ԷՍ Ո՞ՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ/ՆԱՆԵ

Կյանքի, աշխարհի բեմի վերուվարում այս պահին մեր վիճակը, մեղմ ասած, նախանձելիներից չէ, և չի կարող մխիթարել այն, որ ողջ մոլորակն է՝ ի վերուստ խոստացյալ մաքրման, ժամանակների հերթափոխի դժվարին ընթացքի մեջ: Մաքրման, որովհետև մեղքը հորդեց, ծանրացավ բոլորիս և… մոլորակի ուսերին:
Միայն թե, ինչ-որ չենք սիրում քննել այս թոհուբոհի ակունք մեր հոգիները, մեր «աչքի գերանը տեսնել»: Իսկ այն կա՛, և առանց այդ գերանը հանելու, առանց ինքներս մեզ քննել-դատելու, ճիշտ ընթացք չենք գտնի: Ավելի՛ն՝ ավելի ենք խճճվելու հանգույցների թնջուկի մեջ, որը գնալով գերազանցելու է անգամ գորդյան հանգույցին իր անքանդելիությամբ:
Թշնամին միշտ կա, լինելու է, քանի դու թույլ տեղեր ունես, քանի դեռ անզոր ու գայթակղիչ պատառ ես իր առջև կանգնած: Եվ նրան մեզումեզ անվերջ մեղադրելը, քննել-դատելը անմտության ցույց է պարզապես: Այլ բան է՝ դա անել միջազգային դիվանագիտական հարթակներում և ամենայն ճկունությամբ: Իսկ երբ մենք ու մենք ենք….
Ու երբ մենք ու մենք ենք՝ մեր հոգու բերդի, մեր ներս ու դրսի ամրության հարցերին պետք է նախ հառվենք, հակառակորդի պես՝ մեր սեփական ճանկերը զորացնենք, մեր աղբի՛ց ազատվենք: Մինչդեռ խոսում ենք ու խոսում, գործ անելը թողած՝ անվերջ թշնամու (ներսի՞, թե՞ դրսի՝ միևնույն է) մաղձոտ սև գործը վերցնում ու դնում, աջից, ձախից տնտղում, հետո՝ դարձյալ ու դարձյալ, դարձյալ ու դարձյա՜լ… Զարմանում, որ նա՝ թշնամին, թշնամություն է անում, գազանը՝ գազանություն, որ մոր պես գիրկը չի բացել մեզ փայփայելու: Զարմանում ու զարմանում ենք, մինչ նա անթաքույց, բոլորի աչքի առաջ, ավելի է արյունոտ ատամները սրում, պատրաստվում նոր հարձակման:
Վատնում ենք մեր թանկ ժամանակը, երբ գեթ կարող ենք միմյանց հետ համախմբումը՝ հայի համար ամենադժվար իրականացվող, բայց օդ ու ջրի պես անհրաժեշտը իրականություն դարձնելու ջանքին լծվել, մեկմեկու թևութիկունք լինել ու բռունցք դառնալ: Ապրել «Հայությունը մի ընտանիք» կարգախոսով (ազգադավներին, որոնք ազգ ու երկիր չեն հասկանում, նկատի չունեմ): Երբ գեթ կարող ենք Արցախի համար այս ճակատագրական պահին մեր ձեռքից եկածն անել՝ նույնիսկ ավելին, մեր սրտի զարկերը միացնել իրար։ Ազգն ու երկիրը մեկ սիրտ պետք է ունենան՝ նույն տագնապներով, նույն հույզերով թրթռացող: Դրանից հետո և՛ ներսի, և՛ դրսի թշնամին այլևս այդքան սարսափելի չի լինի:
Եվ ուրեմն, պահ առաջ կանգ առնելն ու աշխարհային մաքրման ընթացքը սեփական ես-ից, սեփական ազգից սկսելը պարտադիր է:
Այնպես որ, այս անգամ չգնամ հեռու և այսօրվա աշխարհակալների դավերի մեղքի բաժնից խոսեմ, որ ծրագրել, գործի դրել և հասել են մարդկության այս «անհասկանալի», անկառավարելի վիճակին, այս շփոթվածությանը, անորոշությանը, որը մարդուն զրկում է սթափ մտածելու, գործելու կարողությունից:
Մե՛զ դառնամ, որ պարտավո՛ր ենք ապրել և շարունակվել, սակայն ինքներս ենք ավելի մեր կործանման գործին լծվածները: «Լավագույն նպատակներով» ամեն առավոտ շփում ենք մեր ձեռքերը ու… գործի անցնում, հարձակվում սրա-նրա վրա, թիրախ դարձնում ում ասես, ու ավելի՝ ո՛չ իրական մեղավորներին: Դե, ուժներս այսքան է պատում, իսկ մտածելու ժամանա՞կ, թե՞ կարողություն չունենք: Կարևորը՝ թեթևանում ենք…
Թեթևանո՞ւմ ենք. ամեն նոր առավոտն ավելի ծանրացած է բացվում, ավելի անլույս, ավելի քանդուքարափ արած մեր երազելի միասնության չեղած հիմքերը, հույսը:
Ու մտածել պետք է… Մեր այս օրեօր խորացող բաժանումներին, որ կորոնա-փշավարակի մեկուսացումներից ավելին են՝ դեղուճար գտնելը, մեր այս գրեթե աբսուրդային վիճակից ելքեր փնտրելը անհրաժեշտ են պահ առաջ:
Մենք բաժան-բաժան ենք լինում մեր ամբողջության անգամ կենսական մասերով (հայաստանցի-արցախցի-սփյուռքահայ), որից հետո անհնարին է լիարժեք կենսունակ մնալը: Այդպիսի պայմաններում այն պարազիտ գոյացությունները, որ մեր մեջ տնավորվել ու մետաստազներ են տարածում՝ ապահով են, ինչպես երբևէ չեն եղել: Հետոն նույն անելք վիճակն է՝ էս ո՞ւր ենք գնում, հայե՛ր…
Ու քանի դեռ գնդակի պես վատից վատթարին ենք գլորվելու, չենք փնտրելու մեզանից ավելի մաքուրին ու խորագետին, չենք փորձելու ինքներս էլ մաքրվել ու սրբել մեր հոգիներից հուդայությունը, չասեմ, թե ուր ենք գնալու…
Մտածել պե՛տք է:
Ինչո՞ւ ենք մենք անվերջ՝ դժվար ձեռք բերված թանկ անկախությունը, մեր քաջազուն, նվիրյալ տղերքի թափած արյամբ կերտած հաղթանակները փոշիացնում, քամուն տալիս ու կանգնում ափիբերան:
Որովհետև անտեսում ենք, չենք կարևորում ամենակարևորը՝ ճիշտ պահապաններ գտնելը մեր թանկ ունեցածներին: Կարող ենք ում ասես՝ գողին, սրիկային վստահել մեր լինել-չլինելու հարցն անգամ: Դեռ ավելին՝ հենց այդպիսիներն են ավելի ապահով թվում մեզ:
Աբսո՞ւրդ. ո՛չ, ամեն բան բացատրելի է: Հենց այնպես չի ասվում, որ ամեն ժողովուրդ արժանի է իր ընտրած իշխանավորին (ներող եղեք, մեզ դառը դեղահաբն այժմ ավելի է պետք), ու մենք, գուցե, օտարի լծի տակ մեր մեջ արմատավորել ենք՝ մեր ունեցվածքը, վաստակը խաբելով թաքցնելու, միայն հանուն սեփական ընտանիքի բարօրության ապրելու, թշնամական միջավայրում ամեն գնով «գլուխ պահելու»՝ այն ժամանակ հասկանալի, անգամ ընդունելի, սեփական երկրում հակառակը՝ անհանդուրժելի, վտանգավոր, ազգադավ գործելակերպը:
Եվ մեծամասնությունն ի՛ր տեղում, ի՛ր ձեռքերի երկարության տված հնարավորության չափով հանգիստ խղճով, մոռանալով քրիստոնյայի իր կերպարի, եկեղեցում վառած երեկվա մոմի մասին, մի քանի գրոշ ավելին տուն տանելու համար խարդախում է, խաբում, ինչպես սիրում ենք ասել՝ «մուտիտ անում»: Եվ թալանչի ղեկավարի մասին խոսելիս շատերից կարող եք լսել. «Ես էլ լինեի, ես էլ նույնը կանեի» արտահայտությունը: Արդարացնում են, ինչ-որ տեղ հասկանում՝ պալատների, շքեղության և գայթակղության առաջ նրանց անզորությունը: Բորբոքվում են միայն, երբ իրե՛նց գրպանին է հարցը հասնում, և ոտքի են կանգնում պարզապես այդ պահին անընդունելի անհատի, ոչ թե երկրի ղեկավարի անհամատեղելի կերպարի դեմ: Այլապես չեն պտտվի ու գալով՝ նույնպիսի մեկի ընտրեն՝ «կերած-կշտացածի», «զոռբայի», հարստության գինը հասկացողի:
Որևէ երկիր կամ մարդկային կառույց բուրգի նմանություն ունի, պե՛տք է ունենա, որի համար ամենակարևորը գագաթն է: Ներքևում ամեն բան հիմնականում հավաքվում է գագաթի «կամքով»: Կենդանիները, թռչունները, միջատներն անգամ այս հարցը շատ ճիշտ են լուծում, այդ մեկը՝ գագաթը միշտ լավագույնն է լինում՝ հասունն ու փորձառուն, իմաստունը: Հեռավոր ժամանակներում ևս մարդիկ գյուղեգյուղ, երկրեերկիր էին ընկնում ամենաիմաստունին գտնելու համար, որը ամենածերն էր լինում, ամենաթույլը գուցե, սակայն… Իսկ ահա, այս ավելի գիտական, «խելամիտ» դարում մենք այդ լավագույնը գտնելու խնդիր ունենք, որովհետև մոռացել ենք, թե նա ինչպիսին պետք է լինի: Ժամանակներն արտաքին փայլի ու փաթեթավորման գովազդների մեջ խեղդվել ու խեղդել են մե՛զ, մոռացել ենք «իմաստունն» ու «փորձառուն», մոռացել ենք մաքուր ու անկաշառը, մտավորականը («մտավորական» բառը, իմաստը, այն կրողը, ոչ առանց հետին նպատակների, ընդհանրապես դուրս են դրվել մեր կյանքից): Եվ առաջ են մղվում… արժե՞ ասել ովքեր. էլ չասած՝ կյանքը դեռ կարգին չապրած ու չհասկացած ջահելները: Ու… Մի քանի քայլ այն կողմ՝ ցրիվ եղած երամի պես կանգնում ենք օրհասին դեմ հանդիման:
Չարիքի արմատը նախ մեր մեջ է:
Բոլորն են հայրենասիրությունից խոսում, ու չհավատալը մեղք կլինի, որ սրտանց են խոսում, որ սրտանց են երկիրը սիրում, ապահով, երջանիկ երկրի տեր լինել երազում: Բայց արդյո՞ք, երբ պահը գա՝ սեփական եսի, անձնական բարօրության և Հայրենիքի միջև ընտրություն կատարելու, Հուդայի պես հանգիստ խղճով չեն վերցնի «երեսուն արծաթը», յուրաքանչյուրն իր տեղում մտածելով, որ Հայրենին իր հույսին չէ, ինքն անհատ է, փոքրամասնություն: Իսկ նմանները մեր մեջ չափազանց շատ են, և երբ պետք է՝ իրենց վերցրած խղճուկ, ասենք, ընտրակաշառքով, հուդաների ողջ ամբոխ դարձած, երկրին նոր անելք փակուղու առաջ են կանգնեցնում: Հետո ամենաբարձրն են ճչում՝ ո՞վ է դավաճանը, այստեղ բերեք:
Հետո… երևի թե՝ դարձյալ ամենաբարձրը, իրենց ձայնով միանում բոլորիս հոգուն ճիչ դարձած միևնույն հարցին. «Էս ո՞ւր ենք գնում, հայե՛ր… Էս ո՞ւր ենք գնում»…

Գրեք մեկնաբանություն