Չարենցագիտությունը վերջերս հարստացավ մի նոր ձեռքբերումով. Դավիթ Գասպարյանն ընթերցող լայն հանրությանն է ներկայացրել «Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը» վերնագրով ծավալուն մենագրությունը (804 էջ): Աշխատությունը գրականագետի տարիների վաստակի արդյունքն է՝ նախատեսված երեք հատորներից (հաջորդ երկու հատորը լույս կտեսնեն «Եղիշե Չարենցի ստեղծագործությունը» և «Եղիշե Չարենցի արվեստը» վերնագրերով):
Հատորի «Մուտք»-ում Դ. Գասպարյանը հիմնավորում է գրքի կառուցվածքը, ըստ որի՝ Չարենցի «կյանքը պետք է ներկայացնել ժամանակագրության ձևով՝ ընդգրկելով բոլոր փաստերը, բոլոր մանրամասները, օգտագործելով իր գեղարվեստական երկերը, բոլոր տեսակի գրությունները, նրա մասին պատմող և մեծ հարստություն բովանդակող հուշերը, մամուլի ու պահոցների նյութերը: Այդպես կենսագրության փաստացի կառուցվածքը կընդունի հանրագիտարանային բնույթ, ինչն ավելի կհեշտացնի գրքից օգտվելու հնարավորությունը: Բացի դրանից՝ հնարավոր կլինի ներկայացնել ժամանակն ու գրական-մշակութային միջավայրը, որի մեջ ապրել ու գործել է այդ բացառիկ հանճարը. այլ կերպ՝ կենդանի՛ մարդը՝ իրական պատմական ժամանակի, մարդկային ու ստեղծագործական հարաբերությունների համակողմանի անդրադարձներով» (էջ 3–4):
Հեղինակը բարձր է գնահատում չարենցագիտության անցած ճանապարհի ձեռքբերումները՝ սկսած նրա գրքերի առաջին գրախոսություններից, նրան նվիրված Սիմոն Հակոբյանի առաջին մենագրությունից (Վիեննա, 1924), 1920–1930-ական թվականների մամուլում նրա մասին տպագրված հարյուրավոր հոդվածներից, մինչև 1950-ականներից առ այսօր լույս տեսած բազմաթիվ գրքերը: Դրանցից աղբյուրագիտական-հետազոտական առումով առանձնացնում է հատկապես վաստակաշատ գրականագետ-գրաքննադատ Ալմաստ Զաքարյանի «Եղիշե Չարենց. կյանքը, գործը, ժամանակը» եռահատոր աշխատությունը (հ. 1–3, 1997, 2003, 2008), որը, սակայն, ընդգրկում է մինչև 1927 թ. ընկած շրջանը (անավարտ է մնացել հեղինակի մահվան պատճառով): Այս տեսակետից՝ գրախոսվող գիրքը նաև չարենցագիտության անցած ճանապարհի գնահատություն է՝ անհրաժեշտ հղումներով և տարատեսակ անդրադարձներով:
Գրքի կառուցվածքը՝ որպես ժամանակագրություն, շատ հստակ է. տարեթիվ, ամիս, օր, փաստ, սկզբնաղբյուր: Սա նախընտրելի տարբերակ է, որովհետև իրար են հաջորդում օրերի, երբեմն անգամ նույն օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններ, որոնք կողք կողքի ստեղծում են իրավիճակի չափազանց հավաստի պատկերը: Այսպես ստեղծվում է ոչ միայն Չարենցի կյանքի, այլև ժամանակի պատմական, ազգային, քաղաքական, հանրային, մշակութային իրադարձությունների վավերապատումը: Չարենցի ստեղծագործական նախադրյալները երկուսն են՝ անձնական կենսագրություն և ժամանակի պատմություն: Ուստի Դ. Գասպարյանի կիրառած պատմակենսագրական համաժամանակյա մեթոդը, որ ընկած է գրքի հիմքում, այս ձևի մեջ լիարժեքորեն արդարացվում է: Գրողի կենսագրական փաստը երբեմն զուգորդվում, երբեմն շրջանակվում է ժամանակը ներկայացնող պատմական, մշակութային, գրական լրացուցիչ փաստերով: Եվ այստեղ է, որ անհրաժեշտություն է ոչ միայն փաստն ինքնին, այլև փաստը լրացնող մանրամասնը, որը խոսքի տվյալ միջավայրում է ստանում կարևորություն և այլ առիթով կարող էր նույնիսկ ուշադրության չարժանանալ:
Եվ այսպես՝ Չարենցի կյանքը ծննդյան պահից՝ ծնունդը գրանցող Կարսի սուրբ Աստվածածին եկեղեցու «Չափաբերական մատյան»-ը, ծնողները, կնքահայրը, մկրտությունը, քույրերն ու եղբայրները, ծննդավայր Կարսը, իրենց տունը, հոր խանութը, ռեալական ուսումնարանը, ընկերները, ուսուցիչները, աշակերտական առօրյան, նախասիրությունները, հետաքրքրությունները, գրական առաջին քայլերը: Առաջին տպագիր բանաստեղծություն (1912), առաջին գիրք (1914), սրանց հետ կապված մանրամասներ՝ ստեղծագործական ձևավորում, գրական ազդեցություններ, հոգեբանական ազդակներ: Չարենցը 1914–1915-ին Կարսի միջավայրում՝ բանաստեղծի երևույթը գավառական քաղաքում՝ քաղաքային այգի, աղջիկներ, բանաստեղծություններ, առաջին հրապուրանքներ:
1915 թ. օգոստոս–սեպտեմբեր ամիսներին Չարենցը զինվորագրվում է Հայոց Ազգային բյուրոյի ձևավորած կամավորական 6-րդ ջոկատին, որը շուտով վերակազմավորվում է որպես 7-րդ ջոկատ: Չարենցը հայրենիքի զինվոր. այստեղ ևս յուրովի բացահայտվում է նրա կերպարը: Հասնում է մինչև Վան, մասնակցում ռազմական գործողությունների, հանդես գալիս ելույթով: Ռազմաճակատ մեկնելուց առաջ հրատարակել էր «Կապուտաչյա հայրենիք» պոեմը, վերադարձին գրում և տպագրում է «Դանթեական առասպել» պոեմը: Խոսքն ու գործը միասնական էին: Ընտանիքից արդեն հեռացել էր, տանն անգամ չեն էլ իմացել, որ կամավոր մեկնել է պատերազմ, իսկ շուտով բռնում է Մոսկվայի ճանապարհը՝ ուսանելու Շանյավսկու համալսարանում:
Հանճարին իր վարքի ազատության մեջ ճանաչելու այս մոտեցումը մոսկովյան տարիներից սկսած՝ ավելի է դրսևորվում և դառնում պարտադիր նախադրյալ: Գրական առումով սրանք Չարենցի լիացման տարիներն են: Մոսկվայում էլ գրում և 1917-ի փետրվարին տպագրում է «Բանաստեղծություններ: Ծիածանը» ժողովածուն: Մարտին Կարսում էր, հետո՝ Թիֆլիս, այնտեղից դեկտեմբերին՝ Կարին, որը զորավար Անդրանիկի ղեկավարությամբ վերջին դիմակայությունն էր ցույց տալիս դարավոր ոսոխին, և ուր հղանում ու հաջորդ տարի Թիֆլիսում ավարտում ու տպագրում է «Ազգային երազ (պոեմ երգիծական և ողբերգական)» երկը: Չարենցն անընդհատ տեղաշարժերի մեջ էր. Թիֆլիսն ու Մոսկվան նրա հանգրվաններն էին: Մոսկվայում եռում էր մշակութային կյանքը, կային հատուկ գրական սրճարաններ՝ ամենուր դասախոսություններ, ստեղծագործական հանդիպումներ: Իսկ երբ 1917-ի փետրվարին պայթեց հեղափոխությունը, Չարենցը նրանց շարքերում էր: Նրանց շարքերում էր նաև հոկտեմբերյան իրադարձություններից հետո՝ 1918-ի ամռանը՝ արդեն զենքը ձեռքին: Փողոցն ու հրապարակն էլ, ըստ էության, դառնում են նրա թե՛ գրական, թե՛ քաղաքացիական կերպարի ձևավորման դաստիարակն ու համալսարանը: Այնպես, ինչպես Չարենցը տան տղա չէր, ճիշտ այդպես էլ՝ առանձնասենյակային գրող չէր:
Այս ընթացքում հռչակվում է Հայաստանի Հանրապետությունը: Չարենցի վերաբերմունքը նորանկախ երկրի հանդեպ բացահայտվում է «Սոմա», «Ամբոխները խելագարված» և «Չարենց-նամե» պոեմների գաղտնագրերի նորովի մանրակրկիտ վերլուծությամբ: Չարենցն ընդունեց հեղափոխությունը՝ առաջին հերթին փորձելով այն հաշտեցնել իր երկրի պատմական ճակատագրի հետ: Այդ ջանքով են գրված նրա «Ողջակիզվող կրակ» շարքը և 1918–1920 թթ. բազմաթիվ գործեր: Գասպարյանը ներկայացնում է յուրաքանչյուր պոեմի, շարքի, բանաստեղծության ստեղծման ինչպես պատմական, այնպես և կենսագրական նախադրյալները:
Ուշագրավ է Չարենցի «Մահվան տեսիլ» բանաստեղծության պատմական նախադրյալների բացահայտումը՝ Կարսի անկման մահացու տեսիլը, դասալիքներ, նրանց պատժելու համար Երևանի, Կարսի հրապարակներում կանգնեցված կախաղաններ, վերջին զոհի գիտակցություն, և ինքը՝ որպես վերջին զոհ: Այս խտացված պատմակենսագրական հատվածը բացելու և ծավալելու դեպքում՝ կդառնա մի ամբողջ ուսումնասիրություն: Նշում ենք, որովհետև այդպիսի խտացումներով հագեցված է ամբողջ գիրքը:
Ամենայն մանրամասնությամբ ներկայացվում է Չարենցի կյանքի ու գործունեության խորհրդային շրջանը: Այսպես թե այնպես՝ Չարենցի ստեղծագործական կյանքի ծանրության կենտրոնը խորհրդային շրջանն է, որը նա և՛ ողջունեց, և՛ դարձավ քաղաքական հալածանքների զոհը:
Մյասնիկյանի աջակցությամբ Մոսկվայում տպագրելով «Երկերի ժողովածուի» երկհատորյակը (1922), որը բացառիկ իրողություն էր այն տարիների համար, դրանով ի մի բերելով տասնամյա ստեղծագործական շրջանը՝ Չարենցը վերադառնում է Հայաստան և լծվում նոր գրականություն ստեղծելու գործին: Այս ընթացքում՝ ծրագրային ելույթներ, գրական խմբակցություններ («Երեքի դեկլարացիա», «Standard») և այդ ամենը գեղարվեստի վերածող գրքեր («Պոեզոզուռնա», «Ռոմանս անսեր», «Կապկազ թամաշա», «Կոմալմանախ»), նաև շեփորահանդեսներ, դասախոսություններ, գրքերի քննարկումներ, գրական դատեր: Իր այս բուռն գործունեությամբ, ինչպես նկատում է հեղինակը, Չարենցը Երևանն արթնացրեց թմբիրից և «մայրագյուղը» դարձրեց իսկական մայրաքաղաք: Գրական եռուզեռի մեջ շատ հանգամանորեն բացահայտված են Չարենցի հոգևոր առնչությունները ինչպես Թումանյանի ու Տերյանի, այնպես և՝ Մայակովսկու ու Եսենինի հետ:
…Չարենցի «ձախ» որոնումները Մյասնիկյանի սրտով չէին, ուստի՝ ամեն ինչ արեց, որպեսզի նա մեկնի Եվրոպա և շփվի համաշխարհային մշակույթի արժեքներին: Չարենցի արտասահմանյան ուղևորությունը [«Արտասահմանյան ուղևորություն (1924, 21 նոյեմբեր – 1925, հունիսի սկիզբ)» վերնագրի ներքո] մեկնաբանված է բավականին նոր փաստերի հիման վրա, բացահայտված են նաև բազմաթիվ գրական կապերի ու առնչությունների նոր նրբերանգներ ու շերտեր (Իսահակյան, Կոստան Զարյան, Երվանդ Քոչար և ուրիշներ):
Արտասահմանից վերադարձավ միանգամայն փոխված, ստեղծեց «Նոյեմբեր» խմբակցությունը, իր շուրջ համախմբեց ժամանակի գրական լուրջ ուժերը (Մահարի, Արմեն, Բակունց) և սկսեց մի նոր շարժում: Ըստ Գասպարյանի՝ «Նոյեմբեր» խմբակցությունն իր տեսական պահանջներով և ստեղծագործությամբ խտացնում էր ազգային առանձնահատկությունները և բարձր արվեստի պահանջը: Բազմաթիվ էջեր՝ որպես գրապայքարի վավերացում, նվիրված են «Նոյեմբեր»-ի գործունեությանը՝ կազմակերպական աշխատանք, գրքերի և թերթի հրատարակություն, համագումար, դասախոսություններ, քննարկումներ և այլն, իսկ նրանց դեմ Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիան էր, որը կուսակցության սխեմատիկ պահանջներով ձգտում էր «հեգեմոնիայի», կարգախոս ունենալով՝ նախ՝ կուսակցական, ապա՝ բանաստեղծ դրույթը: Պայքարը սուր էր, որն աստիճանաբար ձեռք բերեց քաղաքական բովանդակություն:
Համաժամանակյա հոսքի մեջ հեղինակը ներկայացնում է 1926 թ. սեպտեմբերի 5-ին Չարենցի հետ տեղի ունեցած աղետալի միջադեպը, որը գրքում շարադրված է «Պատմություն Մարիանա Այվազյանի (1926, 5 սեպտեմբեր – 1927, 24 մարտ)» վերնագրի ներքո: Կրակոց, ձերբակալություն, բանտ, դատավարություն, կալանք՝ 8 տարի խիստ ռեժիմի պայմաններում, 3 տարի, ի վերջո, մարդասիրական վերաբերմունք և 6 ամիս անց՝ ազատություն: Ահա դրանից հետո է գրում «Երևանի ուղղիչ տնից» հուշ-ակնարկը և «Ձիու մռութ» բանաստեղծությունը՝ հասցեագրված հենց իրեն՝ Մարիանա Այվազյանին:
…Այնուհետև Չարենցին տեսնում ենք «Հայպետհրատում»՝ հրատարակչական գործունեության մեջ (1928–1935), որը, ըստ Դ. Գասպարյանի, այլ բան չէ, քան «Չարենցի դար»: Չարենցի կենսապատումն ընթանում է անձնական, ստեղծագործական, գրական-կազմակերպական, քաղաքացիական կյանքի միասնական շարադրանքով: Հեղինակը մանրակրկիտ ներկայացնում է Չարենցի երկու ամուսնությունները՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանի, նրա մահից հինգ տարի անց՝ Իզաբելա Նիազյան-Կոդաբաշյանի հետ: Նրանց կյանքի պատմությունն է, Չարենցի հարաբերություններն են նրանց հետ, Իզաբելայի դեպքում նաև նրա կյանքի պատմությունը Չարենցից հետո: Բոլոր «սյուժետային» գծերը հեղինակը հասցնում է լրումի, ոչինչ առկախ չի թողնում նաև Չարենցի կյանքում եղած մյուս կանանց առումով, որոնց լուսանկարները ներկայացվել են գրքում զետեղված ներդիրում:
Դ. Գասպարյանն առկախ չի թողնում նաև Չարենցի ոչ մի առնչություն ժամանակի գրական, մշակութային, քաղաքական, կուսակցական գործիչների հետ: Բոլորը տարատեսակ կապեր են՝ բացահայտված փաստերի առկայությամբ:
Տարեցտարի փոխվում և հասունանում է Չարենցի կերպարը. այդ անցումները յուրաքանչյուր իրադարձության հետ մեկտեղ բազմաթիվ փաստերով արտացոլված են գրքում. այլ է նա իր խայթող էպիգրամները գրելիս, «Էպիքական լուսաբաց» ժողովածուն և «Լիրիքական անտրակտ» շարքը հրատարակելիս ու միանգամայն այլ՝ «Գիրք ճանապարհի»-ի տպագրության օրերին: Թեև «Էպիքական լուսաբաց»-ը՝ նոր արվեստի ծրագիր առաջադրող այդ բացառիկ գիրքը, ևս ինչպես հարկն է չգնահատվեց, բայց, բոլոր դեպքերում, միջավայրը դեռևս գրական էր. Չարենցին դեռևս քննադատում էին, չէին մեղադրում: Այլ էր վերաբերմունքը «Գիրք ճանապարհի»-ի հանդեպ, երբ գրական հայացքին փոխարինեց քաղաքականը, և Չարենցը դիտվեց որպես հանցագործ: Բազմաթիվ նորահայտ վավերագրերով ներկայացված է «Գիրք ճանապարհի» ժողովածուի տպագրության պատմությունը՝ 1933 թ. ազդօրինակները, դրանց առգրավումը, տպաքանակի կալանքը, Չարենցի հոգեկան ծանր կացությունը, գրքի կապակցությամբ հեռագրեր Ստալինին և Մարիետա Շահինյանին, ՀԿ(բ)Կ Կենտկոմի դիրքորոշումը, Բերիայի դրածոների սադրիչ գործունեությունը, ի վերջո, Ստալինի կարծիքը գրքում զետեղված «Աքիլլե՞ս, թե՞ Պյերո» ինտեմեդիայի (միջարար) կապակցությամբ, որից հետո այն հանվում է գրքից, ծավալը լրացվում այլ նյութերով և 1934 թ. հուլիսին՝ ԽՍՀՄ գրողների հիմնադիր համագումարի նախօրյակին լույս տեսնում:
…Չարենցն արդեն միութենական անուն էր. Մոսկվայում և Թիֆլիսում նախատեսվում էր նրա ռուսերեն ժողովածուների հրատարակությունը, «Երկիր Նայիրի» վեպը ռուսերեն ունեցավ 4 հրատարակություն, թարգմանվեց և տպագրվեց նաև վրացերեն: Ահա այս հեղինակությամբ նա մեկնեց ԽՍՀՄ գրողների հիմնադիր համագումար, ուր, ըստ Գասպարյանի, ունեցավ ժամանակի համար համարձակ ելույթ: Շեշտելով համադրականության անհրաժեշտությունը՝ որպես ժամանակակից մտածողության նախահիմք, ընդդեմ արվեստը պարզունակացնելու կոչված պրոլետգրողների կոչերի՝ պաշտպանեց բարդ, հասուն գեղարվեստի պահանջը և ավելացրեց՝ ինչպես ազգային հանրապետությունների գրողներն են օգտվում ռուս մեծ գրականության ավանդույթներից, այնպես էլ ռուս և ռուսագիր գրողները լավ կանեն, որպեսզի օգտվեն ազգային գրականությունների դարավոր ավանդույթներից, և, որպես օրինակ, նշեց, թե գրական ժանրերի ու բառապաշարի հարցում ինչ մեծ օգնություն է ցույց տալիս իրեն հայ միջնադարյան տաղերգությունը:
Շատ դրամատիկ անցումներով են շարադրված Չարենցի կյանքի վերջին տարիները: Բազմաթիվ նորահայտ վավերագրերի հղումով Գասպարյանը ներկայացնում է այն մղձավանջային վիճակը, որին մատնված էր Չարենցը: Նախ՝ 1935 թ. հունվար–մարտ ամիսներին նրան ենթարկում են հարցաքննությունների և մեղադրում որպես ահաբեկիչ, դրանից հետո հանդես է գալիս իր սոցիալական ծանր վիճակը ներկայացնող «Հայտարարությամբ», այնուհետև՝ մարտի 13-ին՝ իր ծննդյան օրը, նրան հեռացնում են Գրողների միությունից:
Չարենցը նաև հիվանդության պատճառով դուրս է մղվում գործնական կյանքից. հիմնականում տանն էր, անկողնային վիճակում: 1935 թ. դեկտեմբերի 30-ին Մոսկվայում՝ Կրեմլում, հայ աշխատավորների պատվիրակության ընդունելության ժամանակ, Ստալինի կողմից Չարենցին հիշելուց, Ստ. Զորյանից նրա որպիսությամբ հետաքրքրվելուց հետո, մի կարճ շրջան նրա վիճակում բարելավում է նկատվում. նշանակվում է Պուշկինի մահվան 100-րդ տարելիցը նշող հանրապետական հոբելյանական հանձնաժողովի նախագահ (մինչ այդ ընդգրկվել էր Գորկու գլխավորությամբ գործող համամիութենական հանձնաժողովի կազմում), Խանջյանի ջանքերով նախատեսվում է բուժման նպատակով ուղարկել արտասահման: Սակայն ամեն ինչ գլխիվայր շուռ է գալիս 1936 թ. հուլիսի 9-ին Թիֆլիսում Բերիայի կողմից Խանջյանին սպանելուց հետո: Կենտկոմի նոր քարտուղար նշանակված Ամատունու օրոք, որպես Խանջյանի հովանավորյալներ, սկսվում է հայ մտավորականության ձերբակալությունը: Գասպարյանն անուն առ անուն հիշատակում է գրական-մշակութային ոլորտի բոլոր հալածյալներին և թվական տվյալներով ցույց տալիս, թե ինչ էր կատարվում ամբողջ երկրում, երբ 1937–1938 թթ. յուրաքանչյուր 57 րոպեն մեկ ԽՍՀՄ-ում մեկ մարդ էր գնդակահարվում:
Ամատունու օրոք չեղարկվում է բուժման նպատակով Չարենցի արտասահման մեկնելու հարցը. նա ազատվում է պուշկինյան հանձնաժողովի նախագահի պարտականություններից, 1936 թ. նոյեմբերի 16-ին ենթարկվում մահացու հարցաքննության, մեղադրվում որպես նացիոնալիստ, նախապատրաստվում է դատական վարույթ սկսել նրա հանդեպ: Իսկ մոսկովյան քննադատ Վալերի Կիրպոտինը 1937 թ. ապրիլի 17–21-ին հրավիրված հայ գրողների ընդհանուր ժողովում հայտարարում է. «Չարենցի ձեռքից բռնեց թշնամին»:
Բազմատեսակ փաստերի համադրումով, որտեղ նաև Չարենցի ինքնակենսագրական բանաստեղծություններն են, որոնցով լի է նրա 1935–1937 թթ. գրած և իր ժամանակ անտիպ մնացած ժառանգությունը, Դ. Գասպարյանը կերտել է Չարենցի՝ որքան ողբերգական, նույնքան հերոսական կերպարը: Սա հանճարի ողբերգությունն է՝ մատնված հեղափոխության 20-ամյակի առթիվ ԽՍՀՄ-ում մոլեգնած քաղաքական հողմերին:
Հատորը եզրափակում են «1938 և հետագա թվականներ», «Արդարացում», «Մարդը» («Չարենցի բնութագրումներ», «Անկատար մտահղացումներ», «Չարենցյան», «Ձեռագրերը»), «Իզաբելա Չարենց», «Անհատականություն և ստեղծագործական ազատություն», «Օգտագործված գրականություն» բաժինները: Ներդիրի ձևով 16 էջի վրա խմբավորված ներկայացված են Չարենցին առնչվող խոսուն լուսանկարներ:
Հավելենք՝ գրքի խմբագիրներն են բ. գ. դ., պրոֆ. Սամվել Մուրադյանը և պ. գ. դ. Ամատունի Վիրաբյանը: Մեծադիր ու շքեղ այս աշխատությունը տպագրվել է «Տիգրան Մեծ» հրատարակչատանը:
Մի քանի նկատառում-դիտարկում: Շահեկան կլիներ, եթե գիրքն ունենար անձնանունների և տեղանունների անվանացանկեր, նաև՝ ռուսերեն ու անգլերեն ամփոփումներ: Էջ 95-ում հարկ էր Հայ գրողների ընկերության նախագահ Հովհ. Թումանյանի՝ արդիական լայն հնչեղություն ունեցող 1920 թ. ապրիլի 2-ի հայտնի նամակը ՀՀ կրթության և արվեստի նախարար Ն. Աղբալյանին մեջբերել ամբողջական:
Ինչևէ. Դ. Գասպարյանի «Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը» մեծ նվիրումով ու տքնությամբ գրված գիրք է և լավ նվեր Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Ըստ էության, գիտական շարադրանքով հեղինակը ստեղծել է Չարենցի կյանքի վեպը, որն այլ բան չէ, քան կենսագրական հանրագիտարան: Արժե այս գիրքը կարդալ և ճանաչել իրական Չարենցին: