Ինչքան էլ տարին վատ լինի, ափսոսում ես, որ մի քանի օրից ավարտվելու է։ 2022 թվականն ապրեցի դառն մտածումներով, փորձեցի դրանք քաղցրացնել, գրեցի մի քանի պատմվածք ու հոդվածներ, շատ շոգ ամռանը հաճախ եղա բացօթյա «Տրիումֆ» սրճարանում և շարունակ նայեցի սիրելի քաղաքիս, և որքան նայում էի, մարմնիս ու հոգուս դառնությունն ավելի էր դառնանում, մենակությունս հա՛ խորանում էր։ Ես պատմվածք գրեցի դառնության, վախի ու մենակության մասին, որ դրանց վանեմ ինձնից, միամիտ մարդ. այն, ինչ քո մեջ է ի ծնե, երբեք չի վերանա։ Ամեն միտք ու հոգեվիճակ ունի իր կա՛մ անձնական, կա՛մ հանրային պատճառները։ Իմ մեջ 2022-ին և դրանից էլ առաջ երկուսն էլ կային՝ իմ ես-ը և ժողովրդի ճակատագիրը։ Համոզված եմ, շատերիդ մեջ ևս։ Այսօր հազիվ թե գտնվի մեկ մարդ, որ անտարբեր լինի մեր ժողովրդի այս իրավիճակի հանդեպ։
Ասե՞մ, թե՞ բոլորդ գիտեք։ Հազիվ մի հարյուր տարվա Ադրբեջանը, իր երկու թուրքառուս բարեկամ պետությունների թև-թիկունքով ոռնում է, ժանիքը կրճտացնում, սպառնում է ցեղասպանությամբ մի քանի հազար տարեկան հայ ժողովրդին։ Դե արի ու մի՛ խելագարվիր, այո՛, Աստծո ծաղրն է աշխարհն ալ արդեն։ Ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել…
Ամանորը հույս է և լույս։ Չխելագարվենք, առողջանանք, համախմբվենք ընդդեմ չարի։ Չէ՛, չարը մշտապես չի ապրում, մեռնում է անհիշատակ, դատապարտված է մահվան։ Չկասկածենք, գալու է չարի կործանման և մեր հաղթանակի օրը։ Եթե ոչ 2023 թվականին, ապա անմիջապես դրանից հետո։ Չվհատվենք։ Ինչպես բանաստեղծն է ասել՝ ապրելու ենք և դեռ շատանանք։