ՀԱՐՑԵՐ
Քանի՞ նեցուկ կա ինձ այս աշխարհում,
Ու քանի՞ անտես թևեր են նազում
Իմ ճախրանքներում…
Երազի քանի՞ ակունք կա իմ մեջ,
Ու երգի քանի՞ ծլարձակ հունդեր
Դեռ պիտ ընձյուղվեն հոգուս հերկերից…
Քանի՞ ժպիտ կա ինձ համար պահված
Բախտի անծանոթ ճանապարհներին,
Եվ ցավ ու կրքի ի՞նչ անհայտ հողմեր
Ինձ համար պիտի… հայտնաբերեն ինձ:
Սիրատենչ քանի՞ հայացք է իմ մեջ
Արյանս վազքը բազմապատկելու,
Ու քանի՞ սրտեր հայացքիս հանդեպ
Այդպես էլ հավետ փակ են մնալու…
Ու քանի՞, քանի՜ հարցով դեռ պիտի
Ինձ այսպես տանջեմ,
Մինչ գա օրը այն, երբ էլ ո՛չ հարցի,
Ո՛չ պատասխանի կարիք կզգացվի:
Ո՞Վ Է
Ո՞վ է թաքուն սնում մեր թախիծը անվերջ,
Մեր հոգում արցունքի նոր ակունքներ բացում,
Եվ մենության մթին վայրկյաններին մեր մեջ
Ո՞վ է դառնաթախիծ ու հուսահատ հեծում:
Կհանդիպե՞նք մի օր մենք երբևէ նրան,
Հին այս առեղծվածը վերջապես կլուծե՞նք,
Թե՞, մե՛րթ խռով, մե՛րթ հաշտ,
այսպես հեռվից միայն
Լուռ մի օրհնանք պիտի հղենք կամ… անիծենք:
ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ
Քո բախտի սյունից չե՛ս կարող փախչել
Ու չե՛ս թաքնվի հայացքից Աստծո.
Քեզանից առաջ շատե՜րն են փորձել
Ու դեռ շատերն են փորձելու հետո:
Շատե՜րն են փորձել՝ աշխարհից խռով,
Կյանքի հետ տալով-առնելով անվերջ.
Մե՛կն՝ ընդվզումով, մե՛կն՝ հմուտ խաղով,
Մե՛կ ուրիշն՝ անդուլ մաքառումի մեջ…
Բայց չի՛ հաջողվել դեռ և ո՛չ մեկին
Հարմարեցնել իր բախտի խաչն իրեն,
Խմբագրել քիչ գիրն իր ճակատի
Կամ ճանապարհն իր սկսել նորեն:
Ու չի՛ եղել, որ աստղի տակ մի այլ՝
Նոր օրհնանք առնի մեկը երկնքից՝
Ջնջելով ապրած օրերն իր անցյալ,
Օտարված՝ արդեն անցած ճամփեքից:
ԱՅՍՊԻՍԻ ՕՐ
Դե, այս օրն էլ այսպես անցավ-
Մի քիչ ուրախ, մի քիչ տրտում.
Մե՛կն ինձ սեր ու երգ խոստացավ,
Մե՛կը տվեց ցավեր թաքուն:
Ու թեթև՜ էր, հեշտ ամեն ինչ-
Վիշտ ու թախիծ, ժպիտ ու կանչ.
Մե՛կն հույզերով ողողեց ինձ,
Մե՛կը լքեց անվերադարձ…
Տրտունջ, օրհնանք խառնած իրար,
Զո՜ւր ես, սի՛րտ իմ, էլ կարկամել.
Վատ չէ, գուցե, որ խինդ ու ցավ
Քո մեջ կարող ես հաշտեցնել:
ՁԱՅՆԵՐ ԳԱԼԻՔԻՑ
Ինչ-որ ձայներ եմ որսում գալիքից,
Հեռու-հեռավոր մրմունջ ու կանչեր.
Համոզում անվերջ, հորդորում են ինձ՝
Չմնալ ճամփին, իրենց չլքել:
Վե՛րջ տալ դժգոհ այս քրթմնջյուններին,
Ախուվախերին իմ հուսակտուր,
Մաղձով թաթախուն դառը խոսքերին,
Հառաչներին նույն վհատ ու տխուր:
Վե՛րջ տալ ու անսալ կանչերին իրենց,
Դեպ իրենց տանող ճամփան որոնել
Ու բացվող ամեն արշալույսի մեջ
Նոր մի փայլ, թաքուն մի խոստում գտնել.
Շո՛ղն այն մշտալույս, որ հար ճառագում,
Այսօրն ու վաղը կապում է իրար,
Եվ դարեր ի վեր մութ ու մուժ ճեղքում՝
Ընդդեմ խավարի ծաղկում է շռայլ…
Ինչ-որ ձայներ եմ որսում գալիքից,
Հեռու-հեռավոր կանչեր մտերիմ,
Եվ… նահանջում են տագնապ ու թախիծ,
Եվ… կյանքն ինձ ձեռքով է անում նորից:
ԻՐԱԿԱՆ ԱՇՈՒՆ
Ոչ ոք ինձ աշնան երգը չհուշեց,
Կար, բայց նիրհում էր այն իմ խորքերում,
Լռում էր, թեև քանի՜ աշուն է
Բռնկվել-մարել անցած օրերում:
Ուրի՛շ է, սակայն, ա՛յլ աշունն այս նոր.
Արցունք է կարծես անձրևը բուրում,
Ու քամին անլուր, խուլ հառաչներով
Դեռ անհայտ ինչ-որ կորուստ է սգում:
Եվ երգն այս հանկարծ արթնացել իմ մեջ,
Արձագանքում է սգավոր քամուն,
Պաղ սարսուռներով ծավալվում անվերջ՝
Ինչ-որ կսկիծ է իմ ներսում քամում…
Բայց այնպես հաշտ է սիրտս այդ երգին,
Թախիծը այնպես հեշտ է ինձ տիրում.
Օրենք է գուցե՝ օրերը ջահել
Նման մի աշնան մեջ են ավարտվում:
ԱՆԵՐԳ ՕՐԵՐ
Աներգ օրեր են, աներազ օրեր,
Եվ սերն անտուն է, լքված ու թափառ…
Մեզ ո՞ւր ես այսպես առաջնորդում, Տե՛ր,
Թոշնած հույսերով, հավատով տկար:
Էլ ի՞նչ ես ուզում մեզ ապացուցել,
Ի՞նչ ես ցանկանում պարզել քեզ համար.
Մի՞թե այս ճամփին մեզ քիչ ես փորձել,
Քիչ ես շռայլել փորձանք ու վթար:
Եվ մի՞թե հիմա ինքդ էլ չես մրսում
Մեր շուրջ խտացող ցուրտ ու խավարից
Ու չես խլանում արդեն մե՛ր ներսում
Լսվող ավերիչ… լուռ պայթյուններից:
ԵԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ
Մանուկների նման եթե կարողանա՜նք
Հեշտ մոռացման քամուն նետել ցավերը մեր
Ու տաք արտասուքի միջից մեկեն ժպտանք,
Փոքրիկ մի արշալույս ճառագենք շուրջը մեր.
Թե նրանց պես մե՛նք էլ պես-պես հոգսերի հետ
Կարողանանք անհոգ կատակել ու խաղալ,
Կյանքի չար ու բարուն, ոխ ու դավին անգետ՝
Երջանկության զվարթ լույսերի մեջ շողալ…
Սակայն անհայտ մի օր, ինչ-որ կամքով դժնի,
Տառապանքն իր կարգն է սահմանել մեր ներսում.
Տրտմություն ու կարոտ,
վիշտ, տագնապ ու թախիծ
Տարրալուծում լռին՝ մեր խորքերն է սուզում…
Ի՞նչ կլիներ մեզ հետ ցավերի մեջ այսքան,
Մեր սրտերում՝ մխանք հազա՜ր ու մի վերքի,
Թե չվառեիր, Տե՛ր, մեր մեջ սուրբ հուրը այն,
Որից տառապանքը փոխարկվում է երգի:
ՍԱ Է ԿՅԱՆՔԸ
Սա՛ է կյանքը.
Երազների մեջ մոլորվել երանորեն,
Լուռ դեգերել այնքան, մինչև՝
Լցված հազա՜ր գույն-երանգով,
Ելնես կանչող ափն այն անհայտ,
Ուր քո բախտն է հանգրվանել:
Նրա կամքով նախ թաթախվել
Սիրո տաքուկ քնքշության մեջ,
Նրա վճռով հոգուդ խորքում
Տեղ տալ ցավին ու կարոտին
Եվ գոհ-դժգոհ, խոցված ու վեհ,
Օծված թախծով ու արցունքով,
Ճամփա ելնել դեպի այնտեղ,
Ուր, թվում է, պիտի գտնես
Բախտդ զուգող ծաղիկն հրաշք
Ու սիրտդ լուռ բոցավառես
Անմահական բույրերի մեջ…
Սա՜ է կյանքը…
Ու գնում ես դու էլ անկանգ՝
Հազարների հետքով հիմա,
Եվ հազարներ՝ քո ետևից-
Նույն անանուն ծաղկի բույրով
Հեռվից դյութված ու կախարդված:
Գնո՜ւմ ես դու ու չգիտես՝
Քեզնից առաջ մեկը արդյոք
Հոտոտե՞լ է ծաղիկն այդ թանկ,
Քեզնից հետո հասնելո՞ւ է մեկը նրան:
ՕՐՎԱ ՀԱՆԴԻՄԱՆ
Ում համար ի՞նչ ես բերում, առավո՛տ,
Ի՞նչ ես խոստանում օրվա մեջ այս նոր.
Քեզ հառված բազում հայացքներ աղոտ,
Քո դեմ՝ հուսահատ սրտեր բյուրավոր:
Ո՞ւմ ես փրկարար մի շող նետելու,
Հանելու մեռյալ թմրից կորստյան,
Ո՞ւմ ես հերթական ցավին մատնելու
Եվ ո՞ւմ տանելու նոր մի փորձության…
Մի՞թե այսօր էլ բան չի փոխվելու,
Չեն պակասելու արցունք ու թախիծ,
Անեծք-հառաչ է միայն ելնելու
Ցավատանջ, խռով բյուր հոգիներից:
Եվ մի՞թե այսպես պիտի օր առ օր
Մոռանանք շուքը արշալույսների,
Զարթնենք՝ արդեն նոր օրվանից խռով,
Դեռ անհայտ, անթիվ հոգսերին գերի:
ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Հոգիս՝ սիրո բնակավայր,
Սիրտս՝ տուն ու օրրան երգի,
Չե՛մ տրտնջում բախտիս համար,
Չե՛մ սպասում այլ մի կյանքի:
Թող որ հոգուս այնքա՜ն հաճախ
Պաղ եղյամ է նստում թախծի.
Հետո սիրո տաք հովերից
Դառնում է շո՛ղ, ոսկեփոշի՛:
Թող որ սիրտս միշտ նոր մի վերք,
Այլ մի ցավ է իր մեջ առնում,
Հետո ծնվում է նոր մի երգ,
Ու… բերկրանք է ցավը դառնում:
Եվ խինդով լի թե վշտահար՝
Տեր եմ երթին իմ օրերի,
Հոգիս՝ սիրո բնակավայր,
Սիրտս՝ հանգրվան երգերի:
ԳԱՐՈՒՆ
Սիրահարվել է արևը նորից
Ու ջեռ գգվանքով
Էլի աշխարհին ու մեզ է փարվում:
Վառում է նորից ամենքի համար
Իր ժպիտները՝ ծաղիկ առ ծաղիկ,
Ու հավերժ սիրո նոր հիմնը լսում
Հավքերի անտես, ճոխ երգչախմբից…
Դո՛ւ էլ, սիրելի՛ս,
Այդ երգը լսիր
Եվ կմոռանաս, որ մեր սիրո մեջ
Նաև ձմեռ ու ցրտեր են եղել…
ՑՈԼԱ ՎԵՐՋԱՊԵՍ
Դարձյալ՝ վիրավոր ու խոցված հավատ,
Դարձյալ՝ նորածիլ հույսեր ցրտահար.
Ամենուր տրտունջ ու խոսքեր վհատ,
Հայացքներ խոժոռ, դեմքեր վշտահար:
Եվ ասես դժնի, սև մի ուրվական
Սրտից սիրտ, հոգուց հոգի թափառում,
Սերմեր է շաղում մեր մեջ չարության,
Կասկածի փուշը անդուլ ոռոգում:
Ո՞ւր է այն ձեռքը, որ բյուր սրտերից
Տատասկն այդ պիտի մեկընդմիշտ հանի:
Ո՞ւր է հայացքն այն, որ մեր խորքերից
Ուրվականն այդ սև դուրս պիտի վանի:
Եվ ո՞ւր է, ո՞ւր է այն ձայնը, որից
Պիտ արդարության դռները բացվեն,
Ու սուտ սրբերի, չարքերի դեմ պիղծ՝
Ճշմարտության պիրկ նետերը շաչեն…
Վիրավոր հավատ, ցրտահար հույսեր…
Քանի՜ անգամ է կրկնվել այսպես,
Բայց հույսի մի շող համառում է դեռ.
Սո՛ւրբ ճշմարտություն, ցոլա՛ վերջապես: