Խաչատուր Աբովյանի «Աղոթարան» գրքույկը / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Աբովյանը մեր նոր պատմության ամենամեծ նահատակն է՝ անթառամ լուսապսակով զարդարված:

Ավ. Իսահակյան,

«Գրական թերթ», 1948 թ.

 

 

Խաչատուր Աբովյանի ապրած կյանքը աստվածաշնչյան հենք ունի, որը երբեմն-երբեմն հակադրության մեջ էր լինում հոգևորականների հետ, քանի որ նրա համար հոգևորն ու կրոնավոր ծիսակատարն ու ծեսը տարբեր բաներ են: Նա, լինելով մեծ լուսավորիչ ու մանկավարժ, հեղինակել է «Նախաշավիղ» դասագիրքը, որում զետեղել է դպրոցականներին հասցեագրված իր գրած աղոթքները, որոնք այժմ «Աղոթարան» վերնագրով ներկայացված են առանձին գրքույկով: «Աղոթարան»-ի նախախոսքում Նարինե Դիլբարյանը գրում է. «Խաչատուր Աբովյանի ստեղծագործության յուրօրինակ և կարևոր էջերից են ոսկեղենիկ մայրենիով՝ գրաբարով գրված բանաստեղծություն-աղոթքները, որոնք վկայում են մեծ հայի և լուսավորչի ոչ միայն առաքելական անսասան հավատի, այլև կյանքի հոգևոր ընկալման փիլիսոփայական խորության մասին»: «Աղոթք առավոտյան»-ում, հավատարիմ հոգևոր գրականության ոճականությանը, գրում է՝ դիմելով շնորհատու Հայր երկնավորին. «Տո՜ւր ինձ սիրտ մաքուր, հավատ անսասան՝ // Կատարելու օրենքները քո փրկարար: // Զորացրո՜ւ տկարիս, Եղի՜ր հար ինձ պաշտպան, // Զի լինեմ արի ընդառաջ կամքին քո արդար»: Բանաստեղծ-մանկավարժ Աբովյանի «Աղոթք դասից առաջ», «Դասի ավարտին», ինչպես նաև «բնության ամենամեծ հրաշքին՝ իրար հավերժ հաջորդող այգաբացին ու մայրամուտին» նվիրված աղոթքները՝ դպրոցականների համար գրված, պարզ են, մատչելի, հեշտ ուսանելի և ունեն բարոյախրատական խորհուրդ. «Եթե հայրական աչքը քո խնամարկու, // Չլինի պաշտպան ուսման և մարմնի մեր, // Ի՞նչ կլինի արդյունքը մեր՝ թերի, աչառու, // Ո՞ւր կհանգչենք անկայուն կյանքում մեր»:

 

Խաչատուր Աբովյանի «Բանաստեղծություններ» գրքույկը

«Աղոթարան»-ից հետո այս տարի լույս տեսավ նաև Խաչատուր Աբովյանի «Բանաստեղծություններ» գրքույկը, որը աքսիոմատիկ բնաբան ունի. «Սա կոչում եմ այժմ և այսուհետ, մինչև օրերը հավիտենական՝ Հայաստան»: Գրքույկում զետեղված բանաստեղծությունները արդիական հնչեղություն ունեն և կարևոր են մատաղ սերնդի դաստիարակության գործում:

Ես համբուրելով իմ նախնիների վայրը սրբազան, // Աղոթում էի, որ մեր աշխարհում մի պատվար լինեմ: // Եվ այսուհետև ընդդեմ թշնամյաց մի ամրոց դառնամ, // Պաշտպանեմ բոլոր տարագիրներիս՝ չհուսաբեկվեն:

Այս քառատողը Խաչատուր Աբովյանի «Բանաստեղծություններ» գրքույկի «Պատկերներ դեպի լյառն Արարատ կատարած ճանապարհորդությունից» (27 հոկտեմբերի 1829 թ.) բանաստեղծությունից է, որը գրաբարից արդի հայերեն է փոխադրել Հովհաննես Գլակը: Սա կարծես Հայրենյաց նվիրյալ զինվոր – ուխտավորի երդմնախոսք լինի՝ ասված «սուրբ Մասիս լեռան լանջերում», որը աղոթքի պես բարեմաղթանքի կատարումի ակնկալությամբ հուսադրող տագնապ ունի, երբ «Դեռ մութ գիշերվա խավարի շերտը նստած էր հաստատ: // Ու նայում էի, կանգնած անշշունջ, դեմքս՝ դեպի ցած, // Սպասում էի՝ անդ իմ երկիրն էր փլված, դիտապաստ»: Խաչատուր Աբովյանը նշանային համակարգով ու գեղարվեստական պատկերավորմամբ է ներկայացնում յուր թաքուն հակակրանքը թե՛ ռուսների և թե՛ պարսիկների հայահալած վարքի նկատմամբ, նա պայծառատեսորեն դեռ այն ժամանակ էր հասկացել, որ բոլոր ազգերն էլ բարի են այնքան, որքան իրենց ազգային շահերն են թելադրում. «Եվ սքանչելի իմ այդ երկիրը հյուսիսի կողմից // Գոռում էր սաստիկ, որոտում ուժգին լեռան երեսին. // Փչում էր դեպի խոռոչ ու ծերպեր մոլեգին հողմից, // Խլում էր, քանդում ձյունե պատնեշը՝ ամառվա կեսին: // Կնճռապատվեցին լանջերը՝ չքնաղ ու ծիծաղագին, // Զայրադեմ ճայթում, տատանում էր նա, սասանում, կոծում: // Տեղն այդ գիշերն ու արհավիրքները ահով պատեցին, // Ո՛չ քուն կար աչքիս, ո՛չ սրտիս՝ հանգիստ ժայռերի ծոցում: // Օ՛, Մասի՛ս, Մասի՛ս,- հեկեկում էի անդ զարհուրագին, – // Ինձ վրա՞ պիտի քո չարիքները թափվեին՝ հառնած: // Ու ես ցավագին շրջվեցի, աչքս՝ մո՛ւթ արևելքին,// Դարձա ողբաձայն, կուրծքս ծեծելով, հառաչով անանց»: Այստեղ տարակուսելի չէ, որ ցարական խիստ ցենզուրայի պայմաններում Խաչատուր Աբովյանը բանաստեղծության մեջ փոխաբերությունների օգնությամբ հոգու խռովքը արտահայտեր ծածկագրով, մասնավորապես հյուսիսը հասկացվի Ռուսաստան, արևելքը՝ Պարսկաստան, իսկ Մասիսը, բնականաբար՝ Հայաստանը: Այս բանաստեղծության գաղտնախորհուրդներից մեկն էլ ոգիների խմբի ավագ սեգ ալևորն է, որը թերևս ազգային իմաստության խորհրդանշան է. «Պատմի՛ր ինձ, որդյա՛կ, անսովոր փայտի մի կտորն անձև // Ճաճանչ է փռում/ լեռան շուրբոլոր լույսով ահավոր. // Նա մեր տապանի փայտից չի շինված, տեսքն է քառաթև, // Մտքին՝ անծանոթ, դեռ չտեսնված և մերձավոր»: Այստեղ «փայտի մի կտոր»-ը Աբովյանի կանգնեցրած խաչն է Մասիսի գագաթին: Ազգային իմաստությունը (ալևորի կերպարով) կասկածանքներ ունի, թե որքանով է ընտրված ճանապարհից սփռվող լույսը հարազատ ազգին, սակայն ազգի զավակը, որը Խաչատուր Աբովյանն է, ընդդիմանում է՝ փորձելով ցրել երկվությունը նրա. «Դա փայտի շերտ չէ՝ ոչ պետքական ու անշուք, չնչին բան. // Ինչպես Դու ես կարծում, Հա՜յր ազգերի, կրկնեցի նրան: // Դա դրոշակ է՝ զենք, վահան, ասպար՝ փառքի Արքային, // Որով ջարդեցին ժանիքները ցից դիվաց իշխանի»: Ենթատեքստային խորություն ունեցող «Պատկերներ դեպի լյառն Արարատ կատարած ճանապարհորդությունից» ծավալուն բանաստեղծությունը պատմություն է, իմաստությամբ երևույթների մեկնություն մի ընթացքի, որը «Հոգնած ու ջարդված, այդ ճանապարհին՝ անհարթ, ելևէջ» է, որը նրբահոգի բանաստեղծը երանգավորել է քնարականությամբ՝ տաք սիրով ու բարությամբ. «Այնտեղ նազափայլ ճեմելով, ելավ մի դալուկ լուսին. // Հրաշք տեսա ներկա և անցյալ անճառ փառքերի: // Իջավ երկնքի վարագույրը մութ, աստղեր վառվեցին, // Միտքս էլ մնաց տաք երկինքների կապույտին գերի»: Խաչատուր Աբովյանի պոեզիայի քնարականությունը թովիչ բնությամբ է շնչավորվում ու թվում է «Մե՛ղմ, հանդարտասահ զեփյուռ էր փչում՝ թո՛ւյլ ու հողմածին», երբ «դեռ չէին բացվել ծագող արևի թևերը արծաթ», ու այս թվացյալ խաղաղության մեջ ընդվզում է բանաստեղծի կարոտը. «Ո՞ւր ես, առավո՛տ, քաղցր արշալո՛ւյս, ա՛րև գերագույն, // Ո՞ւր եք, բարերար երկնի ծնունդներ գիշերահալած: // Ելե՛ք, սասանյալ սիրտ ամոքողներ, այս անձուկ մթնում, // Այս խոր դարանում, նայիր, ոսկորս մաշվեց ահառած»: Մեջբերման վերջին տողը ենթատեքստային խորություն է հաղորդում քնարականությանը՝ այն վերածելով թախծոտ ծածկագրի: Բայց և այնպես ճանապարհորդությունը՝ ավարտված լեռան գագաթին, պոետի համար պայծառատեսին հատուկ տեսիլ-իրատեսություն է դառնում, ուր պատկերվում է ապագան՝ արևի լույսի, բռնության մագիլներում ներկան՝ գիշերվա խորհրդանիշերով. «Պայծառ արևի երկնարձակ լույսի ծոցում կապուտակ // Ես նայում էի ձորին, որ ինձ նոր աշխարհ էր թվում: // Շառագունում էր երկինքը այնտեղ՝ ամպ–խորանի տակ, // Ուր ամեն կողմից գիշերվա ահեղ մութն էր հարձակվում»: «Էջմիածին»-ը և «Դրվատանք Մայր աթոռ մեր սուրբ Էջմիածնին» բանաստեղծությունները իրար հետ ասես մեկ պոեմի երկու բաժիններ լինեն, որտեղ հստակ երևում է Խաչատուր Աբովյանի հայոց պատմության քաջատեղյակ լինելը և բանիմացությունը իրենից առաջ ստեղծված գրականությանը, մասնավորապես՝ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններին, որոնք երբեք չեն հնանում, և որոնց ոճական ազդեցությունն ու նմանությունը զգալի են վերոնշյալ գործերում. Էջմիածինը, ըստ մեծ մտածողի գեղարվեստական խոսքի, «Արամյան դաշտի ծաղկածին ծոցում» և «Ի փառապսակ Հայկազյան գրոհի» բացվել է որպես Աստվածահրաշ Գրիգորյան երազ «հզոր պատվարն այս հույսի. // Սուրբ Իջումը Միածնի տրվեց Թորգոմյանց // Թափառող որդիների իջևանատեղ, // Անձամահ վշտերից մխիթարության վայր, // Երկրի խորքերում՝ փրկության տեղ: // Ի ցույց աշխարհների, ազգերի հզոր, // Ի տես բուռն դարերի, տարիների ալեկոծ, // Ի սաստումն թշնամիների՝ ստամբակ ու վայրագ, // Ի նշան փառքին՝ //Խաչին Կենսագործ»:

Խաչատուր Աբովյան բանաստեղծը նարեկյան թափով ու ուսուցանողի հմտությամբ Նոյյան Կայանի դիմաց՝ Հայկի օթևանում, արդարամիտ վկայում է. «Այստեղ խնկեցին մեր հսկաների արյունը, // Այստեղ բուրեցին մեր մանուկների փայլուն կյանքը. // Տրդատի ոտքերի փոշին երկրասաստող, // Խոսրովի կողից արյան անմեղ կաթումը. // Անակի հոգին՝ անխիղճ, խարդավող, // Գրիգորի աղերսը՝ երկնահաշտ սուրբ ձայնը. // Հռիփսիմյանց անբիծ կուսության ծաղիկը, // Գայանյանց կատարյալ երկնաթռիչք աղոթքը: // Մեկը ծաղկեցրեց դեմքը Հայաստանի, // Մեկը նսեմացրեց արևն աշխարհի. // Մեկն աղոթքներով երկինքը բացեց, //Մեկն արյան ծովի մեջ մեր երկիրը թրջեց. // Մեկը Հոր ծոցից օրհնություն բերեց, // Մեկը մեր ազգի աչքերից արցունք վերացրեց. //Մեկը բազկատարած հաշտություն մաղթեց, // Մյուսն ավերակների թիվը ավելացրեց»:

 

Վերջնախոսք

Խաչատուր Աբովյանի գիրը, իր իսկ խոսքով բնորոշած ասես լինի. «Ճարտարաձիգ ճառագայթին հայումը հոգով հեզության» մի արարչադիր խորին խորհուրդ, որպես կյանքի ճշմարիտ ճրագ – օրհնաբանություն ազգային մշակույթի սուրբ աշտանակում:

 

Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Ստամբոլցյանի ջանքերով 2023 թվականին կազմվել, խմբագրվել ու հրատարակվել է գրաբարից արդի հայերեն փոխադրված Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունների երկու գրքույկ՝ «Աղոթարան» և «Բանաստեղծություններ»: «Աղոթարան»-ը գրաբարից արդի հայերեն փոխադրել է Նարինե Դիլբարյանը, իսկ «Բանաստեղծություններ»-ը՝ Նարինե Դիլբարյանը և Հովհաննես Գլակը: Գրքույկների լույսընծայումը նվիրված է Խաչատուր Աբովյանի անհետացման հիշատակի 175-րդ տարելիցին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.