ԳԻՐՔԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ

 

Ապրիլի 12-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Երկու մայրաքաղաքներ՝ Մոսկվա-Երևան» գրքի շնորհանդեսը: Մոսկվայում հրատարակված այս ժողովածուում ընդգրկված են հայ և ռուս 10-ական հեղինակների չափածո և արձակ ստեղծագործություններ՝ նվիրված երկու մայրաքաղաքներին: Բոլոր գործերը տպագրված են զուգադիր հայերեն և ռուսերեն:

Գիրքը նախաձեռնել են Մոսկվայի գրողների միավորման նախագահ Վալերի Գալեչյանը և Երևանում նրա օգնական ու աջակից Ելենա Ասլանյանը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով գիրքը նախաձեռնողների նպատակասլաց աշխատանքը, այն համարեց հրաշալի ժողովածու երկու մայրաքաղաքների մասին:

Ելենա Ասլանյանը, խոսելով գրքի ստեղծման մասին, ներկայացրեց ընդգրկված հեղինակներին ու նրանց գործերը: Հերմինե Նավասարդյանը, որպես ներքին ու արտաքին հակամարտություններին հակակշիռ՝ կարևորելով գրքի դերը, այն համարեց կամուրջ ներկա դժվարին ժամանակներում: ««Երկու մայրաքաղաքներ. Մոսկվա-Երևան» գիրքը երկու երկրների՝ Հայաստանի ու Ռուսաստանի մայրաքաղաքների մասին է: Այսպիսի ձեռնարկների նպատակը հենց տեսանելի ու իրական խաղաղության կամուրջներ գծելն է տարբեր ազգերի ու մշակույթների միջև: Գրքով է, որ մարդն առավել մարդկային է դառնում, աշխարհն՝ առավել խաղաղ, հոգին՝ առավել հոգեղեն: Գրական ու մշակութային կամուրջներն է, որ հավերժական են, այլ ոչ թե՝ նյութական, հասարակական կամ քաղաքական»,- ասաց նա:

Լևոն Բլբուլյանը, ժողովածուն համարելով և՛ ձևով, և՛ բովանդակությամբ հետաքրքիր, ինքնատիպ, վստահեցրեց, որ այն կարևոր առաքելություն ունի՝ նպաստել երկու ժողովուրդների փոխճանաչմանը, իսկական բարեկամությանը, մոտեցնել ազգերին: «Կարդալով մոսկվացի մեր գրչակիցների՝ իրենց մայրաքաղաքին նվիրված ստեղծագործությունները՝ մենք ինչ-որ տեղ նորովի ենք ճանաչում, ընկալում Մոսկվան՝ իր բնակիչներով, մեզ համար հետաքրքիր բացահայտումներ անում: Վստահ եմ, որ քաղաքամայր Երևանին նվիրված մեր ստեղծագործություններն ընթերցելով՝ ավելի լավ կճանաչեն, ու բարեկամությունը կդառնա իսկական, ոչ ձևական»,- նկատեց նա:

Ըստ Գոհար Գալստյանի՝ ամենագլխավորն այն է, որ յուրաքանչյուր հեղինակի խոստովանությունը՝ բանաստեղծություն թե արձակ գործ, իր մայրաքաղաքին, կառուցված է սիրո վրա, և այդ սերերի փոխանակումն է գիրքը: Գրքի՝ յուրովի միավորող ձեռնարկ լինելու վերաբերյալ իրենց կարծիքները հայտնեցին ժողովածուում ընդգրկված հեղինակներ Նանեն, Լուսինե Ալեքսանյանը, Սվետլանա Հովհաննիսյանը և ուրիշներ:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։