Հայ անվանի բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանի հեքիաթները լայն տարածում ունեն Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Լույս է տեսել Սուրեն Մուրադյանի «Հեքիաթներ» ժողովածուն ռումիներեն, որը թարգմանել է Արսեն Արզումանյանը՝ մանկագրի թոռը: Գրքի նկարազարդումների հեղինակն է նկարիչ Խորեն Հակոբյանը:
Հայկական շնչով համեմված այս պատմությունների հերոսները շատ տարբեր են` մարդկանցից մինչև կենդանիներ և թռչուններ, որոնք մանուկներին տեղափոխում են հեքիաթների աշխարհ: Ընթերցողները կճանապարհորդեն աշխարհի ամենափոքրիկ թագուհու հետ, կծանոթանան Մեղրագետի պատմությանը, հովվի և նրա ագահ կնոջ ճակատագրին, արդար թագավորի հնարամիտ որոշմանը, կզվարճանան մեծամիտ վարպետ փայտփորիկի, խորամանկ աղվեսի արկածներով և վերջապես կիմանան, թե ինչպես թռչունները թագավոր ընտրեցին:
Սուրեն Մուրադյանի «Հեքիաթները» տպագրվել է նաև հայերեն, ընթերցողներն այն կարող են ձեռք բերել Հայաստանի գրախանութներից և գրադարաններից: