Դպրոց Զապել Եսայանի անունով

 

 

Երևանի թիվ 180 դպրոցն այսուհետ կրելու է 20-րդ դարի գրող, հրապարակախոս, գրականագետ, ազգային-հասարակական գործիչ Զապել Եսայանի անունը: Անվանակոչության արարողությանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը և ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Որևէ գործչի անունով դպրոցների անվանակոչությունը նախարարը համարել է պատասխանատվություն ոչ միայն նրանց պատմական դերը, փորձն ու ժառանգությունը, գիտելիքը, թողած արժեքները շարունակաբար նորացնելու և առաջ տանելու, այլև պատասխանատվություն դպրոցի օրինակելիության համար. «Զապել Եսայանի անվան դպրոցը պետք է մատնանշենք որպես կրթական որակի չափանիշ և ուսումնառության լավագույն միջավայր»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ևս կարևորել է Զապել Եսայան գործչի ուղենշային դերը:

«Սա կարևոր գործընթաց է, որով նշանավորում ենք հայ կնոջ՝ հասարակական, քաղաքական գործիչ Զապել Եսայանի դերը մեր պատմության և ապագայի տեսանկյունից: Փորձը ցույց է տալիս, որ կանայք ավելի պատասխանատու են ու հետևողական, և նրանց դերը մեր հասարակական կյանքում պետք է ավելի բարձրացվի»,- իր խոսքում նշեց Տիգրան Ավինյանը:

«Նաիրյան» վոկալ անսամբլը դպրոցի սաների հետ ներկայացրեց «100 տարի անց» բեմականացումը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։