Հայաստանի հարգարժա՛ն զավակներ,
Մի քանի օրից կավարտվի անհանգիստ ու դժվարին 2022 թվականը: Վերջապես հանգիստ շունչ կքաշենք, որ այն թողեցինք անցյալում, քանզի երբեմն թվում էր, թե այն մինչև անգամ կարող էր մարդկության պատմության կամ գոնե մեր դարաշրջանի վերջին տարին լինել: Հիրավի, այս կամ այն ձևով ժամանակը սլանում է, և դժվար է դառնում խորհելը, երբ զգացողություն ունես, թե կարծես հեծնել ես փրփրերախ մի ձի: Կանխազգացում ունեմ, որ շուտով ձեզ համար կգան լավագույն ժամանակները, ինչին դուք արժանի եք:
Կուզեի ասել, որ թախիծով ու կարոտով լի այս օրերին ինձ զգում եմ ձեզնից հեռու ու միևնույն ժամանակ՝ մոտ: Եվ ոչ մի վայրկյան անգամ չկասկածեք, որ հայերի ուրախություններն ու վշտերը կիսում եմ, ինչպես իմ սեփականը. ինչ-որ իմաստով ես նույնպես Հայաստանի զավակն եմ, թեև իմ դեպքում խոսքը գրական, բանաստեղծական, իդեալականացված Հայաստանի մասին է, որը սիրում եմ, ինչպես իմ Հայրենիքը:
Ես ամենևին էլ պատրանքներին տրված անձնավորություն չեմ և գիտակցում եմ, որ դաժան իրականությունը բոլորովին այլ է, որ Հայաստանի զգալի մասը այլ ելք չուներ, քան գոյատևելու համար ընտրել ծանր ու դժվարին Սփյուռքը՝ ամեն տեսակի այժմեական դժվարությունների և այն սարսափելի հակամարտության պատճառով, որը հրահրել են Հայաստանի դեմ, ինչպես վարվել են միշտ: Անտարակույս, Սփյուռքը ձեզ հասցրել է հեռավոր աշխարհներ, որտեղ ապրում եք այլ կյանքով ու այլ հանգամանքներում, բայց վստահաբար, եթե այսօր աշխարհում գոյություն ունի համասփյուռ որևէ ժողովուրդ, ապա հայ ժողովուրդն է:
Նախորդ անգամ ես խոսում էի հույսի մասին: Հույսը միշտ, ինչպես ասում են, վերջինն է մարում: Դուք մեծ հավատի և հույսի վարպետներ եք, և ակնհայտ է ձեր հոգևոր ուժն ու զորությունը՝ միշտ ունակ գոյատևելու և առաջ շարժվելու: Ձեր հոգևոր ուժն անսպառ է, որն արդեն ձեզ բնութագրում է որպես Պատմության հերոսներ:
Այժմ, երբ մի քանի օր է մնացել տարվա ավարտից, կցանկանայի ձեզ հղել անձնական երջանկության և բարգավաճման լավագույն մաղթանքներս: Կցանկանայի ողջույնի ու մաղթանքի այս խոսքերն ուղղել ձեր ընտանիքի անդամներին, բարեկամներին, մտերիմներին և հատկապես՝ Արցախում ընկած զավակների ընտանիքներին: Նրանք, նորից եմ կրկնում, իրական հերոսներ են, քանզի հանուն Հայաստանի զոհաբերեցին իրենց կյանքն իրենց ընտանիքների մեծ զոհողության գնով:
Ձեզ կխնդրեի նաև, որ հավատով ու հույսով նայեք ապագային, քանի որ Հայաստանի զավակները միշտ են այդպես վարվել: Եվ ամեն ինչից վեր՝ շարունակեք միշտ մնալ հայ, որը մեծ պատիվ է, և դրանով եք նաև առանձնանում: Ոչ մի պահ անգամ չկասկածեք, որ հայ լինելը շատ պատվաբեր կոչում է:
Ձեզ և հայ ժողովրդին եմ հղում ջերմ ողջույններս:
Գ. Է. ԳՈՒԱՐՉ, արձակագիր
Ագուադուլսե, Իսպանիա, 20-ը դեկտեմբերի 2022 թվական
Թարգմանությունը՝ Հ. Բաղդասարյանի