Ռուզան ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

 

Իմ խփված տողեր…

***
Թռչունի
Հականիշը
Գնդակն է,
Բայց նրանք
Երկուսն էլ թռչում են…

Եվ Աստված չանի,
Երբ գնդակներն են թռչում-
Նրանք կտուցներին
Երբեք ծղոտ չեն տանում
Բույն հյուսելու.

Նրանց բույնը-
Զինվորի սիրտն է…

***
Պատերազմը պետք է
սիրահարվի ինձ-
Ես պետք եմ նրան։

Պատերազմը պետք է
սիրահարվի ինձ,
Եվ ես նրան մոռանալ կտամ
Իր բոլոր պոռնիկներին
Ու կհիշեցնեմ
Փշեպսակով երեխաների
մասին
Եվ նրանց փոքրիկ խաչերի…

Պատերազմը պետք է
սիրի ինձ…
Նա չի էլ իմանա`
Ինչպես է իմ
ճերմակ մարմինը
Դառնում իր խիղճը,
Ինչպես է խաղաղվում,
Որ ցնցվի
Որբացած երեխաների
աչքերին նայելիս…

***
Իմ հայրենիք,
Քո ամեն զինվորի համար
Մի բանաստեղծություն
ունեմ,
Որ թշնամու գնդակը
Իր վրա է առնում…
***
Դուք իմ բառի միջով
Պիտի տուն վերադառնայիք,
Իսկ դուք իմ տան միջով
Բռնում եք
երկնքի ճամփան…

Իմ խփված տղերք,
Իմ խփված տողեր…

Բառերս ինչպե՞ս են
Ինձ հարություն տալու,
Որ ձեր մասին
Գրեմ…

***
Իմ հայրենիքը
Հրթիռներն են հարվածում,
Իմ հայրենիքը
Ինքնաթիռներն են
ռմբակոծում
Եվ…
Աշխարհի լռությունը…

Եվ ամենից շատ արյուն
Աշխարհի լռությունը
Ետ մղելիս ենք թափում…

***
Աշուն է…
Կարմիր աշուն է…

Ես վիրակապ եմ դնում
Հայրենիքիս վերքին
Ու չեմ հասցնում փոխել-

Կարմիր,
Կարմիր աշուն է…

***
Ես անզոր եմ գրել
Պատերազմի մասին-
Ինձ իմ երգը բերեք…

Իմ երգն էլ խաչ ուներ,
Իմ երգն էլ էր քայլում
Գողգոթայով սրտիս,
Բայց իմ սիրտը մեկ-մեկ
Կանաչ դաշտ էր դառնում-

Ինձ իմ երգը բերեք…

***
Այս ձմեռ
Ձյունը
Միայն մայրերի
Մազերին կիջնի,
Իսկ ճամփաներին
Խուլ
Ոտնաձայներ կիջնեն,
Որ միայն մայրերը կլսեն…

Ու մի պահ
Մայրերին կթվա,
Թե որդիները
Երիցուկներ են շարում
Իրենց մազերին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։