Բոստոնաբնակ բանաստեղծ Ավիկ Դերենցը Հայաստան կատարած երկշաբաթյա ուղևորությունից հետո վերադարձավ Բոստոն: Վերադարձավ ծանրաբեռ՝ Հայաստանում տպագրված «Կենաց լույս», «Հավատքի տաղեր» և «Մատյան հայրենյաց» նորալույս գրքերի գինեձոնն անելով իր հայրենակիցների հետ, վերջիններիս գնահատանքի խոսքերից ու բարեմաղթանքներից շոյված, նոր արարումների խոստումներ տալով: Վերադարձավ Երևանում, Գյումրիում, Վանաձորում կայացած շնորհանդեսներից, գրչակից ընկերների ու ընթերցողների հետ հանդիպումներից ստացած անջինջ տպավորություններով: Նա ամենուր բաժանեց իր գրքերը, և Ավիկի քնարերգությունը գտավ իր ընթերցողներին, ովքեր Դերենցին արդեն ճանաչում էին Հայաստան կատարած նրա նախորդ այցերից և համացանցում պարբերաբար տեղադրվող նյութերից: Դերենցի գոհունակ ժպիտը, հայացքի գեղեցիկ խոնարհումով հայտնած շնորհակալությունը հայրենակիցներից բաժանումի կարոտի պատկեր դարձան, և այդ պահից սկսած կարոտն առ Հայրենիք նորից թառեց բանաստեղծի հայացքին ու շուրթերին:
Եվ նորից կարոտն է անբաժան ուղեկիցը մնում բանաստեղծ Դերենցին, որից և ծնվելու են նոր բանաստեղծություններ՝ գովք առ Հայրենիք:
Ավիկ Դերենցն իր յուրովի պատկերացումներն ունի Հայրենիքի մասին: Այն արյան ու ավիշի հետ Ավիկի մեջ է, ինչպես անկեղծ հավատացյալն է իր մեջ պահում Աստծուն: Բանաստեղծի տողերում «կարոտ կա վառման», այդ կարոտը նա լցնում է առ Հայրենիք իր քնարերգությամբ, որով և գունավորում է «օրերն իր կյանքի»: Երբ Հայրենիքից հեռու Բոստոնում է, նա իր մտորումներում շարունակ ձևավորում, գծագրում, գեղեցիկ տեսքի է բերում Հայրենիքը՝ ի՛ր պատկերացրած Հայրենիքը: Դա իր գերդաստանի արմատների հրամայական կանչով պատկերված Հայրենիքն է, և բանաստեղծի հաստափոր գրքերում ծվարած նրա բանաստեղծությունները հենց իր ա՛յդ որոնումի արտահայտությունն են: Ավիկի պատկերացումների Հայրենիքը հեռավորություն չունի՝ նա միշտ Ներկա է, և բանաստեղծն այդ շոշափելի ներկայությամբ է «երազների գունեղ կամար» հյուսում այնտեղ, որտեղ կան «Լույսի օրորոցներ, բախտի հմայիլ, անպատմելի հրաշք, երազ գունագեղ ու լեռներ խրոխտ…»:
Միշտ ուրախացել եմ, որ խուռներամ է Ավիկի ընթերցողների, Ավիկի գրի երկրպագուների բազմությունը: Ուրախանում եմ, որ այդքան համակիրներ ունի, ուրախանում եմ, որ հայաստանյան ուղևորություններին Փարիզից Ավիկին է միանում ու նրա ուղևորությունների մշտական ընկերն է Ավիկի պոեզիայի ասմունքող, հայ իրականության մեջ արդեն մեծ համարում ունեցող, Փարիզի հայկական ռադիոյի երկարամյա աշխատակցուհի Նվարդ Մնացականյանը: Նվարդն արդեն համընդհանուր ճանաչում ունի համացանցում ընդհանրապես և պոեզիայի երկրպագուների շրջանում մասնավորապես: Ընկերասիրության այս ի՜նչ գեղեցիկ դրսևորում է՝ Նվարդն իր ամուսին Սամվելի հետ միանում է Ավիկի ուղևորություններին և բոլոր հանդիպումները հրաշալիորեն զարդարում է իր գեղեցիկ ասմունքով: Եվ Ավիկի պոեզիան, որ ինձ շատ ծանոթ ու հարազատ է, մի ուրիշ երանգ, մի ուրիշ գունավորում է ստանում Նվարդի շենշող ասմունքով:
Ավիկ Դերենցը բազմաժանր գրող է՝ սեր, հայրենասիրություն, խոհափիլիսոփայական բանաձևումներ: Այս վերջինները աֆորիզմների առանձին հավաքածու կարող են դառնալ: Իսկ բանաստեղծի սիրո քնարերգությունն արդեն չափազանց սիրելի է երիտասարդ ընթերցողին:
Երանի Ավիկին, որ այսպես համընդհանուր ճանաչում ու սեր ունի հայերի շրջանում: Սերն ու ճանաչումն ինքնին գալիս են, եթե հեղինակի ասելիքը սրտամոտ է ընթերցողին, եթե պոետը թարգմանն է դառնում ընթերցողի այն ամեն, ամեն մտորումների, որոնք չեն բարձրաձայնվում: Դրանք բարձրաձայնում է բանաստեղծը, և դրանում է նրա պոեզիայի հմայքը:
Սպասենք նոր արարումներով ծանրաբեռ նոր այցելությանը Հայրենիք: