ԱՅՆԺԱՄ ԴԵՌ ՉԳԻՏԵԻ / Դիանա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Մարդն ի՞նչ է, եթե ոչ՝ երազ, եթե ոչ՝ երազանք ու ձգտում ու սպասում, եթե ոչ՝ ձախողում, հիասթափություն, ձեռքբերում, հաղթանակ, սեր ու ատելություն, եթե ոչ՝ այս ամենի միջակայքում տարուբերվող ուժեղ ու թույլ, նուրբ ու բիրտ, անխելք ու խելացի, տաղանդավոր ու անտաղանդ մահկանացու, որին թվում է, թե բնությունն իրեն, միմիայն իրեն է շնորհ անելու և խնայելու, թե Տերը միայն իրեն է ներելու և թողություն պարգևելու, թե կյանքը միայն իրեն է այսչափ շքեղորեն տրված ու միայն իրենից է այսքան անգթորեն խլվում, թե կյանքից հետո գնահատվելը հանճարներին է շնորհված, կամ թե մահից առաջ չգնահատվելն անճարության նշան է սոսկ, կամ թե ձախողելն ամոթ է ու պարտություն, կամ էլ նոր արահետ բացելիս ձախողանքն արդեն հավերժի մեջ հաջողելու առաջին քայլն է ու հաղթանակի գրավականը։

Ո՞վ գիտի՝ մարդն ինչ է։ Ո՜վ գիտի։

Ամեն մարդ իր արշինով է չափում ամենքին։ Ես էլ մարդ եմ, ես էլ իմ արշինաչափն ունեմ։ Ինձ տրվածը երբևէ չեմ քամահրել, խոնարհ ուրախությամբ եմ ողջունել դեպի ինձ եկողին, ինձնից հեռացողին օրհնությամբ եմ ճամփել՝ ապավինելով Տիրոջ կամքին։ Բայց ես էլ մարդ եմ. հաճախ, շատ հաճախ եմ հիասթափվել, հուսահատ տխրել, զայրագին լացել ու ցավից ծնկել եմ, երբ մեջքիս հարվածողները դեմքիս ժպտացել են, երբ ափիս մեջ պարզած ձվածեղը զարկել թափել են ոտնատակ, երբ սերս պարապ վախտի խաղալիք են կարծել ու հաճույքով կոտրել՝ դեն են նետել։ Բայց ես էլ մարդ եմ. հաճախ, շատ հաճախ եմ սխալվել, թե մեղքերս թվարկեմ, ինձ ձեզնից մեկը կտեսնեք, ձեզնից վատը կհամարեք, գուցե և՝ լավը, գուցե մտածեք, որ ես գայլերին պահ տրված այն գառն էի, որին, գետն անցնելուց հետո, ախորժակով խժռեցին գայլերը, իսկ գուցե ես էի գայլի սիրտ կերած էն միակը, որ գիտակցաբար լքեց իր հավատավոր հոտին՝ միայնակ անցնելու Գողգոթայի ճանապարհը, գուցե ո՛չ այս էի, ո՛չ էլ այն, գուցե դեռ էն պստիկ աղջնակն եմ, որ հորինել է ինքն իրեն ու հավատացել իր հորինածին, գուցե, ո՞վ գիտի։ Ո՜վ գիտի։

Լավն ու վատն էլ, գայլն ու գառն էլ հայացքի ուղղությունն է որոշում. երբ ժամանակների մեջ ապրող մի զրույց մի օր վեր է ածվում աննկարագրելի պայծառ բարեկամության, դու քեզ բախտավոր աստղի տակ ծնված ես տեսնում, մնում է արժանի լինել տրվածին ու պինդ պահել-պահպանել եզակի պատեհությունը։ Այս անգամ, մինչ այժմ ինձ տրված մի շարք հրաշալի պատեհություններից այս մեկի անունը Վենետիկի միջազգային գրական փառատոն՝ «Քաղաքակրթությունների խաչմերուկ» էր, այդ փառատոնում իտալերեն թարգմանված իմ պատմվածքների երկլեզու՝ հայերեն-իտալերեն «Հեռագիր Ֆաթիմային» ժողովածուի շնորհանդեսն էր, որը վարում էր Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի Հայագիտության բաժնի պրոֆեսոր, գրքիս թարգմանական աշխատանքներն իր ուսանողների օգնությամբ ավարտին հասցրած և տպագրությանը (հրատարակիչ՝ Վենետիկի Կաֆոսկարինա հրատարակչություն) մանրամասնորեն ու նվիրումով նպաստած, գրքի ծավալուն վերջաբանի հեղինակ Սոնա Հարությունյանը։ Ինչպես ասում են՝ երեք երնեկ մի տեղ։ Ես կավելացնեի՝ չորս երնեկ. չորրորդը ջրերի հեքիաթային դիցուհի Վենետիկն էր՝ իր ճարտարապետական շքեղություններով, էկզոտիկ մակույկ գոնդոլներով, ջրային հասարակական տրանսպորտով, հարմարավետ ու թանկարժեք ջրային տաքսիներով, նեղլիկ փողոցների լաբիրինթոսով, հարյուրավոր ինքնատիպ կամուրջներով, իմ ու ձեր սիրելի «մրահոն աղջկա» Ռիալտոյի թովչությամբ, Դոժերի պալատով և Սուրբ Մարկոսի ընդարձակ անկրկնելիությամբ, Սուրբ Ղազարում հանգրվանած Մխիթարյան միաբանության սքանչելի շինությունների պատերից կախ հայ արվեստի գլուխգործոցներով, հնաբույր մատյաններով, հայ մշակույթի ու պատմության արժեքավոր վկայություններով, աշխարհահռչակ անհատների անգնահատելի նվիրատվություններով, Ջորջ Բայրոնի աշխատասենյակով, որտեղ անգլիացի մեծ բանաստեղծը հայերեն էր սովորում, իր իսկ խոստովանությամբ՝ տանջվելով և միաժամանակ հաճույք ստանալով, Կոստան Զարյանի վեհ ներկայությամբ, որ աճապարել էր Վենետիկ՝ Մխիթարյան հայրերի մոտ իր հայերենը կատարելագործելու, քանի որ երբ բանաստեղծ Էմիլ Վերհարնը խորիմաստ հարցրել էր նրան, թե ինչ լեզվով է աղոթում, և քանի որ պատասխանն աներկբա էր՝ հայերեն, մեծ բելգիացին երկրորդել էր՝ ուրեմն քո բանաստեղծությունն էլ հայերեն ես գրելու։

Եվ քանի որ դարեր ի վեր Վենետիկի ազնվական և մեծահարուստ ընտանիքները իրենց՝ ճարտարապետական գլուխգործոց հարստությունները կտակել են Վենետիկին՝ քաղաքի մշակութային կյանքին ծառայեցնելու նպատակով, ես բարեբախտություն ունեցա Քուերինի Ստամպալիա մշակութային հիմնադրամին պահ տրված շինության, որի վերին հարկերը թանգարան ու գրադարան են, ի ուրախություն ինձ, լեփ-լեցուն դահլիճում հնչեցնելու խոսքս՝ որպես բեմական զրույց, որի վարողը դարձյալ Սոնան էր, որին անմիջապես հաջորդեց «Քաղաքակրթությունների խաչմերուկ» փառատոնի պաշտոնական էջի արձագանքը՝ նշելով, որ իմ խոսքը իրական պատուհան էր՝ բացված դեպի Հայաստան աշխարհն ու հայ մշակույթը։ Իսկ ամենահուզիչը հանդիպումից հետո իտալացի, իսպանացի, հույն և, իհարկե, հայ ընթերցողների երկար հերթն էր, որ գիրքս ձեռքներին մոտենում, իրենց ջերմությունն ու շնորհակալությունն էին փոխանցում խոսքիս առթիվ, որն անգլերեն է հնչել, սիրով թելադրում էին իրենց որդու, մայրիկի, կնոջ, ընկերուհու, անգամ հեռավոր ազգականի անունը, ում նվիրելու էին գիրքը, որոնց բոլորին ես խոնարհ ժպիտով ընծայագրում էի. «Սիրով՝ Հայաստանից», իսկ իրենք շտապում էին հավաստիացնել, որ հայ ժողովրդի ու Հայաստանի հետ են։

Միայն մի օր, երբ դահլիճում նկատեցի Իտալիայում Ֆրանսիայի դեսպանին, որն անձամբ էր եկել ողջունելու իր երկրի քաղաքացի, արմատներով Գվատելուպայից գրողին, որի խոսքը Եվրոպայում տիրող ռասիզմի և սեքսիզմի սուր քննադատություն էր, և դեսպանը անընդմեջ առաջինն էր ծափահարում իր գրողին, ես հասկացա, որ հենց Ֆրանսիան է ժողովրդավարության իրական պատվարը, և որքան էլ իմ մեջքին միշտ զգում էի իմ փոքրիկ Հայաստանի մեծ ներկայությունը, բայց սիրտս մի պահ կծկվեց՝ բա որտե՞ղ է ի՛մ պետության ներկայացուցիչը, բա ո՞վ է հասարակության աչքի առաջ ինձ գրկելու և հպարտությամբ լուսանկարվելու այնպես, ինչպես Ֆրանսիայի դեսպանը գրկախառնվեց ու լուսանկարվեց եվրոպական ռասիզմից դժգոհող իր սևամորթ գրողի հետ։ Բայց և այնպես, ես շնորհակալ եմ Վենետիկի հայ համայնքի այն հատընտիր ներկայացուցիչներին, որոնց մասին ասում էին՝ երկար տարիներ ապրելով Վենետիկում, բնավ հաճախ չէին մասնակցում նմանատիպ միջոցառումներին, բայց ինձ ջերմացրին իրենց ներկայությամբ, խոսքով ու գնահատությամբ, կրկին հավաստելով, որ մարդու ստեղծածն է իր այցեքարտը։

Երբ գոհությունս չորս օր անընդմեջ բազմապատկած փառատոնին հրաժեշտ տալով, բայց ուշքս հետ պահելով՝ օդակայան էի շտապում, որ տուն վերադառնամ, երբ ջրային տաքսու վարորդը, ջուրը ճղփացնելով, մոտեցավ կառամատույցին՝ անունս բարձրաձայն վանկարկելով, երբ նրբաճաշակ, կաթնագույն թավշյա պաստառով ծածկված նստատեղերին բազմեցինք ես ու ինձ ուղեկցող, փառատոնի կամավորական ռուս ուսանողուհին, որ արդեն տասը տարի Իտալիայում էր ապրում և անկեղծ տխրությամբ էր խոսում ռուս-ուկրաինական պատերազմի, իր երկրի հանդեպ չմարող կարոտի մասին, ուկրաինացի ծանոթի կոպիտ արձագանքի մասին, թե ինքը չի խոսելու իր ազգի թշնամու լեզվով, որքան էլ որ խոսակիցը վաղեմի ընկերուհի էր, որին ես արձագանքեցի՝ այդ դեպքում մենք՝ հայերս, որոնց ցեղասպանել են թուրքերը, որոնց վրա հարձակվել են ազերիները, ինչպե՞ս ենք հանդուրժել և մինչև այսօր էլ հանդուրժում խաղաղության կոչերը, մշակութային փոխադարձ այցերն ու գործարար կապերը, և հավելեցի, որ ես էլ որպես հայ մարդ և գրող չեմ ողջունում իր երկրի ղեկավարության քաղաքական գիծն ու պահվածքը ոչ միայն Ուկրաինայի, այլև հենց Հայաստանի հանդեպ, բայց դա չի նշանակում, որ ես չեմ սիրում ռուս ժողովրդին և հենց քեզ, ում աչքերը փայլում են, երբ խոսում է առաջիկա ամիսներին Հայաստան գալու ու մեր երկրից վերջապես իր երկիր՝ ծնողներին տեսության գնալու մասին, երբ արագընթաց տաքսու վարորդը գերագույն բավականություն էր ստանում՝ նավը թռցնելով ջրերի վրայով, ես մտահոգ հայացքս հառեցի հեռվում նշմարվող ծառերի արանքից ծիկրակող շինություններին և իմացա, որ այնտեղ՝ Սան Միշել գերեզմանատանը, իր իսկ կտակի համաձայն, հիմա արդեն խաղաղ երանությամբ ննջում է ծագումով հրեա, 1940-ին ռուսական մշակույթի մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում ծնված, 1987-ին գրականության Նոբելյան մրցանակ ստանալիս արդեն 7 տարի ամերիկյան քաղաքացի, Նյու Յորքի բնակիչ, բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին, որը 1996-ին վախճանվեց քնի մեջ՝ հուղարկավորվելով Նյու Յորքի քաղաքամերձ բնակավայրում, բայց ի վերջո, հանգչելով վենետիկյան ջրերի մերձափնյա այս հանգստարանում։

Երբ արդեն Երևանում էի, ու վենետիկյան փառատոնից ինձ մեկ շաբաթ էր բաժանում, երբ արդեն հասցրել էի զրուցել «Առավոտի» ու «Ազգի» լրագրողներ Գոհար Հակոբյանի ու Մարիետա Խաչատրյանի հետ՝ հիացական տպավորություններս ու զգացողություններս ներկայացնելով նրանց ընթերցողներին ու կարծես ասելիքս սպառելով, հեռախոսիս մեջ հնչեց Կարինե Խոդիկյանի զվարթ ձայնը, որ պահանջելու պես խնդրում էր «Գրական թերթի» ընթերցողներին պատմել վենետիկյան այցիս մանրամասները։ Եվ քանի որ ես խոնարհ ուրախությամբ եմ ողջունում դեպի ինձ եկողներին, համաձայնությունս ելքեր էր որոնում՝ ինքս ինձ չկրկնելու համար, և ինչ լավ է, որ գրեթե միաժամանակ հանգեցինք այս էսսեի տարբերակին, որ դեռ օրեր առաջ էի ծանրութեթև անում մտքիս ետնախորշերում։ Գիտեի, որ կգրվի, բայց որ հենց այսպես՝ այսչափ բացջիղ ու անսքող կկանգնեի ձեր առջև, այնժամ դեռ չգիտեի։

 

12.04.2023, Վենետիկ-Երևան

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։