Այս էլ երկու օր է, ինչ ադրբեջանցի բնապահպան կոչված դերասանախումբը փակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը և խաղարկում է տրագիկոմեդիա։ Նրանց բնասեր դիմակի տակից երևում են գիշատչական մարդասպանների արնակոխ աչքերը։ Փակ ճանապարհին սառչում են երեխաները, ծերեր, Արցախում հումանիտար աղետ է մոտենում։
Թուրք-ադրբեջանական տանդեմը դավիթօղլուների և նրանց նմանների հրահանգների կատարմանն են լծված՝ Հայաստանից պոկեն իրենց ուզածը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը պատերազմական թոհուբոհում, Թուրքիայի հետ առանձնակի հացահատիկային, գազային և այլ կապերը ամրացրած, չի զորում ուժի դիրքերից ճանապարհ բացել, և խաղաղ խաղաղապահ զինվորները անզոր կանգնել են իրենց բնապահպան համարող ադրբեջանցիների թուքումուրի դիմաց, հասկանալով, որ ամեն մի կրակոց կամ կոպիտ շարժում կծնի սադրանքների պատրաստ Բաքվի հակառուսական ալիք։ ՀԱՊԿ-ն էլ ի զորու չէր (թեպետ չեն խոստովանում) խստագույնս գնահատելու Հայաստանի սահմանն անցած ազերիներին։
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի և Փաշինյանի հետ։ Ճանապարհը դեռևս փակ է։ ԱՄՆ-ից էլ Պետդեպ-ի մամուլի ծառայության պետ Նեդ Փրայսը երկու կողմերին հորդորում է չսրել լարվածությունը, Ադրբեջանին հորդորում բացել ճանապարհը։ Մինսկի խմբից՝ ոչ մի ձայն, Եվրախորհրդարանից առաքված խմբի ժամկետն էլ չի երկարացվի։
Ադրբեջանը ոչ մեկին էլ բանի տեղ չի դնում։ Ալիևը ինքն իրեն համարում է Հարավային Կովկասի տեր ու տիրական։ Սա փաստ է, և կարծես որևէ մեծ ու փոքր երկիր ու միջազգային կազմակերպություն չի զսպում նրա ախորժակը։ Թքած ունի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի վրա։ Վկա՝ գերիներին ազատ չարձակելը։
Թղթերը նրա համար քամուց թափահարվող տակաշորեր են, առ ոչինչ են։ Խաղաղություն ասելով՝ Ալիևը հասկանում է Հայաստանի վերացում, իսկ մերոնք, մեծագույնս հավատալով խաղաղության տառին ու ոգուն, ամեն օր առերեսվում են կրակոցների, սադրանքների և մշտական հոխորտանքների։
Այս վիճակը շարունակական է լինելու, ու Արցախը՝ պատանդ, Հայաստանը՝ միջանցքի վերածելու թուրանական վտանգի տակ։
Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի անդամ, Բաքուն՝ նրա դամքաշը։ Թուրքիան սրբում է Սիրիայի հյուսիսը, արաբական լիգան դատապարտում է նրան, նա սրբում է, մաքրազարդում Իրաքի քրդերին, քրդերն են աղաղակում տարբեր հորիզոնականներում, հույներին են հաթաթա տալիս, հայերին են հիշեցնում ցեղասպանությունը և հրեշտակի տեսքով հորդորում բռնել իրենց մեկնած ձեռքը, թե չէ…
Եվ ի՞նչ՝ թուրք-ադրբեջանական դիմակավոր բնապահպանները մարդասպանի, հայասպանի, ցեղասպանի հին բնազդներով խաղում են տրագիկոմեդիա, իրենց համար՝ ֆարս, մեզ՝ աշխարհի բոլոր հայերի համար՝ ողբերգություն։ Մեր ձայնը պիտի հնչի։
Աշխարհում դեռևս կան մշակույթի ու գրականության գործիչներ ու դեմքեր, որոնց խիղճը չի կարծրացել շահախնդիր քաղաքականացվածությամբ, և միշտ իրենց խոսքն են ասել՝ որպես Աստծո քարտուղար։
Մի՞թե դիվանագիտությունը, քաղաքական հանդիպումներն ու կեղծ ձեռքսեղմումները նույն տրագիկոմեդիայի դերակատարներն են ու պատվիրատուները։ Գրողները եթե լռում են, իրենց փոխարեն գրում է այս դարի առայժմ արյամբ գրոհող համաշխարհային քաոսագիրն ու սատանայի ճուտ քարտուղարը։
Է՛հ, սիրելի Շեքսպիրի հերոս Համլե՛տ, քեզ լսելի ցավով ասենք՝ փոքր պետությունների ու ժողովուրդների համար այս խառնակ ժամանակներում ո՛չ լինելն է մի բան, ո՛չ չլինելը։ Մնացյալն էլ պատերազմի աստված հրանոթի գոռգոռոցն է և միջուկային ռումբերի խորհրդավոր լռությունը։
Այս 30 տարում մենք պարզ տեսանք աշխարհի մեծերի ու մեծ-մեծ բրդողների իրական՝ շահասեր, կեղծ հումանիստ դեմքը և այլևս փորձենք չխաբվել սուտ խոստումների։ Աշխարհի բոլոր հայերի ձայնն ու հոգին պիտի սևեռվի լռության վարագույրը պատռելուն։ Աստված մեզ հետ։ Մենք էլ մեր ու աշխարհի աստվածասեր ոգիների հետ։