Աշխարհը քառակողմ է՝ հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, Տիեզերքը իր զինանոցում ունի չորս հզոր ուժեր՝ օդ, հող, ջուր, կրակ: Հավատքի կենտրոնները կանգուն են մնացել չորս սյուների վրա: Իմ առաջարկած չորս ուղղությունները՝ Հայոց բանակ, դիվանագիտություն, կրթություն ու գիտություն, սերնդի բարոյական դաստիարակություն, ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ չորս սյուներն են, մինչև նրանք առողջ արմատներ չձգեն, իրենց ուսերին չեն կարող պահել Ազգային Գաղափարախոսության տանիքը: Արմատներն առողջ պահելու համար անհրաժեշտ է ձերբազատել նրանց խժռող որդերից, ինչպես արվեց Սինգապուրում՝ միանպատակ հզոր երկիր կառուցելու նպատակով, նրանք երկրի արմատներն ազատագրեցին 1200 «որդերից»… Այո՛, չունենք Ազգային Գաղափարախոսություն, եթե ունենայինք՝ ո՛չ Արցախն այս վիճակում կհայտնվեր և ո՛չ էլ Հայաստանը:
Ազգային Գաղափարախոսությունը այն սրբազան բանալին է (կարևորելով մեծատառով եմ գրում), որով պահպանվում են տվյալ ազգի կենսատարածքը, լեզուն, ավանդույթները, ինքնությունը: Եվ իմ առաջարկած չորս ուղղությունները՝ Հայոց բանակը, որպես ազգի պաշտպանվածության խարիսխ, դիվանագիտությունը՝ շրջափակման թակարդում չհայտնվելու համար, կրթությունն ու գիտությունը, որն ազգի հզորության ու լույսի աղբյուր է, և բարոյականությունը, որն հազար շերտ ունի, և որի կորուստը ամենաթողությունն է, ահա գաղափարական այս չորս արմատական ուղղությունները լրջագույն վերաբերմունք են պահանջում, որի համար աշխատանք պետք է տանենք ամեն ժամ և ամեն օր: Մինչդեռ, իր անցյալի ու ներկայի սխալների վրա ճզմված ներկայիս Հայաստանում 126-ից ավելի կուսակցություն կա, որոնց բոլորի ծրագրերը ներկայացված են որպես «ազգային գաղափարախոսություն», սակայն, կներեք՝ «Անունը կա, ամանումը չկա»: Եվ ինչպե՞ս լինի, երբ այդ վարագույրի ետևում ազգային ունեցվածքի թալան ու բարոյազրկություն է: Ազգային Գաղափարախոսությունն այն հզոր զսպաշապիկն է, որի ներկայությունը երբեք չի հանդուրժի և թույլ չի տա նման հակաազգային, հակատարածքային, հակապետական և այլ բազմաթիվ հականեր: Այս մտահոգությունը միայն մտավորականության ուսերին չէ, ազգային է, և եթե մի փոքր էլ ուշացնենք, գալիք սերունդը հաստատ նզովքի է ենթարկելու իր նախորդներին: Ազգի հետ անկեղծ պետք է լինել:
Ժողովրդական ասացվածք կա՝ «Թող ջուր լինի, թեկուզ՝ բարակ առու», բայց ակունքները պետք է մաքրել, որ այն մեզ հասնի, ինչպես անում էին մեր մեծ նախնիները: Ազգի ոգին Ազգային Գաղափարախոսությունն է, և մենք համառ ու նպատակային աշխատանք պետք է տանենք 21-րդ դարի համահարթեցման շերտերի տակ նրան չթողնելու համար: