ԳՐՈՂԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Երևանի պետական համալսարանի ուսանողների համար ավանդույթ է դարձել ամեն տարի հյուրընկալել Արցախի գրողների միության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանին: Գրող, որի ստեղծագործությունն այնքան ջերմորեն է ընդունում ուսանողությունը: Վ. Հակոբյանն այս անգամ ևս դատարկաձեռն չէր. նա համալսարանականներին ներկայացավ իր երկերի վեցերորդ հատորով և «Նշանագրություն լուսնի վրա» գրքով:
Մայիսի 29-ին ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց բանաստեղծի կյանքին և գործունեությանը, նրա անցած հերոսական ճանապարհին, ստեղծած հարուստ և բազմաժանր գրականությանը:
Ցերեկույթը բացվեց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողուհիներ Սիլվի Տիգրանյանի, Վարսինե Հայրապետյանի, Արևիկ Գրիգորյանի, Իվետա Էվինյանի և Նորա Հայրապետյանի գեղեցիկ ասմունքով:
Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում նշեց. «Այսօր Հայաստանում հզոր գրականություն է ստեղծվում, իսկ կյանքը հաղթահարելու ամենաբարձր ձևը գեղարվեստն է: Շնորհավորում եմ բոլորիս` Վարդան Հակոբյանի պոեզիայի գոյության համար: Վարդան Հակոբյանը մեր առաջնակարգ պոետներից է: Մշակույթն ու գիտությունը գործիք են փոքր պետությունների գոյատևման համար»:
Տպավորիչ էր Զորի Բալայանի ելույթը. «Վարդանը Արցախյան համազգային շարժման ամենակարկառուն դեմքերից է: Նա միշտ ազատագրական պայքարի հորձանուտում է` թե՛ գրչով, թե՛ որպես անվեհեր մարտիկ: Վարդանն իր ընկերների հետ` Հրաչյա Բեգլարյան, Գուրգեն Գաբրիելյան, գրել է 1988-ի պատմական նամակը` Արցախը մայր Հայաստանին միացնելու պահանջով: Նախաձեռնող խմբի կողմից նրան էր վստահված 1988-ի պատմական նստաշրջանի անցկացումը, որը և կատարվեց պատվով: Վարդանը լեգենդար «Կռունկի» փոխնախագահն էր: Ու պատահական չէ, որ հենց ինքը` Վարդան Հակոբյանը, դարձավ ազատագրված, անկախ Արցախի պետական հիմնի հեղինակը»:
Իսկ արձակագիր և հրապարակախոս Բակուր Կարապետյանը, ով ժամանակին որպես հեռուստալրագրող հաճախ էր լինում Արցախում և հարցազրույցներ ունենում արցախյան ազատագրական շարժման ակունքում կանգնած գործիչների, այդ թվում և Վարդան Հակոբյանի հետ, իր խոսքի մեջ շեշտը դրեց բանաստեղծի ու նրա պոեզիայի մարտական ոգու վրա:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակից Վ. Գրիգորյանն իրեն երջանիկ է համարում, որ ծնվել և ապրում է մի ժամանակաշրջանում, որտեղ Վարդան Հակոբյանի նման տաղանդավոր գրողներ են ապրում ու ստեղծագործում:
Գրականագետ Սուրեն Աբրահամյանն իր ելույթում կանգ առավ բանաստեղծի պոեզիայի գեղարվեստական մի շարք առանձնահատկությունների վրա` դիտարկման նյութ դարձնելով նրա նորարարական մտածողությունն ու գեղագիտական աշխարհայացքը, վերլուծեց գրողի «Բանաստեղծություններ` չորս գրչանցումով» պոեմը:
ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը խոսեց բանաստեղծի առաջին ստեղծագործություններից մինչև վերջերս լույս տեսած ժողովածուի միջև ընկած ժամանակում գրողի մտածողության վերընթաց զարգացման ու գեղարվեստական նշանակալի ձեռքբերումների մասին, ընդգծեց, որ փիլիսոփայական խոհը նրա մտքին տալիս է աննախադեպ խորություն` տրամաբանորեն այն տանելով դեպի անակնկալ ավարտ, որը և ստեղծագործությունը դարձնում է առավել հետաքրքիր ու խորիմաստ:
ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախագահ Կարինե Դավթյանը ողջունելի է համարում այն հանգամանքը, որ այսօրվա սերունդը սիրում և գնահատում է մեր մշակույթի մեծերին, այդ թվում` Վարդան Հակոբյանին: Ներկաները ջերմորեն ընդունեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, ռեժիսոր Արսեն Ղազարյանի ելույթը: Սրտառուչ էր նաև համալսարանի ուսանող, Վարդան Հակոբյանի թոռ Հարութ Հակոբյանի ելույթը:
Վերջում Վարդան Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին` իր գրական վաստակը բարձր գնահատելու և ջերմ խոսքերի համար. «Ես այսօր տեսա ձեր հարգանքն իմ բառի հանդեպ, իմ պարտքն եմ համարում ձգտել ու ավելի արժանի լինել ձեր դրվատանքի խոսքերին»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։