ՎԱԼԵՐԻ ՓԻԼՈՅԱՆԻ «ԱՅՍՕՐ ԵՎ ՄԻՇՏ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ / Վաչագան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ժողովածուն կազմելիս Վալերի Փիլոյանը առաջնորդվել է խիստ գիտական պահանջներով՝ գրքում ներառելով տարբեր տարիներին գրված հոդված-ուսումնասիրությունները, որոնք հետևողական աշխատանքի արդյունք են։ Գրքի առաջին հատվածը, որ ծավալուն է և կազմում է շարադրանքի կեսից ավելին, վերաբերում է Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությանը։

Հայ գրականագիտական միտքը թեև քիչ ջանքեր չի գործադրել Մաթևոսյանի արձակի էությունը բացահայտելու ճանապարհին, այսուհանդերձ այս ուղղությամբ անելիքները շատ են։ Միջազգային ասպարեզում Մաթևոսյանի ստեղծագործության արժևորումը այսօր հրամայական պահանջ է։ Մշակութային մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին անվանի գրողի գրականությունը դառնալու է անհաղթահարելի պատնեշ դրսի աշխարհի և պատվանդան հայ գրականության համար։ Սա տևական, միաժամանակ պատասխանատու ճանապարհ է, որ անցնելու է հայ գրականագիտական միտքը։ Ճանապարհ գնալուց առաջ հարկ է պատրաստ լինել ամեն կարգի դժվարությունների։ Ժողովածուն այս իմաստով ներդրում է մեր գրականագիտական մտքի անդաստանում։

Վալերի Փիլոյանի հրապարակումների ժողովածուն գալիս է լրացնելու այն ուսումնասիրությունների շարքը, որոնք երևույթների մասին խոսելու փոխարեն բացահայտում են դրանք։ Թեև գրականագետը նախընտրել է այս կամ այն խնդիրը քննել առանձին հրապարակումով, բայց հարցադրումների շրջանակն ընդգրկում է գրողի ստեղծագործությանը վերաբերող բացառապես առանցքային հարցեր, որոնք որևէ դեպքում «դիպվածային» չեն, հետևապես դրանք հնարավորինս բացահայտում են մեծ գրողի ստեղծագործության առանձնահատկությունները։ Այս իմաստով հոդվածների ընտրությունը, հերթագայությունն ունեն Մաթևոսյանի գրականության մասին ամբողջության ձգտող մենագրություն դառնալու միտում։

Մաթևոսյանը ենթագիտակցականի գրող է, և դա լավ է հասկանում Փիլոյանը։ Այս ելակետային սկզբունքը պայմանավորում է նրա հրապարակումների բնույթը՝ վերլուծական շարադրանք, որ միտված է առաջադրված խնդիրը լիարժեքորեն ներկայացնելուն, համադրումներ, որոնք հետաքրքիր զուգորդումներ են կազմում։

Մաթևոսյանական գիրը բնույթով ավելի ինտենսիվ է՝ դեպի խորքերը գնացող, քան էքստենսիվ՝ ընդգրկման, ծավալվելու իմաստով։ Դա խորքերը գնացող արձակ է՝ ավանդական պատմելաձևը մերժող և համաշխարհային խոստովանական գրականությունը հարստացնող երևույթ։ Ճիշտ այսպիսի վերաբերմունքով ու նաև պատասխանատվությամբ է Փիլոյանը մոտենում առաջադրած խնդիրներին։

«Գրականության մաթևոսյանական ընկալումը» հրապարկումով Փիլոյանը բացահայտում է գրողի դավանանքը՝ կյանքը հայտնագործելու և ոչ թե բացահայտվածը գեղեցկախոսությամբ ստեղծելու գերակա սկզբունքը։ «Գեղարվեստը նյութի, փաստի, առարկայի, կյանքի ճանաչման ընթացք է։ Նորից եմ ասում՝ ճանաչման ընթացք է, այլ ոչ թե արդեն ծանոթի, արդեն ուսումնասիրվածի գեղեցիկ իրագործում»,- գրողի հիմնավորումն է բերում Փիլոյանը (էջ 8)։ Սա ելակետ է՝ գրողի ստեղծագործությունն առհասարակ ճիշտ հասկանալու և ընթերցողին ուղղորդելու համար։

Մեր գրականության մեջ Հրանտ Մաթևոսյանը բացառիկ է ոչ միայն իր գեղարվեստական խոսքով, այլև գրականագիտական դիպուկ, խորքային դիտարկումներով, հրապարակախոսությամբ։ Վալերի Փիլոյանի ժողովածուն մեծանուն գրողի գեղարվեստական երկերը մատուցում է ամբողջության մեջ՝ նպատակ ունենալով բացահայտել Մաթևոսյանի ինքնակայացվող աշխարհի սահմանները, որոնք պարփակելի չեն։ Բավական է միայն առանձնացնել հրապարակումների վերնագրերը, և ակնհայտ կդառնա, թե ժողովածուն կազմած հեղինակը ինչ բծախնդրությամբ ու գիտական բարեխղճությամբ է մոտեցել խնդրին։ Ահա վերնագրերից մի քանիսը՝ «Սյուժեի (ֆաբուլայի) մաթևոսյանական ընկալումն ու իրացումը», «Մանրամասը Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության մեջ», «Լռությունը որպես պոետիկայի բաղկացուցիչ Հրանտ Մաթևոսյանի կինոդրամատուրգիայում», «Գիտակցության հոսքի» արտահայտությունը Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության մեջ…», «Հայոց արքետիպերի համակարգը Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության մեջ», «1918 թ. իրադարձությունների գեղարվեստական արտահայտությունը Հրանտ Մաթևոսյանի «Տախը» վեպում», «Հրանտ Մաթևոսյանի անավարտ վիպակները» և այլն։

Հատուկ ուշադրության է արժանի «Գեղարվեստական արձակի ռիթմը» ուսումնասիրություն-հոդվածը, որտեղ առաջին անգամ Փիլոյանը քննության առարկա է դարձնում Մաթևոսյանի արձակի ռիթմը։ Հայ գրականագիտական միտքը նման ծավալով ու խորությամբ արձակի ռիթմին չի անդրադարձել։ Քանի որ Փիլոյանը տիրապետում է հայ արձակի և բանաստեղծության նրբություններին, ուստի կարողանում է հստակորեն կողմնորոշվել իր նպատակների իրականացման ճանապարհին։ Վերլուծության ընթացքում առաջնորդվում է միջազգային չափանիշներով՝ ձգտելով հաղթահարել հայ գրականագիտության սահմանները՝ ասելիքը սպառիչ ներկայացնելու համար։ Շարույթը դիտարկելով որպես արձակի ռիթմի կարևորագույն միավոր՝ Փիլոյանը գրում է. «…Ռիթմը շարույթի (միասնական իմաստային ամբողջության) և դադարի հերթագայությունն է. այն կարելի է պատկերացնել որպես տեքստի շնչառություն՝ ներշնչում և արտաշնչում։ Եթե շարույթը համամասնական է ներշնչմանը, ապա դադարը՝ արտաշնչմանը…» (էջ 112)։ Փիլոյանը, խոսելով դադարի դրսևորման ձևերի մասին, խոսում է և Մաթևոսյանի հեղինակային կետադրության մասին, որը «ռիթմի կանոնակարգման բաղկացուցիչ» է։ Սա կարևոր դիտարկում է։ Մաթևոսյանի կետադրությունը հաճախ է շեղվում նորմատիվ կետադրությունից, և դա, Փիլոյանի դիտարկմամբ, պայմանավորված է գրողի ռիթմական ներզգացողությամբ (տե՛ս էջ 115)։ Կետադրական նշանների գործածությունն արդեն ենթադրում է դադարի յուրահատկություն ու տևողություն, բայց քանի որ Մաթևոսյանի համար տեքստը կենդանի մարմին է, հետևաբար, խոսքի կենդանի շնչառությունը գրողը կանոնակարգում է անհատական թելադրական նշաններով, դրանց գործածությամբ և ոչ թե կենդանի մարմինը փորձում է խցկել ընդունված կետադրական պահանջների մեջ։

Ռիթմի վերաբերյալ Փիլոյանի դիտարկումները նոր արահետ են բացում մաթևոսյանական արձակի ուսումնասիրության ճանապարհին։ Մեր համոզմամբ՝ Մաթևոսյանի արձակի պոետիկան սերտորեն մոտենում է Աստվածաշնչի պոետիկային (որպես առակի պոետիկա)։ Հետաքրքիր կլիներ տեսնել Աստվածաշնչի և Մաթևոսյանի արձակի ռիթմի առնչության խնդիրները։ Դա առայժմ կարող է անել միայն Փիլոյանը։ Գրքի երկրորդ հատվածում ներկայացված են տարբեր տարիներին գրված գրախոսական աշխատանքները, որոնք առնչվում են ինչպես սփյուռքյան, այնպես էլ հայրենի գրականության ձեռքբերումներին։ Այստեղ էլ հեղինակն աչքի է ընկնում ինքնատիպ վերլուծություններով ու գնահատականներով։

Ներկայացված ժողովածուն ամբողջության մեջ որոշակի ներդրում է հայ գրականագիտական մտքի անդաստանում և լավագույնս կծառայի գրականությամբ, գրականագիտական խնդիրներով զբաղվող մարդկանց՝ օգնելով ճիշտ կողմնորոշվել մասնագիտական խնդիրների ոլորտում։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։