ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԿՈՐՈՒՍՅԱԼ ԵԴԵՄ ԿԱՄ «ՈՐՏԵՂԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ԱՐԱՔՍԸ» ՎԵՊԸ
Բոնդո ԱՐՎԵԼԱՁԵ
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
2013 թ. Վիկտոր Հովսեփյանի տուն-թանգարանը (Վրաստան, Նինոծմինդայի շրջան, գյուղ Հեշտիա) լույս է ընծայել ճանաչված վիրահայ գրող, բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանի «Կորուսյալ Եդեմ, կամ որտեղից է սկսվում Արաքսը» անտիպ վեպը (Թբիլիսի, «Մծիգնոբարի» հրատարակչություն): Այն հեղինակի ետմահու տպագրված չորրորդ գիրքն է: Գիրքը կազմել, ծանոթագրել, բառարանը կցել է հեղինակի դուստրը՝ Գիսանե Հովսեփյանը: Գրքի խմբագիրը Ժորա Սնխչյանն է:
Կարդալով վեպը՝ ես մեկ անգամ էլ համոզվեցի, որ Վիկտոր Հովսեփյանը բացառիկ տաղանդով օժտված գրող է: Միանգամից ասեմ, որ ես գրաքննադատ չեմ, ուստի՝ վեպը այդ տեսանկյունից չեմ վերլուծի, թեև պետք է նշեմ, որ այն արժանի է բազմակողմանի ուսումնասիրության: Իմ նպատակն ավելի զուսպ է. ընթերցողի ուշադրությունը կենտրոնացնել մի քանի «առասպելախառը» դրվագների վրա, որոնք, իմ կարծիքով, վեպի գլխավոր ծանրաբեռնումն են կրում և հեղինակի ուղերձն են ընթերցողին:
* * *
«Կորուսյալ Եդեմ, կամ որտեղից է սկսվում Արաքսը» պատմական վեպի, կամ ինչպես հեղինակն է ասում՝ վիպական ասքի ատաղձը 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմն է, որի ավարտին՝ 1829 թ. սեպտեմբերի 2-ին, կնքվում է Ադրիանուպոլսի պայմանագիրը: Այս ատաղձի շուրջ տրվում է պատերազմական գոտում հայտնված տարածաշրջանի, մասնավորապես՝ Արզրումի նահանգի պատմական, գեղարվեստական նկարագիրը: Օսմանյան Թուրքիայի տարածքում Աստվածաշնչյան «Հովնանի դդմենու»[1] պես հայտնված դավանակից ռուսներն իրենց ներկայությամբ ոգևորում են երբեմնի հալածված քրիստոնյաներին, ու նրանք տարիների նվաստացումն են հիշում, հիշում կախաղան հանված քահանաներին, բռնաբարված կանանց, մորթված երեխաներին, քանդված տներն ու պղծված գերեզմանները… Ռուսների առաջընթացն ամեն ինչ անում է՝ այս հիշողությունը արթնացնելու, թարմացնելու համար: Պատերազմը հավելում է դեպքերը, ու տեղի քրիստոնյաները, հիմնականում՝ հայեր, բացահայտ օժանդակում են առաջացող ռուսներին: Պատերազմի ավարտին կայացվում է Կարնո հայության տեղահանության վճիռը, և այդ վճիռը կյանքի կոչելու համար խիստ անհրաժեշտ է այդ հիշողությունը, որովհետև դրա շնորհիվ ռազմական գործողությունների ավարտին ռուս-թուրքական տարածքների սահմանազատումն ու սահմանագծումը քարտեզներից եզերք պիտի տեղափոխվեր, և այդ սահմանները պահողների կարիք կլիներ, իսկ արթնացած ու թարմացված հիշողությունն հենց այն խթանն էր, ինչի շնորհիվ արյուն-քրտինքով հողին կապված, բայց պատերազմի ընթացքում դավանակից ռուսների կողմը բռնած ժողովուրդը, հայրենի բնաշխարհից տարհանվելով և նոր բնակավայրում հաստատվելով, «ավելի թուրքատյաց» ու ավելի հավատարիմ կլիներ Ռուսաստանին, քան որևէ ուրիշ մեկը:
Այսպիսով, 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսաց բանակը, գեներալ Պասկևիչի գլխավորությամբ հաղթական առաջանում է հարավում, հասնում է Արզրում, գրավում է Արզրումը, սակայն 1829 թ. սեպտեմբերի 2-ին կնքվում է Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը, որի կետերից մեկի համաձայն՝ Արզրումը մնում է Թուրքիայի տիրապետության տակ: Ռուսական զենքի հաջողությամբ ոգևորված տեղի քրիստոնյա բնակչությունը, մեծ մասամբ՝ հայեր, որ պատերազմական գործողությունների ժամանակ աջակցել էին ռուսներին, կանգնում են ծանրագույն ընտրության դեմ. մնալ անխուսափելի հաշվեհարդարի դեմ, թե՞ գաղթել: Մնացողները սուրը պիտի ընտրեին, գնացողները՝ խաչը: Խաչն ընտրող հայության գլուխ կանգնում է իր դավանակցի հովանավորությունը բացահայտորեն գերադասող Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին: 1830 թ. աշնանը Կարնո եզերքի քրիստոնյա բնակչությունը, հիմնականում՝ հայեր, տեղահանվում և բնակեցվում է Ռուսական կայսրության հարավային սահմաններին, որտեղ բազմաթիվ բնակավայրեր անբնակիչ էին մնացել պատերազմական գործողությունների պատճառով:
Պատմական ահա այս դրվագի շուրջ կառուցվում է «Կորուսյալ Եդեմ, կամ որտեղից է սկսվում Արաքսը» վեպի սյուժեն: Ժանրային առումով հեղինակի դիրքորոշումը ստեղծագործությանը ընդգծված ժողովրդականություն է հաղորդում: Ժողովրդական վեպի կանոններով հեղինակը առաջին ողորմիները ասացողին՝ Խազո տատին է ասում: Խազոն (Բեռնիկ Հովսեփյան) Վիկտոր Հովսեփյանի հորական տատն է: Երեսունհինգ տարեկանից անկողնուն գամված այս կինը ժողովրդական խաղ ու տաղով, ասք ու հեքիաթով է թոռներին կապած պահել իր փեշին: Հենց Խազո տատն է «պատմելու բաները պատմելով, երգելու բաները երգելով ասել, թոռների աչքերը բացել երգի ու պատմության, խաղ ու տաղիկի, հեքիաթ ու զրույցի, ծես ու սովորության, մի խոսքով՝ կյանքի ու կենաց ցոլքի վրա»: Ու զգուշացրել է, որ մեռնելուց հետո սիրեն-թռչունի տեսքով կհայտնվի բակի ուռենիներից մեկի սաղարթի մեջ՝ ստուգելու, ասածները հո չե՞ն մոռացել թոռները, որովհետև «այս ամենը ով մոռանա, ինքն էլ է մոռացվելու»: Խազո տատի ասք ու հեքիաթը հանդերձ են դառնում վերը բերված պատմական դրվագին, ու Վիկտոր Հովսեփյանը այն վիպասք դարձրած հանձնում է թղթին՝ չմոռանալու ու չմոռացվելու համար:
Վեպի կենտրոնական հերոսներից է ռուսական բանակի զորավար կոմս Պասկևիչը, որ Վիկտոր Հովսեփյանի ստեղծագործության մեջ վիպական «դիցերից» է, որ ռուսական զորքի գլուխն անցած, կռվաբեմ դարձած տարածքի քրիստոնյա ժողովուրդների հույսը դարձած, հաղթական եկել, հասել է Արզրում: Ադրիանուպոլսի պայմանագրով, սակայն, ռուսական զորքը պետք է թողնի իր գրաված հողերի մի մասը, այս թվում՝ Արզրումը: Ու կոմս Պասկևիչը վեպի առաջին՝ «Ձյուն դարձած անձրևը» գլխում, մղձավանջի մեջ մի քանի անգամ կարդում է իր իսկ ձեռքով ռուսաց ցարին գրած նամակը՝ դեպքերին նոր լուծում գտնելու հույսով. «Հաշտությունը, որը Ձերդ Կայսերական Մեծությունը բարեհաճել է շնորհել բարձրագույն դռանը, այստեղ՝ Ասիայում, ընդհանուր ուրախության հետ իրավացի տրտմության մեջ է գցել ժողովրդի այն մասին, որն արժանի է մեր կարեկցությանը և՛ մշտապես կրած իր տառապանքներով, և՛ ռուսական զենքի հաջողությանը ցույց տված իր փորձով, և՛ այն դժբախտ ապագայով, որ սպասում է նրան»: Այդ դժբախտ ժողովուրդը ռուսաց հաղթանակի հետ հույսեր փայփայող քրիստոնյաներն էին, մեծ մասամբ՝ հայեր: Միակ բանը, որ դեռ կարող է խոստանալ կոմս Պասկևիչն իր զենքի զորության վրա հույս դրած խաբված ժողովրդին, տեղահանությունն է: Վեպի առաջին գլխում ևեթ ակնարկվում ու տրվում է այն բնակավայրերից մեկի նկարագիրը, ուր վերջում բնակություն պիտի հաստատեն տեղահանված քրիստոնյաները. կիսավեր, ռուս-թուրքական ետուառաջից անբնակիչ մնացած գյուղերից մեկն էր դա Ջավախքում, սառնորակ լճի մոտակայքում, որտեղ միակ կենդանի շունչը մորուքավոր, հյուծված ծերունին էր՝ կիսավեր կարմրավուն եկեղեցու պատի տակ: Գյուղի ոգին էր նա, որ այստեղ նախնյաց գերեզմաններ ուներ, վանք ու մատուռ ուներ, ուստր ու դուստրեր ուներ, որ պատերազմի թոհուբոհում զոհվել, փախել, կորել էին, իսկ ինքը չէր գնալու, մնալու էր այդտեղ, թեկուզ իր դին անթաղ մնար: Այս հերոսը՝ Գրո անունով, հանդես է գալիս նաև վեպի վերջում, նույն գյուղում, նույն եկեղեցու պատի տակ: Ռուսական զորքի ետ քաշվելու հետ Կարնո եզերքից տեղահանված, Ջավախք հասած գաղթականների հարցին՝ հայ ես, թե՞ վրացի, նա պատասխանում է հայերեն: Վրացերեն հարցնեին, վրացերեն կասեր: «Այս հողը,- ասում է նա,- հայ ու վրացի չի տարբերել»… Պատերազմն այստեղ էլ է արել իրենը՝ տեղաբնիկներից քարե հիշատակներ թողնելով միայն: Այս բնակավայրի պես անբնակիչ մնացած շատ գյուղեր կային այդ եզերքում, որ Ռուսական կայսրության հարավային սահմանն էր դառնալո ւ Ադրիանուպոլսի պայմանագրով…
Ռուս-թուրքական պատերազմի ավարտին ձեռք բերված հաշտությանը նախորդող և հաջորդող իրադարձությունները վեպում պատմվում են ասես ականատես-մասնակցի բերանով: Պատմությունը վիպերգ է դարձել, կերպարները՝ դիցեր, ու դիցաբանությունը Խազո տատի շուրթերից կաթել է թոռան ունկերում, դարձել «Կարնո հայության էպոս»: Այս էպոսի կենտրոնական կերպարը Գևորգ նահապետն է՝ իր գերդաստանի մեծ ու փոքրով: Այս գերդաստանն է կերտում վեպի բուն ասելիքի զույգ կտավները՝ գաղթից առաջ ու գաղթից հետո:
Եդեմական աշխարհում, Կարնո եզերքի հայաբնակ գյուղերից մեկում՝ Քյուլլիում, իր հազարաշեն տան տանիքի տակ ապրում է Գևորգ նահապետն իր մեծ ընտանիքի հետ: Նահապետի ու նրա տան շուրջ կառուցվում է իր բնիկ հայրենիքում ապրող ու արարող ժողովրդի պատմությունը՝ ավանդույթների, ծեսերի, ժողովրդական հազար ու մի հավատալիքների արդուզարդով պաճուճված: Գրքի երրորդ՝ «Տերընդեզ» գլխում, կրակատոնի նկարագրին զուգահեռ, ծալ-ծալ բացվում են գյուղի ու գյուղացիների կյանքն ու կենցաղը: Կրակատոնն ավարտելուց ու բերքատվության երաշխիք դարձած մոխիրը երդիկներից ներս շաղ տալուց հետո մեծ գերդաստանի անդամները հավաքվում են հազարաշեն օդայում բացված ընթրիքի սեղանի շուրջ ու սպասում, որ ընտանիքի մայրը՝ Մեծ Մարեն թոնրի տակից հանի եռացող քրջիկը, որը վայելելուց հետո թախտերը պիտի զարդարվեին ձեռագործ ծաղկանկար գորգերով, որոնց կբազմեին նահապետին այցի եկած գյուղի տարեցները ու տեղ կբացեին աշուղ Մհրեին, որը կշարունակեր երեկվա կիսատ թողած ճիշտ ու ստի խառնուրդ հեքիաթը…
Այս դրվագում գեղարվեստական մեծագույն վարպետությամբ տրվում են գյուղացիների հարաբերությունները, նրանց հոգսերը, որոնցից ամենածանրը պատմական տվյալ հատվածում ռուսների ետուառաջի հետ է կապվում. «Ռուսն առաջ կերթա, թուրք, քուրդ, պարսիկ հայերուն կջարդին, ռուսն ետ կքաշվի, թուրք, քուրդ, պարսիկ հայերուն կջարդին: Ռուսն լը հակառակի պես մեկ մ’առաջ կերթա, մեկ մ’ետ»,- ասում է վեպի հերոսներից մեկը՝ փերեզակ Հովակիմը: Ռուսների հետ գյուղից կապված է Գևորգ նահապետի հանգուցյալ Ալեք որդու մեծ տղան՝ Դավոն: Դավոյի եղբայրը՝ Կրպոն անիծում է ռուսների մուտքն ու նրանց բյուր ակունքների եզերք բերող-հասցնողներին: Դավոն շատ համախոհներ ուներ, քանի դեռ ռուսները առաջ էին գալիս, բայց ռուսների ետ քաշվելու հետ համախոհների թիվն էլ էր պակասում: Պառակտված ընտանիքը դառնում է պառակտվող ժողովրդի խորհրդանիշ: Մեծ գերդաստանի հայրը՝ Գևորգ նահապետը, անզոր է գալիք արհավիրքի դեմ: Պապոց-պապ կարգով նա սիրտը իր տան կողքով հոսող Արաքս գետին է բացում, ու «ծերունու սիրտը փլվում է, աչքերից սկսում են արցունքի կաթիլներ ընկնել գետի մեջ: Թվաց՝ Արաքսի բյուր ակունքներից երկուսն էլ Գևորգ նահապետի աչքերն էին, Արաքսի բյուր ակունքներից երկուսն էլ բացվում էին Գևորգ նահապետի սրտից»:
Բանահյուսական նրբագեղ երանգներով հյուսված կտավին Գևորգ նահապետը մի արեգակ լինի ասես, ում շուրջ կառուցվում են կերպարները և նրանցից յուրաքանչյուրի պատմությունը: Այս կերպարներից է նահապետի կինը՝ Մեծ Մարեն: Հազարամյակներ առաջ մայրիշխանությունից հայրիշխանության անցած հասարակարգը տան պատերից ներս պահպանում է մեծ մոր պաշտամունքը: Մեծ գերդաստանի մայրը տասը երեխա ունի, հարսներ ու փեսաներ, թոռներ ու ծոռներ, հարևան-բարեկամներ, որոնցից յուրաքանչյուրի հետ նա կարողանում է լեզու գտնել, լսել, խրատել, խորհուրդ տալ, թոռ ու ծոռներին հեքիաթ պատմել, բուժել, հաց թխել, ասեղնագործել, հարկ եղած դեպքում՝ նախատել, վայելել նրանցից յուրաքանչյուրի վստահությունը, անշեղ ուղի ցույց տալ հարսնացող աղջիկներին ու հարս տուն բերող տղաներին, մեծ գերդաստանի տանիքի տակ օրական տասնյակ հյուրերի ընդունել ու ճանապարհ դնել… Մեծ Մարեի կերպարը խմբավարի է հիշեցնում, ով իր ձեռքերի վերուվարով պահպանում է նահապետական տան կարգուկանոնը, իրադարձությունների հոսքի ներդաշնակությունը:
«Եդեմի արյունոտ հարսանիքը» գլխում նկարագրվում է Գևորգ նահապետի զույգ թոռների՝ Դավոյի ու Կրպոյի հարսանիքը: Չեղած-չլսված բան էր այդ եզերքում մայիսին, մեղուների բզզոցի, կենդանիների գարնանային եռքի հետ՝ հարսանիք: Այն էլ ի՜նչ հարսանիք: Նահապետի զույգ թոռները՝ անհեր-անմեր Դավոն ու Կրպոն, մոտալուտ գաղթի շեմին ընտանիքավորվում են, մեկը գյուղից մի աղջկա է հարս բերում տուն, մյուսը՝ արզրումցի Աճեմ աղա Ղոնդախչյանի Համասփյուռ քույրիկին: Նահապետական տան տանիքի տակ զույգ հարսանյաց սեղան է կապած, զույգ հարս ու փեսայով, զույգ քավորներով: Կրպոյի քավորը թուրք Ասլան բեգն է, Դավոյի քավորը՝ ռուս կոզակներից մեկը: Նույն տան տանիքի տակ ռուսն ու թուրքը նահապետի հարս ու աղջիկների, հարևան-բարեկամների ձեռքով բացված հարսանյաց զույգ սեղանների բարիքները վայելում ու հայացքով իրար են ուտում, իսկ անմեղ մեղավոր նահապետը վառվում է այդ հայացքների տապ ու կրակում: Հարսանիքի ավարտին Կրպոն իր հարսի հետ քաշվում է կողքի տուն, Դավոն ճանապարհ է դնում կոզակներին, հարբած Ասլան բեգն էլ իր գոտին է հանում, գցում Դավոյի ու Համասփյուռի հարսանյաց առագաստին… Այս տան տանիքի տակ մեծ գերդաստանի հետ հաց են կիսել հայեր, թուրքեր, քրդեր, լորիկներ, ուռումներ, ասորիներ, նման բան նահապետի տունը չէր տեսել: Ու նահապետը նորահարսին է հանձնարարում հարբած բեգի դատաստանը: Նորահարսն իր հարսանյաց առագաստում սպանում է իրեն անպատվող բեգին: Խսիրի մեջ փաթաթած դին Գևորգ նահապետը թաղում է ախոռի սալերի տակ: Ահա այս դրվագը դառնում է այն պեծը, որ բոցավառում է գերդաստանի, գյուղի ողբերգական պատմությունը: Եղածը բացահայտվում է, դատն ու դատավճիռը նահապետի տանն են արվում: Բեգի հետքով գյուղ հասած ոստիկանները որոշում են նահապետին այրել իր տան բակում, գյուղի աչքի առաջ՝ որպես դաս մյուսներին: Բոցի լեզուներն արդեն այրել էին ծերունուն ուռենու մատղաշ ճյուղերի հետ, երբ Դավոն կոզակների հետ գյուղ մտավ: Թուրք ոստիկանները դատաստանը կիսատ թողած փախան: Ամուսնուն կրակից դուրս է բերում Մեծ Մարեն, ու ողբացող պառավը ամուսնու մահվան հետ կորցնում է տեսողությունը…
Վեպի ողջ ընթացքում Գևորգ նահապետի գերդաստանի շուրջ հավաքված գեղջուկների հետ է Գևորգի հարևան թուրք Բայրամը: Զույգ հարևաններ, ում տարիներ շարունակ բաժանել է ընդամենը ցածլիկ մի ցանկապատ, մի տնով չէ, մի հալով են ապրել, կիսել միմյանց հոգս ու ուրախությունը, բայց պատերազմն այստեղ էլ անում է իրենը՝ հարևաններին պարտադրելով ի՛ր կանոնները:
Վեպի գլխավոր հերոսներից է Հովակիմը: Սա հեղինակի՝ Վիկտոր Հովսեփյանի ապուպապն է, բնիկ կարսեցի, ում կինը քյուլլեցի էր, ու կարսեցին Քյուլլիում տուն ու իջևանատուն կառուցել, տեղափոխվել էր Քյուլլի: Առևտրական է Հովակիմը, մե՛կ Ստամբուլում է, մե՛կ՝ Թիֆլիսում, մե՛կ՝ Արզրումում, ու ապրանքի հետ գյուղ է բերում դրսի աշխարհի նորությունները: Հովակիմն է, որ հեքիաթային մի գիշեր Գևորգ նահապետի հազարաշեն օդայում, ընդհատելով բանասաց Մհրեին, ասում է, թե ռուսաց զորքը Արզրումը պիտի թողնի, ետ պիտի գնա: Ասում ու ասես արդարանում է իր ասածի համար. «Ինչ որ կար, էն իմ բերի, տի՜յա, առիքի զադրապորտից կախած ռուսական ֆանարն կծախեն, էդ իմ բերի, գեներալ Պասկևիչի՝ Թիֆլիս երթալու մասին կխոսեն, էդ իմ լսի»… Հովակիմի հույսն ու հոգսը կրտսեր որդին է՝ Հովսեփը: Կարսում Հովակիմը ուխտ է անում մատուռ կառուցել, մեկ-երկու շարք շարում է քարերը, բայց սկսվում է ռուս-թուրքական պատերազմը, ու Հովակիմի հայրը խրատում է Հովակիմին, թե՝ քաշվի՛ր մի խաղաղ տեղ, այնտեղ կառուցիր քո մատուռը, որ ուխտդ ոտքի տակ չընկնի: Հովակիմը ուխտը սրտում տնփեսա է գալիս, որ խաղաղ թվացող Քյուլլիում կառուցի իր մատուռը: Որդուն՝ Հովսեփին, իր մատուռի ապագա տեր ու տիրական տեսնելով, ուղարկում է Լիբանան, Անտոնյաց վանքում սովորելու: Մատուռի հիմքի քարերն իր մերկ կռնակին բերում, մեկ-երկու շար շարում է պատերը, զաբիթները գալիս, քանդում են շարքերը, պատշար վարպետի աջ ձեռքի զույգ մատները կտրում ու Հովակիմին սաստում են, թե՝ «գյավուրն սրբատաշ պատ շարելու իրավունք չունի՝ Յուսուփ փաշայի հրամանն է, գյավուրն քարա վրեն խաչ նկարելու իրավունք չունի՝ Յուսուփ փաշայի հրամանն է, գյավուրն քարա վրեն գրելու իրավունք չունի՝ Յուսուփ փաշայի հրամանն է, սուլթան Մահմուդի հրամանն է, ալլահի հրամանն է, եղա՞վ»: Հովակիմը ուսերն է վեր քաշում՝ ես չէ, դուք ասեք՝ եղա՞վ: Նա իր մեղքի բաժինն է ուզում գտնել եղածի մեջ, ու միակ բանը, որ նա մեծ մեղք է համարում, իր որդու՝ Հովսեփի վարքն էր: Հովսեփը հոր իղձերն ու երազանքները ոտնատակ տվել, սաղմոս երգելու փոխարեն սիրային շեր է երգում, նվիրում է Գևորգ նահապետի թոռանը՝ Թագուն աղջկան: Վանականի սիրտը սեր է ընկնում, ու շուրթերին աղոթքը փսորում է: Աղոթքն էլ հո կաթի պես բան է, փսորեց՝ փսորեց, էլ ճար-հնար չկա… Խե՜ղճ Հովսեփ: Քանի անգամ է դաղվում նրա մերկ մարմինը մասրենու մատղաշ ճյուղերով: Դեռ հայրն է դաղում նրան, երբ առաջին անգամ լսում է մեղանչյալ վանականի երգը.
«Տնեն ելար հալա–հուլա,
Քու ծծերն բամբկի քուլա,
Աչվիս տեսան, սիրտս կուլա…»:
Հետո ինքը՝ Հովսեփը, երբ արդեն թողել էր հորն ու եղբորը, թողել էր Անտոնյաց վանքն ու հայրենի եզերքը եդեմական, Թագունի հետևից եկել-հասել էր Ջավախք, երբ արդեն չորս երեխաների հայր էր, դաղեց իրեն: Դաղեց, երբ Անտոնյաց վանքի ոգին դեմը կանգնեց, թե՝ քո արածը մարդո՞ւ բան էր… Քո արածը մարդո՞ւ բան էր, որ թողեցիր հանդ ու արոտ, թողեցիր հորդ ու մորդ, թողեցիր նախնյաց հիշատակները, քո եղբորը՝ Պողոսին թողեցիր անթև, անթիկունք, ու ընկար մի աղջկա հետևից, մի անծոտ պոպոճակի հետևից… Էլ Թագուն չկա՜ր… Մենակ դա՜ էր: Քո հայրը ի՜նչ երազանքներով տարավ քեզ վանք, ի՜նչ հույսեր ուներ խեղճ մարդը… Դու խորտակեցիր հորդ հույսերը, վանքից փախար, թե՝ փախեփախը սկսվի, Թագունը գնա, դու կմնաս առանց Թագունի… Չլինելո՛ւ բան:
Հովսեփի ու Թագունի սիրո պատմությունը, որ խորհրդանշորեն մեծ ծանրաբեռնում ունի՝ ամենադժվարին պահերին անգամ սիրո վրա հիմնված ընտանիքով ապագան տեսնելու առումով, անզուգական գեղեցկությամբ է հառնում վեպում պատանու ու աղջկա ընդամենը երկու-երեք հանդիպման տեսարաններից: Սուրբ Կարապետ վանքի ճանապարհին է հանդիպումներից մեկը: Գիշերով վանքի ճամփան բռնած ուխտավորներից երկու ուրվական զատվում, քաշվում են ճամփի ավերակ վանքի պատի տակ: Ամբողջ գիշեր լուռ կանգնում են տղան ու աղջիկը վանքի մամռոտ պատին կպած՝ ասես վանքի զույգ զարդաքանդակ…
Այս Հովսեփը՝ Վիկտոր Հովսեփյանի ապուպապը, Հեշտիա գյուղում Հովսեփյան տոհմի հիմնադիրն է դառնում: Հովսեփի տունը կարմրավուն նույն եկեղեցու մոտ էր, որի կողքին կոմս Պասկևիչը կիսամեռ Գրոյին տեսավ: Ա՛յն Գրոյին, որ դեռ կոմս Պասկևիչին, հետո Արզրումից տեղահանված, Ջավախքում վերաբնակեցված հայերին ասաց՝ այս հողը հայ ու վրացի չի տարբերել…
Վեպի ամենաբարդ կերպարն, իմ կարծիքով, Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու կերպարն է: Հայ ժողովրդի պատմության այս հատվածի ամենակարևոր դեմքերից մեկը՝ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին, Վիկտոր Հովսեփյանի վեպում պատմականին զուգահեռ, վեպի ընդհանուր կառուցվածքին ու տրամադրությանը համապատասխան, դիցերից մեկը, իր ճակատագիրը հլու կրող մարգարե լինի ասես:
Վեպի «Ձյուն դարձած անձրևը» գլխում կոմս Պասկևիչի և Կարապետ արքեպիսկոպոսի հանդիպման տեսարանում տրվում է պատմական իրավիճակի նկարագիրը: Եղել է այն, որ ռուսաց բանակը հաղթական հասել է Արզրում, որ նրանց այս ճանապարհին օգնել են տեղաբնակ քրիստոնյաները, մեծ մասամբ՝ հայեր, որ դավանակից ռուս զինվորներին աջակցելուց, հաց հասցնելուց բացի, կամուրջներ են կառուցել նրանց ճանապարհին… Հետո պատերազմն ավարտվել է, կնքվել է Ադրիանուպոլսի պայմանագիրը, ու հիմա ռուսները թողնելու են Արզրումը… Պայմանագրից հետո տարի ու կես ժամանակ է տրվում ռուսաց զենքի հաջողությամբ ոգևորված ու խաբված քրիստոնյաներին՝ իրենց անելիքը որոշելու համար: Անելիքի ընտրությունն էլ մեծ չէ. կա՛մ պիտի մնան իրենց բնիկ հայրենիքում, ընդունեն իրենց արածն ու դրա հետևանքը, կա՛մ պիտի գաղթեն: Կարապետ Սրբազանը հազար անգամ կարդում է իր իսկ ձեռքով արձանագրածը. «Ամի 1829, 2 սեպտեմբերի ի քաղաք Ադրիանուպոլիս տաճկաց: Հոդված 1-ին. եղև պայման հաշտության ի մեջ Ռուսիո և տաճկաց սուլթանի: Գավառ Կարնո դարձեալ է վերստին ի ձեռ սուլթանի տաճկաց»: Հազար անգամ կարդացածը Սրբազանը ևս մեկ անգամ կարդում է՝ նոր բան գտնելու հույսով, բայց իզուր: Եղածն եղել էր: Ռուսաց զորքն այսօր-վաղը դուրս կգար եզերքից, ու կմնային ինքը, իր անզեն ժողովուրդը, սերասքյարները, սուլթան Մահմուդը… Իրեն փորձություն տրվեց, ու ինքը բացեց իր հոգին, ինքն իր ժողովրդի հետ ընտրեց իր դավանակցի հովանավորությունը: Նա գնաց ընդառաջ ռուսաց զորքին ու խաչակնքելով օրհնեց նրանց մուտքը Արզրում: Հոգևոր իր հոտը թև առավ ու ոտքի ելավ… Առաջին օրերին Կարնո հայության մեծ ու փոքրի վրեժի մոլուցքի դեմ կանգնել չեղավ, շատերը Կարապետ Սրբազանին էլ հաշվի չառան… Եղածը եղել է, ու հիմա Կարապետ Սրբազանը հոգևոր իր հոտի հետ պատասխան պիտի տա թուրքին՝ եղածի մեջ իր բաժին մեղքի համար… «Քուն թե արթուն, նա վերլուծում է եղածը ու եղածի վրա լինելիքն է ընձյուղում. ռուսների դուրս գալուց հետո, թե դատ ու դատաստան լինի, կանչվեն մեղավորները՝ հիսուն, հարյուր հոգի, ինքն էլ հետը, կախաղան հանվեն ժողովրդի աչքի առաջ, մյուսներին ներում շնորհվի, թե՝ գնացեք, հաշտ ու համերաշխ ապրեք ձեր աստծու ու ալլահի հետ, ու մեկ էլ ռուսաց կողմը չանցնեք… Բայց կանե՞ն… Հարյուր հոգուն կախաղան հանելուց հետո իրավունքը կտան խուժաններին՝ գնացե՛ք, ինչ որ չեք արել, հիմա՛ արեք, ինչ որ արել եք, քի՛չ եք արել, սպանե՛ք, տանջե՛ք, բռնաբարե՛ք, թալանե՛ք, մանկահավաք արեք, մեծ ու փոքր չջոկեք»…
Միակ ելքը տեղահանությունն է, այն, ինչ կարող է դեռ խոստանալ կոմս Պասկևիչը: Տեղահանությունը ռուսաց համար ռազմավարական նշանակություն ունի. կայսրության հարավային սահմանները կբնակեցվեն ռուսական զենքին հավատարիմ հայերով, իսկ տեղաբնակ քրիստոնյաների համար ֆիզիկական ոչնչացումից փրկվելու միակ երաշխիքն է այն: Երիցս պառակտված ժողովուրդը այս հարցում էլ միակարծիք ու միասնական չէ: Շատ հայեր բաբերդցի Գևորգ աղայի, Բարդուղիմեոս եպիսկոպոսի, Քյուլլի հասնենք՝ Գևորգ նահապետի Կրպո թոռան ու Հովակիմի Պողոս որդու հետ միասին դեմ են գաղթելուն, ու Կարապետ Սրբազանը, ռուսների հովանավորությունն ընտրելով, խաչը պարզում է իրեն հետևել կամեցողներին:
Երանելի օրերի մասին է ասված. «Վա՛յ այն երկրին, ուր մանուկ թագավորե»: Անգահ, անթագավոր մնացած ժողովուրդը, վստահելով հոգևոր առաջնորդին, պիտի գաղթի, որովհետև այստեղ նրան Հերովդեսի մանկամորթում ու Բարդուղիմեոսյան գիշեր է սպասում: Գաղթը հաղթանակ չէ, բայց փրկություն է, որ հաղթանակի հույս կարող է վառել: Գաղթն ընտրող կարնեցիները հանգրվանում են Ջավախքում: Գաղթականներից յուրաքանչյուրն իր պատմությունն է բերում իր հետ, իր ասք ու առասպելը՝ շաղախված կորուսյալ հայրենիքի հանդեպ մեծ կարոտով:
Վիկտոր Հովսեփյանի վիպասքն այսպես է ավարտվում. քյուլլեցիների գաղթերամը Կարապետ Սրբազանի հետևից գալիս-հասնում է Հեշտիա գյուղ: Ամեն մեկն իր եղած-չեղածն է բերում՝ երեխա, գիրք, կարպետ, պուտուկ, քյուլլեցի աշուղ Մհրեն էլ՝ քյուլլվա հեքիաթներն ու պուտուկի մեջ քյուլլվա անթեղ կրակ ու մի բուռ հող է բերում՝ նոր բնակավայրի օջախների կրակը Քյուլլվա անթեղով վառելու, Քյուլլվա հողը տնետուն շաղ տալու համար: Մհրեն վեպի «առասպելական» հերոսներից է: Անունի ընտրությունն էլ կարելի է ենթադրել, որ հայոց դիցաբանական Մհերի հետ է կապվում: Այս Մհրեն է, որ հայրենի եզերքը լքելուց առաջ գլխավոր ուղերձն է հղում քաղաքակիրթ աշխարհին. «Մենք կերթանք, թողած մըր տուն ու տեղ… Իդա պիտի գրվի, որ չմոռցվի: Լա՛վ հիշացեք, մտեհա՛ն չէնիք, ձըր միտքն պահե՛ք, ձըր երեխոցն ըսե՛ք, որ մենք մըր տներու տեղն ոսկի կամ հաց չընք առեր ինք, մըր տներն ծախած չին… Մարդ կա, մուլք ու ոսկի է հորի, որ ետ գա… Արազի բազում ակունքներուց հեչ մեկն ծախած չէ… Մըր տներն ու Արազի ակունքներն ամանաթ ին թողած»: Հեշտիայում հողաբաժան, տնաբաժան անելուց հետո մարդիկ ձմռան գալուն են պատրաստվում ու լծվում գալիք գարնան, վարուցանքի գործերին: Մեռնողներ են լինում, ծնվողներ: Առաջին հանգուցյալին գյուղի եկեղեցու բակում, Գրոյի կողքին են հուղարկավորում՝ որպես շարունակություն Գրոյի շուրթերով ավանդված ուղենիշ խորհրդի…
Վիպական ասքի համաձայն ողորմիների շարքը որ շարունակելու լինենք, ողորմի կասենք վեպի հերոսներից Ղունկիանոս Կարնեցուն՝ արզրումցի Աճեմ աղա Ղոնդախչյանի որդուն, որ լուսավոր այր էր, մեծ ուսուցիչ ու բանաստեղծ: Նա Ախալքալաքի շրջանի Վարևան գյուղում է հաստատվում, ու նրա շիրիմը սրբավայր է այսօր: Ողորմի կասենք «գեներալ Չաչանեին»՝ վրաց նշանավոր բանաստեղծ, հասարակական գործիչ իշխան Ալեքսանդր Ճավճավաձեին, ում ժողովուրդը հիշում է դեռ նախորդ գաղթից. «Գեներալ Չաչանեն փրկության հրեշտակի պես հասավ մշեցոցն, թե չէ Մշո փաշեն ուր տղի փուքն կթափեր սաղի գլխուն, արնհեղեղ կհաներ»: Վեպի շուրջ հարյուր հերոսներից յուրաքանչյուրն իր բնութագիրն ունի, մյուսներից տարբեր իր բնավորությունը:
Հեղինակը սեփական մեկնաբանություններով չի ծանրաբեռնել արձակ պատումը: Չափածո հատվածները յուրաքանչյուր գլխի լիրիկական «նախերգանքը» կամ «վերջերգն» են: Գեղջկական վեպի ավարտին, պապի պապի շիրմին արված մենախոսության մեջ Վիկտոր Հովսեփյանը կրկնում է իր գլխավոր ուղերձը ընթերցողին՝ դաս քաղել պատմությունից:
Կարևոր մի հանգամանք. «Կորուսյալ Եդեմ, կամ որտեղից է սկսվում Արաքսը» վեպը հեղինակի կենդանության օրոք չի տպագրվել: Պատճառները տարբեր կարող են լինել, այս թվում՝ ժամանակի գրաքննությունը: Առանձին հատվածներ տպագրվել են Նինոծմինդայի շրջանային «Արշալույս» թերթում, վերջին՝ «Մենախոսություն…» հատվածը տպագրվել է «Հոգետուն» գրքում: Դժվար է ասել, հեղինակը ամբողջությամբ գիրքը պատրա՞ստ էր տեսնում տպագրության: Հավանաբար՝ ո՛չ: Ուշադիր ընթերցողն անշուշտ կնկատի որոշ անախրոնիզմներ, ինչպես նաև ծանոթագրության տեսքով բերված սյուժեն հավելող դրվագներ, որ դուրս են մնացել հիմնական պատումից:
Վեպին գեղարվեստական մեծ արժեք է տալիս Մշո, Կարնո բարբառների կիրառությունը, որ զարդարված է դարձվածներով, առածներով, ասացվածքներով, հավատալիքներով, անեծքներով ու օրհնություններով: Այս առումով վեպը հայ ժողովրդի տվյալ հատվածի բանահյուսական դիմանկարը ներկայացնող բացառիկ հուշարձան է: Խորհրդանշական հսկայական ծանրաբեռնում ունի Գրոյի կերպարը, ով հանդես է գալիս վեպի առաջին և վերջին էջերում միևնույն պատվիրանով. «Այս հողը հայ ու վրացի չի տարբերել»: Այս տեսանկյունից Վիկտոր Հովսեփյանի «Կորուսյալ Եդեմ, կամ որտեղից է սկսվում Արաքսը» վեպը վրացի և հայ ժողովուրդների հազարամյակների համատեղ պատմության անզուգական հուշարձաններից է:
[1]. Այստեղ և այսուհետ թեք տառատեսակով տվում են հեղինակային մեջբերումները: