ՇՈՒՇԻԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻՆ ՌՈՒՍ ԳՐՈՂՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

1918 թվականին Ադրբեջանի Հանրապետության մուսավաթական կառավարությունը իշխանության գալու առաջին իսկ օրերից մշակել և սկսել է իրականացնել Ղարաբաղի բնիկ հայ բնակչության կոտորածի և տեղահանման ցեղասպանական ծրագիրը՝ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի ռազմական ղեկավարության անմիջական աջակցությամբ։ Հիմնական թիրախը Շուշի քաղաքն էր։ 1919 թ. հունիսի առաջին օրերին ադրբեջանական կանոնավոր զորքերը Խոսրով-բեկ Սուլթանովի գլխավորությամբ Շուշիում և շրջակա գյուղերում կազմակերպեցին հայ բնակչության ջարդեր, որոնց զոհ գնացին ավելի քան 700 արցախցիներ։ Այս առիթով բողոքի իր ձայնը բարձրացրեց Հովհաննես Թումանյանը։ Նա 1919 թ. հունիսի 22-ին Թիֆլիսում կազմակերպեց բազմահազարանոց հանրահավաք, որի անունից գրեց ուղերձ-բանաձևը՝ ուղղված Անտանտի և աշխարհի տարբեր երկրների իշխանություններին։ Միաձայն ընդունված Թումանյանի կոչում ասվում էր.
«…Անհապաղ ձերբակալել, պատասխանատվության ենթարկել ջարդի մեղավորներին, հեռացնել Ադրբեջանի ողջ ղեկավարությանը հայկական Ղարաբաղից, որը հայկական Ղարաբաղը չի ճանաչում և երբեք չի ճանաչի»։

Ռուս գրողներից արցախյան խնդրին առաջինը արձագանքեց Սերգեյ Գորոդեցկին։ Նա «Կավկազսկոյե Սլովո» թերթում հրապարակեց «Ղարաբաղ» հոդվածը, որտեղ ընդգծեց Արցախի հայության՝ հազարամյակներ շարունակ չընկճվող, հերոսական ոգին, նրա անզիջում պայքարը թշնամի ցեղերի դեմ։ Ռուս բանաստեղծը Ղարաբաղն անվանեց Հայաստանի միջնաբերդը, նրա արևելյան թևը. «Այդպիսին էր նա անցյալում,- գրում է ռուս բանաստեղծը,- այդպիսին է հիմա, այդպիսին էլ կլինի միշտ, քանի որ Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտավայրը, չի կարելի պաշտպանել, չտիրելով Ղարաբաղին։ Պատմության ընթացքում բազմիցս ասպատակության ալիքները փշրվել են Ղարաբաղի անառիկությունից… Բազմիցս Սյունիքի իշխանական մելիքությունը, որպիսին հնում անվանվում էր Ղարաբաղը, սեփական ուժերով ետ էր մղել թշնամուն։ Պատմությունը կրկնվում է, և վերջին անգամ այն տեղի ունեցավ մեր աչքերի առաջ… Երբ ժողովրդի պատմությունը երջանիկ է դրսևորվում, նա դառնում է մշակութային ու քաղաքական կենտրոն։ Երբ ճակատագիրը հետապնդում է ազգին, դառնում է ազգային կյանքի պատվար, հույսերի կղզի, վերածննդի գրավական։ Հայ ժողովրդի համար այս վերջին դերն է խաղացել ու խաղում է լեռնային մարզ Ղարաբաղը։ Ինքը՝ բնությունը, նրան հսկայական նշանակություն է տվել։ Այնտեղ, Ղարաբաղի անմատչելի բարձունքներում… երկու հազարից ավելի տարիներ հայ ժողովուրդը դիմացել է քոչվոր ցեղերի արշավանքներին, պահպանելով իր մշակույթը, պաշտպանելով իր ազգային դեմքը»։ Գորոդեցկին գեղարվեստագետի սուր դիտողականութամբ միանգամայն իրական գույներով է ներկայացնում արցախցու հերոսական նկարագիրը, բնավորության գծերը՝ համարձակությունը, ամուր կամքը, համառությունը և ուղղամտությունը։ Ռուս բանաստեղծը դրսևորում է Արցախի պատմության խոր իմացություն, ինչը հուշում է, որ նա ունեցել է լավ խորհրդատու՝ հանձին իր մեծ բարեկամ ու մտերիմ Հովհաննես Թումանյանի։ Միայն Արցախի մասին աշխատություններ ուսումնասիրելով (կարծում են, որ նա ծանոթ է եղել Մագդա Նեյմանի «Հայեր» գրքին. 1898, Ս.Պետերբուրգ) նա չէր հանգի այն եզրակացության, որ Արցախն է Հայաստանի պաշտպանը, հույսն ու գոյության երաշխիքը։ Կասկածից վեր է, որ Ամենայն հայոց բանաստեղծը և նրա որդին՝ Արտավազդը՝ Վանի վերջին հայ պարետը, Գորոդեցկուն պատմել են Արցախի պատմության և Հայաստանի համար այդ գավառի նշանակության մասին։ Գորոդեցկին կարող էր անհրաժեշտ տեղեկությունները քաղել նաև Թումանյանի տրամադրած գիտական գրականությունից։

Այս հոդվածով Գորոդեցկին կանգնեց Արցախի հայության, իր մեծ բարեկամ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և ողջ հայ ժողովրդի կողքին։

 

***

Արցախում և հատկապես Շուշիում հայկական ջարդերը կրկնվում էին։ 1920 թ. մարտի 23-26-ին ադրբեջանական զորքերը հարձակվեցին Շուշիի հայկական թաղամասերի վրա՝ հիմնովին ավերելով դրանք, կոտորելով մոտ տասը հազար հայ։ Ժամանակակից բրիտանացի պատմաբան Քրիստոֆեր Ուոլկերը իրավացիորեն նշում է, որ 1920 թ. մարտին Շուշիում հայերի ջարդերից ու կոտորածներից հետո էր, որ ադրբեջանցիները դարձան էթնիկ մեծամասնություն։ Հին հայկական քաղաքը, որի բնակչությունը հիմնականում հայեր էին, կոտորածից հետո դարձավ «ադրբեջանական քաղաք»։ Իտալացի պատմաբան Ջովաննի Գուայտան պնդում է, որ Շուշիի ջարդերի և կոտորածների ժամանակ քաղաքում մինչև 30000 հայ բնակիչ է սպանվել։ Շուշիի հայերի ջարդերին անդրադարձել են նաև ռուս գիտնական Անդրեյ Զուբովը, ամերիկացի գիտնական, Ինդիանայի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Կրուասանը, ամերիկացի պատմաբան Բենջամին Լիբերմանը, բրիտանացի լրագրող, կովկասագետ Թոմաս Դե Վաալը և այլ պատմաբաններ։ Շուշիում հայերի ցեղասպանության նախօրեին «Ադրբեջան» թերթը «Նովրուզ Բայրամ» ազգային տոնի կապակցությամբ լեգենդ է տպագրել «փրկիչ գայլի» մասին։ Տարբեր մակարդակներում առաջարկներ են արվել գայլի կերպարը դարձնել Ադրբեջանի խորհրդանիշ և այդ պատկերը դնել նորաստեղծ երկրի դրոշի վրա։ Նման առաջարկով, մասնավորապես, հանդես է եկել «Մուսաֆաթ» կուսակցության առաջնորդ Ռասուլ Զադեն։

Հայերի կոտորածներն Շուշիում ուղեկցվում էին քաղաքի հայկական հատվածը ավերելով ու հրդեհելով. հրաշքով ողջ մնացած հայ բնակչության մի մասը փախուստի է դիմել։ Սերգո Օրջոնիկիձեն, ով ակտիվորեն մասնակցել է Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատմանը, 1936 թվականին նշել է. «Ես այսօր էլ սարսափով եմ հիշում այն պատկերը, որը մենք տեսանք Շուշիում 1920 թ. մայիսին։ Հայկական ամենագեղեցիկ քաղաքը ավերվեց, հավասարեցվեց հողին, իսկ ջրհորներում մենք տեսանք կանանց ու երեխաների դիակներ»։

Տասնամյակներ շարունակ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունն ամեն կերպ փորձում էր մոռացության տալ կատարվածը, ջնջել այդ սարսափելի իրադարձությունների բոլոր հետքերը և նույնիսկ հիշողությունը եղածի մասին։ Քանդում էին հայկական եկեղեցիներն ու շինությունները՝ ոչնչացնելով հայերի ներկայության բոլոր հետքերը։ Շուշիի ողբերգությունը արգելված թեմա էր և պահվում էր ամենախիստ գաղտնիության մեջ՝ յոթ փականքի տակ։

Սակայն դա չխանգարեց, որ այդ ամենը տեսանելի դառնա ռուս գրողներին, և ռուս գրականության մեջ ստեղծվի «ուրվական քաղաքի» կերպարը։ Շուշիի ջարդերի արձագանքները իրենց արտացոլումը գտան ռուս գրողների արվեստի ու հրապարակախոսական երկերում՝ չնայած գրաքննության ու գաղափարական բնույթի արգելքներին և թեմայի վտագավոր բնույթին։ 1927 թվականին Մարիետա Շահինյանը հրատարակեց Շուշիի ջարդերի մասին իր հուշերը, որտեղ նա գրում է. «Ես տեսա Շուշիի կմախքը։ Երկու բլուր կանգնեցին իմ դիմաց՝ շարված տների կմախքներով։ Ոչինչ մնաց… ո՛չ տանիքներ, ո՛չ դռներ, ո՛չ պատուհանների շրջանակներ, ո՛չ հատակներ, ո՛չ երկաթ, ո՛չ փայտ, ո՛չ տախտակներ, ո՛չ կտուրների սյուներ, ո՛չ մեխեր. միայն քարեր, քարեր և քարեր, ինչպես անատոմիական կմախքի մաքրված, բզկտված, չորացած ոսկորներ: Հատակների փոխարեն՝ բաց անցքեր… Ամեն ինչ կրում է փշրված կրաքարի մահացու սպիտակ գույնը: Գեղեցիկ ճարտարապետության վկա եկեղեցին նայվում է որպես ուրվական… մնում է նրա երերուն կմախքը, և նա ասես մեռնողի պես լողում է այդ տեսիլքից ծակված աչքերի առջև… Առաջին բանը, որ ապշեցրեց ինձ, լռությունն էր: Ես երբեք ոչ մի տեղ նման սարսափելի լռության չեմ հանդիպել, և քեզ անմիջապես այնպիսի մի զգացողություն է պատում, թե այդ լռությունն անբնական է: Հանկարծ սկսում ես պատկերացնել, որ լռությունը մրմնջում է. քարերը շշնջում են, ցնցվում, խշխշում, իսկ գլխիդ մազերը բիզ-բիզ են կանգնում»:

Մ. Շահինյանը շարունակում է նույն սարսափով՝ այդ սարսափը փոխանցելով ընթերցողին. «Ինչ-որ տեղ խրամատներում դեռ կարելի է տեսնել կանանց մազերի փնջեր, որոնց վրա սև արյունն է չորացել։ Երևակայություն ունեցող մարդու համար դժվար է շնչել այստեղ՝ քայլում ես, քայլում ես, քայլում ես ածխացած պատերի շարունակական շարքերով, ավելի ճիշտ՝ քանդված պատերի մնացորդների միջով, շտապում ես գնալ և վախենում ես երբեք դուրս չգալ. սպասում ես, որ լռությունը փլվի վերջապես, կտոր-կտոր արվի ձեր գլխավերևում և թույլ տա ձեզ օդ լցնել թոքերիդ մեջ…»: Մարիետա Շահինյանը փաստորեն խոսում է քաղաք-ուրվականի մասին, քաղաք-ֆանտասմագորիայի, կմախքների, դևերի և ուրվականների կերպարներով տեսիլքների մասին։ Նա իր ճշգրիտ, լուսանկարչական նկարագրություններով փաստում է, որ շքեղ ու կենդանի քաղաքից մնացել է միայն նրա ուրվականն ու փախչող ստվերը։

Նույն տպավորությունը Շուշիի ավերակները գործեցին Օսիպ Մանդելշտամի և նրա կնոջ՝ Նադեժդայի վրա 1930 թվականի աշնանը՝ Ղարաբաղ կատարած այցի ժամանակ։ 1920 թվականի մարտի ողբերգական իրադարձություններից անցել էր ավելի քան տասը տարի, բայց ամենուր երևում էին հայերի կոտորածների հետքերը։ Ճանապարհին հանդիպած մահմեդականների մեջ բանաստեղծն ու իր կինը տեսնում էին հայասպաններին և նրանց անմիջական ժառանգներին։ Նադեժդա Մանդելշտամը պատմում է ավերված քաղաքի մասին, որտեղ տեսնում է աղետի և սպանդի պատկերներ, վարդագույն տուֆից պատրաստված երկհարկանի տներ՝ առանց տանիքների, առանց պատուհանների, առանց դռների, տեսնում է խարխուլ վառարաններ և կահույքի մնացորդներ։ Իր հուշերում նա գրում է. «Ասում են, որ կոտորածից հետո բոլոր ջրհորները լցվել են դիակներով։ Եթե որևէ մեկը ողջ է մնացել, ուրեմն փախել է մահվան այս քաղաքից։ Բոլոր բարձրադիր փողոցներում ոչ մի մարդու չհանդիպեցինք։ Միայն ներքևում, շուկայի հրապարակում, մի բուռ մարդիկ վազվզում էին, բայց նրանց մեջ ոչ մի հայ չկար, միայն մահմեդականներ էին»։

Օսիպ Մանդելշտամի տպավորությամբ նույնպես շուկայում հավաքված մուսուլմանները այն մարդասպաններն էին, ովքեր ավերել էին քաղաքը մեկ տասնյակ տարի առաջ։ Սպանել էին, բայց դրանից ոչինչ չէին շահել, քանի որ նույնքան աղքատ ու դժբախտ էին մնացել. «Արևելյան աղքատություն, հրեշավոր լաթեր, թարախային խոցեր դեմքերին…»: Ու թեև ամուսինները սոված էին, նրանք չեն կարողանում ադրբեջանցիներից մի կտոր հաց գնել կամ ջրհորից ջուր խմել։

Նադեժդա Մանդելշտամը ավերված Շուշիում ունեցած իր սոսկալի, սարսափելի ապրումներն ու զգացողությունները փոխանցում է այլ բառերով ու արտահայտություններով, այլ փոխաբերություններով, սահմանումներով ու ասոցիացիաներով, բայց նույնքան դիպուկ և հստակ, որքան Մարիետա Շահինյանը։ «Այս քաղաքը մուսավաթականներն արևելյան դաժանությամբ այրեցին ու թալանեցին։ Հարուստ քարե առանձնատների մեծ քաղաք, որը պահպանել է միայն փողոցներն ու տների արտաքին ձևերը, քարե պատյանը՝ արտաքին պատերը։ Ներսում ամեն ինչ քանդված է։ Ուրվականների քաղաք»։

Օսիպ Մանդելշտամի ճանապարհորդությունը Լեռնային Ղարաբաղ բանաստեղծի կենսագիր Ռալֆ Դաթլին բնութագրում է որպես վերադարձ «դեպի լիակատար խորհրդային մղձավանջ»։ Այս ճամփորդությունը բանաստեղծի վրա այնքան ուժեղ տպավորություն թողեց, այնքան ցնցեց նրան, որ նա հոգեկան ցնցում ապրեց և 1931 թ. հունիսի 7-ին, շոկային ազդեցության տակ գրեց «Ֆայտոնչին» բանաստեղծությունը։ Մանդելշտամի հայացքի առջև հառնած «ուրվական քաղաքի» պատկերն արտահայտվել է հետևյալ պատկերներով.

 

Քառասուն հազար մեռյալ լուսամուտ,

Ակնախոռոչներ մութ, սնամեջ.

Դառը տքնանքի բոժոժը հմուտ

Թաղված էր այնտեղ՝ լեռների մեջ:

Անամոթաբար շառագունում են

Մերկ տներն ու վեր նայում անթարթ,

Երկինքը վերից մեգն իր մանում է,

Որպես մուգ կապույտ ոմն ժանտախտ:

(Թարգմ.՝ Հրաչյա Բեյլերյանի)

 

Տեսածն ու վերապրածը («Քեֆ էինք անում մահվան հետ անգամ, //Ինչպես երազում զարհուրելի») բանաստեղծի երևակայության և հիշողության մեջ արթնացնում է քաջ ծանոթ հրեաների ջարդերը։

 

Ես Ղարաբաղը տեսա լեռնային,

Տեսա գիշատիչ Շուշի քաղաք,

Ուր ճաշակեցի սարսափներ մահի –

Հոգուս խռովքին համանվագ:

 

Նադեժդա Յակովլևնան Շուշիի՝ «ուրվական քաղաքի» մուտքի մոտ նկարագրելով իր առաջին տպավորությունը գրում է. «Քաղաքը սկսվում էր անվերջանալի գերեզմանոցով»։

Հենց այնտեղ՝ «Քառասուն հազար մեռյալ լուսամուտների» քաղաքում, Մանդելշտամը տեսավ ուղիղ զուգորդություն «Կարմիր ահաբեկչության» հետ, որը շքերթով անցավ ամբողջ երկրով մեկ նրա խորհրդայնացումից հետո: Հենց այդ ուրվական դարձած քաղաքում ռուս բանաստեղծն իրեն հատուկ անմիջականությամբ հնչեցրեց իր նշանավոր արտահայտությունը՝ «Շուշիում ամեն բան նույնն է, ինչ մեզ մոտ, միայն այստեղ ավելի ցայտուն է…»:

Նույն սարսափելի և նողկալի տպավորությունն էր թողել Օսիպ և Նադեժդա Մանդելշտամների վրա նրանց հանդիպած կառապանը՝ «ֆայտոնչին», որի այլանդակված դեմքը ծածկված էր կաշվե լաթով։ Նա բանաստեղծին ակամայից հիշեցրել է Ստալինի ատելի չեչոտ դեմքը՝ ծածկված տգեղ ծակոտիներով։

 

Ոմն ֆայտոնչի մեզ բաժին ընկավ.

Դեմքը խարկված էր, որպես չամիչ,

Դա դիվանքների ախպերն էր և կամ

Կարճլիկ ու նոթոտ մի հարամի:

Խոսվածքն՝ արաբի, հնչյունները՝ բարդ,

Անիմաստ կանչեր մերթ-մերթ հանում –

Որպես մի դոդոշ կամ որպես մի վարդ

Դաբաղած դեմքն էր ծո՜ւյլ պահպանում.

Դիմագծերը կոծկած սոսկալի

Արնաշեշտ մաշկի դիմակի տակ –

Քշում էր,- բայց ո՞ւր,- կառքը քառանիվ

Վայրենի ճիչով` խռպոտ ու տաք:

(Թարգմ.՝ Հր. Բեյլերյանի)

 

«Ուրվական քաղաքը», «քառասուն հազար մեռյալ լուսամուտների» քաղաքը վախի ու սարսափի, ճնշված ու մռայլ տրամադրության համար յուրովի կամերտոն դարձավ։ Հենց այդ մեռած քաղաքում բանաստեղծն ու իր կինը «քեֆ էին անում մահվան հետ»։ Մնացած բոլոր տպավորությունները՝ սարսափելի ֆայտոնչին իր «որպես չամիչ խարկված դեմքով», սարսափելի ու զզվելի էր հենց գերեզմանատան, ուրվական քաղաքի համատեքստում։

Մեռած քաղաքը, ուրվական քաղաքն արդեն ետևում էր, սակայն մռայլ տրամադրությունը, ժամանակային անանցանելիության զգացումը, վախը անհայտից, վաղվա օրվանից, խորը գիտակցումը, որ ուրվական քաղաքը չի հեռացել, չի անհետացել, շարունակում էր ուղեկցել ու հետապնդել նրան։ Ռուս բանաստեղծի համար ստալինյան բռնապետությունն՝ իր ցուցադրական բարեկեցությամբ և խնամքով ռետուշացված պատժիչ ապարատով, նույնպես՝ որոշակի առումով, ուրվական քաղաքի՝ Շուշիի մոդելն է, որտեղ արդեն ոչ թե «քառասուն հազար մեռյալ լուսամուտներ» են, այլ՝ բազմապատիկ ավելի…

 

Ես սթափվեցի. բարեկա՜մ, կանգնի՛ր,

Մեզ ձիերի հետ,- գլխի ընկա,-

Մոլորեցրե՛լ է, գրո՜ղը տանի,

Ոմն ժանտախտի մի նախագահ:

Մետաղալարից մտրակ է հյուսել,

Վարում է կառքը՝ խրախճացած,

Որ պտույտ գործի որպես կարուսել

Քաղցր ու թթվահամ հողը ճաքած…

(Թարգմ.՝ Հր. Բեյլերյանի)

 

Բանաստեղծության այդ երկու ամփոփող քառատողերում դեպի անհայտը ձիավարության ֆանտասմագորիան ձեռք է բերում միանգամայն ճանաչելի ուրվագծեր։ «Սատանայի կառապանը» այլևս այնքան էլ սարսափելի ու գարշելի չէ, քանի որ կա ավելի սարսափելի ու գարշելի անձնավորություն, կա «ժանտախտի նախագահ», որն ամենազոր է ու դաժան, որի համար մարդկային ճակատագրերը ոչ մի արժեք չունեն։

Հայտնի է, որ 1925 թվականի գարնանից Օսիպ Մանդելշտամը ստեղծագործական ծանր ճգնաժամ էր ապրում և գործնականում դադարել էր ստեղծագործելուց։ «Ուրվական քաղաքի» վերածված երբեմնի բարեկեցիկ հայկական «պարտեզ քաղաքի» ավերակների տպավորություններն այնպիսի ուժեղ հուզական ցնցում են առաջացրել, որ ռուս բանաստեղծը, վեց ամսվա ընթացքում ապաքինվելով հոգեկան ճգնաժամից, կրկին վերադարձել է ակտիվ ստեղծագործական կյանքին, և հատկանշական է, որ առաջին գեղարվեստական ներշնչանքը եղել էր Հայաստանը, որին նվիրեց բանաստեղծությունների շարք։

Արցախի նկատմամբ պատմական անարդարությունը հուզեց ռուս բանաստեղծների հետագա սերունդներին և դարձյալ ստեղծագործական ոգեշնչման աղբյուր դարձավ։ Նկատի ունենք Միխայիլ Մատուսովսկուն, Միխայիլ Դուդինին, Բորիս Չիչիբաբինին և այլոց։ Սումգայիթի ողբերգությունը խորապես անհանգստացրել էր ռուս գրողներին։

Շուշիի ջարդերի արձագանքները ռուս գրողների ու մշակութային գործիչների գեղարվեստական ստեղծագործությունների, հրապարակախոսական ելույթների և հուշերի մեջ հայ և ռուս ժողովուրդների անկեղծ բարեկամության էջերից են։ Ռուս մտավորականության հումանիզմը էթիկական նորմ է, մնայուն հոգևոր արժեք։ Այն արտահայտվում է անարդարության ու բռնության մերժման, դաժանության ու անմարդկայնության դատապարտման մեջ։ Ուրիշի դժբախտությունը կիսելու և կարեկցելու ռուս մտավորականության ունակությունը երախտիքի զգացում է առաջացնում քիչ բարեկամներ և շատ թշնամիներ ունեցող արցախցիների սրտում։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։