«Մենք և աշխարհը» շարքի հերթական՝ «Խղճի բանաստեղծը» գիրքը նվիրված է բուլղար մեծ բանաստեղծ Պեյո Յավորովի ծննդյան 145-ամյակին («Ծիծեռնակ» հրատարակչություն)։ Գրքի նախագծի հեղինակն ու կազմողը բանաստեղծ, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն է։ Այնտեղ տեղ են գտել Պ. Յավորովի հայտնի «Հայերը» բանաստեղծությունը բուլղարերեն և հայերեն երեք՝ Սիլվա Կապուտիկյանի, Համո Սահյանի, Գևորգ Էմինի թարգմանությամբ, ինչպես նաև գնահատանքի խոսքեր, բանաստեղծություններ, ակնարկներ, 2018 թ. Բուլղարիայում Պ. Յավորովի ծննդյան 140-ամյակի առթիվ տեղի ունեցած հանդիսությունների լուսանկարներ և նյութեր։ Հանդիսությանը հրավիրված էր նաև ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը։
Օրերս՝ մայիսի 26-ին, ՀԳՄ նախագահի հյուրն էին Բուլղարիայի Չերպան քաղաքի Պ. Յավորովի տուն-թանգարանի տնօրեն Թեոդոր Իվանովը և Բուլղարիայի Պ. Յավորովի հիմնադրամի անդամ Գրիգոր Սրենցը։ Ծավալված զրույցի ընթացքում երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հայաստանում և Բուլղարիայում հրատարակվի «Մենք և աշխարհը» շարքից հայ գրողները Բուլղարիայի և բուլղար գրողները Հայաստանի մասին գիրքը։ Նշվեց նաև, որ բուլղար մեծ բանաստեղծի ծննդյան 145-ամյակի առթիվ տեղի կունենան հանդիսություններ Երևանի Պ. Յավորովի անվան դպրոցում և այլուր։
Նրանք տեղյակ պահեցին, որ Չիրպանի քաղաքապետարանը դիմել է Սևանի քաղաքապետարանին՝ բարեկամանալու, քույր քաղաքներ դառնալու մտադրության մասին։
Հանդիպման ավարտին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հյուրերին նվիրեց իր հեղինակությամբ տպագրված «Խղճի բանաստեղծը» գրքից օրինակներ։