Մի օր պոետ ընկերոջս, ով երկրորդ անգամ էր ամուսնացել, հարցրի.
– Ո՞նց է կյանքդ։
Ժպտաց.
– Ոչինչ էլ չի փոխվել. կարծես նույն երթուղիով գնացող մի ավտոբուսից իջել, նստել եմ հաջորդը, երրորդն էլ է նույնը լինելու… ճակատագրի հասցեն չի փոխվում։
Թող ների իմ բանաստեղծ ընկերը, եթե այս նախատոնական օրը հիշեցի իր տրագիկ հումորը։
Այո՛, բախտորոշ թվերի հերթաշարերը հաճախ նմանվում են իրար, միայն էություններն են տարբեր։ Նրանք նույնատիպ կոդեր ունեն ու սցենար։
Ի՞նչը փոխվեց մեզանում երեկ և այսօր… Գրեթե ոչինչ։ Վաղվա մշուշը էլի ցավոտ է։ Դեռ արյան հետքեր կան մեր սահմանագծերին, չգտնված զոհերի մարմիններ, որոնք հողե ծածկույթ են երազում, գերիներ ունենք, առկա են կրակոցները, նվաճման սպառնալիքը կախված է օդում։ Անքարտեզ տարածքներում դավաճանությունն ու թշնամական աքլորակռիվները նույնատիպ են, իրար հերքող ու հաստատող։ Տագնապն ու անհանգիստ օրերի զարկերակները հուշում են մեր սրտագրության անկանոն տատանումները։
Եռաբլուրում աղոթաձայն ու շշուկով ենք խոսում, որ մեր լուսեղեն ննջեցյալները հանկարծ չարթնանան… Եռաբլուրի սահմաններն ընդլայնվում են, դուրս են գալիս ժամանակի շավիղից, որ դառնան գլխատված երազների գերեզմանոց։
Այո՛, շիրմաքարերի երկիր է դարձել Հայաստանը՝ բազալտե բազմազանությամբ, լուսանկարների կենդանի ներկայությամբ և անողոք թվերի ճշմարիտ վերատպումներով։ Մեր սեղանին դրված է երկրի խաղաղության մուրհակ-պայմանագիրը, որի վճարման գինը թանկ է լինելու։
Էհե՜յ, ներո՛ղ եղեք, հիշեցի՝ շուտով Նոր տարի է։ Ապակե հազարափայլ խաղալիքները և գունաշքեղ ժապավենները կզարդարեն տոնածառերի ճյուղերը, և լույսերի կուրացնող հրավառության մեջ մեր ներաշխարհի մութը, տագնապը առավել կծավալվի, կմեծանա, կդառնա թանձր վարագույր՝ ներսի ու դրսի միջև։ Կմնա անքնության ուրվականը, ով այցելում է մեզ ամեն օր արդեն ոչ որպես հյուր, այլ տանտիրոջ իրավունք ստացած սեփականատեր։
Այս ամենը նման է բեմական այն խաղին, երբ դերասանը կրում է ներկայացման համար իրեն պարտադրված խաղի հանդերձը և լավ գիտի, որ շուտով հանելու է այն ու կախիչից նորից վերցնելու է իր մարմնաբույր հագուստը, որ կրկին գլխահակ, մտասույզ, իր բեռան տաք կքած՝ նորից անցնի կենսագիր ճամփան՝ օտար լինելով վաղվա հեռատեսությանը։
Այսպե՛ս ենք ապրում. կանգառները չեն փոխում մեր երթուղայինի բախտորոշ ճամփան, քանի դեռ նույնն է տուն տանող հասցեն։