***
Մի՛ շարժվեք, ես ձեր միջով եմ անցնելու,
զգալու եմ ձեր ցավերն ու ջերմությունը,
ձեր հոգսերի դիմադրությունը, ձեր ագահության
ճնշումը երիկամներիս վրա,
ձեր ձանձրույթի բորբոսը
և ձեր չհասունացած սերը… իսկ ձեր պարտքերը,
իսկ ձեր հոգու գաղտնարանները, որոնց մեջ
ոչ մի աղոթք չկա… փշեր են ձեր պահանջները
բնության մարմնի մեջ
և քաղաքակրթության թևերն ի վեր,
ձեր երակները խցանել են անուրախ հրաժեշտները,
և երաժշտության ձայնը սղոցում է
ձեր համբերության ծառը… ամենասարսափելին,
որ լույս չկա, ու դեմքիս են բախվում
տագնապի մոծակները… այսպես
գուցե հնարավոր է ապրել,
սակայն անհավանական է թվում տեղ հասնելը…
***
Ցավը, ահա մեխը,
որ ժանգոտում է մարմնի մեջ,
երբ արցունքներն ակոսում են
ապրելու նուրբ մաշկը…
Մեխի հետմահու մեղքը
Քրիստոսի ափերն են,
երբ արյունը մերկանում է՝
չհամարձակվելով հենվել
կյանքի պատին…
Ցավը իսկապես մեխն է,
որ ամրացնում է մահը կյանքին,
ավելի ամուր,
քան թռչնի թևերն են կպած
իր հին ու նոր թռիչքներին…
***
Գուցե երազ էր, որ ծովի ջրերը
ողողում էին Հայաստանի ափերը,
և սար ու լեռ շտապում էին ջուը մտնել:
Հավանաբար երազ էր, որովհետև
ոչ մի նավ չէր գալիս
և ոչ մի նավ չէր հեռանում…
***
Թվում է՝ թռչունը թռչում է,
իրականում դաջվածք է երկնակամարին.
թվում է՝ գետը հոսում է, բայց ջուր չկա,
հոսում է ատելության լեղին,
թվում է՝ երկիրս կործանվում է,
մահվան ուրվականներն են ճանապարհին,
խաբկանք է, ամեն ինչ աղավաղում է
մեր ներսի դավաճան հայելին:
***
Այլևս հետաքրքիր չէ ապրելը,
երբ ցանկություն չկա ճանապարհորդելու,
և կարևորը,
ամենակարևորը՝
չես ուզում և խոսք չունես ասելու,
և կարևորը,
ամենակարևորը,
երբ տագնապը խժռում է սիրտդ,
տագնապը՝ հայրենիք կորցնելու:
ՀԵՔԻԱԹ
Ինչ-որ հրաշքով
խելագար այս իրականությունը
հեքիաթում հայտնվեր,
որ չարն ու նենգը
ի վերջո պարտվեին,
և երեք եղբայրներից
կրտսերը հայտնվեր,
գնար անմահական ջրի հետևից,
յոթ սար ու օվկիան անցներ,
բերեր ջուրը անմահական
և ջուրը Եռաբլուրի
հիշատակների վրա շաղեր,
որ ովքեր արդարության համար ընկան,
նորից ոտքի կանգնեն,
նորից իրենց տները վերադառնան:
***
Խաղաղության աթոռն էլի ազատ էր,
ահաբեկիչների աթոռները զբաղված էին,
սադրիչների աթոռները զբաղված էին,
մարդասպանների, պատերազմողների,
ատելության քուրմերի աթոռները զբաղված էին,
խաղաղության աթոռը շարունակում էր ազատ մնալ.
– Սկսեք, ինչ որ սկսելու եք,- հորդորեց ծաղրածուն,
անիմաստ է սպասելը, ինչ չկա,
խաղաղություն չի եղել ու չի լինելու,
խաղաղությունը միրաժ է, միրաժ էլ կմնա,
միրաժի ինչի՞ն է աթոռը…
***
Մեծամիտ լուսին,
ում է պետք քո լույսը,
որ սառն է, հուսահատության
փոշով շպարված,
այդ լույսի միջով են
քոչվորները ասպատակում
դեպի մահվան տափաստաններ…
Մեծամիտ լուսին,
ում գոյությունն իրական է,
երբ միայն խավար է ու միայն գիշեր…
***
Այս ամառն ավելի շոգ է,
մյուսն ավելի շոգ է լինելու,
մյուսներն՝ ավելի ու ավելի,
մոլորակը երևի
վերածվի տիեզերական խարույկի,
ու հնարավոր է, որ միայն
սիրո դեմքը փրկվի՝
որպես ժառանգություն
մեր երկրից մի այլ մոլորակի…
***
Ով կհուշի
ինչ է լինում, երբ չես ուզում.
ո՛չ դժոխք, ո՛չ դրախտ, ո՛չ քավարան,
պարզապես ուզում ես տեսնել
ժամանակը ոնց է վազում,
և ոնց է աշխարհը շնչակտուր
փորձում հասնել նրան…
***
Երբ և ում համար եմ գրել,
որ ճակատի գիրը տառասխալով է,
տառասխալները շատացել են,
հնարավոր չէ հաշվել,
ճակատներն էլ նեղացել են,
տուրիստի կոշիկների պես մաշվել:
Երանի սոխակին,
ո՛չ ճակատ ունի, ո՛չ ճակատի գիր,
դրանից էլ անընդհատ երգում է,
և ոչ մի բողոք, թե՝ ձանձրացրիր…
***
Ով է տեսել երեկոյան
բառի իմաստը փոխվի,
և բառը, որ շողշողում էր,
անիմաստի
բորբոսի մեջ փակվի…
***
Ամպամածություն,
տեղ-տեղ անձրև,
լեռնային գոտիներում
հնարավոր է ձյուն,
քամին վայրկյանում 20մ արագությամբ,
նույն արագությամբ էլ
ապրելու տարածությունն է քշում…
***
Հայտնվեց հայտարարելով,
որ ինքը նա է, որին ոչ ոք չի սպասում
և միշտ հայտնվում է անսպասելի
– երջանկությունն ես.
– հնարավոր է երջանկությունը լինեմ.
– փորձանքն ավելի անսպասելի է.
– ուրեմն փորձանքն եմ.
– սերը նույնպես հայտնվում է, երբ չես սպասում.
– երևի սերն էլ լինեմ.
– մահվան հետ ոնց ես.
– մահն եմ.
– ուրեմն գնա, որտեղից եկել ես.
– կգնամ, միայն էլի անսպասելի.
– հետո.
– հետո այն, որ ոչ մեկն իր կյանքի ընթացքը չգիտի,
և շատ բաներ լինում են, երբ չես սպասում,
այսինքն՝ անսպասելի…
***
Սերը չի երևում,
որովհետև միշտ ներսում է,
Աստծուն էլ ոչ մեկը չի տեսել,
նա էլ միշտ ներսում է,
կա՞ մեկը, որ իր ներսը տեսել
կամ տեսնում է…
***
Ցողը փայլում է արևի տակ,
ինչ ցող,
էլի հողն է քրտնել,
հեշտ չէ
այդքան ծառ, խոտ ու ծաղիկ
անվերջ խնամել ու կերակրել…
***
Անտեսանելի են տիեզերքի նշանները,
բայց նրանք են
ճակատագրի խաչմերուկներում
ուղղորդում՝
կյանքի որ ուղղությունն է քոնը…
***
Ամառն այնքան արագ անցավ,
Որ սպասում եմ երբ է գալու ամառը,
Աշունը տագնապ դարձավ,
Որ էլ երբեք չի գալու ամառը:
Ամեն ինչ շատ փոքրացավ
Հեչ բան է տարածությունը,
Երբ խաղաղությունը մահացավ՝
Եռաբլուրում չգտնելով իր անունը:
***
Ահա երկիրը,
որտեղ կորցրել են
ապրելու նշանակությունը,
անտարբերության կեղտաջրերը
հոսում են ուր պատահի,
այստեղ զգույշ պիտի քայլել,
կեղտաջրերը կարող են
հեղեղել սիրտդ ամեն պահի…
Այստեղով պատերազմի
ուրվականն է անցել,
սիրո նոտաներին ներարկել
ընկճախտի դժգույն հնչյուններ,
երաժշտություն չկա,
փոխարենը խռմփոցն է մահի՝
արյունոտ ոտնահետքերը
անորոշության մարմնի վրա…
***
Այդպես էլ չսովորեցինք
երջանկությունը
խնայողաբար ծախսել,
և գարնան օրով
մեր ապրելու շեմին
յասամանի փոխարեն
փշածաղիկն է ծաղկել…
***
Օրերի ծաղկեփնջի մեջ
թռչնի գրությունը,
իբր, ինքն է բարձրությունը
և ձկան գրությունը,
որ խորքը ինքն է,
հիմա ի՞նչն է իմը՝
բարձրությո՞ւնը, թե՞ խորքը,
այդպես էլ չիմանամ երևի՝
շարունակելով
բարձրության ու խորքի գովքը…