­Պա­րույր Ս­ևա­կի նա­մակ­նե­րը / ­Հո­վիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

­Ժա­մա­նա­կին հայտ­նի դե­րա­սան, բա­նաս­տեղծ, ռե­ժի­սոր, դրա­մա­տուրգ Գ­րի­գոր ­Չա­լիկ­յա­նի «Ան­լռե­լի սի­րա­հա­րը» գրքում կար­դա­լով ­Պա­րույր Ս­ևա­կի՝ ­Սու­լա­մի­թա­յին գրած նա­մակ­նե­րի մա­սին՝ ա­կա­մա հի­շե­ցի 1984 թվա­կա­նը: ­Պա­րույ­րը վա­ղուց մա­հա­ցել էր, նրա հան­ճա­րեղ հո­գին սա­վառ­նում էր երկն­քում՝ իր բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի թևե­րով.
Եվ ու­զում եմ ես փորձս մո­ռա­նալ,
Ա­հա­վոր փոր­ձը իմ ամ­բողջ կյան­քի,
Եվ ի հա­կա­ռակ՝ ան­կաս­կած ա­սել,
Որ կմո­ռա­նա շու­նը իր տի­րոջ,
­Ծառն՝ իր ծաղ­կե­լը,
­Ցուլն՝ իր բա­ռա­չը,
Եվ ժա­մա­պահն՝ իր նշա­նա­բա­նը,
­Սա­կայն ոչ ես քեզ,
Իմ սուլ…
­Սու­լա­մի…
­Սու­լա­մի­թա…
Ս­ևա­կի մտե­րիմ ըն­կեր Գ­րի­գոր ­Չա­լիկ­յանն իր հու­շե­րի գրքում շա­րու­նա­կում է.
– ­Քո ե­րեկ­վա սերն է լու­սա­վո­րում դեռ ինձ,
­Բայց և ­մեր բա­ժան­ման շուքն է ըն­կել վրաս,
Եվ զգում եմ ես ինձ այն վի­ճա­կում ծանր,
Որ պա­տա­հում է ա­րե­գա­կին նույ­նիսկ,
Եվ (քա­նի դար ար­դեն) «խա­վա­րում» է կոչ­վում…
­Կար­դա­լով այս տո­ղե­րը՝ շո­շա­փե­լիո­րեն հաս­կա­ցա, որ սի­րո հո­մա­նի­շը բա­րե­կա­մութ­յունն է, ան­խառն, իս­կա­կան բա­րե­կա­մութ­յու­նը, որ շատ թանկ է ձեռք բեր­վում և­ են­թա­կա չէ վա­ճառ­քի: Այդ նա­մակ­ներն ան­պայ­ման ար­ժա­նի են ու­շադ­րութ­յան, ո­րոնց լույ­սըն­ծա­յու­մը, ըստ բա­րո­յա­կան չգրված կո­դեք­սի, պատ­կա­նում է ­Պա­րույ­րի միջ­նեկ որ­դուն՝ տա­ղան­դա­շատ գրա­կա­նա­գետ, գե­րազ­նիվ Ար­մե­նին:
Իսկ այդ ի՞նչ նա­մակ­նե­րի մա­սին էր խոս­քը: Այդ տա­րի­նե­րին ես աշ­խա­տում էի «Աե­րո­զոլ» կոնստ­րուկ­տո­րա­տեխ­նո­լո­գիա­կան բյու­րո­յում՝ որ­պես նա­խագ­ծող ին­ժե­ներ: ­Սա­կայն իմ աշ­խարհն ար­վես­տի տա­րածքն էր. բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներս ու ար­ձակ գոր­ծերս տպագր­վում էին ժա­մա­նա­կի մա­մու­լում, և­ ինչ-որ չա­փով ճա­նաչ­ված գրող էի հա­մար­վում… «Աե­րո­զո­լի» աշ­խա­տա­կազմն ա­նընդ­հատ փոխ­վում էր. ո­րոշ­նե­րը նոր, ա­վե­լի հար­մար աշ­խա­տանք գտնե­լով` հե­ռա­նում էին, նո­րերն էին գա­լիս: Եվ, ա­հա, մի աղ­ջիկ ե­կավ նա­խագ­ծա­յին բա­ժին, որի հետ մեր ստեղծ­ված բա­րե­կա­մութ­յու­նը շա­րու­նակ­վում է մինչև այ­սօր: ­Թեև ­Հաս­միկ ­Պո­ղոս­յա­նը բա­նաս­տեղ­ծութ­յուն չէր գրում, բայց հո­գով բա­նաս­տեղծ էր: ­Դա էր պատ­ճա­ռը, որ կապ­վե­ցինք ան­կեղծ ու գե­ղե­ցիկ ըն­կե­րութ­յամբ: ­Հա­ճախ էինք «թաքն­վում» գծա­գրա­կան «տախ­տա­կի» ետ­ևում, բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներս կար­դում, զրու­ցում տար­բեր թե­մա­նե­րով: ­Մի օր էլ, ա­ռա­վոտ շուտ, ­Հաս­մի­կը մո­տա­ցավ ինձ՝ գե­ղե­ցիկ ու խորհր­դա­վոր ժպի­տը դեմ­քին, և­ ես զգա­ցի, որ կար­ևոր ա­սե­լիք ու­նի: Ինչ­պես միշտ, ա­ռանց նա­խա­բա­նի հայտ­նեց, որ իր մոտ են ­Պա­րույր Ս­ևա­կի՝ ­Սու­լա­մի­թա­յին գրած նա­մակ­նե­րը: Ինքն էլ գի­տեր, որ այդ լուրն ինձ մոտ ան­բա­ցատ­րե­լի զգաց­մունք կա­ռա­ջաց­նի, և ­շա­րու­նա­կում էր խորհր­դա­վոր ժպտալ: Այն­քան անս­պա­սե­լի ու ան­հաս­կա­նա­լի էր, որ լե­զուս պա­պանձ­վել էր, չէի կա­րո­ղա­նում կողմ­նո­րոշ­վել: ­Վեր­ջա­պես «ո՞ւր է» ա­սա­ցի, չէի հա­վա­տում, կար­ծում էի՝ կա­տա­կում է: ­Նա ի՞նչ գործ կա­րող էր ու­նե­նալ Ս­ևա­կի հետ, ա­ռա­վել ևս՝ նրա նա­մակ­նե­րի:
Զ­գա­լով իմ կաս­կա­ծամ­տութ­յու­նը՝ նա գնաց ու մի պարկ՝ լի­քը նա­մակ­նե­րով, բե­րեց-դրեց սե­ղա­նիս: ­Կար­ծես կա­խարդ­ված լի­նեի, ձեռքս չէր բարձ­րա­նում, որ բա­ցեի այդ սրբութ­յու­նը… ­Վեր­ջա­պես բա­ցե­ցի պար­կը: ­Նա­մակ­նե՜ր, նա­մակ­նե՜ր… ­Սու­լա­մի­թա­յին գրած մտքեր, խոս­քեր, բա­նաս­տեղ­ծա­կան տո­ղեր, բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ… ­Մի քիչ նա­յե­լուց, շո­շա­փե­լուց հե­տո ­Հաս­մի­կի ժպի­տը նո­րից ծաղ­կեց շուր­թե­րին.
– ­Տա­լիս եմ քեզ, մինչև վաղն ա­ռա­վոտ:
Ան­մի­ջա­պես միտք ե­կավ՝ ար­տատ­պել, ու­նե­նալ այդ հարս­տութ­յու­նը: ­Բայց ­Հաս­մի­կը, կար­ծես կար­դա­լով միտքս, շատ խիստ զգու­շաց­րեց.
– Ո­չինչ չպետք է ար­տատպ­վի, ոչ մի էջ չպետք է պա­կա­սի, խոսք եմ տվել:
– Ո՞ւմ,- այն­քա՜ն մշու­շոտ ու խորհր­դա­վոր էր այդ ա­մե­նը: Մ­տա­ծում էի՝ որ­տե­ղի՞ց ­Հաս­մի­կին այդ նա­մակ­նե­րը, իր հետ ի՞նչ կապ կա­րող են ու­նե­նալ Ս­ևա­կը կամ ­Սու­լա­մի­թան: Ս­ևա­կը վա­ղուց չկար, իսկ ­Սու­լա­մի­թան իր հայ­րե­նի­քում էր…
Ի­հար­կե, ես խոս­տա­ցա և, իր նման, խոս­քի տեր էի: Ն­րան տվել էին մի քա­նի օ­րով և խնդ­րել՝ չբազ­մաց­նել, ո­չինչ չփո­խել, նույ­նութ­յամբ վե­րա­դարձ­նել:
Այդ գի­շեր չքնե­ցի, կար­դա­ցի պա­յու­սա­կի ողջ պա­րու­նա­կութ­յու­նը, ըմ­բոշխ­նե­ցի: Ա­ռա­վոտ­յան հար­բա­ծի նման էի: ­Սի­րա­յին զե­ղում­ներ, բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի տո­ղեր, քա­ռա­տո­ղեր… Ինչ նա­մակ գրե­լու պա­հին բո­ցա­վառ­վել էր՝ մի ամ­բողջ հե­քիա­թա­յին հարս­տութ­յուն…
­Կար­ծես մի գի­շե­րում ու­րիշ մարդ էի դար­ձել: ­Չէի ցան­կա­նում բա­ժան­վել այդ հրաշ­քից, վեպս ուր­վագծ­վում էր: Մ­տա­ծում էի ­Հաս­մի­կին հա­մո­զել, նա­մակ­նե­րը պատ­ճե­նել, մի վեպ գրել ­Պա­րույր Ս­ևա­կի ու իր պաշ­տե­լի ­Սու­լա­մի­թա­յի մա­սին: ­Բայց այդ­պես էլ չկա­րո­ղա­ցա հա­մո­զել. ինքն էլ խոս­տա­ցել էր, ու խոս­քի տեր մարդ էր: ­Սա­կայն ինձ մի միտք էլ հան­գիստ չէր տա­լիս՝ վեր­ջա­պես ինչ­պե՞ս էին այդ նա­մակ­նե­րը հա­սել ­Հաս­մի­կին: Իմ հար­ցը նո­րից ծաղ­կեց­րեց նրա կա­խար­դա­կան ժպի­տը, և ­մենք «թաքն­վե­ցինք» իմ գծագ­րա­կան տախ­տա­կի՝ կուլ­մա­նի ետ­ևում:
– Ըն­կե­րու­հուս բա­րե­կա­մու­հին աշ­խա­տում է կենտ­րո­նա­կան փոս­տի ցպա­հանջ նա­մակ­նե­րի բաժ­նում, նա­մակ­նե­րը նրա­նից է վերց­րել:
­Նա ա­սաց այդ կնոջ ա­նու­նը, բայց ես ար­դեն մո­ռա­ցել եմ: ­Հաս­մի­կը պատ­մեց, որ փոս­տա­տան աշ­խա­տակ­ցու­հուն հե­տաքրք­րում է, թե այդ ի՞նչ հաս­տա­փոր նա­մակ­ներ է ստա­նում այդ հաս­տա­շուրթ, տգեղ դեմ­քով մար­դը, որ չի համ­բե­րում, ան­մի­ջա­պես բա­ցում, կար­դում է: Եր­բեմն այն­քան է հուզ­վում, որ ան­զուսպ ար­տաս­վում է, ար­ցունք­նե­րը ո­ղո­ղում են դեմ­քը: Օ­րեր, ա­միս­ներ շա­րու­նակ­վում է այդ­պես: ­Վեր­ջա­պես աշ­խա­տակ­ցու­հու հե­տաքրք­րա­սի­րութ­յունն այն­քան է բոր­բոք­վում, որ ո­րո­շում է բա­ցել, կար­դալ ու նո­րից փա­կե­լով՝ հանձ­նել Ս­ևա­կին: ­Սո­վո­րութ­յուն է դառ­նում, ա­մեն ան­գամ կար­դում է և­ ապ­րում մեծ բա­նաս­տեղ­ծի կա­խար­դա­կան աշ­խար­հում: ­Մի օր էլ շփոթ­վում է, բազ­մա­թերթ նա­մա­կի մի է­ջը դուրս է թող­նում, ծրա­րը փա­կում, սոսն­ձում է ու դնում տե­ղը: Ս­ևա­կի պա­տաս­խան նա­մա­կից ­Սու­լա­մի­թան զգում է՝ ինչ-որ բան այն չէ, ո­րով­հետև բա­ցա­կա է­ջում շատ կար­ևոր բան էր գրել, ին­չին Ս­ևա­կը չէր կա­րող չպա­տաս­խա­նել: ­Հաս­կա­նում է, որ նա­մա­կը մինչ նրան հաս­նե­լը բա­ցում են: ­Հա­ջորդ նա­մա­կում գրում է. «Երբ նա­մա­կը բա­ցում, կար­դում եք, նո­րից բո­լոր է­ջե­րը տե­ղը դրեք, նոր ծրա­րը փա­կեք»: Երբ ­Պա­րույր Ս­ևա­կը գա­լիս է ստա­նա­լու հեր­թա­կան նա­մա­կը, կի­նը նե­րո­ղութ­յուն է խնդրում ու ա­մեն ինչ խոս­տո­վա­նում է: Արդ­յուն­քում՝ Ս­ևա­կը, ­Սու­լա­մի­թան և­ աշ­խա­տակ­ցու­հին բա­րե­կա­մա­նում են: ­Նա­մա­կա­գրա­կան կապ է հաս­տատ­վում, զան­գա­հա­րում են միմ­յանց…
Այս­պես, մինչև ­Պա­րույր Ս­ևա­կի ող­բեր­գա­կան վախ­ճա­նը: ­Տա­րի­ներ հե­տո, երբ ­Սու­լա­մի­թան պատ­րաստ­վում էր աղջ­կա հետ տե­ղա­փոխ­վել հայ­րե­նիք, այդ նա­մակ­ներն ու­ղար­կում է կենտ­րո­նա­կան փոս­տի աշ­խա­տակ­ցու­հուն.
– Այս նա­մակ­նե­րը պահ­պա­նութ­յան եմ տա­լիս քեզ: Ես չեմ կա­րող ինձ հետ տա­նել, ո­րով­հետև սա քո ազ­գի հարս­տութ­յունն է և ­պետք է ձեզ մոտ պահ­պան­վի:
­Տա­րի­ներ անց, չեմ կա­րող ա­սել՝ ինչ­պես, այդ նա­մակ­ներն ան­ցան գրա­կա­նա­գետ ­Հո­վիկ ­Չարխչ­յա­նի ձեռ­քը, և ­նա հիա­նա­լի գիրք գրեց. ա­րեց այն, ինչ ես ե­րա­զում էի ա­նել, ե­թե այդ հարս­տութ­յու­նը մնար ինձ մոտ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։