ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ
Չէ՛, ես վերջին պոետդ չեմ
Ու զինվորդ անել,
Արեգակիդ մի շողիկն եմ,
Պողիդ համար՝ անթեղ.
Պատմությանդ մի տողն եմ ես,
Հոգսակիրդ հոժար,
Ամենուրեք՝ քո դեսպանը,
Սիրահարը խոնարհ.
Քո հասարակ զինվորն եմ ես՝
Անկանչ ելած մարտի,
Ու չի գնում նա մեռնելու,
Այլ գնում է հաղթի.
Ի վեր պարզած բռունցք եմ մի
Արդարության տենչով,
Քո ցասումի մի ալիքը՝
Անզիջում ու ցնցող.
Արյունատար մազանոթն եմ
Քո ամրակուռ բազկի,
Հաղթանակիդ մի գոչյունը
Ցնծության մեջ ազգի.
Չէ՛, ես վերջին պոետդ չեմ,
Նեռն իզուր է ջանում,
Հերթական քո մի երգիչն եմ
Ու իմ խաչն եմ տանում:
***
Ես՝ հայ բանաստեղծ, ճամփաս՝ մոլորուն
Եվ ապավինած պահապան հույսին,
Խորհում եմ անդուլ, մտատանջորեն
Ազգիս այսօրվա ու վաղվա մասին.
Գնում եմ այսպես, բան չհասկացած,
Ոտքերիս՝ փոշի, շալակիս՝ հոգսեր.
Եվ գաղտնագաղտնի հոգուս անհունում՝
Լոկ հային հատուկ զորավոր մի սեր…
***
Ամպաէսքիզներ, անհասցե քամի,
Վկայություններ հողի շերտերում…
Ուսել ինքնակամ հոգսերը երկրի
Եվ հինն ու նորն եմ իրար բաղդատում.
Ոչինչ չի փոխվել, նույնն են վերստին
Մտածումներն ու վարքը մեր ազգի,
Ի՞նչ մի հրաշք բան և ի՞նչ ձևերով
ԿԿԱՐՈՂԱՆԱ ՄԵԶ ՎՐԱ ԱԶԴԻ…
Գլուխս առել ձեռնափերիս մեջ,
Աղոթում եմ լուռ, ուժ չունեմ լալու.
Ո՛վ հայի աստվա՛ծ, ասա՛, որ ասեմ,
Թե թմրաքնից երբ ենք ելնելու…
***
Դար է լրանում ամեն աստծո օր,
Ժամանակին լոկ մարդն է հետևում,
Համբակ ու խելոք նույն նավի մեջ են,
Նույն ահագնատես շրջապտույտում.
Հավերժի կողքով անցնում մշուշված
Ու առնչվում ես նրան կցկտուր,
Չես իմանում, թե ով ես իսկապես,
Ոնց պիտի ապրել ու մնալ մաքուր.
Մեր շուրջբոլորը՝ ուրվանկարներ
Ու մարդը՝ հածող մոլոր ուրվական,
Այս անվերջ դատը ի՞նչ խորհուրդ ունի,
Ո՞վ է դատվողը, գլխավոր վկան.
Արհավիրքներն ու պատերազմները
Վերքեր են թողնում նուրբ սրտիդ վրա…
Ա՛խ, քեզ տանջում են ցավերը երկրի,
Ու չտրտնջալ չես կարողանա:
***
Ուզես, թե չուզես՝ եկողը կգա,
Եվ գնացողը հեռանա պիտի.
Ու մի՛ որոնիր ամենագետին,
Ամենի մասին լոկ Տերը գիտի.
Նախընծայված են շնորհ ու արատ,
Ինքդ քեզանից փախչել չես կարող,
Զոհողն ու զոհը իրար կողքի են,
Ու քաոսի մեջ խորհուրդ կա մի խոր.
Որքան էլ փորձես լինել աչալուրջ,
Սև կատուն մի օր ճամփադ կհատի.
Ուզես, թե չուզես՝ եկողը կգա,
Եվ գնացողը հեռանա պիտի:
ԲԱՆԱՍՏԵՂԾԸ
Ֆելիքս Բախչինյանին
Արյունը թախծում, երգում է ջուրը,
Ու երկրագունդը չի հոգնում էլի,
Շահամոլները կյանքը խեղում են,
Անանձնական է պոետն ու բարի.
Խստաբարո է իր անձի հանդեպ,
Լավատեսության հունդեր է շաղում,
Եվ ընդդիմանում, հակադրվում է
Չար ու երկդիմի մարդկանց շրջանում.
Չի պատասխանում պլատոններին
Եվ արարում է տաղերը սրտանց,
Հեշտ խոցելի է ամեն աստծո օր
Ու հաշվետու է աշխարհի առաջ:
ՊԱՐՏՔ
Պոետի պարտքը լավ գրելն է լոկ,
Ու հանրությունը պարտք չէ պոետին.
Արա քո գործը ու մի՛ ենթարկվիր
Փառատենչության գայթակղանքին.
Ամեն եղանակ իր հմայքն ունի,
Իջնում է ձյունը խոշորափաթիլ,
Սովորիր փայլել սեփական լույսով,
Չլսելու տալ ծափերը պատիր.
Ճիշտը, երևի, մտքատակ խոհն է,
Վանի՛ր եսապաշտ ձգտումը հետին…
Պոետի պարտքը լավ գրելն է լոկ,
Ու հանրությունը պարտք չէ պոետին:
***
Ո՞րն է իմաստը չարի գոյության,
Եվ ինչո՞ւ տուժի բարի հոգին…
Անհասկանալի, անբնական է
Վատի լինելը լավի կողքին:
***
Լույսի թրթիռներ ջրերի վրա,
Մեղմ հովի ձեռքը շոյում է քնքուշ,
Իր ունկնդիրն է դարձրել ինձ ահա
Այս սիրտ թափանցող մեղեդին անուշ.
Կիսաքանդ մի որմ, մողեսներն աշխույժ
Վայելում են կյանքն արևկա օրով.
Ու մեկեն մի մարդ պահն է հարամում
Իր բարձրաղաղակ բարբաջանքներով…
Չէ՛, տագնապները չեն գնում հեռու,
Ու երերուն է մեր գոյը խաղաղ.
Հրաշք մեղեդին, հրա՜շք մեղեդին,
Երգի բառերը չեմ հիշում ավաղ:
***
Ի՞նչ մի նոր բարձունք, ի՞նչ երազուհի,
Հասնում ես վերջին քո հանգրվանին,
Թախիծ է ծորում մոմից առկայծող,
Եվ դառնակսկիծ վայում է քամին.
Ինչ լինելու էր, եղավ երևի,
Ու սա էր կյանքդ ճակատագրով,
Խաղաղ մայրամուտ հայցիր Բարձրյալից
Եվ բավարարվիր քո ունեցածով.
Նոր էջ բացելու ի՞նչ հեռանկար,
Երբ թևաթափ ես, անտենչ և նկուն,
Կյանքը հոգնել է արդեն քեզանից,
Ու էլ տարիքդ չի հաշվում կկուն:
***
Չէ՛, լավ բաները սիրում եմ կյանքի,
Հոռի բաներն էլ ատում եմ նրա,
Այս հանկարծահայտ ու ախորժ քամուց
Տեղում վազում են խոտերը ահա.
Հորիզոնի թելն առած իր գլխին՝
Սարն ինձ կտրում է ասես աշխարհից,
Իմ կողքին պառավ մի հույս է ննջում
Եվ խռռացնում ծանր մի թախիծ.
Ոչ մեկը մեզնից ազատ չէ կյանքում,
Ինքնավստահ չէ ու հարամնա.
Դու պատերազմը ատիր ողջ հոգով
Ու մատդ պահիր ձգանի վրա…
***
Կյանքը չի տալիս ոչ մի երաշխիք,
Ծանոթ խոսքեր են, ծանոթ մեղեդի…
Տեսնես ինչե՜ր է բացելու քո դեմ
Ճակատագիրը անընթեռնելի.
Մեծ վտանգներ է թաքցնում իր մեջ
Անդորրությունը այս չարագուշակ,
Ու քեզ է հայում անվստահորեն
Մի ոչինչ չասող հաշիշոտ հայացք.
Գալիս-գնում են մտքերը խելառ,
Ստվարանում է մարմինը ահի…
Օ՛, չէ՛, դյուրին չէ, հեշտ չէ ակնապիշ
Նայել աչքերին սառնաշունչ մահի:
***
Աստղառատ երկինք, պայծառ լուսնկա,
Ու գիշերն, ահա, լույսով է հղի,
Ո՜րերորդ օրն է՝ պառկած ես հիվանդ,
Սեղանին՝ դեղեր ու նվեր գինի։
***
Ձգվող տագնապներ, կորստյան վտանգ,
Ծանր ճնշումներ իմ երկրի վրա,
Ցնծում է նեռը քաոսի միջից,
Մարդ-բարձրակարգը նահանջում է հա.
Սևակնած ամպը շանթ ունի իր մեջ,
Առջևում ՝ խավար, դժվարանց օրեր,
Զենք գնելու տեղ պալատներ սարքող
Տականքներն ազգի անպատիժ են դեռ.
Առջևում՝ մշուշ և ուրվագծեր,
Անիմանալի մի մութ ապագա,
Ո՛վ Աշխարհարար-Բարձրյալ իմ վերին,
Ես անհայրենիք չեմ կարողանա…