ գլուխը պահել։ Հիմա էլ խայտառակ ենք եղել… Պե՞տք էր մեզ, որ Լոսի էն շոգ Նոր տարվա օրը ավտոյով ձյուն բերեիր, բերնեբերան լցնեիր բակի ավազանը, զարմացնեիր… Ոչ մի բան չես արել ինձ համար։ Դու ավանտյուրիստ ես, մանիպուլյատոր ես։ Ըսկի չեմ էլ ուզում, որ բանտից ազատվես, մենք հիմա առանց քեզ շատ լավ ենք ապրում»։ Խչոն գիտեր, որ որդին դրագի տակ էր այս բոլորն ասում, այնպես որ՝ պատասխան չտվեց։
Որոշեց անպայման Աղունին 300 դոլար ուղարկել, քանի որ նոր՝ լավաշի բիզնեսով զբաղվածության պատճառով մոռացել է նրա ծնունդը, Մարտի 8-ն ու Զատիկը շնորհավորել։ Էլի բարձր ծիծաղեց, կրկնեց «Կարկաչահոս» պիոներական բառը։ Վերջին անգամ ծիծաղել էր Լաս Վեգասում, երբ 7000 դոլար էր կրել… Ծիծաղել էր Վարդանի կնոջ հետ՝ ուրախությունից։ Նորան խաղանիվը ղեկավարող դիլլերն էր. սրտանց ուրախ էր իր հայրենակցի հաջողությամբ։ Երբ էլ Խչոն Նորային հարցնում էր. «Ո՞նց է Վարդանը», նա միշտ նույնն էր ասում. «Апаратов кормит»։ Այդ օրը երեքով ճաշեցին «Venetian»-ում։ Եվ Խչոն հենց այդ օրը որոշեց՝ անպայման Նուրիցային կնվիրի իր հավանած մոռագույն «Կորոլան», իսկ Նորային՝ որպես բախտ բերողի, իր սրտով մի ապարանջան։
Նունուշը Խչոյի հետ մի բաժակ էլ սուրճ խմեց: Դեռ փորձում էր հասկանալ, թե էլի ինչ անանուն ճանճ է կծել իր երեսուն տարվա ամուսնուն: Իզուր:
Սան Սեթի ճամփաբաժնում մի սևամորթ կին իր հնամաշ «Մերսեդեսով» խփեց Խչոյի նոփ-նոր «Տոյոտային»: Առանձնապես վնաս չեղավ ո՛չ իր և ո՛չ էլ կնոջ մեքենային: Խչոն վազեց, որ իմանա՝ կնոջ կողքին նստած մոտ երեք տարեկան երեխային հո բան չի՞ եղել: Երեխան դուրս էր թռել մեքենայի դռնից, խոշոր աչքերը լայն բացած շուրջն էր նայում: Խչոն գրկեց երեխային ու այդ պահին էր, որ մի ծանր հարված զգաց թիկունքին: «Թո՛ղ երեխայիս»,- ճչում էր մայրը՝ պատրաստ հաջորդ հարվածը հասցնելու ավտոյի բանալիով: Կարծել էր, թե ուզում են երեխային առևանգել:
– Փոլիս կանչի՛ր, թող որոշեն ինչ եմ տալու, պրծնեմ:
Խչոն իր չիմացած անգլերենով հազիվ հասկացրեց, որ ոչինչ չի ուզում, ցած դրեց երեխային, նստեց իր ավտոն, քշեց:
Չհասկացավ, մեռնում էր, դրա համա՞ր հարվածեց սյանը, թե՞ հարվածից մթագնեցին աչքերը: Նրա շուրջն սկսեցին խռնվել բոլոր ծանոթ ու անծանոթ հանգուցյալները: Մայրն ու հայրը շատ ուրախ էին, որ որդին իրենց մոտ է արդեն. ձեռքերը առաջ պարզած՝ ուզում էին հասնել, գրկել նրան, բայց դեռ մի քիչ էլ պետք է սպասեին: Նա դեռ մի անգամ էլ ժպտալով ու խռպոտ ձայնով ուզում էր երգել. «Կարկաչահոս աղբյուրի պես: Հնչում է զիլ երգը մեր: Կարկաչահոս»…