ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՄԵՆՔ

Ապրիլի 14-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Մենք և աշխարհը» շարքի «Ամերիկան հեռու և մոտ» և Տրայան Պոպ Տրայանի «Շրջանցիկ ճանապարհ» գրքերի շնորհանդեսը: «Ամերիկան հեռու և մոտ» գիրքը ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի նախագծով տպագրվող «Մենք և աշխարհը» շարքի 5-րդ՝ Ամերիկային նվիրված գիրքն է («Ծիծեռնակ» հրատարակչություն): «Շրջանցիկ ճանապարհ»-ը ազգությամբ ռումինացի և այժմ Գերմանիայում ապրող Տրայան Պոպ Տրայանի գերմաներեն – հայերեն բանաստեղծությունների ժողովածուն է («Վան Արյան» հրատարակչություն):

Էդվարդ Միլիտոնյանը նախ ներկայացրեց «Ամերիկան հեռու և մոտ» գիրքը, որ ընդգրկում է հայ դասական ու ժամանակակից գրողների ստեղծագործությունները. «Սակավ են հրատարակվել այնպիսի գրքեր, որ լինեն աշխարհի տարբեր երկրների, ժողովուրդների մասին և մեր կարծիքը, նկատառումը, վերլուծությունը ընդգրկեն: Այս շարքի գրքերն այդ նպատակն ունեն»,- աաաց նա: Պոեզիայի բաժնում ներառված են Եղիշե Չարենցի, Վահագն Դավթյանի, Արևշատ Ավագյանի, Հենրիկ Էդոյանի, Արտեմ Հարությունյանի, Վարդան Հակոբյանի, Նորայր Ղազարյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Սոնա Վանի, Շանթ Մկրտչյանի, Անուշ Վարդանյանի, Ավիկ Դերենցի, Խաչկարի, Խաչիկ Մանուկյանի, Նաթելլա Լալաբեկյանի, Կարեն Խուրշուդյանի և Էդուարդ Հարենցի բանաստեղծությունները, իսկ արձակի բաժնում՝ Կոստան Զարյանի, Վահան Թոթովենցի, Աղասի Այվազյանի, Յակոբ Կարապենցի, Հրանտ Մաթևոսյանի, Պատրիկ Արտեմի, Խորեն Արամունու, Էդվարդ Միլիտոնյանի, Մարգարիտ Դերանցի, Արտաշես Էմինի և Ռաֆայել Արամյանի ստեղծագործությունները:

Հենրիկ Էդոյանը ողջունեց նախագիծը՝ նշելով, որ Ամերիկայի մասին հսկայական նյութ կա և լավ կլիներ շարունակել այն. «Մեր գրականությունը պետք է կապ ունենա աշխարհի գրականության հետ, մեր մշակույթը պետք է արդիական լինի՝ ոչ միայն անցյալի վրա կենտրոնացված: Մեր պոեզիան կարիք ունի ժամանակակից դառնալու»: Արևշատ Ավագյանը, պատմելով Ամերիկա իր այցելության և այնտեղ ունեցած ցուցահանդեսի մասին, նշեց, որ գրքում զետեղված իր բանաստեղծությունները Ամերիկայի մասին են՝ հայի տեսանկյունից: Արտեմ Հարությունյանը, ով երկար ժամանակ ապրել էր Ամերիկայում՝ որպես Արցախի դեսպան և դասախոսել տարբեր համալսարաններում, ասաց, որ այդ երկիրն իրեն մեծ կենսափորձ է տվել: Նա ընթերցեց իր «Գիշեր Վաշինգտոնում» բանաստեղծությունը: Ելույթ ունեցան և իրենց բանաստեղծություններից ընթերցեցին Խաչիկ Մանուկյանը, Շանթ Մկրտչյանը և Անուշ Վարդանյանը:

Այնուհետև Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց Տրայան Պոպ Տրայանի «Շրջանցիկ ճանապարհ» գիրքը, որի գրական թարգմանությունն ինքն էր կատարել՝ Կառլեն Մատինյանի գերմաներենից թարգմանված տողացիներով: Ներկայացնելով Տրայան Պոպ Տրայանին, ով իր «Պոպ» հրատարակչությունում հրատարակել էր արդի հայ պոեզիայի անթոլոգիան, նշեց, որ երկլեզու գրքի տպագրությունը Հայաստանում նպատակ ունի ընդլայնելու գրական համագործակցությունը: Ելույթ ունեցավ Կառլեն Մատինյանը՝ արժևորելով գրքի թարգմանությունն իբրև հայ-գերմանական համագործակցության շղթայի կարևոր օղակ: Նա նշեց, որ լեզվական թարգմանությունից բացի, կարևոր է նաև գեղարվեստական թարգմանությունը, և այդ առումով թարգմանությունն ավելի արժեքավոր է, երբ բանաստեղծն է թարգմանում բանաստեղծին: Նա կարդաց «Եվրոպայով՝ չորեքթաթ» բանաստեղծությունը՝ գերմաներեն և հայերեն: Գերմանական և հայկական մշակույթների առնչության մասին խոսեց Հակոբ Մովսեսը, նշելով, նրանց միջև ծագումնաբանական հարազատություն կա. «Աբովյանից մինչև Չարենց ու Թումանյան արևելահայ գրականության համար վիթխարի նշանակություն է ունեցել գերմանական գրականությունը»: Հ. Մովսեսը նշեց, որ այսօր էլ Գերմանիան կարող է մեզ հարազատության մեծ իմպուլսներ տալ, և կարևորեց գրքի տպագրությունը: Ելույթներ ունեցան և գրքերի տպագրության առթիվ հեղինակներին շնորհավորեցին Անդրանիկ Կարապետյանն ու Հերմինե Նավասարդյանը:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։