Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի մշակույթի կենտրոնում կայացավ հոբելյանական հանդիսություն` նվիրված Գագիկ Դավթյանի 70-ամյակին: Հանդիսությունը սկսվեց Սյունիքի օրհներգով, որը ստեղծվել է նրա գրած տեքստի հիման վրա:
«Գագիկ Դավթյանի ծննդյան 70 և գրական գործունեության 50-ամյակները նշվել են նախ` Հայաստանի գրողների միությունում, ապա` Թբիլիսիում, և դա պատահական չէ,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը,- որովհետև մեզանում թեև կան հրաշալի թարգմանիչներ, բանաստեղծներ, բայց շատերը չէ, որ իրենց ժամանակը և տաղանդն ի սպաս են դնում աշխարհի գրողներին թարգմանելու, այդքանը տպագրելու, տարածելու գործին: Ես ուրախությամբ տեսնում եմ, որ Գագիկ Դավթյանը ոչ միայն իր ստեղծագործությամբ, այլև բարձրարվեստ թարգմանություններով բազմիցս հաստատել է, որ ժամանակակից մեր բանաստեղծության մեջ ունի իր ուրույն ճանապարհը»:
«Գագիկ Դավթյանի ողջ քնարերգությունը` և՛ բանաստեղծությունները, և՛ պոեմները, իր ներքին մենախոսությունն են, իր զրույցն աշխարհի և իր հետ: Պատահական չէ, որ նրա բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի տասնյակ լեզուներով, և անընդհատ ականատեսն ենք նրա հասցեով աշխարհի տարբեր անկյուններից եկող հրավերների»,- ասաց գրականագետ Վանո Եղիազարյանը:
Ելույթ ունեցան ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը, Կապանի պետթատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը, Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն, գեղանկարիչ Բորիս Մինասյանը, գրականագետ Արմեն Ավանեսյանը, Գ.Դավթյանի հայրենի գյուղի` Դավիթբեկի միջնակարգ դպրոցի տնօրեն Գրիշա Գաբրիելյանը, բանասեր Լևոն Մարգարյանը, Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն, պատմաբան Գրիշա Սմբատյանը, Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը:
Կամո Արզումանյանը հոբելյարին նվիրեց մի գեղանկար` Գագիկ Դավթյանը դիցական Խուստուփի ֆոնին: Կապանի թատրոնի դերասան Արտավազդ Գրիգորյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը, Նարա Մելքումյանն ասմունքեցին Գ.Դավթյանի բանաստեղծություններից: Հնչեցին երգեր հոբելյարի և կապանցի տաղանդավոր երգահան Վահան Մանուկյանի հեղինակությամբ:
Միջոցառման ավարտին իր նոր գրքերից ընծայագրերով բաժին հանեց ներկաներին և շնորհակալական խոսք ասաց Գագիկ Դավթյանը. «Ամեն տեղ հպարտացել եմ, որ այս հողի ծնունդ եմ, փառաբանել եմ այս երկրամասը, նրա ժողովրդին»:
Հանդիսությունը վարում էր համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Նարա ՄԵլքումյանը: