Մի անգամ, հեռավոր մի երկրում, կար-չկար մի աղջիկ կար՝ Ալինա անունով, ով ապրում էր իր մայրիկի, հայրիկի և շատ փոքրիկ եղբոր՝ Ալեքսի հետ: Ալինան շատ լավ աղջիկ էր՝ ուրախ ու բարի: Նա սիրում էր երգել, պարել, հավաքել գլուխկոտրուկներ, նաև օգնել մայրիկին խոհանոցում, հատկապես՝ թխել քաղցր ինչ-որ մի բան թեյի համար, օրինակ՝ չորաբլիթ: Նա սիրում էր դիտել մուլտֆիլմեր: Ամենաշատը նրան դուր էր գալիս «Շնիկների պահակախումբը» մուլտֆիլմը, որտեղ շնիկները հերոսաբար փրկում են փորձանքի մեջ ընկած կենդանիներին և պաշտպանում են իրենց քաղաքը չար էակներից: Այդ մուլտֆիլմում Ալինայի սիրելի հերոսներից էր դարձել փոքրիկ շնիկը՝ շնիկ-աղջիկ Սկայ անունով: Անգամ իր ծննդյան տարեդարձը Ալինան խնդրեց մայրիկին կազմակերպել այդ մուլտֆիլմի թեմայով: Նա պատկերացնում էր իրեն քաջ Սկայի դերում, հագնում էր նրա հանդերձանքը և պատրաստ էր փրկել Ալեքսին ամեն տեսակի վտանգներից: Ընդհանրապես Ալինան վառ երևակայության տեր էր, և երբ մայրիկը նրան գիշերը հեքիաթներ էր կարդում, Ալինային զայրացնում էին որոշ հերոսների անարդարություններն ու չարամտությունը: Նա՝ ինչպես Սկայը, առանց երկմտելու կարող էր հասնել օգնության, ում նեղացնում են և ամբողջ սրտով կամենում էր պաշտպանների հաղթանակը: Իսկ երբ երազանքը անկեղծ ու բարի է լինում, այն անպայման պետք է իրականանա:
Մի անգամ երեկոյան, քնելուց առաջ մայրիկը Ալինային կարդաց հեքիաթ Կարմիր գլխարկի մասին: Ալինան շատ ուշադիր էր լսում, և հետզհետե մայրիկի քնքուշ ձայնի ներքո, ինքն էլ չհասկացավ, թե ինչպես կախարդական կերպով հայտնվեց այդ հեքիաթում, Կարմիր գլխարկին հյուր: Այդ ժամանակ Կարմիր գլխարկը և մայրիկը փքաբլիթներ էին թխում հիվանդ տատիկի համար, ով ապրում էր իր խրճիթում, հարևան անտառում: Քանի որ դեպքը տեղի էր ունենում հեքիաթում, ո՛չ Կարմիր գլխարկը, ո՛չ էլ իր մայրիկը, չզարմացան աղջկա հայտնությամբ: Իհարկե, կարող էր վախենալ հենց ինքը՝ Ալինան, բայց նա չկորցրեց իրեն, բարևեց և առաջարկեց օգնել թխել փքաբլիթները, չէ՞ որ նա շատ էր սիրում օգնել մայրիկին խոհանոցում: Երբ եկավ տատիկի մոտ գնալու ժամանակը, Ալինան հիշեց, թե ինչքան անհաջողություններ են սպասվում Կարմիր գլխարկին, տատիկին և Գորշ գայլին: Նա որոշեց, որ խելքի և քաջության շնորհիվ հնարավոր կլինի փրկել իրավիճակը և կանխարգելել բոլոր մասնակիցների տառապանքները, անգամ Գայլի: Ալինան կարծում էր, որ նա այնքան էլ անխելք չէ, ում կարելի է մեղադրել ամեն առիթով, գայլին հատուկ պահվածքի համար. «դա իր էությունն է»: Վերջիվերջո մարդիկ իրենք էին եկել ապրելու նրա տարածքում: Այ, եթե հնարավոր լիներ գտնել միջոց նրա հնարամտությունները բարի նպատակների օգտագործելու համար… Հենց որ աղջիկները դուրս եկան տնից, Ալինան ասաց.
– Սիրելի՛ Կարմիր գլխարկ, ես պետք է քեզ մի շատ կարևոր բանի մասին տեղեկացնեմ: Ես եկել եմ ձեզ մոտ մի աշխարհից, որտեղ գիրք են կարդում, որտեղ նկարագրված են դրվագներ ձեր կյանքից, մենք դրանց հեքիաթներ ենք անվանում և գիտենք՝ ինչ է ձեզ հետ լինելու: Ցավոք սրտի, տատիկի տան ճանապարհին մենք կհանդիպենք Գորշ գայլին, որը պատրաստվում է քեզ ուտել:
Իհարկե, Կարմիր գլխարկը շփոթված էր, բայց ուզում էր իմանալ՝ ինչքանո՞վ է Ալինան վստահ, որ դա տեղի կունենա հենց այսօր, հակառակ դեպքում, ինչքա՞ն երկար ինքը ստիպված է թաքնվել նրանից, տնից դուրս չգալով:
– Դու շատ ճիշտ ես: Ես տեսնում եմ՝ դու քաջ աղջիկ ես, և ինձ թվում է, ես գիտեմ՝ ինչպես պետք է վարվենք: Մի անգամ հայրիկս սովորեցրեց ինձ լուծել բոլոր վեճերը՝ ոչ ոքի հետ չվիճելով, այլ պարզապես պայմանավորվելով: Օրինակ, եթե ես առավոտյան ցանկանում էի քաղցր ուտել, ապա առաջինը պետք է ուտեի շիլան, իսկ եթե ցանկանում էի դիտել իմ մուլտֆիլմը, ապա նախ պետք է հավաքեի թափթփված խաղալիքները: Այդպես հայրիկս սովորեցրեց ինձ պայմանավորվելու հմտությանը: Դա շատ լուրջ հմտություն է, որը հաճախ կարող է պետք գալ կյանքում: Մեծերի մոտ դա կոչվում է «Ընդառաջել»:
Իհարկե, Ալինան մի փոքր վախենում էր անտառում, իսկ եթե իր ծրագիրը ձախողվեր… Բայց նա հիշեց իր սիրելի հերոսուհուն՝ Սկային, և որոշեց, որ կլինի նրա նման քաջ: Ճանապարհին աղջիկները ավելի մտերմացան, պատմեցին իրենց սիրելի զբաղմունքների ու խաղալիքների մասին:
Ալինան պատմեց, թե ինչքան է իրեն դուր գալիս խաղալ չարաճճի փոքր եղբոր՝ Ալեքսի հետ, դիտել «Շների պահակախումբը», նաև՝ ինչ հաճույքով է երգում, պարում և պարապում բալետի դպրոցում:
Կարմիր գլխարկը զբաղվում էր իր սիրելի տիկնիկի զգեստների կարուձևով, սիրում էր անտառում սունկ ու հատապտուղ հավաքել և, իհարկե, երգել ու պարել:
Նրանք որոշեցին տատիկին անտառային ծաղիկների փունջ տանել: Պարզվեց՝ երկուսն էլ սիրում են վարդագույնն ու մանուշակագույնը, իսկ Կարմիր գլխարկը սիրում է նաև իր գլխարկի կարմիր գույնը, իսկ գլխարկը տատիկն էր կարել: Աղջիկները գրեթե մոռացել էին իրենց սպասվող վտանգի մասին, երբ հանկարծ թփերի միջից, խորամանկ քմծիծաղով, դուրս եկավ Գորշ գայլը:
– Օ՜, ողջո՛ւյն, աղջիկնե՜ր,- կեղծավոր հրճվանքով ողջունեց նա, ուրախանալով, որ այսօր ճաշին ունենալու է մեկ աղջկա փոխարեն երկուսը:
Բայց Ալինան հրաշալի գիտեր գայլի մտադրությունների մասին: Պետք էր շտապել նրան կանխելու համար:
– Բարև, Գա՛յլ,- անվախ նրան ընդառաջ քայլ արեց Ալինան:- Ես պետք է քեզ հետ լուրջ խոսեմ:
– Անսպասելի իրադրության շրջադա՜րձ,- քմծիծաղեց գայլը, նրան անգամ հետաքրքիր դարձավ լսել Ալինային, քանի որ երկուսին էլ ուտել դեռ կհասցներ:
– Ես գիտեմ,- կտրուկ ասաց աղջիկը,- որ դու պատրաստվում ես առաջինը ուտել ինձ Կարմիր գլխարկի հետ միասին, իսկ հետո՝ տատիկին:
– Որտեղի՞ց այսպիսի փոքրիկ աղջիկը կարող է դրա մասին իմանալ:
– Ես եկել եմ մի աշխարհից, որտեղ մենք կարդում ենք ձեր հեքիաթները, և այս պատմությունը վատ կավարտվի քեզ համար, ուր որ է՝ տեղ կհասնեն որսորդները, նրանք վաղուց են քեզ հայտնաբերել: Այդ ինչքա՞ն երկար դու պետք է նրանցից թաքնվես, իսկ կարևորը. երբ որսորդները սպանեն քեզ, դու ընդմիշտ կմնաս երեխաների և նրանց ծնողների հիշողության մեջ որպես ակնհայտ չարագործ:
Ալինան կասկած տեսավ գայլի աչքերում. մի կողմից նա միտք չուներ վստահելու այս աղջկան, ինչո՞ւ պետք է հավատա նրան, իսկ մյուս կողմից՝ որտեղի՞ց նա գիտի իր մտադրության մասին:
– Ես քեզ ապրելու հնարավորություն եմ տալիս: Ես առաջարկում եմ ընտրել՝ կա՛մ մենք քեզ թողնում ենք մեն-մենակ, որսորդների հետ, կա՛մ դու զղջում ես քո սովորությունների ու արարքների համար և հրաժարվում նախկին հանցավոր կյանքից: Մենք պատրաստ ենք քեզ այդ հարցում օգնել: Մենք կարող էինք փորձել ընկերանալ քեզ հետ և բոլորս միասին գնալ տատիկի մոտ փքաբլիթներով թեյ խմելու, իսկ ավելի ուշ, պայմանավորվել որսորդների հետ, որպեսզի նրանք քեզ չհետապնդեն: Բայց դու պետք է խոստանաս, որ կօգնես տատիկին տնտեսության հարցում և կպաշտպանես տունը քո գիշատիչ եղբայրներից: Ա՛յ, այդ դեպքում դու կդառնաս բավականին դրական հերոս յուրաքանչյուր հեքիաթում, և բոլորը քեզ կսիրեն ու կհարգեն:
Աղջիկա ասածը շատ համոզիչ էր, գայլի համար էլ ամենևին ցանկալի չէր, որ կյանքի ավարտին իր մորթին որպես գորգ հայտնվեր ինչ-որ մեկի տանը՝ պատին: Պետք է ասել, որ գայլին արդեն վաղուց էր հոգնեցրել մենությունը և ձանձրացրել սարսափելի անտառային չարագործի միօրինակ դերը: Բայց նա ելք չէր տեսնում այդ իրավիճակից, քանի որ, ինչպես աշխարհի բոլոր գայլերը, ինքն էլ անվերջ քաղցած էր: Բացի այդ, ոչ ոք երբևէ չէր առաջարկել նրան ընկերություն անել: Նա վաղուց հոգու խորքում երազում էր, որ իրեն էլ սիրեն, ինչպես բոլոր բարի հեքիաթների հերոսներին: Գայլը ցնցված էր և երջանիկ:
Ալինան, Կարմիր գլխարկը և Գորշ գայլը ուղևորվեցին տատիկի մոտ, փքաբլիթներով և ծաղկեփնջով, որի մեջ գայլը խնդրել էր ավելացնել իր քաղած երկնագույն անմոռուկները՝ նրա սիրելի ծաղիկները:
Տատիկը շատ զարմացավ, երբ թոռնուհուց բացի, տեսավ Ալինային և Գորշ գայլին, բայց նա բարի և հյուրասեր էր և ուրախ էր հյուրերի համար, հատկապես, երբ իմացավ, որ գայլը այժմ կօգնի իրեն, կայցելի ու կպաշտպանի:
Բարիանալով փքաբլիթներից հետո՝ գայլը խոստացավ վաղն այցելել երեք խոզուկներին իրենց հեքիաթում, իսկ հետո հյուրընկալել նաև ուրիշ հեքիաթներում, որտեղ նախկինում նա հայտնի էր որպես չարագործ, իսկ այժմ ցանկանում էր առաջարկել այդ հերոսներին իր ընկերությունը: Վերջապես իրականանում էր իր գաղտնի երազանքը՝ լինել բարի և ապրել ընկերների շրջապատում: Ամեն ինչ այդպես էլ եղավ: Պետք է նշել, որ գայլը հետևեց նաև Ալինայի մյուս խորհուրդներին և սկսեց հաճախ տեսակցել տատիկին՝ մե՛կ շտկելու համար թեքված ցանկապատը, մե՛կ ջրելու մարգերը: Ինչպես նաև նրան դուր եկան բազմաթիվ բանջարեղենային ուտեստները, որոնք պատրաստում էր տատիկը, հատկապես մակարոնը քերած պանրով հաճույքով էին ուտում Կարմիր գլխարկի հետ տատիկի մոտ, հանգստյան օրերին:
Երբ առավոտյան Ալինան բացեց աչքերը, իր կողքին՝ սեղանի վրա, տեսավ հեքիաթների գիրքը՝ բացված «Կարմիր գլխարկը» էջի վրա: Նա որոշեց անպայման պատմել իր անհավանական արկածների մասին տատիկին և խնդրել գրել այն ամենը, ինչ կատարվել էր նախորդ գիշեր: Նա շատ էր ցանկանում, որպեսզի փոքրիկ Ալեքսը երբ մեծանա, կարողանա կարդալ այս պատմությունը, քանի որ այնտեղ իսկապես բոլորը երջանիկ են:
Թարգմանությունը՝
Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ