Մեր ներկան… անթիվ կորուստների, հուսահատության, արթուն գիշերների, տնքացող ցավի, անդադար տագնապի, բազում հարցականների մի շղթա: Ֆբ-ն անվերջ հիշեցնում է Եռաբլուրը, զոհված մեր լուսավոր տղաների լուսանկարները գիշերը աչքիդ առաջ են, անքանակ ու հակասական քաղաքական վերլուծությունները օր ու արև չեն տալիս, օդում կախված ու անտեսված սահմանների անվտանգության հարցը չի թողնում ապրես ընդհանրապես, իսկ թուրքի հետ «բարեկամության» գաղափարն ինձ գոնե խելագարության վիճակի է հասցնում…
Տեսականորեն գիտեի դեպրեսիա ասվածը ինչ է, բայց… պարզվեց՝ չգիտեի: Դա այն է, երբ ոչ մի կերպ չի ստացվում ապրել, երբ հոգիդ ցավում է, երբ չես կարողանում ժպտալ… Դա այն է, երբ ամեն օր պառկում ես քնելու ու քեզ թվում է՝ բաց դաշտում ես, որտեղ ամեն րոպե կարող են կրակել… Դա այն է, երբ քո սենյակում տաք է, բայց դու մրսում ես՝ մտածելով վրանում ծվարած քո զինվորի մասին… ու չես տաքանում: Ու էս համապատկերում հրավառություններ ու ամենաբարձր մակարդակով անհեթեթ որոշումներ՝ աղ մի՛ կերեք, մի՛ ծխեք, հավաքվեք, որ գնաք Աշտարակ… Ի դեպ՝ աղը չգիտեմ, Աշտարակն էլ «հեռու է», բայց ծխելը օգնում է, որ չխելագարվես:
Հիմա փորձեմ 2023 թվի մասին… ասեմ, որ անձնական ոչինչ չկա, չեմ պատրաստվում ամուսնանալ, առավել ևս՝ երկրից գնալ, չեմ գրում, պարզապես ի վիճակի չեմ, գուցե փրկի աշխատանքը, որովհետև պատասխանատու մարդ եմ, այն էլ՝ եթե թողնեն աշխատեմ… Այսինքն՝ իմ ապագայի բոլոր մտքերը կապված ու կախված են իմ հայրենիքից: Իսկ հայրենիքս ուժասպառ, պարտված, անտեր, չկողմնորոշված, անպաշտպան մի տարածք է, որտեղ ժողովուրդը հիմնականում անհուսության, անորոշության ու վշտի ճիրաններում «սպասում է», թե իրեն որ գերտերությունը կվերցնի…
Կարճ ասած՝ Կարինե Խոդիկյան ջա՛ն, թող Աստծո կամոք բարի ու լավ տարի գա, բայց ես էն մարդը չէի, որ այսօր մի խելքը գլխին ու հուսադրող բան կգրեր։