Վարդատոնը սկսվեց Սայաթ-նովայի՝ Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ գտնվող շիրմաքարին վարդեր խոնհարելով, իսկ նրան նվիրված միջոցառումն անցկացվեց Թբիլիսիի Մեյդան թաղամասի հրապարակում։
«Ավանդական տոնը, որը նշվում է ամեն տարի մայիսին, այս տարի առավել խորհրդանշական է, քանի որ տոնը համընկավ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրվա հետ»,- ասաց «Վիրահայերի միություն» ՀԿ-ի ղեկավար Մարի Առաքելովան, ով նաև վարում էր հանդիսությունը։
Շնորհավորանքի ջերմ խոսքեր ասաց և հայ-վրացական հարաբերությունների զարգացումը կարևորեց Թբիլիսիի ավագանու նախագահի տեղակալ Թինաթին Նիբլոշվիլին։
«Գրեթե 100 տարի և ավելի, մշակութային այս քաղաքում նշվում է այս տոնը, որը նվիրված է Կովկասի աշուղին՝ Սայաթ-Նովային: Այս տոնին մասնակցում եմ առաջին անգամ, ինձ համար սա շատ հաճելի է, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այսօր այստեղ են, և նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս գործում»,- իր ելույթում մասնավորապես ասաց Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:
Վրաստանի ԳՄ նախագահ, անվանի բանաստեղծուհի Մաղվալա Գոնաշվիլին իր ելույթում հայտնեց. «Մյուս տարին հոբելյանական է, լրանում է Վարդատոնի 110-ամյակը: Այդ առիթով առաջարկում եմ, որ «Սայաթ-նովայի» անունով մրցանակ սահմանենք, որը կտրվի այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս գործում»: Նա անդրադարձավ հայ-վրացական գրական սերտ կապերին, որոնք ավելի բազմաճյուղ են դարձել ՀԳՄ երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի օրոք և շարունակվում ու զարգանում են ներկայիս նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ջանքերով։
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի և իր անունից ողջույնի խոսք ասաց ՀԳՄ նախագահության անդամ, Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը. «Ներկաներից շատերը գիտեն, որ Վարդատոնն առաջին անգամ տոնել են 1914 թվականին Թբիլիսիում՝ Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրացի բանաստեղծ ու գրականագետ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ։ Վարդատոնն ավելի քան 100 տարի հայ-վրացական բարեկամության ու եղբայրության մի առանձնահատուկ խորհրդանիշ է դարձել։ Այդ բարեկամությունը դրսևորվում է նաև գրական սերտ կապերով, որոնք գալիս են խորհրդային տարիներից և նոր որակ ու բովանդակություն են ստացել մեր երկու երկրների անկախացումից հետո։ Հատկապես վերջին երկու տասնամյակում վրացի անվանի գրողների բազմաթիվ գրքեր են տպագրվել հայերեն թարգմանությամբ, նաև հայ գրողների շատ գրքեր տպագրվել են վրացերեն թարգմանությամբ (այս գործում մեծ դեր է խաղացել լուսահոգի գրող Անահիտ Բոստանջյանը)։ Լավագույն ավանդույթները պահպանվում և զարգանում են։
Անցած տարի ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանի նախաձեռնությամբ Երևանում հրատարակվեց «Բազմաձայն երկիր Վրաստանը» անթոլոգիան, որում տպագրվել են հայ գրողների՝ մեր եղբայրական երկրին նվիրված ստեղծագործություններ, այդ թվում նաև իմ ծննդավայրին նվիրված «Խոժոռնի» պոեմս։ Տիկին Գոնաշվիլու հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս գիրքը տպագրվի վրացերեն թարգմանությամբ։ Միջոցառումից առաջ Մ. Գոնաշվիլուց տեղեկացա, որ հիշյալ գիրքը վրացերեն կհրատարակվի այս տարվա սեպտեմբերին։
Վերջերս ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի և Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շալվաշիձեի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-վրացական մշակութային համագործակցությունն ավելի սերտացնելու մասին։ Բազմաթիվ ծրագրեր կան, որոնք պետք է իրականացվեն մեր համատեղ ջանքերով։
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի և իմ անունից բոլորիդ շնորհավորում եմ Վարդատոնի առթիվ։ Մեր երկու երկրներին մաղթում եմ կայուն խաղաղություն, իսկ հայ և վրացի գրչակից ընկերներիս՝ ստեղծագործական նորանոր նվաճումներ»,- մասնավորապես ասաց Մ. Միկոյանը։
Վարդատոնին մասնակցում էր ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ղեկավարած «Սայաթ-Նովա» համույթը, որը հանդես եկավ մեծ աշուղի երգերի հայերեն և վրացերեն կատարումներով։ Պարային ու երաժշտական կատարումներով հանդես եկան նաև Հայաստանից ու Վրաստանից երգիչներ, երաժշտական և պարային համույթներ, ասմունքողներ։ Մինչև ուշ երեկո հրապարակում հնչում էին Սայաթ-Նովայի անմահ ստեղծագործությունները, որոնք ջերմությամբ և ոգևորությամբ էին ընդունվում հարյուրավոր թբիլիսցիների և հյուրերի կողմից։
Սեփ. լրտ.